Բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իաննուչիի  «Ստալինի մահը»  ֆիլմը «Եվրոպական լավագույն կինոկատակերգություն» անվանակարգում առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: Այս մասին հայտնել է Deutsche Welle- ը։ European Film Award-ը համարվում է  Ամերիկյան կինոակադեմիայի  «Օսկար» մրցանակի եվրոպական համարժեքը: Մրցանակաբաշխությունը 31-րդ անգամ տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ Սևիլիայում։

«Լավագույն կատակերգություն» անվանակարգում  մրցելու են նաեւ Էրիկ Տոլեդանոյի եւ Օլիվիե Նակաշի «Տոնական իրարանցում» և Գաբրիել Աբրանտեսի ու Դենիել Շմիդտի «Դիամանտինո» ֆիլմերը:

Մինչ 2018 թ․հունվարին եվրոպական կինոթատրոններում բարեհաջող եւ դրական արձագանքներով ցուցադրվում էր ֆիլմը, ռուսական գրաքննությունը ձեռքը խփեց սեղանին և 21-րդ դարում  արգելեց ֆիլմի ցուցադրումը ռուսական կինոթատրոններում։ Ռուսաստանի  դեպուտատները  փակ  դիտում  կազմակերպեցին եւ դիտելուց հետո հայտարարեցին, որ ֆիլմի ցուցադրությունը արգելվում է Ռուսաստանում։ Իսկ Ռուսաստանի մշակույթի նախարար Մեդինսկին այն համարեց «ծաղրանք՝ պատմության նկատմամբ»։ Չնայած արգելքին, «Պիոներ» կինոթատրոնում տեղի ունեցան մի քանի ցուցադրումներ, որը  հետագայում տուգանվեց 280 հազար ռուբլով: