Թերևս, անհնար է գտնել մեկին, որ իր կյանքում թեկուզ մեկ անգամ չի դիտել «Քամուց քշվածները» ֆիլմը: Իր գոյության 77 տարիներին այս կինոժապավենը տոմսերի վաճառքից անհավատալի գումարներ է հավաքագրել, գերազանցել կինոթատրոն հաճախելիության բոլոր ռեկորդները, բազմաթիվ «Օսկարների» արժանացել: Սակայն քչերը գիտեն, որ գլխավոր դերակատարուհուն փնտրել են երկու տարի շարունակ, իսկ ընտրված դերասանուհին՝ Վիվիեն Լին զզվում էր համբուրել Քլարկ Գեյբլին:

Նկարահանված առաջին սերիան եղավ Սկարլետի և Ռեդի փախուստը վառվող Ատլանտայից: Ավելի մեծ ռեալիստականության համար հրդեհվել էր մի ամբողջ թաղամաս՝ «Կինգ-Կոնգ» ֆիլմից մնացած դեկորացիաներով: Ի դեպ, այդ ժամանակ Սկարլետի դերակատարուհին հաստատված չէր: Նրան խաղում էր անհայտ մի հավակնորդուհի:

Եթե Քլարկ Գեյբլը բավականին արագ հաստատվեց Ռեդ Բաթլերի դերի համար, ապա Սկարլետ Օ՚Հարայի դերակատարուհու որոնման պատճառով ֆիլմի նկարահանումները երկու տարի չէին սկսվում: Դեվիդ Սելզնիկը իսկական համաժողովրդական կաստինգ էր սարքել: Քննեցին 1400 հավակնորդուհիների: Երբ հայտնվեց Վիվիեն Լին, նա բեմով անցավ ասես փոթորիկ, ասելով՝ «Ողջույն, ես Սկարլետ Օ՚Հարան եմ»: Նկարահանումների ժամանակ շատերը վրդովվում էին, որ անգլուհին չէր համապատասխանում հարավցի ամերիկուհու կերպարին, բայց երբ ֆիլմը թողարկվեց, Վիվիեն Լին կինեմատոգրաֆիական Օլիմպոսի կատարին հասավ:

Դժվար է հավատալ, որ Քլարկ Գեյբլը և Վիվիեն Լին, որ ֆիլմում սեր ու կիրք են խաղում, նկարահանման հրապարակում սառն են եղել մեկը մյուսի հանդեպ: Դեռ ավելին, դերասանուհին զզվում էր համբուրել Քլարկին նրա բերանից փչող սխտորի անտանելի հոտի պատճառով:

Ֆիլմի մեծ ժողովրդականությանը նպաստած մյուս կարևոր գործոնն էլ եղավ այն, որ այն նկարահանվեց գունավոր: Եթե հաշվի առնենք, որ գունավոր կինոժապավենները արտադրական հոսքագծի դրվեցին համարյա 1960-ի մոտ, ապա 1939 թվականին այդպիսի ֆիլմը համարվում էր իսկական ճեղքում: Օպերատորները այն նկարահանում էին Technicolor համակարգով, որ ենթադրում էր նկարահանում երեք սինխրոն սև-սպիտակ նեգատիվի վրա, կարմիր, կապույտ և կանաչ լուսաֆիլտրերով: Այդ եղանակով գույնի ստացման համար ծախսվում էր վիթխարի քանակության ժապավեն, բայց դա նրան արժանի էր: Հանդիսականները հիանում էին Սկարլետի հանդերձների գեղեցկությամբ և պանորամային նկարահանումների ռեալությամբ:

Պրեմիերայի՝ 1939 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը Ատլանտա քաղաքում կինոթատրոնի մոտ հավաքվել էր 300 հազար մարդ: Տոմսն արժեր 10 դոլար, բայց սպեկուլյանտները դրանք իրացնում էին 200 դոլարով (անհավատալի փողեր այն ժամանակներում): «Քամուց քշվածները» նվաճեց 8 «Օսկար» (և 2 պատվավոր): Դայակի դերակատար Հեթթի Մակդենիելը դարձավ առաջին սևամորթ դերասանուհին, որ արժանացավ պատվավոր արձանիկին: Սակայն ռասայական խտրականության պատճառով նրան թույլ չտվեցին հանդիսավոր արարողությանը մասնակցել: «Քամուց քշվածները» եղավ ամենատոմսարկղային ֆիլմը ամերիկյան հեռուստատեսության տնային վարձույթի պատմության մեջ:

«Քամուց քշվածների» հեղինակը Մարգարետ Միտչելն է: Այդ գիրքը միակն ու հաջողվածն է գրողի կարիերայում: