Պոկերը ԱՄՆ-ի մշակույթի անկապտելի տարրերից է: Այն միշտ գրավել է Հոլիվուդի կինեմատոգրաֆիստների ուշադրությունը: Խաղը և նրա մեջ հայտնված մարդիկ անսպառ թեմա են սյուժետային կոլիզիաների, բախումների համար: Կինոնկարների մեծ մասում պոկերը ցուցադրվում է իբրև մի խաղ, որը գործնականորեն չի տարբերվում ուրիշ մոլեխաղերից: Այդ ֆիլմերի հիմք են հաճախ դառնում սրիկաները, խաբեությունն ու հաջողությունը: Այդ ամենը նպաստում է նկարների գրավչությանը, դառնում դրանց հիմքը և առանցքային շարժիչ ուժը: Սակայն գլխավորը, որ գրավում է հանդիսատեսին այդ կինոնկարներում, պոկերային հոգեբանությունն է: Խելքի, «պոկերֆեյսների», ուժեղ և անսովոր անձանց ճակատամարտերի պակաս` պոկերի սեղանի շուրջ և դրանից դուրս բոլորովին չի զգացվում: Չէ որ պոկերի թեմայով գեղարվեստական ֆիլմերը նկարահանվում են ոչ թե պոկեր սովորեցնելու համար, այլ որպեսզի ցույց տան մարդկանց` խաղի մեջ և խաղը` մարդկանց մեջ:

Kinoashkharh-ը ներկայացնում է  PokerDiscover-ի ընտրած լավագույն հինգ ֆիլմերը, որոնք  դիտելուց հետո դուք ավելի լավ պոկեր չեք խաղա, բայց վառ էմոցիաները, զգացումները երաշխավորված են:

«Մավերիկ» (Maverick) – ֆիլմը 1994 թվականին նկարահանել է ռեժիսոր Ռիչարդ Դոնները, գլխավոր դերում անկրկնելի Մել Գիբսոնն է:

Այս կատակերգական վեստերնը կինովարձույթում գրանցել է իր բյուջեից 4 անգամ ավելի գումար և արժանացել «Օսկարի» զգեստների լավագույն դիզայնի համար: Կինոնկարի հիմնական ասելիքը` «Նրանց ձեռքում խաղաթղթերի կապուկը միակ բանն էր, շատ ավելի վտանգավոր, քան թնդանոթը»:

Ֆիլմում հրաշալի է պատկերված 19-րդ դարի ամերիկյան մթնոլորտը: Դրան նպաստում են հերոսների հագուստը և գերազանց ինտերիերները: Կինոնկարի գլխավոր հերոսը՝ Բրետ Մավերիկը, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է: Նա ցանկանում է մասնակցել պոկերի Գետերի առաջնությանը, բայց մասնակցելու համար նրան չի հերիքում երեք հազար դոլար: Ֆիլմի առաջին կեսը նվիրված է անհրաժեշտ այդ գումարի հայթայթմանը: Ուղևորությունների ընթացքում Բրետին են միանում աֆերիստ գեղեցկուհի Աննաբել Բրենսֆորդը և մարշալ Զեյն Կուպերը: Գործողությունը ուղեկցվում է բազմաթիվ կատակերգական իրավիճակներով:

Կինոնկարի երկրորդ մասը պատմում է պոկերի առաջնության մասին, որ տեղի է ունենում Սենտ-Լուիսում ջերմանավի վրա: Մասնակիցները խաղում են հինգքարտանի պոկեր փոխանակումով (5 card draw): Այստեղ Մավերիկը ցուցադրում է իր դիտողականությունը և հաջողակությունը: Այս հատկությունները նրան առանձնապես օգնում են առաջնության խաղաթղթերի վերջին բաժանման ժամանակ: Հանձնարարում ենք դիտել ֆիլմը: Հավաստիացնում ենք, որ վերջաբանը ձեզ չի հիասթափեցնի:

«Ցինցինատի Կիդ» (The Cincinnati Kid) – մեր հնգյակի ամենահին ֆիլմը 1965 թվականին նկարահանել է ռեժիսոր Նորման Ջուիսոնը:

Այս ֆիլմում պոկերը իբրև խաղ գրավում է հիմնական տեղը: Կինոնկարի գլխավոր հերոսը Էրիկ Սթոուներն է «Փոքրիկ Ցինցինատի» մականունով: Նրան փայլուն է կերպավորել Սթիվ ՄակՔուինը: Մեծ դեպրեսիայի ժամանակներում Էրիկը երազում էր դառնալ լավագույն պոկեր խաղացողը: Դրա համար նա մարտահրավեր է նետում անպարտելի Լենսի Հովարդին: Ֆիլմում հինգքարտանի ստադ են խաղում:

Կինոնկարը հետաքրքրական է ոչ միայն գլխավոր հակառակորդների դիմակայությամբ: Պակաս հրապուրիչ չէ հետևել նաև մյուս խաղացողներին: Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորում է պոկերի որոշակի ռազմավարություն:

«Խարդախներ» (Rounders) – 1998 թվականին նկարահանել է Ջոն Դալը:

Այս ֆիլմի հիմնական հաջողությունը եղավ դերասանների աստղային զույգի մասնակցությունը և խիզախորեն ծավալվող սյուժեն: Մայք Մակդերմոթը (Մեթթ Դեյմոն) իրավագիտություն է սովորում և երազում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացողի կարիերայի մասին: Լեսթեր Մյորֆին (Էդվարդ Նորթոն) նստած-ելած խարդախ է պարտքերի կույտով: Ընկերոջը փրկելու Մակդերմոթի փորձն էլ դարձել է կինոնկարի հիմնական սյուժետային գիծը: Իհարկե, Մայքի մոտ ամեն ինչ կստացվի և նա կմեկնի Լաս-Վեգաս՝ Համաշխարհային խաղաշրջանի:

Արժի նաև նշել ֆիլմի գլխավոր «չարագործին»՝ քրեական հեղինակություն Թեդդի ԿԳԲ-ին: Նրա դերը հրաշալի խաղում է Ջոն Մալկովիչը: Հենց նա և Մայք Մակդերմոթն էլ կլինեն ֆիլմի հիմնական պոկերային պահերի մասնակիցները: Ֆիլմի դրվագներից մեկում իր իսկ դերով հանդես է գալիս ամերիկացի խաղացող Ջոննի Չենը: Նա դա արել է հանուն դստեր, որը շատ էր ուզում ծանոթանալ Դեյմոնի հետ: Մեթթի հերոսը մեջբերում է անում Դոյլ Բրանսոնի «Սուպերհամակարգ» գրքից, իսկ մի դրվագում էլ նրանից փող է հանում:

«Զբոսանք Միսիսիպիով» (Mississippi Grind) – 2015 թվականի ֆիլմ է` նկարահանված Աննա Բոդենի և Ռայան Ֆլեկի կողմից:

Կնոնկարի գլխավոր հերոսները՝ Ջերրին (Բեն Մենդելսոն) և Քյորտիսը (Ռայան Ռեյնոլդս), մեկը մյուսից տարբեր մարդիկ են: Նրանք պատահականորեն ծանոթանում են խաղատանը: Ջերրին փորձառու և տաղանդավոր խաղացող է՝ ինքնավերահսկողության խնդիրներով: Նա կորցրել է ընտանիքը և կուտակել բազմաթիվ պարտքեր: Քյորտիսը երիտասարդ խաղացող է՝ մեծ խաղագումար շահելու հույսերով լի:

Ջերրին համոզում է իր նոր ընկերոջը ճամփորդելու Միսիսիպիի ոչ մեծ ակումբներով: Ուղևորության նպատակն է անհրաժեշտ գումար շահել՝ մեծ խաղի մասնակցելու համար: Ջերրին վստահ է, որ Քյորտիսը կդառնա իր հաջողության թալիսմանը: Ֆիլմը աննկատ անցավ կինովարձույթում, չնայած բարձր վարկանիշին: Rotten Tomatoes կայքում նա ունի 90 % վարկանիշ 97 գրախոսությունների հիման վրա:

«Մոլագարը» (Owning Mahowny) – ռեժիսոր Ռիչարդ Կվիտնևսկիի ֆիլմը:

Այս ֆիլմը էկրան բարձրացավ 2003 թվականին: Կինոնկարի սյուժեն ձևականորեն պոկերի հետ ուղղակի առնչություն չունի: Սակայն մենք չկարողացանք այս ֆիլմի կողքով անցնել: Չէ որ հենց այս կինոնկարում է առավել ճշգրիտ ցուցադրված, թե ինչի կարող է հանգեցնել լուդոմանիան: Այս ֆիլմը նախազգուշացում է ոգով թույլերի և նրանց համար, ովքեր պոկերի մեջ փնտրում են արագ և հեշտ հաղթանակներ: Չի կարելի հույսը դնել միայն հաջողության վրա: Կինոնկարը պատմում է կանադական բանկի սովորական աշխատակից Դեն Մախոունիի (Ֆիլիպ Սեյմուր Հոֆֆման) իրական պատմությունը: Նա լավ աշխատանք ուներ կարիերայի հնարավորություններով և սիրած աղջիկ:

Սակայն Դենը ապրում էր երկակի կյանքով: Հանգստյան օրերը նա անցկացնում էր խաղատանը, որտեղ տանուլ էր տալիս իր բոլոր փողերը: Նա սկսում է տանուլ տալ և բանկի փողերը, որտեղ աշխատում էր: Այս պատմության ավարտն իմանալու համար անպատճառ դիտեք «Մոլագարը» ֆիլմը:

Սրանք ամենևին պոկերի մասին բոլոր ֆիլմերը չեն, որոնք արժի նայել այդ խաղի սիրահարներին: Սակայն, եթե չեք դիտել դրանք, ապա անպայման դիտե՛ք, և դուք շատ ավելին կիմանաք պոկերի աշխարհի և այն մարդկանց մասին, որոնք ապրում են այդ աշխարհում:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը