Թարմ միտք ու հայացք, պարզության մեջ խորունկ ասելիք, փոքր դիտակետից աշխարհը լայն տեսնելու ունակություն ենք փնտրում։ Երբ այդպիսի ձեռագիր ենք տեսնում ժամանակակից գրականության մեջ, սրտապնդվում ենք, մանավանդ երբ հեղինակը վառվռուն աչքերով երիտասարդ է։ Ուրեմն մեր նեղ գրականության հունը լայնանալու միտումներ ունի։ Իսկ երբ էկրանին ենք մի լավ ֆիլմ տեսնում, լուսագրերում՝ նորահայտ անուններ, ավելի ենք սրտապնդվում. ուրեմն ֆիլմ նկարելու հերթը մեկ-մեկ էլ անհայտ անուններին է հասնում։

Երիտասարդ կինոռեժիսոր, վավերագրող Խանե Պողոսյանի Ֆիլմը «Ավրորա» մրցանակի դափնեկիր Սուդանի Նուբա լեռների միակ մշտապես գործող բժիշկ Թոմ Քաթինայի և նրան փոխարինելու մեկնած հայ բժիշկների մասին, շատերին է հուզել։ Շատերն են գնահատել ռեժիսորական, սցենարական, օպերատորական բարձրակարգ աշխատանքը: Հեղինակը՝ երիտասարդ կինոռեժիսոր, վավերագրող Խանե Պողոսյանը, հիմնականում ինքն է նկարահանում իր ֆիլմերը։ kinoashkharh.am-ն անդրադարձել է Խանեի կինոարվեստին, որովհետև երիտասարդ աղջիկը դեռ կինոյի և թատրոնի ինստիտուտի 1-ին կուրսից նկարահանել է կերպարների բացահայտման, միջավայրի, ժամանակի, դեպքերի ինքնատիպ վավերագրություն։

-Խանե, ամեն նոր ֆիլմ մի նոր աշխարհ է բացահայտում, նոր կերպարների բացահայտում: Քեզ համար ամենանվիրական ու ազդեցիկ կերպարը, որին նկարել ես, ո՞վ է:

-2017թ-ին երկու ամիս վավերագրական ֆիլմ էի նկարահանում «Ավրորա» մրցանակի դափնեկիր Սուդանի Նուբա լեռների միակ մշտապես գործող բժիշկ Թոմ Քաթինայի և նրան փոխարինելու մեկնած երեք հայ բժիշկների մասին։ Նուբա լեռները մեկուսի մի տարածաշրջան է, որը շատ քիչ է լուսաբանվել։ Մի հողակտոր, որտեղ մարդիկ կարծես ուրիշ աստղից եկած լինեն, ինչպես բնութագրել է տեղացիներին գերմանացի կին ռեժիսոր Լենի Րիֆենշտալը, ով, ի դեպ, հայտնի աֆրիկյան ժողովուրդներին պատկերող իր կադրերից շատերը նկարել է հենց Նուբա լեռներում։ Ես անցա այդ նույն տեղանքով, հարյուրամյակը կարծես ոչինչ չէր փոխել, բացի կենցաղի շատ քիչ տարրերից։ Երևի թե տարիներ շարունակ ձգվող պատերազմը ինչ-որ չափով խաթարել է նրանց՝ ուրիշ աստեղերից լինելու երանելի զգացողությունը, բայց Նուբան ինձ համար այդ զգացողությունը գտնելու, իմ մեջ շատ շերտեր խառնող ու վերափոխող մի վայր դարձավ, որտեղ միշտ ուզում ես վերադառնալ։
Իսկ բժիշկ Թոմը այդ արտասովոր պատմության իմ հերոսը դարձավ, ոչ միայն ֆիլմի, այլև իմ պատմության։ Արդեն որպես ընկեր, որպես հարազատ ես տեսա նրա կերպարը իր՝ շատերի համար անհասկանալի ներդաշնակության մեջ։ Բժշկի հետ գիշերային մեր երկար զրույցները, փոքրիկ լապտերով լուսավորված տնակը, Թոմի կնոջ՝ Նասիմայի կիսաձայն աղոթքը՝ խաղաղության խնդրանով, շտապ դեպքերի տագնապով լի կանչերն ու հիվանդանոցի երկար ճանապահը, տեղացիների լիահույս հայացքները խառնվեցին իմ մեջ ու միշտ ներկա են իմ մտքերում։

-Ֆիլմն, իսկապես ազդեցիկ է. ես մի շարք լրագրողների, նաև հեռուստադիտողների կարծիքն եմ հայտնում։ Ինչպե՞ս ստացվեց, որ Թոմ Քաթինային նվիրված ֆիլմը Դուք նկարահանեցիք։

-«Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան կինովավերագրող և պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանի գլխավորությամբ, համագործակցելով «Ավրարոա» մարդասիրական նախաձեռնության հետ իրականացրեց այդ նկարահանումները՝ ռեժիսորական և օպերատորական աշխատանքը վստահելով ինձ, ինչն, իհարկե, ինձ համար շատ ոգևորիչ էր։
Կարծում եմ կարողացել եմ փոխանցել նուբացիների, Թոմ Քաթինայի,չափազանց տարբեր միջավայրում հայտնված երեք հայ բժիշկների շուրջ ձևավորված այն մթնոլորտը, որ տեսել ու զգացել եմ։

photo 1-Մենք կարծես վերջից սկսեցինք՝ այսինքն՝ Ձեր վերջին աշխատանքներից։ Իսկ ինչպե՞ս եղավ այս ամենի սկիզբը, ինչպես սկսվեցին վավերագրողի առաջին քայլերը և ինչո՞ւ վավերագրական ժանր։

-Իրականության հետ պայքարը, դեպքերն ու մարդկանց կինոիրականություն դարձնելն ինձ համար սիրելի է։ Խճճվել մարդկանց հետ փոխհարաբերություններում, ապա ելքեր ու իրավիճակներ փնտրել ու գտնել։ Մարդու ներաշխարհի դասավորվածությունը փորփրելը հետաքիքր է, մանավանդ որ քեզ ֆիլմի շրջանակներում կառուցողի հաճելի կարգավիճակում ես զգում՝ երբեմն չկարևորելով կառուցածդ մտացածին է, թե իրական։ Գուցե նմանօրինակ որոնումներս ինձ ուղղորդեցին գտնել իմ 80 ամյա հերոսին, ով մասնագիտությամբ հոգեբույժ էր։ Ֆիլմի մասին իմ նախնական պատկերացումները ծավալվում էին հիվանդների ու հոգեբույժի փոխհարաբերությունների շուրջ, կծիկը քանդելու ու ապաքինման ճանապարհը որոնելու շուրջ։ 2010 թվականն էր. ես Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում էի, և դա իմ առաջին ֆիլմն էր՝ «Բա՛ց թող ձեռքերս»։

-Տարիքով բավականին փոքր եք եղել… ու այդքան բարդ ու խորհրդավոր թեմա։

-Ինչպես իմ ֆիլմի հերոս հոգեբույժն էր ասում, պետք է հիվանդի ձեռքը բռնես ու նրա հետ ճանապարհ անցնես, մինչև որ կհասնես հիվանդության սկզբնակետին։ Այդպես էլ մենք. ձեռք ձեռքի տված ինչ-որ ճանապարհ անցանք։ Ի վերջո ֆիլմիս առանցքը հոգեբուժարանի իրականությունը, հիվանդ-հոգեբույժ փոխհարաբերությունները չդարձան: Ես ու նա ավելի ներքին մթնոլորտ բացեցինք, որտեղ առաջնայինը նրա հոգեբանական դրաման էր։ Մենք միասին գնացինք դրա հետքերով։ Մի տեսակ դերերը փոխվեցին։ Իմ հերոսին տարա այնտեղ, ուր նա շատ ու շատ տարներ առաջ էր եղել, փնտրեցինք, հիշեցինք, գտանք, կորցրեցինք։ Երբ ֆիլմն արդեն ավարտել էի, մի օր նա ինձ ասաց. «Ես հիշում եմ ինձ իմ երիտասարդ տարիներին, սարերում զբոսնելիս, ձիավարելիս․ ինձ թվում է՝ դու միշտ ինձ հետ ես եղել»։ Ուրեմն մենք միասին ենք քայլել ու հասել այն խորքերը, որ իրենն էին։ Մենք հարազատացանք։ Այս ֆիլմն ինձ համար հետաքրքիր մեկնարկ եղավ։

Khane LiLIT 1-Փաստորեն հոգեբույժը, որ մասնագիտության ու աշխատանքի բերումով ուրիշների ներսն է նայում ու փորփրում, իր ներսը նայելու, իր հետ մենակ մնալու և մենախոսելու կարիք է ունեցել։

-Բոլորս ինքներս մեզ հետ մենանալու, մենախոսելու կարիք ունենք, սակայն ժամանակը երբեմն բավարար չի լինում կամ գուցե հարցեր կան, որ ժամանակի սակավությունը միայն պատճառ է այդ մենախոսությունից խուսափելու համար։

-Սովորաբար դեբյուտներն ինքաճանաչման, սեփական ուժերը չափելու, ճշտելու հնարավորություն են։ Ձեր դեպքում է՞լ էր այդպես։

-Կարծում եմ՝ առաջին ֆիլմը չափանիշ է՝ կարո՞ղ ես այդ ճանապարհով գնալ։ Հետո շարունակում ես այդ ճանապարհն անցնել՝ ինքդ քո նկատմամաբ վսատահության միավորներ հավաքելով։ Երբեմն այդ ֆիլմերով փորձում ես քո մեջ վերագտնել այն կարողությունները, հայացքներն ու հոգեվիճակը որ այդ ժամանակ ես ունեցել։

-«Բա՛ց թող ձեռքերս» ֆլմը ցուցադրվե՞լ է։

-Այո, բայց քիչ, մեկ կինոփառատոնում։ Ես փոքր-ինչ խանդով եմ մոտենում իմ ֆիլմերին։ Դրանք ի վերջո ցուցադրելը մեծ ջանքեր է պահանջում ինձնից։

Khane My Corner-Խանդը մի կողմ, բայց ֆիլմերը նկարահանվում էին, չէ՞։ Հաջորդը ո՞րն էր։

-3-րդ կուրսում նկարահանեցի վավերագրական ֆիլմ գյուղական մի ընտանիքի մասին: Այստեղ առաջին անգամ փորձեցի կիրառել կինոյի սիմվոլիկ արտահայտչամիջոցները՝ խոսելով կանանց չորս սերունդերի մասին՝ ամենակրտսերի հայացքով։ Փոքրիկ աղջկա արևոտ, երևակայական աշխարհը և նրա՝ ուրիշ աշխարհների մասին պատկերացումներն ու հարցականները, դեռահասի ռոմանտիկ ու ոչ իրական երազանքները, մոր ապրված ու չապրված զգացմունքներն ու ամենատարեցի՝ ապրողների ու չապրողների աշխարհների մեջտեղում կարծես մոլորվածի մասին մի պատմություն էր։

-Այս ֆիլմին է՞լ եք խանդել, թե թույլ եք տվել, որ ցուցադրվի։

-Ցուցադրվել է, փառատոներում մի քանի մրցանակ է շահել։

-Մինչև հիմա որ հերոսի մասին խոսել եք, բոլորը յուրովի առանձնահատուկ ու տարբերվող են։ Ենթադրում եմ, որ հաջորդ կինոպատմությունը ևս անսովոր է։

-Հաջորդ ֆիլմը Սբ. Գայանե եկեղեցու երեք միանձնուհիների մասին է, իմ դիպլոմային աշխատանքը։ Մի ընթացք կա, երբ գուցե սեփական զգայական դաշտի ոչ ներդաշնակ վիճակը ստիպում է շուրջդ նայել։ Հենց այդ ներդաշնակության փնտրտուքներն ինձ բերեցին միանձնուհիների՝ ինձ համար շատ նոր ու փակ թեմային։ Ի սկզբանե ֆիլմը միմյանցից կատարելապես տարբեր անհատների մասին էր, ովքեր այս կամ այն կերպ իրենց հոգևոր ներդաշնակության մշակման ճանապարհին են, երաժշտության կամ ճշգրիտ գիտության նվիրյալներից մինչև մենաստանի միանձնուհիներ։ Բայց երբ գտա միանձնուհիներին, հասկացա, որ պետք է ֆիլմը կառուցվի միայն այդ տաճարի ներսում և միայն նրանց պատմությամբ։

-Որքան գիտեմ, նրանց նկարահանելը, առավել ևս կուսանոցում նկարելը գրեթե անհնար է, միանձնուհիների վստահությունը հեշտությա՞մբ շահեցիք։

-Ճանապարհը, իհարկե, հեշտ չէր։ Սակայն, այո, ամենաբարդը վստահության արժանանալն էր։ Գրեթե ամեն օր գնում էի Սբ. Գայանե, մասնակցում բոլոր ժամերգություններին, օգնում առօրյա գործերում: Քույրերի հետ շփումն ինձ համար չափազանց հետաքրքիր էր։ Նրանք երեքն էլ ապրում էին նույն կենցաղով ու առօրյայով բայց միանգամայն տարբեր աշխարհներում, ես փորձեցի մասնավորի մեջ գտնել այն ընդհանուր շերտը, որը բոլորիս թե՛ նրանց, թե ՛ ինձ միավորել ու բերել էր այդտեղ։
Khane- NunsՄենք հարազատացանք։ Հիմնականում ֆիլմի հաջողության զգալի մասը նաև հերոսների հետ մտերմության արդյունքում թեմայի ու կերպարների լիարժեք բացահայտումն է, կնաշանակի հաջողել ես: Բայց լինում են պահեր, երբ ուզում ես քեզ համար թաքուն, խորհրդավոր անկյունները դուրս թողնել ֆիլմից, որ դրանք միայն քոնը լինեն, բոլորինը չդառնան։ Ես դա երբեմն նմանեցնում եմ մանկության կամ մարդու համար այլ թանկ հուշերին, որոնք, երբ սկսում ես պատմել, մի տեսակ կորցոնւմ են արժեքը։ Հակասություն կա։

-Ի վերջո ինչպե՞ս ինքներդ Ձեզ հետ լեզու գտաք։

-Ոսկե միջինը գտա։ Ինձ համար շատ սիրելի ու հարազատ մի բան մնաց իմը, որ ֆիլմ չմտավ։

-Ձեր հերոսները ֆիլմից դո՞ւրս էլ են մնում հերոսներ, այսինքն՝ պահպանո՞ւմ եք նրանց հետ կապը։

-Բոլորի հետ կապը պահպանում եմ: Ֆիլմն սկսվում է այնպես, ինչպես ես իմ հերսներին ճանաչել եմ և ավարտվում է այնտեղ, որտեղ ես նրանց ճանաչեցի։ Ինչպես կյանքում՝ օտարի աչքերով սկսվում է, հարազատի հայացքով՝ ավարտվում։

-Ինչպե՞ս է թեման դառնում Ձերը։

-Երբ ես խաղի մեջ եմ մտնում։ Միասին քայլելու ճանապարհին հերոսդ փոխվում է։ Դու էլ ես փոխվում։ Սիրում եմ ֆիլմերիս պատմություններում ներկա լինել որպես հավասար խաղացող, երանգավորող, ոչ միայն հետևող։

-Վավերագրողը կարող է և չծրագրված ֆիլմեր նկարել հենց տեղում՝ չկորցնելու համար պահի կարևորությունը, կերպարի հետաքրքրությունը։ Նման իրավիճակները Ձեզ ծանո՞թ են։

– Վավերագրությունը հենց դրանով է գրավիչ։ Իտալիայում մասնակցում էի եռամսյա երիտասարդական փառատոն-դասընթացի, որի ընթացքում ճամփորդում էինք Իտալիայի քաղաքներով, միաժամանակ փոքր ֆիլմեր նկարում՝ ամեն քաղաքում մնալով մոտ մեկ շաբաթ։ Այդ կարճ ժամանակահատվածում պետք էր որոնել ու գտնել հետաքրիիքր մարդկանց ու պատմություններ։ Փողոցով անցնելիս տներից մեկի պատշգամբում իտալացի ծեր ամուսինների տեսա։ Այդ տեսարանը՝ ծաղիկներով հարդարված պատշգամբը, երկու ծերեր, որոնք ժամերով այդ պատշգամբում խոսում են, թեյում, վիճում, երևի թե միայնությունից էլ հոգնած կլինեն, մի խոսքով նրանց տեսնելուն պես պատմություններ պտտվեցին ուղեղումս։ Բարձրացա նրանց տուն։ Իտալերեն չգիտեմ, փորձեցի կես-անգլերեն, կես-հայերեն հասկացնել, որ ուզում եմ նրանց մասին ֆիլմ նկարել։ Չհասկացան` ինչ եմ ուզում։ Չնայած միմյանց չէինք հասկանում, բայց նախ թեյեցինք հետո մրգերի կապոցով վերադարձա գրասենյակ։ Ժամեր անց արդեն թարգմանչի հետ եկա իտալացի զույգի մասին փոքրիկ ֆիլմ նկարելու։

-Շատ երիտասարդ եք, Խանե, հետաքրքիր է, ֆիլմերի հերոսների կողմից վստահություն դժվա՞ր չեք ձեռք բերում։ Մեզանում երիտասարդների նկատմամաբ արմատացած թերահավատություն կա։

-Եթե անվստահություն լինում էլ է, շատ շուտ չքանում է։

-Անվստահությունից խոսք բացվեց. Խանե, Ձեր ֆիլմերն ինքներդ էլ հենց նկարում եք։ Ինչո՞ւ, այլ օպերատորի չե՞ք վստահում։

-Վստահում եմ, իհարկե, սակայն շատ հաճախ կան իրավիճակներ ու պատմություններ, որտեղ պետք է լինենք ես ու տեսախցիկը, երրորդ աչքն ավելորդ է։

-Երիտասադ ռեժիսորներից ոմանք, եթե ոչ լիամետրաժ, ապա կարճ ֆիլմեր նկարում են, ցուցադրելու հարթակ գտնում, բայց նկատել եմ, որ նրանք մեկը մյուսին չեն ճանաչում։ Մի տեսակ առանձնացած են, չկա կինոմթնոլորտ, հանդիպումներ քիչ են լինում։ Յուրաքանչյուրն առանձին է գործում։ Ի՞նչ կարծիքի եք։

-Անցյալ տարվա վերջին մի խումբ երիտասարդներով հանդիպեցինք, միավորվեցինք ու ստեղծեցինք «Երիտասարդական կինոալիք» հասարակական կազմակերպությունը։ Մեր նպատակը, բնականաբար, կինոյի զարգացումն է, մեր՝ երիտասարդ կինոգործիչների կարողությունների զարգացմանը նպաստելը, ֆիլմարտադրության նաև արվեստի տարբեր ոլորտների երիտասարդ ստեղծագործողներին մի հարկի տակ համախմբելն ու համատեղ նախագծեր ստեղծելն է։ Այս ճանապարհին հեռանկարային ծրագրեր կան, որ պետք է իրականացնի մեր նորաստեղծ «Երիտասարդական կինոալիքը»։

-Լավ, Խանե, իսկ հաջորդ ֆիլմի համար գաղափարներ կա՞ն, ե՞րբ եք սկսելու հերթական ֆիլմը։

-Այս պահին դարձյալ էմոցիաների կուտակումներ կան.․․

Քանի դեռ Խանեն էմոցիաների կուտակումներ ունի, մենք էլ պիտի սպասենք, անգամ եթե մեր էմոցիաները կուտակվել-ցրվել են։

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ

Լուսանկարները՝ Խանե ՊՈՂՈՍՅԱՆԻ