30 երկրից 40 լիամետրաժ և 35 կարճամետրաժ ֆիլմ, 3 միջազգային մրցութային  (խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի) ծրագիր, արտամրցութային թեմատիկ ծրագրեր («Վարպետաց  հավաքածու», «Վրացական համայնապատկեր», «Վրաց դասականներ», «Հատուկ ցուցադրումներ» և այլն), վարպետության դասեր՝ լավագույն ռեժիսորների մասնակցությամբ, վրացական կինոյի 110-ամյակին նվիրված կինոաֆիշների ցուցահանդես, երեկոյան բացօթյա ցուցադրումներ քաղաքի կենտրոնական հրապարակում, և վերջապես,  հետաքրքիր հյուրեր, ջերմ ընդունելություն, հյուրասիրություն, գինի, հաճելի կինոմթնոլորտ։  Հենց այսպես էլ կայացավ իմ ու Բաթումի միջազգային արթհաուզ կինոփառատոնի (BIAFF-2018) հանդիպումը։

Հայաստանից  BIAFF 2018-ին վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի կազմում էր Ս․Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, իսկ հայկական ֆիլմերից  ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե»-ն կարճամետրաժ  ֆիլմերի մրցույթում էր։

Կինոյի նվիրյալների ջանքերով 2006 թվականին հիմնադրված  BIAFF-ը արդեն 13- րդ անգամ է անցկացվում (սեպտեմբերի 16-23-ը) վրացական Սև ծովի ափամերձ քաղաքում՝  հյուրընկալ ու գեղեցիկ Բաթումիում։ Հիմնադիրները ճիշտ որոշում էին կայացրել. ծովափնյան այս փոքրիկ քաղաքը (150 հազար բնակչություն) իրականում  հիանալի վայր է  կինոփառատոնի համար։ Խորհրադային տարիներին քաղաքն ունեցել է 12 կինոթատրոն, իսկ այսօր մեկը՝ բաթումցիների սիրելի «Ապոլլոն»։

30624201_10214418631714066_7146235615246286848_nԿինոփառատոնի տնօրեն Գեորգի Գոգիբերիձեի և փառատոնի մենեջեր Զվիադ Էլիզիանիի հետևողական ու համառ  ջանքերի շնորհիվ փառատոնը 13 տարիների ընթացքում դարձել է արթհաուզ կինոյի սիրահարների ցանկալի վայր։ Ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կեսին քաղաքը շնչում է կինոյով։ Ուղիղ մեկ շաբաթ միախառնվում են քաղաքի բնակիչները, փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները։ Վերջիններն օգտվելով առիթից՝ դառնում են ակամա հանդիսատես, քանի որ քաղաքի կենտրոնական հրապարակում ամեն երեկո բացօթյա ցուցադրություններ են տեղի ունենում։ Հաճախ միակ կինոթատրոնի միակ դահլիճում ականտես ես դառնում հատակին նստած հանդիսատեսի, որոնք ցանկացած պայմաններում  բաց չեն թողնում սիրված ֆիլմերի սեանսները։

Այս տարի հնարավորություն ունեցա անձամբ մասնակցելու, տեսնելու փառատոնի ընթացքը, ներկա գտնվելու մրցութային ֆիլմերի ցուցադրումներին, ծանոթանալու  և զրուցելու հետաքրքիր մարդկանց հետ։ Փառատոնի մենեջեր Զվիադ Էլիզիանիի հետ երկար զրուցեցինք կինոյի անցուդարձից, փառատոնի ուղղվածության, դժվարությունների ու հաջողությունների մասին և ստացվեց հարցազրույց․․․։

-Ինչո՞ւ  հենց արթհաուզ ֆիլմերի փառատոն։

-Փառատոնի հիմնադրմանը զուգահեռ անհրաժեշտ էր  ընտրել նաև ուղղվածությունը։ Մենք ընտրելու էինք կամ կոմերցիոն կամ արթհաուզ կինոն։ Բնականաբար, ընտրեցինք կոնկրետ թեմատիկա՝ արթահուզը։

-Հայտնի է, որ արթհաուզը լայն մասսաների համար չէ: Դրանք հետաքրքրում են  հատուկ խմբերի։ Շա՞տ են այդպիսիք Բաթումիում։

-Այո՛, կան այդպիսիք՝  հետաքրքրված արթհաուզ ֆիլմերով։ Նրանց թիվն  այնքան էլ մեծ  չէ, սակայն տարեցտարի ավելանում է։ Փառատոնային ֆիլմերը դիտելու են գալիս նաև Թբիլիսիից։ Բացի արթհաուզ ֆիլմերից, մենք ունենք նաև այլ ծրագրեր, որոնցում ընդգրկված են  ժամանակի լավագույն  ֆիլմերը, որոնք ո՛չ արտհաուզ են, և ո՛չ էլ լրիվ կոմերցիոն, սակայն հետաքրքիր են։ Եվ այս առումով կարծես ստացվում է, որ փառատոնը հասանելի է դառնում տարբեր խմբերի՝ բավարարելով բոլորի նախասիրությունները։

-Ինչպիսի՞ն  են փառատոնի  զարգացման միտումները։

-Փառատոնի զարգացման միտումները դրական են։ Տարեցտարի այն ավելի է ընդլայնվում ։ Եթե անկեղծ լինեք, սկզբնական շրջանում չունեինք փառատոնի կազմակեպման բավականաչափ փորձառություն։ Սկսեցինք մեկ մրցութային ծրագրով՝ խաղակայինով, հետո արդեն ավելացան վավերագրականն ու  կարճամետրաժը։ Այսօր արդեն ունենք 3 հիմնական մրցութային , բավականին հարուստ ու թեմատիկ արտամրցութային ծրագրեր, որոնք լրացնում են փառատոնի հիմնական ծրագիրը՝ դարձնելով ավելի հետաքրքիր ու բազմազան։

Փառատոնի շրջանակներում վրացական կինոնախագծերի զարգացման համար կազմակերպում ենք Workshop-եր՝ տեղական կինորարտադրությունը խթանելու նպատակով։ Workshop-ի աշխատանքներում ներգրավված անկախ փորձագետներն ուսումնասիրում են նախագծերը և  եզրակացություն տալիս։ Արդյունքում ամենաշատ  դրական եզրակացություն ստացած 1-2 նախագիծ ամեն տարի ուղարկվում էմիջազգային այլ փառատոններ՝   ֆինանսավորում գտնելու նպատակով։ Առայժմ դրանք միայն վրացական նախագծեր են, սակայն մտածում ենք  հայտեր ընդգրկել նաև արտերկրից։ Իհարկե, դա կախված կլինի մեր ունեցած ֆինանսական հնարավորություններից։

Վրացական ֆիլմերը ցուցադրվո՞ւմ են տեղական կինոթատրոններում։ Վարաստանի «Կինոյի մասին» օրենքն ունի՞ սահմանփակումներ, նկատի ունեմ, օտարերկրյա և տեղական ֆիլերի ցուցադրման տոկոսային հարբերակցությունը։  

-Այո, անշուշտ, բավականին լավ է, մարդիկ նայում են վրացական ֆիլմեր։ Տարեկան 4-5 լուրջ ֆիլմ է արտադրվում, որոնք մտնում են կինոթատրոն՝ վարձույթում մնալով մեկ շաբաթից ոչ ավելի։ Կոմերցիոն-ժամանցային ֆիլմերի մասին  չեմ խոսում, քանի որ դրանք ավելի երկար են մնում վարձույթում։ Հստակ վիճակագրություն չունենք այցելությունների մասով, բայց հաճախումների թիվը բավականին մեծ է։ Ընդհանուր առմամբ, վրացական կինոն վերջին տարիներին   առաջընթաց է գրանցել, ունենք  հաղթանակներ միջազգային առաջնակարգ կինոհարթակներում։

Նոր ֆիլմերը ունենում են նաև փառատոնային ցուցադրումներ՝ պեմիերաներ։ Օրինակ՝ Բաթումի փառատոնն ունի «Վրացական համայնապատկեր» արտամրցութային ծրագիրը, որտեղ ներառվում են վերջին երկու տարիներին արտադրված վրացական ֆիլմերը։ Աշխատում ենք  դրանք ցուցադրել, կազմակերպել առանձին պրեմիերաներ։

Ինչ վերաբերում է օրենքի այդ կետին՝ տեղական և օտարերկրյա ֆիլմերի ցուցադրման տոկոսային հարաբերակցությանը,   վստահ չեմ, բայց  կարծես դեռևս չունենք նման կետ օրենքում։ Ասեմ, որ արդեն նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել  «Կինոյի մասին» օրենքում։ Վրաստանի կինոկենտրոնին ֆիլմարտադրության համար տարեկան կտրվածքով հատկացվում է մոտ 2 մլն եվրո, ինչը շատ քիչ է ֆիլմարտադրության զարգացման համար ։ Եթե օրենքը վերանայելիս փոփոխություններ կատարվեն  նաև կինոոլորտում ներդրողների համար՝  հարկերը թեթևացնելու մասով, ապա կարծում եմ, որ այն մեծապես կազդի կինոարտադրության զարգացմանը։  Հուսանք, որ այդպես էլ կլինի։

-Ի՞նչ  եք կարծում,  իրականում կինոյում  գոյություն  ունի՞ գենդերային խնդիր, թե այն մի փոքր չափազանցված է։

 -Կարծում եմ, այդ հարցը ամենևին էլ չի վերաբերում մեզ նման փոքր փառատոներին։ Մենք  առաջին հերթին ընտրում ենք լավ ու որակյալ ֆիլմեր, որոնք համապատասխանում են մեր փառատոնի չափանիշներին՝  չնայելով կի՞ն է, թե տղամարդ, դեբյուտա՞նտ է, թե կայացած ռեժիսոր։ Նայում ենք որակին և վերջ։ Վրաստանում չկա այդպիսի հարց։  Կաննի և մյուս մեծ  փառատոներում գուցե դա կարող է դերակտարություն ունենալ, այն տեսակիտից, որ  նրանք կարող են դա իրենց  թույլ տալ (հնարավորությունների տեսակետից), դարձնել խնդիրը փառատոնի քաղաքականության բաղկացուցիչը և առաջնայնություններից մեկը՝  կարևորելով  կանանց իրավունքների պաշտպանության հարցերը։

-Ի՞նչ կասեք կինովարձույթի և դիստրիբյուցիայի մասին։

Վարձույթի հարցը խիստ բարդ է Վաստանում , և կարծում եմ Հայաստանում էլ  նույն պատկերն է։ Ֆիլմարտադրող եվրոպական և ամերիկյան խոշոր ընկերությունները ֆիլմերի ցուցադրման իրավունքները վաճառում են  խոշոր  երկրների փառատոներին։ Մենք էլ  ցուցադրման համար ստիպված ենք վարձել  խոշոր երկրների դիստրիբյուտորներից, ինչն էլ  բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Ես կարծում եմ, որ պետք է  ստեղծել  տարածաշրջանային վարձույթ։

ՀԳԵրևան վերադարձիս նախորդ օրը մտա հյուրանոցի դիմաց գտնվող քաղցրավենիքի խանութը։ Գեղեցկադեմ վաճառողուհին  ժպտալով ընդառաջ եկավ ու անմիջապես էլ հարցրեց«BIAFF եք եկել ՝ մատնացույց անելով փառատոնի բեյջս»,- Այո՝ ասում եմ։ -Գիտե՞ք ես շատ-շատ եմ սիրում BIAFF-ը, բայց չեմ հասցնում դիտել  ֆիլմերը, աշխատում եմ։ Ես ժպտացի: Հետո  նա արագ-արագ իմ գնած քաղցրավենիքի վրա ավելացրեց  ուղիղ այնքան, որքան ես էի վերցրել՝ ասելով, որ նվիրում է BIAFF-ի կողմից։ Այսպես։

Հարցազրույցը՝   Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆԻ