Հարվի Վայնշտեյնի անունը դարձել է հասարակ անուն: Մամուլի առաջին էջերից չեն իջնում սեռական նկրտումների նոր մանրամասները, իսկ իր պրոդյուսերական Miramax ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին: Այս իրադարձությունների հետ կապված շատերը մոռացել են ամերիկյան կինոինդուստրիայի մեջ ունեցած նրա ավանդի մասին: Մինչդեռ Վայնշտեյնի օգնությամբ աշխարհը բազում լավ ֆիլմեր է դիտել:

Առաջարկում ենք հիշել Հարվի Վայնշտեյնի 5 լավագույն ֆիլմերը:

«Քրեական անպետքություն» (Pulp Fiction), 1994

1.1«Քրեական անպետքություն» ֆիլմը դարձավ Հարվի Վայնշտեյնի պրոդյուսերական կենտրոնի իսկական հիթը: Կինոժապավենը հայտնվեց «Օսկարի» յոթ անվանակարգերում, ինչպես նաև ընդգրկվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆիլմերի ազգային ցուցակում` իր մշակութային նշանակության համար: Գլխավոր դերերը խաղում են Ջոն Տրավոլտան, Սեմյուել Լ. Ջեկսոնը, Բրյուս Ուիլլիսը և Ումա Տուրմանը: Կինոնկարի առանձնահատկությունը ոչ միագիծ սյուժեն է, ինչը թույլ է տալիս պատմել մի քանի պատմություն միաժամանակ: Գանգստերներ, որ խորհրդածում են փիլիսոփայական թեմայով, թմրամոլուհի, որին փրկում են գերդոզավորումից, բռնցքամարտիկ, որ գնված խաղի զոհ է: Այս ամենը ռեժիսոր Քվենտին Տարանտինոն մատուցում է միայն իրեն բնորոշ ոճով:

«Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York), 2002

2.2Վայնշտեյնի մյուս հաջողված պրոդյուսերական աշխատանքը «Նյու Յորքի ավազակախմբերն» է: Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի դրամատիկ ֆիլմը պատմում է 19-րդ դարի կեսի Նյու Յորքի մասին: Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1846 թվականին Ներքին Մանհեթենում: Այստեղ մարտեր են մղվում նոր ժամանած ներգաղթյալների և այսպես կոչված «բնիկ» ամերիկացիների միջև: Գլխավոր դերերը կատարել են Լեոնարդո դի Կապրիոն, Կամերոն Դիազը և Դենիել Դեյ-Լյուիսը: Կինոժապավենը ներկայացվել է «Օսկար» մրցանակի տասը անվանակարգերում, ներառյալ «Լավագույն ֆիլմ», բայց չի շահել դրանցից և ոչ մեկը: Ասում էին, որ պատճառներից մեկը կարող էին լինել չափազանց ռեալիստական արյունոտ տեսարանները:

«Չիկագո», (Chikago), 2002

3.32002 թվականը արգասաբեր եղավ Վայնշտեյնի համար: «Նյու Յորքի ավազակախմբերի» հետ միասին էկրան է բարձրանում ևս մեկ ֆիլմ՝ «Չիկագոն», Ռենե Զելվեգերի, Կետրին Զետոյ-Ջոնսի և Ռիչարդ Գիրի մասնակցությամբ: Ի տարբերություն նախորդ ֆիլմի` «Չիկագոն» առաջադրվեց «Օսկար» մրցանակի տասներեք անվանակարգերում և շահեց դրանցից վեցը: Մյուզիքլը դուռ է բացում դեպի անցած դարի 20-ական թվականների Չիկագոյի գլամուրի, հեղինակությունների և հանցագործ աշխարհի դարաշրջան: Հոլիվուդում խոսում էին, որ Ռենե Զելվեգերը դեր է ստացել շնորհիվ Վայնշտեյնի հետ ունեցած կապի:

«Սպանել Բիլին» (Kill Bill), 2003

4.4Քվենտին Տարանտինոյի և Հարվի Վայնշտեյնի երկրորդ համատեղ աշխատանքն է: Ումա Տուրմանը կինոնկարում խաղում է արյունարբու հարսնացուի դեր, որը երդվել է վրեժ լուծել իր չծնված երեխայի սպանության համար: Դրա համար նա մեկնում է Ճապոնիա, որտեղ մարտնչում է Տոկիոյի յակուձայի հետ: «Սպանել Բիլին» ֆիլմի հասույթը վեց անգամ գերազանցեց նրա արտադրական ծախսերը, իսկ քննադատները, չնայած դաժան տեսարաններին, ջերմությամբ արտահայտվեցին Տարանտինոյի ռիսկային սցենարի մասին:

«Շոկոլադ» (Chocilat), 2000

5.5Այս ֆիլմում Վայնշտեյնը համապրոդյուսեր է: «Շոկոլադը» պատմում է երիտասարդ մոր (Ժյուլիետ Բինոշ) պատմությունը, որը ժամանում է ֆրանսիական փոքրիկ մի ավան իր վեցամյա դստեր հետ և սրճարան բացում, որտեղ պատրաստում է շոկոլադ, մոգական ազդեցություն գործելով բնակիչների կյանքի վրա: Սակայն ոչ բոլորն են ուրախ նրա արհեստի համար, չէ որ կրոնական օրացույցում պահքի ժամանակ է, և նա դառնում է տեղի ազդեցիկ քահանայի աչքի փուշը: Իսկ նրա կապը թափառական երաժշտի հետ (Ջոննի Դեպ) դառնում է վերջին կաթիլը տեղական բարքերի ոստիկանության համար: Կինոքննադատները «Շոկոլադ» ֆիլմը կոչեցին սքանչելի ֆիլմ Բինոշի հրաշալի դերասանական խաղով:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը