Շուտով You tube-ում (հայերեն, ռուսերեն, անգլերերն) և հեռուստաէկրաններին կցուցադրվի պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի և ռեժիսոր Արտակ Ավդալյանի «Հազարամյակների ճամփորդը. Երևան» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում էր։

«Երևան- 2800» մշակութային հիմնադրամի ֆինանսավորմամբ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն, ինչպես նաև նկարահանումներն սկսվել են տարեսկզբին։ Հայոց պատմության համատեքստում Արտակ Մովսիսյանը ներկայացրել է Երևանի կենսագրությունը։ Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը 2 միլիոն տարվա վաղեմություն ունեն։ Երևանը՝ որպես քաղաքային բնակավայր, հիշատակվում է մեզանից 5.500 տարի առաջ։ Էրեբունի Երևանը 2.800 տարեկան է, իսկ վերջին 100 տարում Երևանը մայրաքաղաքի կարգավիճակ է ստացել։

K50«Հազարամյակների ճամփորդը. Երևան» փաստավավերագրական ֆիլմում ներգրավված են բազմաթիվ ուսումնասիրություններ Շենգավիթի, Էրեբունու, Կարմիր բլուրի, Երևանի բերդի վերաբերյալ։ Ֆիլմի թեման ու իրադարձություններն ավելի տպավորիչ դարձնելու համար նկարահանվել են խաղարկային տեսարաններ։ Դերասանները ներկայացնում են մեր թագավորությունները՝ զինանշաններով, հագուկապով, կենցաղավարությամբ, այս կամ այն ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությնները, պատմական անցքերը։ Այսպիսով ամբողջական պատկեր է ստեղծվում, թե Երևանը տարբեր թագավորությունների ժամանակ ինչ դեր է ունեցել։ «Մեր նպատակը Երևանն ամբողջական կտավով ներկայացնելն էր, որպեսզի ունենանք գիտահանրամատչելի մի ֆիլմ, ուսումնաօժանդակ նյութ, որը կցուցադրվի և զորամասերում, և դպրոցներում ու այլ հաստատություններում։ Մենք Երևանի թեմային էլի ենք անդրադարձել. 4 տարի առաջ Արտակ Ավդալյանի հետ պատրաստել ենք «Հռոմից ավելի հին մայրաքաղաք» ֆիլմը, որի նպատակն ավելի շատ ադրբեջանական կեղծարարություններին պատմական փաստերով պատասխան տալն էր։ Այդ ֆիլմում ընդգրկված բոլոր գիտնականները, ուսումնասիրողներն արտասահմանցի են, իսկ «Հազարամյակների ճամփորդը. Երևան» ֆիլմում Երևանի մասին խոսում են հայ գիտնականները։ Մեր առջև խնդիր էինք դրել ֆիլմ պատրաստել մեր հանրության համար»,- ֆիլմի գաղափարը ներկայացրեց Արտակ Մովսիսյանը։

K20Ֆիլմի համար հիմք են ծառայել հնագիտական հարուստ նյութերը՝ սկսած քարանձավներից, որոնց մասին խոսում է քարանձավագիտության կենտրոնի տնօրեն Սամվել Շահինյանը։ Շենգավիթը ներկայացնում է հենց Շենգավիթը պեղող հնագետ Հակոբ Սիմոնյանը, միջնադարյան գրավոր աղբյուրները ներկայացնում է Արման Եղիազարյանը, Արտակ Մովսիսյանը՝ սեպագրական շրջանը։ Նոր ժամանակների արխիվային նյութերը, հատկապես Երևանի ժողովրդագրական պատկերի փոփոխությունը ներկայացնում է Միքայել Մալխասյանը, իսկ Շահեն Հովսեփյանը՝ Երևանի դրամագիտական պատմությունը։ Նյութերը, ժամանակագրական, պատմական բաժանումները շատ են. այլ կերպ չէր կարող լինել, որովհետև Երևանը հազարամյակների պատմություն ունի։

Ֆիլմում հատուկ անդրադարձ կա Մաշտոցի անվան մատենադարանում գտնվող, Երևանում ստեղծված և Երևանի հոգևոր կենտրում պահպանված ձեռագրերին, որոնցից ամենահինը 1181 թվականի է։

Ֆիլմի համար նկարահանվել են հնավայրերը, թանգարանները. 3D վերակազմությունների միջոցով պատմվող նյութն ավելի շոշափելի ու առարկայական է ներկայացվում։

K0100Հանրությունը ցավալիորեն Երևանի պատմական նշանակությունը գնահատում է միայն Էրեբունիով ու վերջին հարյուրամյակում մայրաքաղաք դառնալու դերակատարմամաբ։ Իրականում Երևանը շատ ավելի ընդգրկուն ու ծավալուն կենսագրություն ունի։ Բագրատունյաց շրջանում Երևանը գնահատվում է որպես գյուղաքաղաք։ Արաբները, որ ամբողջ Մերձավոր Արևելքը սարսափի էին մատնել, 7-րդ դարում Երևանի բերդը պաշարել են, բայց չեն կարողացել գրավել։

Արտակ Մովսիսյանի և Արտակ Ավդալյանի համատեղ նախագիծը՝ ներկայացված ՀՀ կառավարությանը, ի սկզբանե եղել է ֆիլմաշարի գաղափար՝ նվիրված հայոց բոլոր մայրաքաղաքներին. Երևանի մասին ֆիլմը պետք է լիներ վերջինը։ Քանի որ 2018-ը Երևանի համար հոբելյանական է, որոշվել է ֆիլմաշարն սկսել վերջից։

Հեղինակները հույս ունեն, որ հայրենի կառավարությունը կաջակցի, որպեսզի մեր հինավուրց մյուս մայրաքաղաքների մասին ևս գիտահանրամատչելի ֆիլմեր պատրաստվեն։ Սա փորձ է՝ վերադարձնելու քաղաքային մշակույթի մեր հնամյա պատմությունն ու ավանդույթները։

Նաիրա Փայտյան