Հայկական կինոյի ամենահայտնի գործերից մեկը` «Մենք ենք մեր սարերը», մշտապես մեկնաբանվել է իբրև սարերով աշխարհից կտրված մարդկանց անխռով տեմպի ու XX դարի խելահեղ ռիթմի անհամատեղելիության կամ գյուղի և քաղաքի, ագրարային և ուրբան մշակույթների, հետամնացության և առաջադիմության, իսկ ավելի ստույգ` գլոբալիստ-հակագլոբալիստ հակադրության տեսանկյունից: XXI դարում նման մեկնության կողմնակիցները, սակայն, առնվազն մի դար հետ են ընկնում ժամանակից, որովհետև իրականում Մալյանը նկարել է խորապես ալտերգլոբալիստական ֆիլմ:

Ամենաակնառու ապացույցը երեխաներն են, որոնք, ինչպես բոլորին է հայտնի, մեր ապագան են: Մալյանի պատկերած գյուղում ոչ մի երեխա չկա, ուրեմն գյուղն ապագա չունի: Նկարահանող խմբի շուրջ մշտապես պտտվել է Խաշթառակ գյուղի չարաճճի մանուկների մի մեծ խումբ, որոնց ավելի հեշտ էր կադրում, քան կադրից դուրս պահել: Պատկերված չէ նաև ընտանեկան երջանկությունը. հերոսների մեծ մասն ամուսնացած չի ընդհանրապես, մեկի կինն է մահացել, մյուսի երեխեքը քաղաք են գնացել, իսկ Ռևազը, չնայած կին ունի, քնում է մենակ, բաց պատշգամբում: Այլ է պատկերը քաղաքում՝ Սոս Սարգսյանի մարմնավորած հերոսի տանը: Կինը խոհանոցում է, ինքը որդու հետ դասագիրք է թերթում (ֆիլմում պատկերված միակ երեխան), իսկ կողքի սենյակից գալիս է դաշնամուրի ձայնը, որ երևի դուստրն է նվագում:

Ուրեմն թե՛ Մաթևոսյանը և թե՛ Մալյանը՝ իբրև ժամանակի առաջադեմ մարդիկ, իրենց ընտրությունը կատարել են հօգուտ քաղաքի կամ, որ նույնն է մեր պարագայում, հօգուտ քաղաքակրթության, և խորապես սխալվում են նրանք, ովքեր «արմատներ» են որոնում մի տեղ, ուր հեղինակները հստակ ցույց են տվել ապագայի, ասել է թե` ճյուղերի բացակայությունը:

Գյուղացին ինքն է ընտրել քաղաքակրթվելու ճանապարհը, որովհետև մարդ դառնալու մեր բանաձևը մեկն է եղել ու չի փոխվել առայսօր. «Գնա քաղաք, կրթվի, մարդ դարձի»: Երևան գալու միակ ձևն էլ Երևան գալն էր:

Մալյանի ֆիլմը` որպես ժամանակի առաջադեմ մտավորականի խոսք, չի ընկալվել, մինչդեռ հստակ է. մենք հետ գնալու իրավունք չունենք, անգամ Մուհամմեդը չի սպասում սարին, դե, եթե մենք ենք` մեր սարերը, ուրեմն պիտի գնանք մեր սարերին ընդառաջ, որ վաղվա Հրանտ Մաթևոսյանը մեծ գրող դառնալու, Երևան չգալով` երևան գալու հնար ունենա:

Արմեն  ՀԱՅԱՍՏԱՆՑԻ