Այն, որ հայկական կինոժառանգությունը թվայնացման և վերականգնման կարիք ունի, նորություն չէ: Մոտ 10 տարի առաջ հայտարարվեց, որ նման գործընթաց է սկսվելու և այն իրականացնելու է «ՍիԷս ֆիլմս» ընկերությունը: Վերականգնված մի քանի ֆիլմ ցուցադրվեց ու դրանով ամեն ինչ վերջացավ: Վիճահարույց ու անհասկանալի պատճառներով գործը կանգնեց: 2006 թվականի կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը համարավում է «Հայֆիլմի»  իրավահաջորդը, սակայն կինոստուդիայի գույքային և կինոժառանգության իրավունքը սկզբում փոխանցվեց «ՍիԷս ֆիլմս» ընկերությանը, հետո՝ «Հայֆիլմ» ՓԲԸ-ը: Այդ ընթացքում բոլորս ականատես եղանք հայկական կինոժառանգության նկատմամաբ չհամակարգված ու անխնա վերաբերմունքին. համացանցը հեղեղված է «Հայֆիլմ» կիոստաւդիայի ֆիլմերի անորակ տարբերակներով, չեն պահպանվում հեղինակային իրավունքները, ով ինչպես ցանկանա, շահագործում է մեր կինոժառանգությունը: «Հայֆիլմի» ֆոտոֆոնո և ֆիլմային արխիվը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում:  

2017-ի աշնանից Հայաստանի ազգային կինոկենտրոնը ղեկավարում է Շուշանիկ Միրզախանյանը:  «Պաշտոնավարման առաջին իսկ օրերից մտածել եմ, որ մեր գլխավոր ռազմավարությունը պետք է լինի հայկական կինոժառանգության վերականգնումը, պահպանումն ու տարածումը: Մինչ գործնական քայլերի անցնելն, իհարկե, անհրաժեշտ էր ուսումնասիրել դաշտը, նպատակս իրագործելու հնարավորություններն ու ելքերը: Իսկ դրա համար նախ պետք էր կինոկենտրոնին վերադարձնել իր իսկ իրավունքները: «Հայֆիլմ»  ՓԲԸ-ն հետ պայմանագրի ժամկետը հուլիսին լրացավ: Ես դիմեցի նախարար Լիլիթ Մակունցին, որպեսզի պայմանագիրը չերկարացվի ու «Հայֆիլմի»  գույքային ու ժառանգության իրավունքները վերադարձվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Այդպես էլ եղավ: Հիմա արդեն այդ իրավունքները մեր կառույցին են պատկանում»,- պատմեց Շուշանիկ Միրզախանյանը:

Մինչ այս գործընթացը, դեռ գարնանից Շուշանիկ Միրզախանյանն անգլիացի պրոդյուսերԴենիել Բերդի հետ սկսել է հայկական ֆիլմերի թվայնացման և վերականգնման աշխատանքը: kinoashkharh.lc-ն անդրադարձել է համագործակցության առաջին քայլին՝ Սերգեյ Փարաջանովի  «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմի թվայնացման գործընթացին: Ֆիլմի վերականգնված տարբերակը պատրաստ կլինի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ «Հակոբ Հովնաթանյանը» վերականգնվում և թավայնացվում է լեհական «Ֆիքսաֆիլմ»  ընկերությունում:

Մեր պետությունը ոչ մի լումա չի ծախսում. Ֆինանսական աջակցությունը տրամադրում են միջազգային հիմնադրամները:

Այս խնդիրը հոգում է պրոդյուսեր Դենիել Բերդը: Հետո սկսվելու է վերականգնված ֆիլմերի հանրահռչակման ճանապարհը՝ մեծ էկրաններ, կինոփառատոներ. հեղինակային իրավունքները պահպանվելու են: Ցուցադրման վաճառքի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ մեր պետության հետ առանձին պայմանագիր է կնքվելու: Այն, որ «Հայֆիլմի» գույքային ու կինոժառանգության իրավունքներն արդեն ազգային կինոկենտրոնինն են, ֆիլմերի թվայնացման գործընթացը, բնականաբար, հեշտացնելու է: Սական, ինչպես նշեց Շուշանիկ Միրզախանյանը, պետք է լիարժեք ուսումնասիրվի, թե մինչև հիմա  «Հայֆիլմ»  ՓԲԸ-ն ինչ պայմանագրեր է կնքել, ում  հետ և իրավական ինչ հիմքերով ու պարտավորություններով:

Կան 50 տարով կնքված պայմանագրեր, որոնց ռիսկայնությունը դեռ պետք է ուսումնասիրվի ու պարզվի: Այդ ֆիլմերը հեղինակային իրավունքներ ունեն, արդյո՞ք այս ընթացքում չեն խախտվել այդ իրավունքները:

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի թվայնացումն ու վերականգնումը ցույց կտա, թե ինչ ինտենսիվությամբ ու ձևաչափով է ընթանալու հետագա համագործակցությունը: Ծրագիրը շարունակական է՝ մինչև 2024 թվականը: Դենիել Բերդը առաջարկում է  վերականգնել նաև Համո Բեկնազարյանի 10 ֆիլմ: Զուգահեռ մեկ այլ նախագիծ է կյանքի կոչվելու:

Անգլիացի պրոդյուսերը մտադիր է Փարաջանովի «Նռան գույն»  ֆիլմից դուրս մնացած կադրերը ևս վերականգնել ու թվայնացնել, այնուհետև դրանց հիման վրա նոր նկարահանումներ անել՝ հարցազրույցներ «Նռան գույնի» վրա աշխատած մարդկանց հետ և պատրաստել նոր վավերագրական ֆիլմ:

Հայկական կինոժառանգության վերականգնման ու հանրահռչակման նոր քաղաքականությանը խանգարող որևէ հանգամանք առայժմ չկա՝ մշակույթի նախարարությունը համաձայն է, ազգային կինոկենտրոնը՝ պատրաստակամ, դրսի համագործակցողները՝ ոգևորված ու գոհ:

Նաիրա Փայտյան

 


Գողացված կինոյի պատմություն

«Հիմա արդեն դժվար է վերականգնել ֆիլմի պայքարի ողջ ընթացքը, բայց լիովին տպավորություն է ստեղծվում, որ ստուդիայի հնաբնակներն արել են ամեն...

, |12 Հոկտեմբեր 2018,08:00