Ահա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ փորձում ենք հիշել հայկական կինոյի առավել համաժողովրդական, տարբեր տարիների ու խավերի համար հավասարապես սիրելի դարձած ֆիլմերը, ուրախությամբ հայտնաբերում ենք, որ դրանց մի զգալի մասը կապվում է Ժորա Հարությունյանի անվան հետ: «Ոսկե ցլիկ»… «Շրթներկ N 4»… «Հուշարձան»… Իհարկե, «Հարսնացու հյուսիսից»… Այս ցանկը լիակատար չէ: Ժորա Հարությունյանի սցենարների հիման վրա նկարահանվել են մեկ տասնյակից ավելի ֆիլմեր: Բայց վերը թվարկված խորագրերը լիուլի բավական են պատկերացնելու համար, թե ինչ տեղ ունի նա մեր կինոյում՝ արդեն նախորդ դարձած դարի հիսնականներից մինչև ութսունականները, այսինքն՝ հայկական էկրանի նորովի կայացման ժամանակներում:

Նրա հերոսների խոսքը գալիս էր անխարդախ կյանքից ու վերադառնում դարձյալ դեպի կյանք: Շատերս այս կամ այն առիթով կրկնում էինք թևավոր դարձած կատակներ կամ դիպուկ, կոլորիտային արտահայտություններ, որոնք բնականորեն «տեղավորվել» էին մեր առօրյա բառապաշարի մեջ: Ժորա Հարությունյանի գրիչը խոսում էր հայ մարդու նման, շնչում կենսունակությամբ, «միամիտ» իմաստությամբ: Գրող ու դրամատուրգ, որ բնավորությունների վարպետ էր:

imagesԿինոն բնավորություններ ստեղծելու արվեստ է: Էկրանը փնտրում է մարդ, այլ ոչ «գործող անձինք»: Այդ պատճառով էլ Ժորա Հարությունյանը փնտրված հեղինակ էր ռեժիսորների համար: Նրա հետ սիրում էին աշխատել հատկապես Ներսես Հովհաննիսյանը և Ալբերտ Մկրտչյանը, թեպետ նա սցենարներ է գրել նաև Մոկո Հակոբյանի, Դմիտրի Կեսայանցի, Հենրիկ Մարգարյանի, Ժիրայր Ավետիսյանի համար:

Իր կերպարներին նա գտնում էր բոլորիս համար տեսանելի առօրյա իրականության մեջ, բայց նրանց կենդանի ներկայությունը, գունեղ անհատականությունները մենք ուրախությամբ հայտնաբերում էինք… իրենից հետո՝ տեսնելով այդ կերպարներին ֆիլմերում:

Ի դեպ, դերասանների համար իսկական հաճույք էր այդպիսի կերպարներ անձնավորելը: Նրանցից շատերի ստեղծագործական նվաճումների մեջ քիչ դեր չի խաղացել այն հանգամանքը, որ ունեցել են ուժեղ հենման կետ: Այսինքն՝ դրամատուրգիական նյութ: Թաթուլ Դիլաքյանը կամ Արմեն Խոստիկյանը, Երվանդ Մանարյանը կամ Մուրադ Կոստանյանը իրենց լավագույն կինոդերերի ազդակները ստացել են նաև Ժորա Հարությունյանի տաղանդից: Իհարկե, նրա սցենարներով նկարահանված ֆիլմերից մենք մտապահում ենք նաև Սոս Սարգսյանին, Արմեն Ջիգարխանյանին, էլ չասած անկրկնելի Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, որը գլխավոր դերակատարն էր «Հուշարձան», «Խոշոր շահում» և «Հրդեհ» կինոնկարների:

Ժամանակը ծանր մրցակից է հատկապես կինոյի համար: Շատ ֆիլմեր մոռացվել են, մնացել մեր կյանքից դուրս: Բայց Ժորա Հարությունյանի սցենարներով նկարահանվածները պահպանել են իրենց կենսունակությունը: Մինչդեռ դար է փոխվել, ուրիշ են իրականության դիմագծերը, և հանդիսատեսն է ուրիշ: Բայց արի ու տես, որ «Ոսկե ցլիկը» (այս գործը Ժ. Հարությունյանը ստեղծել է Ռ. Երիցյանի հետ) կամ հեռուստատեսային էկրանի անգերազանցելի «չեմպիոնը»՝ բոլորին միշտ իր ձգողականության մեջ վերցնող «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը շարունակում են իրենց հաղթարշավը նաև մեր օրերում:1(23)

Գաղտնիքը պարզ է. մարդկային լեզու: Ժորա Հարությունյանը տիրապետում էր այդ լեզվին: Նա առավելագույնս մոտենում էր սովորական մարդու կյանքին, որին, մեր մեջ ասած, այսօրվա հայկական կինոն հաջողացրել է կորցնել, եթե նկատի ունենանք հատկապես 90-ականներին նկարահանված ֆիլմերի գերակշիռ մասը:

Կինոն լույսի արվեստ է: Բառիս ստույգ ֆիզիկական, բայց նաև բարոյափիլիսոփայական առումով: Ապրեցնելու, մխիթարելու, կյանքի լավն ու վատը, հույսն ու ցավը, թախիծն ու խնդությունը մեզ ցուցադրելու լույս:

Ժորա Հարությունյանը նախ և առաջ ընտրում էր ապրելու խնդությունը: Ոչ, նրան չես անվանի սուր անկյունները շրջանցող: Նրա սոցիալական դիտարկումները դիպուկ էին, ժամանակի մեջ ասված խոսքը, եթե պիեսներն էլ հիշենք, հասարակական պրոբլեմներին համահունչ: Բայց նրա գլխավոր զենքը… սերն էր: Նա սիրում էր իր հերոսներին և իր հանդիսատեսին: Նա պարգևում էր ծիծաղ: Ահավասիկ, նույնիսկ արդեն բացակայելով մեր կյանքից՝ նա շարունակում է ժպտալ:

 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

2005 թ․հուլիս


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46