2018 թվականի հունվարի վերջին ռուս կինոքննադատ Անդրեյ Պլախովը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հաղորդելով ռեժիսոր, պրոդյուսր, սցենարիստ Մարիա Սահակյանի անժամանակ մահվան լուրը: Պլախովը նշել էր, որ կինոռեժիսորը մահացել է քաղցկեղից և հավելել․«Անհնար է հավատալ 37-ամյա գեղեցիկ կնոջ մահվանը… ցավակցում եմ նրա հարազատներին»։
Մարիա Սահակյանը միջազգային ճանաչում ձեռք բերեց «Փարոս» (2007) խաղարկային ֆիլմի շնորհիվ, որը նա նկարել է 27 տարեկանում: Ֆիլմը մի երիտասարդ կնոջ՝ Լենայի մասին է, ով Մոսկվայից հետ է վերադառնում Կովկասում գտնվող իր հայրենի գյուղ, որտեղ պատերազմ է ընթանում: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ և արժանացավ Հյուբերտ Բալս հիմնադրամի դրամաշնորհին: Այնուհետև ֆիլմի ցուցադրությունները շարունակվեցին Լոնդոնի միջազգային կինոփառատոում (BFI London Film Festival), և 40 այլ փառատոններում: Մի շարք կինոքննադատներ «Փարոսը» ճանաչեցին 2007թ-ի Sight & Sound-ի տարվա լավագույն ֆիլմ, իսկ SF Said-ը գրել էր․. «Պատերազմական ֆիլմի, հուշագրի և երաժշտական ֆիլմի հուզիչ միաձուլում: Այն անկասկած տարվա հայտնությունն էր, Լոնդոնի կինոփառանոտի լավագույն ֆիլմը, և լիովին արժանի է թատրոնում ներկայացվելու 2008թ-ին»:
«Փարոսն» ի վերջո նկարահանվեց Ռուսաստանում․ Մարիան ընտանիքի հետ տեղափոխվել էր Երևանից 1992թ-ին՝ Հարավային Կովկասում ծագած պատերազմի պատճառով: Սահակյանն ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝Վլադիմիր Կոբրինի արվեստանոց: 2003 թվականին ավարտում է ուսումը, այնուհետև երեք տարի աշխատում է որպես ստեղծագործական պրոդյուսեր: Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Հրաժեշտ» կարճամետրաժ ֆիլմը, կարճ սակայն շատ խորը անձնական ֆիլմ է (նվիրված է Սահակյանի հորը), որն արժանիորեն կարելի է համեմատել Անդրեյ Տարկովսկու ֆիմերի հետ: Ֆիլմը մի աղջկա պատմություն է, ով հաշտվում է իր՝ դեպրեսիայով հիվանդ հոր մահվան հետ: «Հրաժեշտի» առաջնախաղը տեղի ունեցավ Ռոտերդամի և Թելուրիդի կինոփառատոնների շրջանակում:
Second Run բրիտանական ընկերությունը թողարկեց «Փարոսի» անգլալեզու DVD-ն, և միջազգային ասպարեզում ֆիլմի ունեցած հաջողության շնորհիվ Սահակյանը Երևանում հիմնադրեց ֆիլմարտադրական ընկերություն «Փարոսի» պորդյուսերներից մեկի հետ միասին, և ավարտին հասցրեց իր երկրորդ խաղարկային ֆիլմը՝ «Այդ ես չեմ» («Ալավերդի»), որը Կինոյի ամաշխարհային հիմնադրամի, Դանիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի և Գյոթեբորգի կինոյի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված համատեղ արտադրություն է:
Ֆիլմը հաղթող է ճանաչվել «B2B» փառատոնի և Բելգրադի միջազգային կինոփառատոնի «Best Pitch» անվանակարգում: «Այդ ես չեմ» ֆիլմում, որը խորը առասպելական արմատներ ունեցող երկիսմաստ պատմություն է մոր ու դստեր հարաբերությունների մասին, հակադրված է հին հայկական երգչախմբային երաժշտությունը ժամանակակից աշխարհում ինքնասպանությունների կայքերի և հրաշալի թվային անիմացիայի հետ:
2003թ-ին Ռուսաստանում թողարկվում է Սահակյանի երրորդ խաղարկային ֆիլմը՝ «Էնթրոպիան», որը աշխարհի վերջի մասին պատմող փորձարարական կատակերգություն է: Այն կինոռեժիսորի ամենալոկալ ֆիլմն էր, որը հսկայական ոճային տարբերություն ուներ իր նախորդ ֆիլմից՝ հանդիսանալով ռուսական ԶԼՄ-ների և ինքնուրույն հեղինակային կինոյի մասին սուր երգիծանք: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Վալերիա Գայ Գերմանիկան՝ որպես հեղինակ ռեժոսոր, և Քսենիա Սոբչակը՝ որպես նրա իշխանատենչ պրոդյուսեր: Ֆիլմում միակ պրոֆեսիոնալ դերասանը Եվգենի Ցիգանովն է, ով «Ալավերդի» ֆիլմում մարմնավորել է Պյոտերի՝ բացակա հոր կերպարը: 2014թ-ին Սահակյանը դադար տվեց խաղարկային ֆիլմերին: Նա վարպետության դասեր անցկացնեց Թումո կենտրոնում և դարձավ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի ռեժիսորը: «Աննիկո ֆիլմսի» միջոցով նա նաև Արսեն Աղաջանյանի հետ նկարահանեց «Honey-Money» կատակերգությունը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2015թ-ին Վիբորգի միջազգային կինոփառատոնում:
2014-ին Սահակյանը Goodreads-ում նշեց, որ կարդում է Վիրջինիա Վուլֆ-ի «Տիկին Դելոուեյը», և նրա առաջին երկու ֆիլմերը Վուլֆ-ի վեպերի նման մեկ բան են ուզում. ներկայացնել հերոսների ներքին կյանքը, բացահայտել կինոյի լեզուն, որտեղ միաձուլվում են դիտարկումը, փորձը, երազանքը, ֆանտազիան և տեսիլքը, որը սահում է մեր մտքերում: Ե՛վ «Փարոսի» և՛ «Այդ ես չեմի» գործողությունները ծավալվում են երիտասարդ կականց շուրջ, ովքեր Կլարիսա Դելոուեյի նման զբոսնում են մի աշխարհում, որտեղ պատերազմ է կամ դրա հետևանքները:
Նրանց առօրյան անբաժան է բռնությունից՝ ներկա կամ անցյալ, և միայն երևակայության միջոցով են նրանք արձագանքում այդ հարվածներին: «Փարոսը» սկսվում է բանաստեղծական մեջբերումով, իսկ «Այդ ես չեմը» վերարտադրում է հայկական էպիկական պոեմը `Շարականը, որը շատ նման է Օրփեոս և Էվրիդիկեի պատմությանը: Խարսխվելով առօրյա գործողությունների վրա՝ Սահակյանի հավակնոտ ֆիլմերը իրենց ֆիզիկականության շնորհիվ միշտ նորարարական էին: Եվ ոչ միայն նրա ֆիլմերը, այլև նրա ֆիլմարտադրությունն էր այդպիսին:
2009-ին ռեժիսորը Վիկտորիա Լուպիկի հետ Հայաստանում հիմնեց «Աննիկո ֆիլմս» կինոընկերությունը՝ Հայաստանում ֆիլմեր արտադրելու համար, կամ ավելի շուտ Հայաստանում ոչ-սփյուռքահայ կինո ստեղծելու համար: «Աննիկո ֆիլմսը» նկարահանեց Սահակյանի բոլոր ֆիլմերը մի երկրում, որին դեռևս չի հաջողվել ունենալ ազգային ֆիլմարտադրություն Խորհրդային Միության փլուզումից հետո:
Կինոքննադատ Նիք Ջեյմսը ներկայացրել է հայկական կինոյի համառոտ պատմությունը, երբ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ էր, որի շրջանակներում Մարիա Սահակյանը երրորդ անգամ արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Կինոփառատոնի և ռեժիսորի հարաբերությունները ակնհայտորեն շատ էին խորացել: «Իսկ մենք սիրում էինք Մաշային ոչ միայն իր տաղանդավոր ֆիլմերի համար, այլ նրա համար, որ երբ մտնում էր մեր կիսախավար գրասենյակ, լույս էր բերում իր մշտապես կայտառ ու կենսախինդ էությամբ»,- ասված է փառատոնի կայքում՝ ռեժիսորի մահվանից հետո:
Ինչպես «Էնթրոպիա» ֆիլմում՝ Սահակյանի «կիսամութ» ֆիլմերը միշտ էլ աբսուրդի տարրեր էին պարունակում. հավատարիմ մնալով փորձարարական ֆիլմի լեզվին՝ նա շարունակ վիճարկում էր կինոյի սահմանները: Սահակյանի ֆիլմերը կամրջում են իր կյանքի հակասությունները. նրա ֆիլմերը հիմնված էին շատ խորը ազգային խմդիրների վրա, սակայն նա ազգայնամոլ չէր, և ի տարբերություն իր ընտանիքը լքած հորը, Մարիան հավատարիմ էր իր արվեստին և միաժամանակ հինգ երեխաների մոր դերին:
Մոտ մեկ տասնամյակի ընթացքում նա հեղաշրջեց հայկական կինոարտադրությունն ու հայկական կինոյի միջազգային հեղինակությունը, և կնոջ ներաշխարհը նկարագրող յուրօրինակ բանաստեղծական լեզու հայտնագործեց:
«Փարոս» ֆիլմում մի փխրուն տեսարան կա, երբ Կասանյա անունով մի ծեր կին պատմում է Լենային իր տեսած երազի մասին, որտեղ նա իբրև տանձի ծառ էր: «Իմ ՝ ծառի մեջ, աշխարհն է ապրում»,- ասում է նա: Մարիա Սահակյանի ֆիլմերը այս երկրային, սովորական առեղծվածը էկրան բարձրացրեց, նա շարունակում է ապրել՝ իր ֆիլմերում։
Հ․Գ․ Հուլիսի 24-ին Մաշան կդառնար 38 տարեկան․․․նա ապրեց շատ կարճ կրակոտ ու պայծառ կյանք՝ ապրածի փոխարեն թողնելով մեզ լուրջ կինո, որի ամեն մի կադրը հուշելու է նրա լուռ ներկայությունը․․․
Մարիա Սահակյանի մահից հետո, ցավոք, հայաստանյան կինոքննադատներն ու կինոգետները այդպես էլ չանդրադարձան երիտասարդ ռեժիսորի ֆիլմերին ու հայկական կինոյում ունեցած նրա ավանդին։ ԿԻՆՈԱՇԽԱՐՀԸ ներկայացնում է օտար աղբյուրից թարգմանված նրա ֆիլմերի համապարփակ վերլուծականը։
Պատրաստեց Ռ․Բագրատունյանը
Թարգմ.՝ Սուսաննա Խաչատրյանի