Հայկական ֆիլմերի վերականգնումը, պահպանումն ու տարածումը մեր մշակութային քաղաքականության առաջնահերթություններից մեկը պետք է լիներ վաղուց։ kinoashkharh.lc-ը բազմիցս շոշափել է այս խնդիրը, իսկ «Լավ է ուշ, քան երբեք» հոդվածում անդրադարձել բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությանը՝ վերականգնել Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը։ Մշակույթի նախարարությունը համաձայնությունը տվել է. կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ֆիլմի նեգատիվը տեղափոխել է Լեհաստան, որտեղ և FIXAFILM ստուդիան սկսել է «Հակոբ Հովնաթանյանի» սկանավորման աշխատանքները։

հով5Հայ բարեգործական ընդհանուր միությունում Դենիել Բըրդը ներկայացրել է ֆիլմի վերականգնման աշխատանքների նրբությունները։ Ոչ հաջող նախադեպը ստիպում է ավելի ուշադիր ու հետևողական լինել, որպեսզի «Հակոբ Հովհանթանյանը» չարժանանա Դովժենկոյի անվան ստուդիայում վերականգնված  «Կիևյան որմնանկարներ»  ֆիլմի ճակատագրին։ Փարաջանովի այդ գործի վերականգնման որակը մասնագետներին չի բավարարել և ֆիլմը նորից է վերականգնվել։ Շուշանիկ Միրզախանյանը պատմում է. «Երբ մշակույթի նախարարության հետ պայմանավորվածությանը հաջորդեց գործնական փուլը, և ես «Հակոբ Հովնաթանյանի» ժապավեններով ոտք դրեցի Վարշավայի օդանավակայան, Դենիելը չէր հավատում, որ վերականգնման գործընթացը վերջապես իրականացվելու է։ Անմիջապես գնացինք FIXAFILM ստուդիա, և սկսվեց ժապավենի հետ աշխատանքը։ Սա մեր առաջին փորձն է։ Վստահ եմ՝ հաջող ընթացք ու արդյունք է ունենալու։ Իսկ շարունակությունն էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Նպատակ ունենք վերականգնել հայ դասական ֆիլմերը, այդ թվում Համո Բեկնազարյանի 10 ֆիլմ։ Այնպես որ, նախագիծը կշարունակվի մինչև 2024 թվականը»։

հով8Դենիել Բըրդն էկրանին ցուցադրեց «Հակոբ Հովնաթանյանից» հատվածներ՝ չվերականգնված ու վերականգնված տարբերակներով։ Ֆիլմի նեգատիվը սկանավորվել է, գույները պահպանվել են. պետք է աշխատանք տարվի պատկերի կայունության համար։ Կադրերում բծեր կան, որոնք հնարավոր է նաև ավտոմատ ռեժիմով վերացնել, բայց մասնագետներն առավել արդյունավետ են համարում ձեռքով արվելիք աշխատանքը։ Փարաջանովը որոշ պատկերներ նկարել է ֆոկուսից դուրս. դա կինոռեժիսորի գեղագիտական լուծումն է։ Պատկերները  հենց այդպես էլ կպահպանվեն։ Կատարվում է նաև գույների պրոյեկցիա, որպեսզի Հակոբ Հովնաթանյանի նկարները ֆիլմի նկարներից չտարբերվեն։ Այդ նպատակով վերականգնման նախաձեռնողները դիմել են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ խնդրելով իրենց տրամադրել Հովնաթանյանի ստեղծագործությունների լուսանկարները. դրանց հիման վրա էլ գունային ճշգրտումներն են արվելու։ Հետո կսկսվեն նաև ֆիլմի ձայնի վերկանգնման աշխատանքները։հով9

Տիգրան Մանսուրյանը ևս ներկա էր հանդիպմանը։ Նա հիշեց այն օրը, երբ Փարաջանովի հետ դիտում էին «Հակոբ  Հովնաթանյանը»։ Մաեստրոն հուզված էր. «Ֆիլմը նկարահանվել է 1967-ին. Փարաջանովն այն ինձ ցույց տվեց ավելի ուշ։ Ինչքա՜ն հիացած էր նա Հովնաթանյանի արվեստով, գեղեցիկի ընկալմամբ։ Փարաջանովը դետալ առ դետալ ցույց է տվել Հովնաթանյանի նկարած պորտրետները, նրանց արդուզարդը, ժանյակները։ Ցույց է տվել, որպեսզի մենք էլ հիանանք ու ապշենք, թե ինչ նրբանկատ ու մեծ նկարիչ է Հովնաթանյանը։

Կես դար անց նորից եմ ֆիմը դիտում։ Չեք պատկերացնի՝ ինչ թանկ րոպեներ անցան աչքիս առջևով։ Վերապրեցի զգացողություններս ու հուշերս։ Այն ժամանակ մի նկատառում եմ արել. ֆիլմի մեջ ոչ բոլոր ձայներն են տեղին արված։ Բայց իմ դիտողությունը ոչինչ չէր փոխի. ֆիլմն արդեն նկարված էր։ Հիմա էլ այդ ձայների ոչ տեղին լինելը նկատեցի։ Բայց դա չի խանգարում. ֆիլմը հիասքանչ է»։

Դենիել Բըրդը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ այլ ծրագրեր էլ ունի։ Վերականգնված ֆիլմերը պետք է ոչ միայն պահպանվեն, այլև տարածվեն, հանրահռչակվեն, մասնակցեն փառատոների, բարձրանան մեծ էկրաններ։ Հայկական կինոն ի զորու է զարմացնել աշխարհին։ Փարաջանովից բացի, մեր կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը ևս կարող է միջազգային հանրության համար հայտնություն դառնալ։  Սովետական տարիներին ամեն ինչ ներկայացվում էր՝ որպես սովետական արտադրանք՝ անկախ ազգությունից, երկրից։ Առանց այդ էլ մենք 30 տարի կորցրել ենք, մինչդեռ կարող էինք անկախության առաջին իսկ տարիներից համաշխարհային կինոիրականությանը ցույց տալ, թե ուր էր հասել Բեկնազարյանն իր համամարդկային կինոմտածողությամբ, տարողունակությամբ ու վարպետությամբ։

հով6Հաջորդիվ կսկսվեն Համո Բեկնազարյանի համր և հնչյունային ֆիլմերի վերականգնման աշխատանքները։ Սկզբում, իհարկե, դրանք կսկանավորվեն։ Նախագծի հեղինակները լավ գիտեն, որ դժվարին աշխատանք է սպասվում։ Թե՛ Բեկնազարյանի, թե՛ Փարաջանովի շատ ֆիլմերի օրիգինալ տարբերակների ճակատագիրն անհայտ է։ Օրինակ՝ «Պեպո» ֆիլմը նկարահանվել է 2 տարբերակով՝ հայերեն և ռուսերեն։ 1960-ականներին որոշվել է, որ հայերեն հնչյունավորումը նորից պետք է կատարվի.  համախմբել են ֆիլմում խաղացող դերասաններին ու հնչյունավորումն իրականացրել, բայց աշխատանքն անորակ է ստացվել։ 1935-ին դերասանները երիտասարդ են եղել, 1960-ականներին՝ արդեն ուրիշ ձայներով՝ ոչ երիտասարդ հնչողությամբ։ Իսկ ֆիլմի հայերեն տարբերակի օրիգինալը կորել է։ Տխուր ճանապարհ է անցել նաև Համո Բեկնազարյանի վերջին՝ «Երկրորդ քարավան» ֆիլմը՝ նկարահանված 1949 թվականին։ Ստալինի հրահանգով Բեկնազարյանը որոշ տեսարաններ ջնջել է. ֆիլմն անավարտ է. 80 րոպեանոց նեգատիվը գտնվել է ռուսաստանյան արխիվներից մեկում։ Բնականաբար «Երկրորդ քարավանի» վերականգնումը կարող է համաշխարհային երևույթ լինել։

20-րդ դարի հայ կինոժառանգությունն իրենից ներկայացնում է 250 ֆիլմ։ Դրանց մեծ մասը մեծ արժեք է ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար, որովհետև ինքնին դասական է՝ երևույթի խոր բովանդակությամբ ու ձևով։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ