2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից օրեր անց համացանցում աչքովս ընկավ Էդմոնդ Քեոսայանի (Քյոսայան) «Հուսո աստղ» (1978) պատմական ֆիլմը: Քանի որ բավական լավ որակ ուներ, ստուգեցի, թե ե՞րբ է տեղադրվել. կանխազգացումս արդարացվեց` ապրիլին… Մեծերին մենք հիշում ենք հատկապես օրհասական պահերին (տվյալ դեպքում, «մեծ» ասելով` պիտի հասկանանք թե՛ ֆիլմի հեղինակ Քեոսայանին, թե՛ գրական հիմքի հեղինակ Սերո Խանզադյանին, և թե՛ գլխավոր հերոսներին` Դավիթ-Բեկին և Մխիթար Սպարապետին): Դա էր առաջին միտքը, որ ծագեց: Սակայն մեր մեծերին, եթե ոչ միշտ, ապա գոնե հաճախ հիշելու դեպքում ոտքներս քարին գուցեև չդիպչեր այդքան հաճախ: Հաջորդ «հայտնագործությունս» այն եղավ, որ ֆիլմի ռուսերեն տարբերակը տեղադրվել էր նույն տարվա փետրվարին և, ինչ-որ իմաստով, հնչել էր իբրև հիշեցում-ահազանգ ու մարգարեություն, սակայն իրական հասցեատերերը, սովորականի պես, ականջալուր չէին եղել, քանի որ ավելի «կարևոր» գործերով էին զբաղված…

 Մարգարեություն

Մասնագիտության բերումով, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է ծագում վերանայել շատ ու շատ ֆիլմեր, այդ թվում` հայրենական: Եվ շատերին թերևս դժվար է պատկերացնել, թե որքան արդիական են ընկալվում դրանց մի մասն այսօր: Վերադառնալով «Հուսո աստղին»` պարզաբանում մտցնենք. 18-րդ դարում հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված այս ֆիլմն իր բովանդակությամբ դժբախտաբար խիստ արդիական է մինչ օրս: Ավելին, հակառակ այն կարծիքի, թե խորհրդային տարիների ֆիլմերն ազգային չեն, 1978-ին, այսինքն` մեր ազգային ազատագրական շարժումից ընդամենը մեկ տասնամյակ առաջ նկարված, «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների համատեղ արտադրություն հանդիսացող, 400 000 ռուբլի բյուջե ունեցող այս լայնամասշտաբ պատմական ֆիլմում պարզապես մարգարեական արժեք ունեն մի շարք դրվագներ ու երկխոսություններ, ինչպես օրինակ`

«Երկիրը միայն մշտական զորքով է կանգուն: Եվ մեծաթիվ ու կանոնավոր»: «Բա էլ ինչո՛վ հարստանանք, ինչով զարդարենք մեր կանանց ու աղջիկներին: Ամեն մեկի զարդարանքը մի ողջ գնդի ռոճիկ է»,- ասում է վրդովված Մխիթար Սպարապետը (Արմեն Ջիգարխանյան) և այնուհետև շարունակում` խոսելով թշնամու կողմից սպառնացող վտանգների մասին. «Եթե նրանք գրավեն Սյունիքն ու Արցախը, տապանաքար կդնեն Հայոց աշխարհի վրա»: Ու երբ նրան առարկում են, թե` «Բանակցելու մեջ է մեր փրկությունը, հարկավոր է օսմաններին որոշ բան զիջել», վերջինս բացականչում է. «Զիջե՞լ: Էդ ի՛նչ ես զիջելու: Հո՞ղդ, սարե՞րդ, թե՞ մեր ազատությունը…»: Ապշելու բան. ասես թե վերջին երկու տասնամյակի մեր իրականության մասին լինի, հատկապես, ապրիլյան պատերազմի հետ կապված ցավի ու դառը հիասթափությունների ֆոնին:

 Վաղեմի մտադրություն

Անկեղծ ասած` Էդմոնդ Քեոսայանին նվիրված հոդված գրելու մասին վաղուց էի մտորում: Նախ` 2002-ին Ուշիի իրենց ամառանոցում հրաշալի մի հանդիպում էի ունեցել ռեժիսորի այրու` դերասանուհի Լաուրա Գևորգյանի հետ, երբ «Շանթ» հ/ը առաջարկով հեղինակել էի «Ուշացած պրեմիերա» հաղորդաշարը, որի շրջանակներում ցուցադրվել էր նաև Է.Քեոսայանի` հայ հանդիսատեսին անհայտ «Լեգենդ ծաղրածուի մասին» կինոնկարը: Արտաքին և ներքին գեղեցկությամբ աչքի ընկնող հարգարժան այս տիկնոջ հետ զրույցն իհարկե դուրս եկավ հաղորդման ձևաչափից: Այն, ինչ լսեցի և մտապահեցի, բոլորովին այլ լույս սփռեց իմ` այն ժամանակ սկսնակիս` հայ կինոյի պատմության իմացության վրա: Հավելենք նաև, որ այդ օրերին համացանցը դեռ սաղմնային վիճակում էր և չէր փայլում որակյալ, հավաստի տեղեկատվությամբ, իսկ մասնագիտական գրականությունն այդ մասին լռում էր… Մեր այն զրույցին դեռ կվերադառնանք:

 Խոստովանանք

Տարիներ անց այս ռեժիսորին անդրադառնալու ևս մի առիթ եղավ, երբ հանկարծ համացանցում հայտնվեց նրա վերջին կինոնկարը, որը ցնցեց մինչև հոգուս խորքը: Ֆիլմ, որ հիմնականում անհայտ է հայ հանդիսատեսին, ֆիլմ, որ նա նվիրել է «իր երկու մայրերին»` հարազատ հայ մորը և այն ռուս կնոջը, որ իրենց ընդունեց և պահեց իր տանը` չնայած ստալինյան դաժան տարիներին: Վերնագիրը, չգիտեմ, թե որքանով է տեղին թարգմանելը, քանի որ սիբիրյան այն գյուղի անունն է իրականում, որտեղ անցել է Քեոսայանի աքսորյալ մանկությունը` «Вознесение» («Համբարձում», 1988): Սա ռեժիսոր Քեոսայանի խոստովանանքն է: 1989-ին, ֆիլմը նկարելուց հետո նա այսպես է արտահայտվել. «Ինչքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան հաճախ է հիշողությունս ինձ վերադարձնում այնտեղ, չգիտեմ ինչու: Աչքերիդ առջև անցնում է այն դիմանկարների պատկերասրահը, որ դու հատուկ չես հիշապահել, բայց իրենցից ազատվել չես կարող: Մարդիկ, ովքեր ամենասարսափելի ժամանակ կիսում էին քեզ հետ սառած կարտոֆիլը, ովքեր կացարան տվեցին, ջերմացրին… Կյանքում ես իրոք երջանիկ եմ եղել այն ժամանակ, երբ նկարում էի այդ ֆիլմը: Չգիտեմ, թե որքանով է այն հաջողվել, սակայն երբ խոստովանում ես, մոռանում ես մասնագիտության մասին, շատ բաների մասին ես մոռանում…»: Իրականում, ֆիլմը երևակում է այս կինոռեժիսորի տաղանդի և ստեղծագործական կարողությունների ևս մեկ` մեզ անհայտ կողմը: Մեկ առ մեկ մտաբերելով Քեոսայանի ֆիլմերը` ներառյալ սույն կինոնկարը, համոզվում ենք, որ նա, իր բացարձակ պրոֆեսիոնալիզմով, ի զորու էր բեմադրել ցանկացած ժանրի գործ. կատակերգությունից, արկածային ֆիլմից սկսած` մինչև պատմական հերոսապատում և ընտանեկան դրամա: Նշենք, որ ժամանակագրական մեծ հավաստիությամբ բեմադրված սիբիրյան տեսարաններում նկարահանված ռուս դերասաններից բացի, «Մոսֆիլմի» արտադրության այս ֆիլմում նկարահանվել են հայ կինոյի մեծանուն դերասաններ, մեզ հարազատ դեմքեր` Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Հենրիկ Ալավերդյանը, Ներսես Հովհաննիսյանը և ուրիշներ: Գլխավոր դերում հանդես է եկել Լորենց Առուշանյանը, մոր կերպարը երիտասարդ տարիքում մարմնավորել է Էդմոն Քեոսայանի կինը և մուսան` Լաուրա Գևորգյանը, իսկ տարեց հասակում` Տատյանա Մախմուրյանը (ի դեպ, սա հայ կինոյի ամոթխած գեղեցկուհի Կեկելի դերակատարուհու վերջին դերն է կինոյում):

 Վերագնահատում

հուսո աստղՀավանական է, համացանցում տարված հետազոտությունս հարկ չհամարեի հրապարակել, եթե արդեն սույն տարվա ապրիլին սկսված մեր ժողովրդի պայքարի` թավշյա հեղափոխության օրերին «ֆեյսբուքահայության» տարածքներում շրջանառության մեջ չդրվեր Էդմոնդ Քեոսայանի «Հուսո աստղ» ֆիլմի վերոհիշյալ հատվածը` «Մեր մեծերը» վերտառությամբ էջում… Դարձյալ ուշադրություն դարձրի, որ նյութը տեղադրվել է այս տարվա փետրվարին և բավական շատ դիտումներ ունեցել… Ավաղ, այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ քչերն ունեն համբերություն և ժամանակ` ծայրից ծայր դիտելու երկու սերիանոց պատմական ֆիլմ: Եվ այդ առումով, ողջունելի է, որ գոնե սոցցանցում ֆիլմի ընտրված հատվածի տարածման միջոցով մարդիկ տեղեկանան, թե ինչ կարևոր բաներ կարող են մեզ հուշել անցյալի ֆիլմերը` վերաիմաստավորելով դրանք: Մանավանդ որ, դեռևս դպրոցական տարիներին դիտած լինելով այդ ֆիլմը, հիշում եմ նաև, թե ինչպես այն չէր ընդունվում… Ճիշտ է, Շվարցենեգգերը դեռ էկրանին չէր հայտնվել, բայց հայ հանդիսատեսը սպասում էր, ավելին, համոզված էր, որ Սպարապետը պետք է լինի անպայման բարձրահասակ և հաղթանդամ: Այն, որ բարձրահասակ զորավարներ պատմության մեջ գրեթե չեն եղել, և Նապոլեոնը դրա վառ օրինակ է, իսկ Դը Գոլը` բացառություն, ոչ ոք մտածել, լսել անգամ չէր ուզում: Մեծ վարպետությամբ բեմադրված այս ֆիլմի պաթոսը մինչ օրս չի ընդունվում մեր խստապահանջ դիտողի կողմից. հաշվի չեն առնում ո՛չ ժանրի առանձնահատկությունը, ո՛չ թեմատիկ պատճառաբանվածությունը: Պատրաստ են ընդունել թե՛ հոլիվուդյան ֆիլմերի տեղի անտեղի պաթոսն ու վերամբարձությունը, թե՛ մեր թատերաբեմերում գրեթե սովորական դարձած գոռում-գոչյունը, միայն թե, ո՛չ մեր այդ պատմական ողբերգությանը հարիր անտիկ հնչերանգը: Ինչ վերաբերում է Ջիգարխանյանի խաղին, ապա մի կողմ դնելով այն փաստը, որ նրան անվանել են «սովետական Գաբեն», և համարում են համաշխարհային լավագույն դերասաններից մեկը, կարծում եմ, նրա զգայացունց զուսպ խաղը այս ֆիլմի կուլմինացիոն պահերից մեկում, երբ ձին բերում է օսմանյան թուրքերի ձեռքով նահատակված Գոհարի (Ալլա Թումանյան) դին, իր անճառելի լռությամբ ու խորքով` դերասանական բարձրարվեստ կատարման բացառիկ օրինակներից է:

Ի միջի այլոց, նշենք նաև, որ մերոնցից շատերի կարծիքով «տնային դիտման սովորական կինոնկար» համարվող Է.Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975, «Մոսֆիլմ») ֆիլմում գլխավոր հերոսի` կյանքի մայրամուտն արժանապատվորեն դիմավորող աշտարակցի Լևոն Պողոսյանի դերակատարման համար 40-ամյա Ա.Ջիգարխանյանը 1977-ին արժանացել է Բելգրադի ՄԿՓ տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին (ի դեպ, շրջանցելով` Լոուրենս Օլիվիեին, Մառլոն Բրանդոյին և Ջեք Նիկոլսոնին): Когда наступает сентябрь Այս ֆիլմը նույն Բելգրադի փառատոնում նվաճել է հանդիսատեսի համակրանքի մրցանակը, Լոնդոնի կինոակադեմիան հռչակել է տարվա լավագույն ֆիլմ, 1975-ին այն գլխավոր մրցանակ է ստացել Կահիրեի ՄԿՓ-ում, իսկ 1976-ին արժանացել է Ֆրունզեում (այժմ` Բիշկեկ) տեղի ունեցած Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակին` այն կիսելով Սերգեյ Սոլովյովի «Հարյուր օր մանկությունից հետո» ֆիլմի հետ…

Հուսով եմ, մեր պատմության մեջ սկսված այս նոր փուլը կներառի իրական արժեքների վերագնահատում, այդ թվում` մշակութային մոռացված արժեքների:

  Ժամանակի համատեքստը

Վերջին տարիներին առաջացած նոր գիտությունը` կուլտուրոմիկան, պայմանավորված է համացանցի գոյությամբ: Ինչ-որ առումով, այն թույլ է տալիս հետազոտել մարդկության «հիշողության ամպը», օրինակ` տարիների ընթացքում ինչպես է փոխվել մարդկանց հետաքրքրությունն այս կամ այն տոնի կամ որևէ այլ երևույթի նկատմամբ: Թույլ է տալիս պարզել, թե որ գիրքն է ամենաշատ հրատարակվել, վաճառվել, ընթերցվել, որ ֆիլմն է շատ դիտվել և այլն, և այլն: Բոլոր այդ տվյալներն, իհարկե, չպետք է մեխանիկորեն ի մի բերվեն: Որպես կանոն, արժանահավատ վերլուծություններն արվում են տարբեր տեսանկյուններից, տարբեր հարթություններում կատարվող դիտարկումներով: Սակայն ուզածդ երևույթ հասկանալու համար այն վերլուծության ենթարկելիս պետք է հաշվի առնել ժամանակի գործոնը: Օրինակ, ֆիլմը գնահատում ենք տարբեր կոորդինատային համակարգերում, բայց նախ և առաջ, իր ստեղծման ժամանակի համատեքստում, ընդ որում, թե՛ տեխնիկական կատարման, թե՛ սյուժեի և թեմայի մշակման եղանակի, մակարդակի առումով, և հետո միայն` մերօրյա տեսանկյունից, իսկ բարձրագույն դրսևորումներում` արտաժամանակային, հավերժական կատեգորիաների օգնությամբ:

Իհարկե, եթե վիճակագրական տվյալների մասին է խոսքը, ապա մինչ համացանցի ի հայտ գալն էլ դրանք հավաքագրվել են նախկինում: Վերադառնալով Էդմոնդ Քեոսայանին` նշենք, որ նրա` «Մոսֆիլմ»-ում արտադրված, առանց չափազանցության, լեգենդար «Անորսալի վրիժառուները» (1966) խորհրդային կինոթատրոններում միայն առաջին տարիներին դիտել է մոտ 200 մլն. հանդիսատես: Մինչ օրս էլ էպիկական կերտվածք ունեցող այդ արկածային կինոեռերգությունը չի կորցրել գրավչությունը, չնայած վաղուց պատմության գիրկն են անցել սպիտակներն ու կարմիրները: Բոլոր տրյուկները հնարել է Քեոսայանը (նույնիսկ Ժոզի-Չուրիկովայի կատարած ռոմանսի խոսքի հեղինակն է նա), իսկ կատարել են իրենք` դերասանները: ԱՄՆ-ում նրանց անվանել են «պատանի սովետական կովբոյներ»: Այդպիսով, «կարմիր վեսթեռնի» կամ ինչպես այլ կերպ են անվանում` «իսթեռնի», այսինքն` «արևելաեվրոպական վեսթեռնի» այս անգերազանցելի նմուշը երիտասարդ ռեժիսորին բերեց աննկարագրելի փառք… և դառնություններ:

 Սկիզբը

Չնայած համացանցային մերօրյա առատ տեղեկատվությանը, պարտավոր ենք հատկապես երիտասարդ սերնդին հաղորդել որոշ կարևոր փաստեր: Ռեժիսոր դառնալու իր անկոտրում երազանքին մոտենալու համար Քեոսայանը ստիպված է եղել վեց անգամ մասնակցել ընդունելության քննություններին: Պատճառը` «ժողովրդի թշնամու»` ցարական բանակի սպայի, ազնվական ծագում ունեցող հոր զավակ լինելն էր: Սակայն ի վերջո, հաղթել էր տաղանդը: Ռուս կինոքննադատ Ալեքսանդր Շպագինն ասում է, որ թեև նույն այդ ժամանակ սովորում էին նաև Տարկովսկին ու Շուկշինը, սակայն բոլորը գիտեին, որ լավագույն ուսանողը և ամենատաղանդավորը Կեսն էր, այդպես էին անվանում Քեոսայանին, ով այնպիսի հզոր էներգետիկա ուներ, որ ճառագայթում և համակում էր բոլորին: Արմեն Մեդվեդևը խոսում է նրա բացառիկ, շատրվանող ընդունակությունների մասին, Կարեն Շահնազարովը` նշում, որ նա եղել է բացառիկ էրուդիցիայի տեր, ամենակրթված մարդկանցից մեկը, ում նա երբևէ ճանաչել է:

Պատահական չէր, որ ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին ստեղծված նրա կարճամետրաժներն արդեն լուրջ հայտ էին. Մոնտե-Կառլոյի ՄԿՓ գլխավոր մրցանակ «Սանդուղք» (1962) ֆիլմի համար, Կաննի ՄԿՓ մրցանակ «Երեք ժամվա ճանապարհ» (1963) կինոնկարին: Այնուհետև Քեոսայանի առաջին լիամետրաժը` «Խոհարարուհին» (1965) կինոկատակերգությունը, դառնում է խորհրդային վարձույթի առաջատարներից մեկը: Ֆիլմում նկարահանվել է խորհրդային էկրանի գեղեցկուհիներից մեկը` Սվետլանա Սվետլիչնայան, ով ծննդով դարձյալ Լենինականից էր (այժմ` Գյումրի), ինչպես և Քեոսայանը: Իր համար բավական անսովոր դերակատարմամբ այստեղ հանդես է եկել Վլադիմիր Վիսոցկին, որին ոգելից խմիչքի հետ առնչվող իր հայտնի համբավի պատճառով շատերը խուսափում էին նկարել: Եվ ըստ էության, այս երկու աստղերն այս ֆիլմի շնորհիվ հայտնի դարձան լայն կինոհանրությանը: Հասկանալի է, թե Վիսոցկու հետ աշխատելիս ինչ դժվարությունների է բախվել Քեոսայանը, որի արդյունքում ստիպված է եղել Վիսոցկու փոխարեն ձայնագրել մեկ ուրիշ դերասանի (մինչ օրս հայտնի չէ, թե` ում): Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին, ապա Ռուսաստանում հիմա էլ զարմանք են ապրում, չհասկանալով, թե ինչպես է հային հաջողվել այդքան հավաստի պատկերել ռուսական գյուղի իրականությունը…

 Փառքի գինը

«Խոհարարուհու» հաջողությունից հետո Քեոսայանին թույլ տվեցին մուտք գործել «բարձր դասի» կինեմատոգրաֆիստների շրջանակ, մանավանդ որ, ետստալինյան ձնհալի տարիներին կուսակցական ղեկավարների որոշում կար, անվանի վարպետներից բացի, ներգրավել նաև տաղանդավոր երիտասարդներին: Եվ ճակատագրի հեգնանքով, բռնադատվածի որդուն բաժին հասավ 1917թ. հեղափոխության  50-ամյակի կապակցությամբ այդ թեմայով ֆիլմ նկարելը: Վճռվել էր վերանկարել իր ժամանակի կինոյի մեծ վարպետ Իվան Փերեստիանիի «Սատանի կարմիր ճտեր» (1923) ռեկորդային համր կինոնկարը, որ ստեղծվել էր Պավել Բլյախինի վիպակի հիման վրա: Փերեստիանիից հետո ոչ ոք ռիսկի դիմել չէր ուզում: Օրինակ, հայտնի է, որ հրաժարվածներից մեկը կինոռեժիսոր Ալեքսանդր Միտտան է եղել: Մի քանի տարի շարունակ կինոստուդիայի դարակներում փոշոտված Սերգեյ Երմոլինսկու սցենարը տվեցին Քեոսայանին: Եվ այն ինչ կատարվեց, կարելի է բնորոշել հետևյալ կերպ. ռիմեյքը գերազանցեց բնօրինակը… Էդմոն Քեոսայան անունը կրող հրաբուխը ժայթքեց այնպիսի ուժով, որ համաչափ էր երիտասարդ ռեժիսորի տեմպառիթմին, մտքի ու երևակայության թռիչքի արագությանը: Նշենք, որ եթե այս ֆիլմը լիներ լոկ հմտորեն բեմադրված քարոզչական ֆիլմ, այսինքն` դուրս չգար խորհրդային գաղափարախոսության կաղապարներից, հազիվ թե հաջողություն ունենար օտար, մանավանդ` արևմտյան հանդիսատեսի մոտ: Որքան էլ տարօրինակ թվա, այս ֆիլմը, աներևակայելի հնարքների առատությունից և անսպառ հումորի աղբյուր լինելուց բացի, շնչում է նաև իր ազնվությամբ ու մարդկայնությամբ, ինչը դուրս է ամեն տեսակ կուսակցական պատկանելությունից:

8985398Կինոնկարի աննախադեպ հաղթարշավից հետո կինոյի ոլորտի նախարար Ալեքսեյ Ռոմանովը կանչեց և հանձնարարեց նկարել «Անորսալիների նոր արկածները»: Քեոսայանը բարդ վիճակում էր, բայց հրաժարվել անկարող էր: Հայտնի բան է, շարունակությունները հազվադեպ են կայանում իբրև արժեքավոր գործ և, սովորաբար, մնում են նախնական տարբերակի ստվերում, եթե անգամ գերազանցում են իրենց գեղարվեստական արժանիքներով: Բայց այս օրինաչափությունը Քեոսայանի չէր վերաբերվում: Նոր ֆիլմը կրկնեց նախորդի շռնդալից հաջողությունը: Քեոսայանը հույս ուներ, թե վերջապես իրեն թույլ կտան նկարել սրտամոտ մի ֆիլմ… Օրինակ` նա ցանկանում էր նկարել Մեծ եղեռնի թեմայով երկ: Այս անգամ նրան դարանակալել էր մի նոր ծուղակ. Ռոմանովը խոստացավ, որ եթե նա «անորսալիներին» նվիրված երրորդ ֆիլմը նկարի, ապա դուրս կգա փակ շրջանից, և իրեն թույլ կտան նկարել երազած ֆիլմը:

Քեոսայանը դարձել էր իր իսկ տաղանդի և հաջողության գերին: Դա ինչ-որ տեղ հիշեցնում է Արամ Խաչատրյանի հետ կապված հետևյալ պատմությունը` լսելով, որ իրեն «պարոն Սուսերով պար» (Mister Saber dance) են անվանում, նա վրդովված ասել է. «Եթե ես իմանայի, որ իմ այդ գործն արմունկներով հետ կմղի իմ մնացած ստեղծագործությունները, չէի գրի այն…»:

 Նախանձի գործոնը

Անկեղծ ասած` «Ռուսական կայսրության թագը» (1971) այնքան էլ չէր զիջում եռապատումի նախորդ մասերին, պարզապես, անցել էր այդ հերոսների ժամանակը, իրականում, նրանք էին սպառել իրենց` հանդիսատեսի աչքում: Բայց բավականին լավ նախապատրաստված մի արշավանք սկսվեց ողջ խորհրդային մամուլի էջերում: Դա անտանելի հարված էր:

ջիգարխանյան-7Մինչ այդ էլ ամեն ինչ փայլուն չէր: Բանն այն է, որ Քեոսայանի ֆիլմերը, դերակատարների հետ միասին, շրջում էին աշխարհի տարբեր երկրներում, բայց առանց ռեժիսորի: Մանավանդ, երբ խոսքը ոչ թե սոցիալիստական ճամբարի, այլ այդպես կոչված` «կապիտալիստական» երկրների մասին էր… Համբերության բաժակը լցվում էր: Փարատելով իշխանությունների կասկածներն առ այն, որ ինքը, լինելով ստալինյան բռնաճնշումների զոհի որդի, այդուհանդերձ, ստեղծել է «հեղափոխության կինոառասպելը», Քեոսայանը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու են իր հետ այդպես վարվում: Ճիշտ է, նա չափազանց բաց էր, ուղղամիտ, քծնել ու խոնարհվել չգիտեր, բայց միևնույն է, ի վիճակի չէր հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջ: Այնինչ, նրա տաղանդին և հաջողությանը նախանձողներ կային ոչ միայն կինոշրջանակներում, այլև` իշխանավորների մեջ…

1 (1)Արդ, ժամանակն է վերադառնալ Լաուրա Գևորգյանի հետ Ուշիի ընտանեկան ամառանոցի այգում տարիներ առաջ ունեցածս հիշարժան զրույցին, որի ունկնդիրներն էին նաև ժամանակին Քեոսայանի տնկած ծառերը: Տիկին Լաուրան պատմեց, թե ինչպես էր ստացվել, որ Քեոսայանը մոտեցել էր իրեն պարբերաբար հետևող Պետանվտանգության (ԿԳԲ) աշխատակցին և շեշտակի հարցրել, թե որն է իր հանդեպ կատարվող բոլոր այդ անարդարությունների պատճառը: Պատասխանը չէր ուշացել: Վերջինս ռեժիսորին հրավիրել էր Լուբյանկայի վրա գտնվող հայտնի շենք, ուղեկցել նրան երկար միջանցքով մինչև կաբինետ, որտեղ նրան սպասում էր ցավալի բացահայտում: Սեղանին դրված էր կարված երեք հաստափոր թղթապանակ, որոնք պայթում էին անանուն նամակների ահռելի քանակից: Դրանց մեծ մասը գրված էր կոլեգաների ձեռքով, մարդկանց, ում նա ճանաչում էր, անգամ վստահում… Տիկին Լաուրան ռուսական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցներում հետագա տարիներին պատմել է այդ մասին, սակայն առաքինի կերպով գիտակցաբար շրջանցել է, օրինակ, այն փաստը, որ նաև «Հայֆիլմից» ուղարկված նամակներ են այնտեղ եղել: Ինձ պատմելիս էլ նա անգամ չհաղորդեց հավանական հեղինակների անունը, ու ես խոնարհվում եմ նրա այդ նրբանկատության առաջ: Բայց հարկ եմ համարում նշել, թե ինչ էր գրված այն նամակներից մեկում. «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում հերոսը (Ա.Ջիգարխանյան) և հերոսուհին (Լ.Գևորգյան), խոհանոցում նստած, երգում են հայկական ազգայնական երգ…»:

Իսկ այդպիսի պիտակավորումը խորհրդային դարաշրջանում հղի էր լուրջ հետևանքներով: Հուսով եմ, հիշում եք, թե որ երգի մասին է խոսքը. «Հայ ֆիդայիններ, ջան ֆիդայիններ, ձեր մայրերը ձեզ ղուրբան…»: Շա~տ «ազգայնական» երգ: Ցավալի է, բայց ճշմարտությունն իմանալ անհրաժեշտ է: Եթե չլիներ հայրենակիցների մատնությունը, Մոսկվայում որտեղի՞ց պիտի իմանային Քեոսայանի ազգային (ոչ թե ազգայանական) իդեալների, ազգային գիտակցության մասին:

 Ապավինում հայրենի հողին

«Անորսալիների» հասցրած վերջին հարվածից հետո Քեոսայանը գործուղվեց «Հայֆիլմ»: Այստեղ, ինչպես և «Մոսֆիլմ»-ում, նա ոմանց համար ցանկալի չէր: Դե, հայտնի փաստ է, որ մեր ստուդիայի պայմանները հիմնականում մեծ չէին, թողարկվող ֆիլմերի քանակը` նույնպես: Եվ ահա «մայրաքաղաքից» եկած ռեժիսորը, կարծես, պիտի խլեր մյուսների ֆիլմ նկարելու հնարավորությունը: Ինչպես իրավամբ ասում է նրա կինը, Քեոսայանն օտար էր և՛ օտարների մեջ, և՛ յուրայինների…

Սակայն 1970-ականները համեմատաբար բեղուն շրջան էր «Հայֆիլմ»-ի համար: Мужчины Եվ Քեոսայանը, որ բավական կոտրված էր, երբ վերադարձավ, եռանդով գործի անցավ ու նկարեց, Լեոնիդ Ֆիլատովի խոսքերով ասած, գուցե իր լավագույն, ամենախոր ֆիլմը` «Տղամարդիկ» (1973) կատակերգությունը: Տղամարդկանց գրեթե անհավանական ընկերության մասին պատմող քնարական այս ֆիլմում վճռորոշ պահերին հեղինակը ամեն անգամ դիմում է քոչարիին: Եվ այդ հաղթական ազգային պարը նկարահանված է խրոխտ լեռնային բնապատկերի ֆոնին: Այս ֆիլմում կա սեր և թախիծ, նաև` հեգնանք ու շատ այլ բաներ: Տաղանդավոր, բացառիկ այս կատակերգությունը մանրամասն դիտելու կինոնկար է: Նրա պայմանականության մեջ աշխատում է յուրաքանչյուր դետալ, ամեն մի բառ ու տեսարան: Անհավատալի է, որ ռեժիսորը հիասթափության ծանր հոգեվիճակում է այն նկարել: Հիրավի, հարազատ տան մեջ պատերը հենարան են ամեն դեպքում:

hqdefaultԱյս կատակերգությունից հետո Քեոսայանը նկարեց «Լքված հեքիաթների կիրճը» դրաման Սերո Խանզադյանի «Այրված տունը» պատմվածքի մոտիվներով (սց. հեղ. Առնոլդ Աղաբաբով): Անկախ այն բանից, թե ժամանակակից հայացքով դիտելու դեպքում այն ինչպես կընկալվի այսօր նոր սերնդի կողմից, կարծում եմ, բացառիկ սիրո պատմություն է` բեմադրված նուրբ վրձնահարվածներով և դերասանական ազդեցիկ խաղով (Արմեն Ջիգարխանյան, Լաուրա Գևորգյան, Ալեքսանդր Խաչատրյան): Հերոսների ամեն մի քայլ արտացոլվում է Սյունյաց բնաշխարհի հայտնի և թաքնված անկյուններում, սրածայր ժայռերը դառնում են նրանց ապրումների կարդիոգրամա: Հերոսները ձուլված են միմյանց և բնապատկերին միաժամանակ:

Օրեցօր փոխվում են նկարահանման ձևերը, սյուժեների մշակման եղանակները, ամեն ինչ: Եվ բացարձակապես նկատի չունենք, թե հարկավոր է կառչել հին ձևերից, նկարել այնպես, ինչպես արվել է տասնամյակներ առաջ: Բայց նաև հին ֆիլմերից, մանավանդ, տաղանդավոր հեղինակներից միշտ կարելի է սովորել և սովորելու շատ բան կա: Դա այն կոնստանտն է` հաստատունը, որ փոփոխման ենթակա չէ, և վերլուծության նույնպես չի տրվում: Վերածննդի տիտաններն այդպես ուսումնասիրում էին անտիկ ավերակները, որպեսզի կառուցեին այն, ինչը որ կառուցեցին:

Բացի այդ, անցյալի ֆիլմերը (իհարկե, ոչ բոլորը) պետք է տեսնել` նախնիների հետ կապը չկորցնելու համար: Պետք է տեսնել, որովհետև դրանց շնորհիվ մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Դրանցում հաճախ տեսնում ենք մեզ, չնայած, փոխվել են ժամանակները: Ինչը և տեղի ունեցավ, երբ վիրտուալ իրականության մեջ հայտնվեց Էդմոն Քեոսայանի գրեթե մոռացված և ժամանակին հաջողություն չունեցած «Հուսո աստղը»…

 Հ.Գ. Այդպիսով, Էդմոն Քեոսայանն իր վերջին ֆիլմը նվիրեց մորն ու մանկությանը, ինչպես ժամանակին վարվել էր մեր հայրենակից Անրի Վերնոյը՝ ֆրանսիական կինոյի անվանի ռեժիսորներից մեկը: Երկուսն էլ փայլուն կինոկարիերա են ունեցել՝ իրենց ֆիլմերում նկարահանելով կինոաստղերի, մեծ դերասանների: Վերնոյին գնահատել են թե´ Ֆրանսիայում, թե´ Հայաստանում: Քեոսայանին մեր հարգանքի տուրքը կլիներ, եթե նկարահանվեր մի ֆիլմ՝ ռեժիսորի մասին, որի ստեղծագործական ուղուն զուգահեռ ներկայացվում է նրա և իրեն հետևող, իր վերահսկողությունն իրականացնող գործակալի՝ խորհրդային ռեժիմի հուսալի գործիքի հետզհետե մերձեցման պատմությունը: Հարաբերություններ, որ աստիճանաբար վերաճում են իսկական ընկերության՝ ի հայտ բերելով մարդկային բնույթի անիմանալի կողմերը: Դա կլիներ արվեստագետի և ռեժիմի փոխհարաբերությունների մասին պատմող նոր, հետաքրքիր կինոհետազոտություն, որը բավական կտարբերվեր 2006-ին էկրաններին հայտնված գերմանական՝ «Ուրիշների կյանքը» ֆիլմից (ռեժ. Ֆլորիան Հենկել ֆոն Դոններսմարկա), որ նույնպես սրտառուչ, արժեքավոր գործ է:  

 

Պատրաստեց Սիրանույշ Գալստյանը