Աստվածաշնչյան պատմությունների սիրահար աթեիստը
Հայաստանում է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Դարեն Արոնոֆսկին։ Նա համաշխարհային կինեմատոգրաֆին հայտնի է «Պի», «Նոյ», «Երազանքի ռեքվիեմ», «Սև կարապ», «Շատրվան», «Մայր» և էլի մի շարք ֆիլմերով, որոնք կինոքննադատների ու կինոսերների շրջանում հակասական կարծիքների առիթ են տվել։ Արոնոֆսկին հայտնի է ֆիլմերի բովանդակության, մատուցման ու մտածողության անսովոր, հաճախ տարօրինակ ձևաչափով, ինչն էլ նրա կնոարվեստի առանձնահատկությունն է։ Իրականի ու երևակայականի, բարու և չարի սահմանագծերը ջնջված են, հերոսի ու հակահերոսի մասին մեր պատկերացումները՝ նույնպես. այսպիսին է Արոնոֆսկին. այդ պատճառով էլ նրա կինոն երբեք միանշանակ չի ընդունվել, բայց և միշտ եղել է հետաքրքիր, ձգող ու տարօրինակ։
Դարեն Արոնոֆսկու հետ հանդիպումը նախատեսված էր ՀԲԸՄ-ում։ Երկրպագուները կինոռեժիսորին սպասում էին հենց մուտքի մոտ՝ ցանկանալով առաջինը ողջունել, ստորագրություն ստանալ ու սելֆի անել։ Բայց Արոնոֆսկին ճարպկորեն խաբս տվեց. ՀԲԸՄ սրահ բարձրացավ վերելակով, ու անմիջապես էլ հանդիպումն սկսվեց։ Ակնհայտ էր, որ դահլիճն ամբողջովին քաջատեղյակ էր Արոնոֆսկու ֆիլմերին, հետարքրված նրա ստեղծագործական կյանքով, նախասիրություններով ու կինոարվեստով։ Արոնոֆսկին հաճախ էր դժվարանում պատասխանել հնչեցված հարցերին։ Իր կես տարիքն ունեցող երիտասարդները խորությամբ էին ուսումնասիրել կինոմտածողության ու կյանքի ընկալման իր զուգորդումները՝ արտահայտված էկրանին։ Ֆիլմերի անգամ դետալային մանրուքները չէին վրիպել երիտասարդ կինոսերների ուշադրությունից։ Այնպես որ Արոնոֆսկուն այլ բան չէր մնում, քան հնարավորինս բացվել հայ հանդիսականի առաջ, բացվել հնչեցված հարցերից դրդված։
Երբ տարօրինակությունը դառնում է սովորական
Ինձ հաճախ են ասում՝ քո հերոսների նկատմամբ ագրեսիվ ես տրամադրված, նրանք մոլագարներ են՝ դատապարտված ինքնաոչնչացման։ Ի՞նչ անեմ. դիմեք իմ հոգեբույժին։ Ես իմ կերպարների գլխում եղածն եմ վերածում կինոյի. այդ պատմությունները փոխանցում եմ էկրանին։ Դե պատկերացրեք՝ որքան դժվար է մոլուցքները, թմրամոլությունը նկարել, հետո մոնտաժել, մանավանդ որ այդ ամենն ամբողջ օրը գլխումդ է, քեզ հետ։ Մարդկության մեջ մոլագարներ էլ կան, որոնց չի կարելի դատապարտել. նրանք այդպիսին են, ուրիշ է նրանց փիլիսոփայությունն ու ապրելու կերպը։ Ես նկարում եմ տարօրինակ կերպարների՝ իմ շուրջը հավաքելով նույնքան տարօրինակ արվեստագետների, որպեսզի իմ պատկերացրածը ճիշտ ստանամ։
Կինոյի ոսկե եռանկյունին
Ռեժիսորը դիրիժորի պես է։ Դիրիժորին պետք է, որ նվագախմբի մեջ լինեն լարային, փողային, հարվածային գործիքներ, ճի՞շտ է։ Երբ նվագախումբը բոլոր գործիքներն ունի, միայն այդ դեպքում կարելի է սպասել, որ լավ երաժշտություն կհնչի։ Այդպես էլ ռեժիսորն է. ստեղծագործական, տեխնիկական, ֆինանսական բոլոր նախապայմանները պետք են, որպեսզի լավ ֆիլմ ստացվի։ Պատկերացրեք՝ որքան դժվար է բոլորին միաժամանակ նույն տեղում հավաքելն ու գործի դնելը։ Իսկ իրականում, եթե ուզում եք ճիշտն իմանալ, կինոյում արվեստը շատ քիչ է. կինոն ինքն իրենով բյուրոկրատիա է։ Կինոն փողի, ժամանակի և ստեղծագործական ներուժի ոսկե եռանկյունին է։ Այս երեքի միջև պետք է պահպանել հավասարակշռություն։ Եթե հնարավոր է։
Աստվածաշնչյան պատմությունները՝ միշտ արդիական
Ինձ շատ են գրավում աստվածաշնչյան պատմությունները, առասպելաբանությունը։ Դրանք հետաքրքիր են, իմաստուն ու խորունկ։ Այդ է պատճառը, որ աստվածաշնչյան թեմաները հաճախ են տեղ գտնում իմ ֆիլմերում։ Այդ պատմությունների համամարդկային զգացումները, ասելիքը հաղորդելն է մեծ կինոյի արժեքն ու ուժը։ Իսկ այդ արժեքն ու ուժը ներկայացնողները նաև դերասաններն են։ Օրինակ՝ Ռասել Քրոուն մեծ դերաասան է։ Նա թարթիչի մի հատվածն այնպես է շարժում, որ դու լիովին հասկանում ու զգում ես, թե նա ինչ է հասկանում ու զգում։ Ես նկարել եմ «Նոյ» ֆիլմը՝ դարձյալ աստվածաշնչյան թեմա։ Կարևորը ոչ թե ցույց տալն է, թե ինչպես է Նոյը հավաքել կենդանիներին ու տապան տարել, այլ ներկայացնելը, թե աստվածաշնչյան այդ պատմությունը որքան արդիական ու թարմ է նաև այսօր՝ մեր ժամանակներում։ Եթե այդ պատմություններից չպետք է ոչինչ սովորենք, այդ պատմությունները նորից էկրան բարձրացնելն ի՞նչ իմաստ ունի։ Նոյի ուղերձը հենց այսօրվա համար է. այն ժամանակ էլ էր մարդու միջամտությամբ բնությունն ու կենդանական աշխարհը վտանգվել, մարդը չարացել էր։ Հիմա էլ է նույնը, ուրեմն Նոյի պատմությունը խիստ արդիական է։
Նույնն զգալու տարբերությունը
Ես երբեք հաշվի չեմ առել՝ ինչ նախապատվություն ունի հասարակությունը կամ հանդիսատեսը. նկարել եմ այն, ինչը ճիշտ եմ համարել, ինչի անհրաժեշտությունն զգացել եմ։ Հենց սկսում եմ մտածել մի բանի մասին, ամենուր դա եմ տեսնում։ Արվեստագետն իր փորձի վրա հիմնվելով՝ ոչինչ չի կարող ստեղծել։ Արվեստագետը պետք է զգա ու եթե իր զգացածը կարողանա փոխանցել ուրիշներին, ուրեմն հաջողել է։ Կարելի է ֆիլմ նկարել շան մասին ու այն ներկայացնել մարդկային զգացողությունների միջոցով։ Բոլորս նույնն ենք զգում՝ տարբեր զգալով. պետք է հասկանալ տարբեր զգալու դրդապատճառները։ Սա է իրական փիլիսոփայությունը։
Պայքար կինեմատոգրաֆիայի համար
Ես լավ գիտեմ, որ այսօր անգամ կինեմատոգրաֆիստներն են ձգտում դեպի հեռուստատեսություն։ Բայց, հավատացեք, տանը՝ էկրանի առաջ ֆիլմը դիտելն ու կինոդահլիճում մեծ էկրանին դիտելը բոլորովին տարբեր բաներ են։ Անգամ եթե տանը երկու էկրան ունեք։ Այդ պատճառով էլ ես մինչև վերջ պայքարելու եմ կինեմատոգրաֆիայի համար։ Կինեմատոգրաֆիայում ամեն ինչ մեծ դժվարությամբ է ստեղծվում՝ քարը քարի վրա դնելով։ Էնտուզիազմ, մուսա, էներգետիկա. ինչ ուզում եք անվանեք։ Քո և արվեստի միջև տարանջատումը վերանում է, երբ լսում ես շշուկներ՝ քո ներսից։ Դա ներքին զգացողությունն է. պետք է համարձակություն ունենաս, չլսես «ոչ» ասողներին ու առաջ գնաս։
Երբ հասկանում ես՝ քեզ ինչ է պետք
Ես մանկուց չեմ երազել ռեժիսոր դառնալ։ Ոսանող էի. հանրակացարանում ինձ հետ մի նկարիչ տղա էր ապրում. ամբողջ օրը նկարում էր, տանում-հանձնում, գերազանց ստանում։ Ես կուրսային աշխատանք էի գրում կինոյի մասին ու վատ գնահատական ստանում։ Երկրորդ կուրսում էի արդեն ու չէի հասկանում՝ ինչ եմ ուզում։ Մինչև որ մի օր նստեցի մոնտաժային սենյակում ու սկսեցի կադրն ու ձայնը մոնտաժել։ Այդ ժամանակ հասկացա՝ ինձ ինչ է պետք։
Ամենակարևորը՝ վստահություն
Երբ դերասանը մտնում է նկարահանման հրապարակ, նա արդեն իր փորձառությունը, ոճն ու ձեռագիրն ունի։ Ռեժիսորը պետք է այնպես անի, որ դերասանն իրեն հարմարավետ զգա։ Ռեժիսոր- դերասան հարաբերություններում ամենակարևորը վստահությունն է։ Դերասանը պետք է վստահ լինի, որ երբ ինքը բացվի տվյալ դերի համար, հետո անհարմար, վատ վիճակի մեջ չի հայտնվելու։ Սա է հենց վստահություն կոչվածը։ Դերասանը պետք է իրեն ապահով զգա, որ երբ պատրաստի ֆիլմը դիտի, հպարանա, որ ինքը խաղացել է այդ ֆիլմում ու մարմնավորել է այդ դերը։
Աթեիստը
Ես Հայաստանում ֆիլմ կնկարեի. ինչու ոչ։ Կարելի է։ Ինձ համար մեծ հպարտություն է, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն այսքան ջերմ է ընդունում ինձ՝ աթեիստիս։
Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ