Էլ-Մինա  մզկիթից  մաղրիբի՝  երեկոյան  աղոթքի կանչը տարածվում է  ամբողջ  Հուրգադայի վրա:Ռամադան է  և սիրալիր, ջերմ ու ուշադիր եգիպտացիները  տասնապատկում են  ձեզ հյուրընկալելու  պատրաստակամությունը, բայց՝ ոչ  մզկիթում: էլ-Մինան Հուրգադայի հին քաղաքի գլխավոր զարդն է՝ նախկինում  Աբդուլհասան էլշազի  անունը կրող միզկիթն իր ճերմակ մարմարից և  40 մետրանոց մինարեթներից   ճառագող լույսն է տարածում ամբողջ քաղաքով  մեկ: Շքեղ տաճարը ներսից տեսնելու հայ լրագրողների բուռն ցանկությունը բախվում է  Ռամադանի շրջանում գործող արգելքին՝ մզկիթ մուտք գործել քրիստոնյաներն այդ պահին չեն կարող:

 1Հայ լրագրողների խումբը Կարմիր ծովի ամենահայտնի հանգստավայրերից մեկում է  հայաստանյան զբոսաշրջային՝ «Anriva Tour» ընկերության  և «Air  Cairo» ավիաընկերության համատեղ նախաձեռնությամբ (ԱՆՌԻՎԱ-ն Air Cairo – ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում)  կազմակերպված ճանաչողական այցի շրջանակում: Մեկշաբաթյա մեդիատուրի  ընթացքում հայկական լրատվամիջոցների  ներկայացուցիչների համար ստեղծված են բոլոր պայմանները՝  բացահայտելու եգիպտական  առեղծվածներն ու Կարմիր ծովի հմայքը: Հուրգադայի դեպքում Հին քաղաք բառակապակցությունը փոքր-ինչ տարօրինակ է հնչում, քանի որ ինքը՝ քաղաքը, ընդամենը 40 տարվա պատմություն ունի: Որպես ծովափնյա հանգստավայր Հուրգադան ստեղծվել է  նախորդ դարի  80-ականներին, ապա կարճ ժամանակում վերածվել հյուրանոցային շքեղ գոտու, որտեղ միմյանց  հետ  մշտապես  մրցակցում են  խոշոր հյուրանոցային համալիրները: Այդուհանդերձ, փարավոնների հայրենիքի համար  այս չափազանց երիտասարդ քաղաքն իր հին քաղաքն  էլ ունի ՝  էլ-Դահարը, որտեղ  իմաստուն հանդուժողականությամբ  ու խաղաղ գոյակցությամբ գործում են  2 սրբությունները՝ արդեն հայտնի   Էլ-Մինա  մզկիթն ու ղպտիական եկեղեցին՝ Հուրգադայի  ուղղափառ  բնակիչների սրբատեղին: Երբ Հուրգադայի կիզիչ արևը նահանջում  է  ու քաղաքը մթնում է, Էլ-Մինա  մզկիթի մինարեթները քաղաքի բոլոր ծայրերից տեսանելի են գունեղ լուսավորությամբ:
Հուրգադայի   ժամանցային  հատվածի  այցեքարտն  են համարվում առափնյա գեղեցիկ  փողոցն ու   Հուրգադա Մարինա  Բուլվար անունը  կրող նավահանգիստը,որը հայտնի է ոչ միայն    իր  գեղեցկությամբ,այլև բազմազանությամբ:Այստեղ  իրենց խարիսխն են գցում  ամենատարբեր  նավերը `  թեթև  մոտորանավակից  մինչև  խոշոր  ու  թանկարժեք  զբոսանավերը:


4

Ճանաչողական այցի ծրագիրը  հագեցած է բազմազան առաջարկներով՝ եգիպտական անապատում  ամենագնացներով սաֆարիից մինչև Կարմիր ծովի խորքերում ստորջրյա սուզումները: Ցանկության դեպքում կարելի է օգտվել նաև  Եգիպտոսի այլ քաղաքներում ու անգամ Կահիրեում անցկացվող մեկօրյա շրջայցերի առաջարկներից: Հայ լրագրողների ընտրությունը կանգ առավ Լուքսորի վրա: Բացի  իր հնագույն  ու բացառիկ ժառանգությունից, Լուքսորը Եգիպտոսում հայտնի  է նաև որպես կինոտուրիզմի գործուն ուղղություններից մեկը: Իր  հնագույն  արձանախմբերի առատությամբ, կենդանի ու մեռյալ քաղաքներով, սֆինքսների հռչակավոր ճեմուղիով   այս քաղաքը  միշտ  էլ  չափազանց գրավիչ  է  եղել  կինոինդուստրիայի համար:
Այս  պատմական քաղաքում  են նկարահանվել համաշխարհային կինոյի տասնյակ հանրահայտ ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներից մեկն է  լեհական կինոյի  դասական Եժի Կավալերովիչի  «Փարավոն»  ֆիլմը: Այն նոմինացվել է «Օսկարի»՝ արտասահմանյան ֆիլմ անվանակարգում  և մասնակցել Կաննի կիոնփառատոնին՝ հիմնական մրցութային ծրագրում:Առ այսօր  Լուքսորում  լեգենդներ են շրջում այն մասին, որ նկարահանումների ընթացքում որպեսզի  թանկարժեք կինոժապավենները չհալվեն անասելի կիզիչ արևից,  ռեժիսորը դրանք պահպանում էր հատուկ սառնարաններում: Այստեղ նկարահանված ֆիլմերից է  նաև Ջոն Գիլլերմինի «Մահ Նեղոսի վրա» ֆիլմը:Եվ վերջապես հենց Լուքսորի  հռչակավոր հնավայրերում է  ստեղծվել հոլիվուդյան կինոհիթերից մեկը՝ «Մումիան»:
Հենց այդ պատճառով այսօր  էլ  կինոյի սիրահար զբոսաշրջիկներն  աշխարհի տարբեր ծայրերից  նախընտրում են անցնել իրենց սիրելի կինոհերոսների անցած ճանապարհով ու այցելում  են հռչակավոր քաղաք:
1237-օրյա   հանգստի անմոռանալի  և  խիստ տպավորիչ պահերից է  եգիպտական անապատում անցկացվող  սաֆարին: Հայ լրագրողների  երկար շարասյունը տրվեց անպատի տարերքին  ու  մեծ մրցարշավն  ավարտեց  անպատի մյուս ծայրում՝ հյուրընկալվելով նաև  բեդվիններին: Սաֆարիի  անբաժան  ուղեկիցն  անապատի ազատ քամին է, որի  դեղին փոշեհատիկները  ձեզ լրջորեն կվնասեն, եթե նախապես չզինվեք ակնոցով, գլխակապով, իսկ   դաժան արևը   պարզապես «կմոխրացնի» ձեզ, եթե  չպաշտպանվեք  նրանից:
2Իսկ  էքստրիմից հետո կարելի է վերադառնալ  նաև  ծովափնյա հանգստին՝ Հուրգադայի  հյուրանոցային համալիրները   հենց իրենց տարածքում ընդգրկում են հարմարավետ լողափը, որտեղ  տաք, փափուկ ավազը, Կարմիր ծովի մեղմ  ալիքներն  ու  ջերմ արևը գրկաբաց ընդունում  են   հանգստացողներին:

3

Պատրաստեց Նունե  Ալեքսանյանը
Լուսանկարները` Լիլիան  Գալստյանի