Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում վերջերս տեղի ունեցավ ԵԹԿՊԻ հեռուստառեժիսուրայի բաժնի այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրություն` աննախադեպ բան, եթե հիշողությունս չի դավաճանում… Մանավանդ որ, ցուցադրությունը վերածվել էր կինոյի իսկական տոնի, և հանդիսասրահը յուրաքանչյուր ֆիլմից հետո ցնծում էր ծափահարություններից: Ի դեպ, նրանց աշխատանքների անդրանիկ հրապարակային ցուցադրումը տեղի էր ունեցել անցյալ ամառ` «Նարեկացի» արվեստի միությունում և` դարձյալ մեծ հաջողությամբ: Այնտեղ ներկայացվել էին կուրսային աշխատանքները, որոնցում արդեն նկատելի էր պատանի հեղինակների հասուն հայացքը և աշխարհընկալումը: Այժմ նրանք ներկայացան իրենց ավարտական աշխատանքներով: Աննախադեպ էր նաև այն փաստը, որ չորս ժամ` 18.00-22.00 տևած կրկնակի սեանսը (15 րոպե ընդմիջումով) դահլիճում էր պահել մերօրյա հայ հանդիսատեսին, որին ներկայացվածը հիմնականում (մեկ բացառությամբ) վավերագրական կինո էր, այլ ոչ թե կոմերցիոն` արկածային, կատակերգական, դետեկտիվ, կամ` բարձրակարգ կինոփառատոներում աղմուկ հանած արտհաուս:

Այստեղ հարկ է նշել, որ մոտ 15-20 րոպե տևողությամբ ամեն մի այսպիսի ֆիլմի հետևում պայքար կա ամեն մի կադրի, բառի ու հնչյունի համար, երկարատև տքնաջան աշխատանք` հեղինակի և նրա ուսուցչի, ինչը դժվար է պատկերացնել` կինոթատրոնի հարմարավետ բազկաթոռում ընկղմված, մի գործը մյուսի հետևից դիտելիս, երբ ամեն ինչ այդքան հարթ ու սահուն է թվում վերջնական արդյունքում: Այո, թեև այս ֆիլմերը նկարվել են հեռուստառեժիսորի որակավորում ստացած երիտասարդների կողմից, սակայն շտապում եմ հայտարարել, որ դրանք գեղարվեստական կնիք ունեցող վավերագրական կինոնկարներ են, և ոչ թե` պարզապես հեռուստավավերագրություններ  կամ` հեռուստառեպորտաժներ: Նրանց վարպետը` Ռուբեն Գրիգորյանը, չորս տարվա ընթացքում ոչ միայն ճաշակ և ֆիլմաստեղծման հմտություններ է փոխանցել իր սաներին, այլև օգնել է բացահայտել նրանցից յուրաքանչյուրի մեջ եղած անհատականը: Մեր ինստիտուտի այդ արվեստանոց-լսարանի դուռը բացելիս հաճախ կարելի էր տեսնել այս պայծառ երիտասարդներին` իրենց կուրսղեկի շուրջ հավաքված…

Եվ ահա արդյունքը` ՀՀ նախագահի մրցանակի, միջազգային կինոփառատոների մրցանակների արժանացած ուսանողական աշխատանքներ. մի մասն արդեն այսօր, մյուսները` հավանաբար, վաղը: Ի սրտե մաղթենք դա նրանց: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ մրցանակները, պարգևները թեև բավական հաճելի բան են, սակայն արվեստը մրցանակների համար չի ստեղծվում: Կարծում եմ, նրանք դա շատ լավ են հասկանում: Կարևորագույնը` երբ հեղինակը գիտի իր թույլ և ուժեղ կողմերը, երբ ընդունակ է ազնիվ, օբյեկտիվ ինքնագնահատականի և, երբ արժանանում է ընկերների, գործընկերների անկեղծ գնահատականին:

 Այդպիսով, մինչ բուն ֆիլմերին անդրադառնալը, ցանկանում եմ հույս և վստահություն հայտնել, որ մրցանակներն ու գովեստի խոսքերը չեն վնասի այս հրաշալի պատանիների տաղանդի կայացմանը, քանի որ այս ամենը միայն սկիզբն է, գեղեցիկ ու ոգևորող սկիզբը այն երկար ու բարդ ճանապարհի, որ կոչվում է արվեստագետի ճանապարհ: Ինձ վստահություն է ներշնչում նաև այն փաստը, որ նրանք իրենց ֆիլմի մասին կարծիք լսելիս միայն գովեստ չեն ակնկալում, նույնիսկ տեսնելով քո հիացմունքը, կարևորում, ակնկալում  են դիտողություններ, անկողմնակալ, առողջ քննադատություն: Սա նշում եմ ոչ միայն իբրև իրենց դասախոս, այլև` պաշտոնական ընդդիմախոս:

35650523_508291612919517_5718665791172247552_nԵվ այսպես, պաշտպանությունից առաջ իր ուսանողների դիպլոմային աշխատանքները ներկայացնելիս ԵԹԿՊԻ դոցենտ, «Չարդախլու` հերոսների հայրենիք» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ տարեսկզբին, երբ որոշում էին ավարտական աշխատանքների թեմաները, հանգեցին այն մտքին, որ ընտրեն ու նկարեն ֆիլմեր, որոնք կհավաքվեն, կմիավորվեն «Հայաստանը մեր տունն է» խորագրի ներքո:

Մի կողմ դնելով մեր օրերում տեխնիկական և այլ միջոցների հետ կապված խնդիրների առկայությունը` կարծում եմ, ինքնըստինքյան հասկանալի է այս տեսակ մտահղացման իրականացման բարդությունը և պատասխանատվությունը: Վերջապես, քանիցս ենք առնչվել, երբ մեր ուշադրությանն են ներկայացվել ամպագոռգոռ պաթոսով և կասկածելի պրոֆեսիոնալիզմով ստեղծված ֆիլմեր… Հավելենք նաև, որ պրոֆեսիոնալ առումով, տեխնիկապես անթերի լինելը բնավ բավարար չէ, որպեսզի նման բովանդակությամբ ֆիլմն ընդունվի, հասնի մարդկանց սրտերին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նշել, որ ներկայացված ֆիլմերն ստեղծված են ոչ միայն արտահայտչամիջոցների տիրապետմամբ, այլ որ տվյալ դեպքում գուցե ավելի կարևոր է` բյուրեղացած, ազնիվ հույզերով, սրտացավությամբ ու կարեկցանքով, չվարանենք ասել` ճշմարիտ հայրենասիրությամբ:

Դիպլոմային աշխատանքների ցուցադրությունը մեկնարկեց Արամ Ասատրյանի «Ախմախը» կարճամետրաժով, որի խաբուսիկ, քիչ սյուրռեալիստական կատակերգականությունը, վառ դերասանական կերպարների շնորհիվ, զգալի աշխուժություն հաղորդեց հանդիսասրահին: Սա ծրագրի միակ խաղարկային ֆիլմն էր:

Գրիգոր Մուրադյանի «Խոստում» ֆիլմն սկսվում է օդանավակայանում նկարահանված սև-սպիտակ, հմտորեն մոնտաժված վավերագրական կադրերով, որոնք ուղեկցվում են աղմուկներ պարունակող մոդեռն երաժշտության տագնապալի հնչյուններով: Հրաժեշտի տեսարաններ, փաթեթավորվող, այսուայնկողմ «մեկնող» ճամպրուկներ, շարժասանդուղք, որ միայն մեկ ուղղությամբ է տեղափոխում, այսինքն` տանում է արտագաղթող մեր հայրենակիցներին: Այնուհետև հայտնվում է էքսպերիմենտալ ոճով նկարված խորհրդանշական գնացքը, որ ընթանում է թունելի միջով մինչև փափագելի լույսը: Ֆիլմի այս էքսպոզիցիան միտումնավոր ոճական հակադրության մեջ է բուն ֆիլմի հետ, քանի որ անմիջապես դրա ավարտին հայտնվում է «Խոստում» վերտառությունը, հետո արդեն` Անիի ավերակների գունավոր, վավերագրական պատկերը…  Այս անցումն անսպասելի է, բայց գեղարվեստորեն արդարացվում է` ֆիլմի կառուցվածքին յուրահատկություն հաղորդելով: Մեր իրականության ամենացավոտ խնդիրներից մեկին է նվիրված այս գործը` երկիրը լքելու հետևանքով դատարկված գյուղերից մեկի ճակատագրին: Ցեղասպանությունը վերապրած մշեցիների ընտանիքում ծնված, այնուհետև սահմանամերձ Խարկով գյուղի հարս դարձած տատիկն այժմ միակ բնակիչն է այդ գյուղի: Նրան պարբերաբար հյուր են գալիս սահմանին ծառայող մեր զինվորները, և բոլորն իրենն են նույնքան, որքան երկրից դուրս ապրող իր հարազատ զավակները, թոռները: Տատը այդ հողին տեր կանգնելու, անցավորների գերեզմանները խնկարկելու, չլքելու և նրանց կողքին թաղվելու խոստում է տվել: Բայց և` ապրելու խոստում, քանի որ չգիտի, երբ Աստված կտանի իրեն: Ավերակ դարձած եկեղեցիների ու տների շրջակայքում ապրվող նրա կյանքի հետ ասոցացվում է ցանցապատ պատուհանի շրջանակի մեջ առնված, քամուց ծածանվող եռագույնը: Սակայն տատը հույսը չի կորցրել. «Ի՞նչ պակաս ապրելու տեղ է, թող մի քանի հարյուր մետր էն կողմ գտնվող թուրքերը տեսնեն, որ ծուխ է ելնում երդիկից», որ մարդ է ապրում այդտեղ, և հնչում է «Էրգիր» ասվածի երգը:

Խոստում

Գրիգոր Մուրադյան՝ «Խոստում»

Հեղինակին հաջողվել է ներկայացնել հերոսուհու ամբողջական կերպարն ու ճակատագիրը (ընդհուպ վերջինիս անեղծ «սիրո պատմությունը»), նրա բարձր գիտակցությունն ու վերաբերմունքը մեր երկրում ծառացած բարդ խնդրին` ստեղծելով ամբողջական, ամփոփ պատում: Ֆիլմում առկա է հմտորեն նկարված և մոնտաժված պատկերակարգ, չափի զգացում, որը զերծ է պահել ֆիլմն ավելորդ պաթոսից, թեև այդ վտանգը կար նման թեմային անդրադարձի դեպքում:

Քրիստինե Ղազարյանի «Սարերում» ավարտական ֆիլմը պատմում է մի ինտելիգենտ զույգի մասին, որոնք թողնելով գրավիչ կյանքը Մոսկվայում, վերադարձել,  ծվարել են Արցախի սարերում: Ամուսինն ազգությամբ հայ է, աշխատել է ֆրանսերենի թարգմանիչ, հիմա հովվությամբ է զբաղված: Կինը ռուս է, ուղղափառ գիմնազիայում է անգլերեն դասավանդել, հիմա Արցախի դպրոցներից մեկում անգլերեն ու ռուսերեն է սովորեցնում գյուղի երեխաներին, որոնց իրապես սիրում է և գոհ է կյանքից, չնայած անհրապույր կենսապայմաններին: Հանդիսատեսի մոտ հարց  կարող է առաջանալ` ի՞նչն է նրանց բերել այստեղ: Առաջին երեխայի մահից հետո, թվում է, նրանք պետք է ետ կանգնեին իրենց որոշումից: Սակայն մնացել են այդտեղ, ունեցել երկրորդին: Որոշ ժամանակ ապրել են Մոսկվայում, և աղջնակը դեռ հիշում է քաղաքի խանութները, կարուսելները… Բայց նա իրեն լավ է զգում գառների, այծերի միջավայրում: Նա բնության զավակ է: Այս ընտանիքի անդամների մեջ իրոք ապրում է աստվածային սերը: Այդ սերն է նրանց բերել և պահում այստեղ: Սերը մարդկանց, կենդանիների, բնության, հարազատ հողի` ծննդավայրի հանդեպ:

Սարերում

Քրիստինե Ղազարյան՝ «Սարերում»

Մեր օրերում, երբ թվային տեխնոլոգիաների շնորհիվ կինոժապավենի խնդիրը վերացել է, որքան հաճախ ենք տեսնում լիամետրաժ վավերագրական ֆիլմեր, որոնց չպատճառաբանված երկարությունը հատնում է հանդիսատեսի համբերությունը, նրան դեպի ուրիշ իրականություն տանելու և այդ իրականության մեջ սուզվելու ցանկություն առաջացնելու փոխարեն: Այս հակիրճ պատումի մեջ խտացել են տարածությունը և ժամանակը: Առանց հատուկ էֆեկտների, հեղինակային մեկնաբանությունների հաջողվել է սարերի բնանկարում սեղմ, սակայն ոչ հպանցիկ ներկայացնել բացառիկ այս մարդկանց հավաստի պատմությունը, այս հերոսների ուրույն կենսափիլիսոփայությունը իրենց դժվարին կենցաղի ֆոնին, մի խոսքով` նրանց արարքի ոչ վերամբարձ առաքինությունը:

Այդ օրը, բացառության կարգով, ցուցադրվեց Քրիստինե Ղազարյանի ևս մի ֆիլմ` «Կյաժը»` նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Հեղինակը, զերծ մնալով ավելորդություններից, չափի մեծ զգացումով ու նրբանկատությամբ է համադրել հերոսի ընտանիքի, ընկերների տրամադրած տեսանյութերն ու լուսանկարները, ինչի արդյունքում ներկայանում է պայծառ պատանու կենսուրախ կերպարը, իսկ նրա աներևակայելի հերոսության մասին մտքերը և կորստյան ցավը հանդիսատեսի մոտ միաձուլվում են նրա լուսավոր էությանը…

Շատ հուզիչ է մոնղոլուհի Բաինայի պատմությունը, որ ներկայացված է Լիլիթ Պետրոսյանի «Առանց սեր չի լինի» ֆիլմում: Չքնաղ բնապատկերի գրկում այնուամենայնիվ բավական դժվար կյանք է ապրվում այս հերոսուհու կողմից, որի ուսերին է ընկած երեխաներին մեծացնելու ողջ ծանրությունը, քանի որ ամուսինը մահացել է: Հեղինակն աստիճանաբար, զգուշորեն է բացում հերոսուհու ով լինելը: Երբեմնի երգչուհին, մի կողմ դնելով ամեն ինչ, հետևել է իր ամուսնուն և Հայաստան տեղափոխվել, երբ վերջինիս, առողջական խնդիրների պատճառով, բժիշկները խորհուրդ են տվել հայրենիք վերադառնալ: Սա նաև իրենց երեխաների հայրենիքն է, որի հանդեպ Բաինան անսահման սիրով է լցված և, միաժամանակ, այնպիսի ցավով է հայերեն ասում. «Մարդ զարմանում է, ո՛նց են թողնում գնում էսքան սիրուն երկիրը…»: Նա խոսում է և ամուսնու հանդեպ իր սիրո մասին, թեև կյանքում չի արել նման խոստովանություն. սերը բառերով չէ, որ պիտի ցույց տաս… Ֆիլմում հնչում է նաև Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունից հատված` հերոսուհու լեզվով, ու այդ տեքստը խիստ համահունչ է նրա իրականությանն ու ապրածին:

Ճիշտ նույն կերպ, ֆիլմի բովանդակությանը համահունչ է օգտագործվել Ջոնաթան Լիվինգսթոնի «Ճայը» ստեղծագործությունից վերցված հատվածը Մարիամ Եգորյանի «Թևեր» ֆիլմում, որի հերոսները մեր զինված ուժերի օդաչուներ են: Դեռատի աղջկան հաջողվել է ներկայացնել երկու հերոսի, որոնցից մեկի առաջին թռիչքն է կայանում, իսկ մյուսն արդեն փորձառու օդաչու է, բայց հիշում է իր առաջին թռիչքի հուզիչ պահերը: Երկուսն էլ պատմում են թռչելու իրենց երազանքին հասնելու պատմությունը: Այդտեղ և պոեզիա կա, և ծայրահեղ հոգեվիճակ: Նույնպիսի հակասականություն կարելի է տեսնել և հայրենի բնապատկերում, որ մեկ լիրիկական է թվում, մեկ` դրամատիկ, այս ֆիլմի պատկերաշարում: Այս զուգահեռը իբրև լուծում ֆիլմի ակնառու արժանիքներից մեկն է:

Սեփական ընտրությամբ

Մանե Գրիգորյան՝ «Սեփական ընտրությամբ»

Մանե Գրիգորյանի «Սեփական ընտրությամբ» ավարտական ֆիլմը ներկայացնում է ուրույն աշխարհ, ուր գործում են ուրույն օրենքներ: Դա մոլոկանների համայնքն է, որի ներկայացուցիչներն ապրում են բնության հետ համերաշխ, Աստծո օրենքներով: Հայտնի է, որ դա բավական փակ համայնք է, և ողջունելի ու գնահատելի է, որ հեղինակը համարձակվել է նրանց մասին ֆիլմ ստեղծել` հաղթահարելով շփման դժվարությունները և ձեռք բերելով մոլոկանների վստահությունը, այդ թվում` երեխաների: Ֆիլմը նկարահանվել է Լերմոնտով գյուղում: Ֆիլմի սկզբում այս աստվածապաշտ մարդկանց ներդաշնակ աշխարհին հակադրվում է «քաղաքակիրթ» աշխարհի ծայրահեղ այլասերվածության հասած կերպարը. այնուհետև տարեց մոլոկանն արձանագրում է, որ Աստծո ծրագիրն այդպիսին չէր, և որ Երկիրը պետք է մաքրագործվի: Ֆիլմում առկա է նաև մի երիտասարդ մոլոկան` իր կրոնափիլիսոփայական մտորումներով: Նա կամերայի առաջ բավական անկաշկանդ է իրեն պահում, հայրը նույնպես գրեթե չի նկատում, ուշադրություն չի դարձնում, որ իրենք տեսախցիկի առաջ են: Ֆիլմում ներկայացված են տարբեր սերունդներ, նրանց կյանքի տարբեր կողմերը (ցանք ու վարք, հարսանիք, զորակոչիկների մեկնում)  և, իհարկե, մաքրություն ամենուրեք և ամեն ինչում: Առ երկինք ձգտող կտուրներ` կադրի մեջ առնված ամեն մի տուն ասես երկնքի մեջ մխրճված եռանավ տաճար լինի: Առկա է նաև բնության ինքնուրույն կերպարը: Այս ամենը ձեռք է բերվել նաև ԵԹԿՊԻ նույն տարվա շրջանավարտ, օպերատոր Անի Սարգսյանի հետ հեղինակի լիակատար համագործակցության արդյունքում: Ֆիլմն այնպես է հավաքված, որ չեն զգացվում «կարերը»: Այնինչ, դիտելով այն, մենք թափանցում ենք բավական փակ աշխարհ:

Անտառապահը

Նվեր Հովհաննիսյան՝ «Անտառապահը»

Թերևս ոչ պակաս ներփակ աշխարհ է իրականում և անտառը: Հիրավի, մենք չգիտենք, թե ինչ գաղտնիքներ է այն թաքցնում… Նվեր Հովհաննիսյանի «Անտառապահը» ավարտական ֆիլմը ներկայացնում է Դիլիջանի ազգային պարկի պահապաններից մեկի կերպարը, ով ինչ-որ տեղ Հրանտ Մաթևոսյանի «Տերը» ստեղծագործության հերոսին` Ռոստոմին է հիշեցնում, թեև առավել հողեղեն է, առանց առասպելական պսակի: Ֆիլմում նրա կենցաղի, մտածելակերպի կողքին ուրույն տեղ է զբաղեցնում ինքնին անտառը: Խոսքը պարզապես տպավորիչ օպերատորական աշխատանքի մասին չէ, թեև այն միավորել է մի քանի օպերատորների ձեռագրեր, այդ թվում` հեղինակինը: Անտառն այստեղ առանձին կերպար է, գործող անձ, որ փոխվում է տեսախցիկի թռիչքի բարձրությունից, քամու շրշյունից կամ անսանձելի ձիերի ներկայությունից (պարզվում է, Հայոց բնաշխարհում դեռ գոյություն ունեն վայրի ձիեր), երբեմն` ընկրկում, խեղճանում ծառերի հիվանդության վտանգից, ինչը մտահոգում է անտառապահին: Պատկերի և ձայնի հմուտ համադրություն, գույների ու տերևների խաղ ու թրթիռ կա այս ֆիլմում, պատումի ընդգծված բեմադրված լարվածություն, որ ստացվել է աչք չծակող, սահուն մոնտաժի օգնությամբ, որի միջոցով բնությանը միաձուլված է պատկերվում անտառապահի առօրյան, մի մարդու` ում հայրը ժամանակին թույլ չի տվել նույնիսկ իր անունը փորագրել ծառի վրա: Շատ հուզիչ է, երբ ֆիլմի տարեց հերոսը իրենց խղճուկ, կիսախավար խրճիթում «սերենադ» է երգում իր այդքան տարվա կնոջը` վերհիշելով իրենց առաջին տեսակցության դրվագները: Երիտասարդ ռեժիսորը ցուցաբերել է ստեղծագործական հասունություն, մարդու բնավորության մեջ թափանցելու, նաև` նրանից իրեն հետաքրքրող, իր համար ցանկալին կորզելու և այն պատշաճ ներկայացնելու կարողություն:

Քամու հետ

Արթուր Սահակյան՝  «Քամու հետ»

Ստեղծագործական հասուն ձեռագրով աչքի ընկավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որ դարձյալ ներկայացնում է փակ, մեզ անհայտ աշխարհ: Առաջին կադրերում Սևանա լճի առեղծվածային, միստիկ ստորջրյա աշխարհն է, որ տարեկան տասնյակ կյանքեր է տանում… Ֆիլմի փոքր-ինչ շաղակրատ հերոսուհին կին ձկնորս է` ինքնին արտասովոր երևույթ: Նկարահանող «ամենագնաց» խցիկը թափանցում է և՛ ջրի անահատակ խորքերը, և՛ կրնկակոխ հետևում հերոսների` սառած լճի վրա վստահ և անվստահ կատարվող քայլերին` մուտք գործելով ձկնորսների վտանգներով հղի առօրյայի մեջ, որը ֆիլմում կառուցված է դրամայի օրենքների ճշգրիտ իմացությամբ և կիրառմամբ: Մենք ականատես ենք լինում նրանց գործողությունների, ապրելակերպի զանազան մանրամասներին, ու դրա մեջ նաև տարաշխարհիկ բան կա: Ամուր դասական հիմքերով, միաժամանակ, արդի կինոլեզվի հետ համաքայլ վավերագրական կինո:

Հարկ է նշել, որ բոլորին հաջողվել է պրոֆեսիոնալ և մարդկային առումով նվաճել իրենց հերոսների վստահությունը, և արդյունքում, վերջիններս իրենց սիրտն են բացել տեսախցիկի ու մեր առջև: Հիացմունքի արժանի է ոչ միայն այն, թե ինչ հերոսներ են գտնում, որտեղ են նրանց փնտրում ֆիլմերի հեղինակները, այլև այն փաստը, որ լինելով ռեժիսոր, այս երիտասարդների մի մասը հանդես է գալիս նաև իբրև բավական հմուտ օպերատոր և մոնտաժող: Առավելապես ուրախացնում է նրանց թիմային մոտեցումը` երբ լուսագրերում տեսնում ենք, որ մեկը մյուսի ֆիլմի օպերատորն է կամ մոնտաժն իրականացնողը: Արժե շեշտել նաև ֆիլմերի երաժշտության ընտրությունը, ձայնի հետ աշխատանքը:

Մանե Բաղդասարյանի «Ճայը» ավարտական ֆիլմը կինոլեզվի արդի, նորարարական արտահայտչամիջոցների որոնման ուշագրավ փորձ է: Ծանոթ լինելով հեղինակի նաև նախորդ` «Ադապտացիա» ֆիլմին` կարող ենք խոսել նրա գեղագիտական, ոճական որոնումների և հետևողական մոտեցման մասին, տեսնել նրա մտածողության ինքնատիպությունը: Ընդ որում, այդ ինքնատիպությունը նկատելի է, չնայած նա երբեմն օգտվում է արտահայտչամիջոցների այն զինանոցից, ներշնչանքի այն աղբյուրից, որից սնվել են վաղուց դասական հռչակված կինեմատոգրաֆիստներ Ձիգա Վերտովը, Արտավազդ Փելեշյանը, Դոնն Ալան Փենիբեյքերը, Գոդֆրի Ռեջջոն, Ռոն Ֆրիկեն:

Ճայը

Մանե Բաղդասարյան՝  «Ճայը»

«Ճայը» ֆիլմում նույնպես նա փորձել է ժամանակակից աշխարհի կերպարը ստանալ, բայց այս անգամ առավել համարձակ և առատորեն է կիրառել պատկերային, տեխնիկական զանազան հնարքներ և արտահայտչամիջոցներ, որոնք սակայն չարաշահված չեն, այլ ներդաշնակ են, համերաշխ ֆիլմի բովանդակությանը և կառուցվածքային հյուսվածքին: Մանեն գնում է իր արահետով, ունի աշխարհընկալման իր տեսիլքը: Առկա է էքսպերիմենտալ կինոյի որոշակի հայեցակարգ, միևնույն ժամանակ, հեղինակին բնահատուկ տիեզերական աշխարհայացք` մարդուն և իրերը տեսնելու, նրանց էության մեջ թափանցելու կարողություն և իրերի ընթացքը յուրօրինակ ռիթմով կինեմատոգրաֆիկորեն համակարգված պատկերելու կերպ ու ձգտում: Մարդու և նրա շրջապատի անվերջ փոխակերպումներ` ճայի (Չեխովի նույնանուն պիեսի հերոսուհու` Նինա Զարեչնայայի մենախոսությունը բավական անսպասելի կերպով է «ադապտացվել» և հնչել սույն ֆիլմի համատեքստում) ճախրանքից երկնքում մինչև մարդու թռիչքը տիեզերք; միկրոսխեմաներ, որ երկնաքերներ են հիշեցնում; մարդ-արարչի ուղին ատոմային ռումբի ստեղծումից (Օպենհեյմերի հայտնի ապաշխարանքի խոսքերի տեսագրության կիրառմամբ) մինչև հումանոիդ կին-ռոբոտ; գեղանկարային բնապատկերներ և աղբանոցի վերածված աշխարհ; երջանիկ մարդկային դեմքեր և աղավաղված դեմքեր, որ անհետանում են տեխնիկական հնարքների շնորհիվ; ամպերի, երկնքի ու երկրի բանաստեղծական գեղեցկությունը` գովերգված Յուրի Գագարինի կողմից և` ուրբանիզացիայի, քաղաքակրթության խորհրդանշաններ, որ տանում են  անորոշության և հավանական կործանման: Տրոհված աշխարհ, որ բազմաթիվ տարրերից բաղկացած համակարգ է իրենից ներկայացնում, և որը կարիք ունի կարգաբանման, կարիք ունի վերագտնելու կորսված ներդաշնակությունը: Ինչը և գեղարվեստորեն, և կինոյի պատկերային լեզվով ներկայացրել է հեղինակը:

Ահա այսպիսին է այն համայնապատկերը, որ ստացվում է այս շնորհալի երիտասարդների աշխատանքները դիտելուց հետո: Դրանք վերլուծելիս տիրում է այն տրամադրությունը, որն իրենք նախանշել են տակավին տարեսկզբին` «Հայաստանը մեր տունն է» խորագիրն ընտրելով: Այո, իրենց ֆիլմերով նրանք հաստատում են, որ «Հայաստանը մեր տունն է» և որ` «մե՛նք ենք տերը մեր երկրի…»:

Ուստի ամեն ինչ պիտի արվի, որ իրենք տեսնեն իրենց ապագան Հայրենիքում և ստեղծագործեն` փառք ու ճանաչում բերելով մեր երկրին ու ժողովրդին, շարունակելով անցյալի մեր երախտավորների նվիրական ճանապարհը:

 

Սիրանույշ Գալստյան