Կաննի ջրերը դեռ չեն հանդարտվում
2017-ի Կաննի կինոշուկայում Հայաստանը ծովափնյա բավականին աչքի ընկնող հատվածում առանձին տաղավար է ունեցել։ Բայց ճոխ ներկայությունն ու շքեղ տաղավարը չեն կարևոր. էականն արդյունքն է, որ այդպես էլ չունեցանք։ Ու մինչև հիմա անցյալ տարվա հաշվետվությունը պաշտոնապես դեռ չի ներկայացվել։
Այս տարի Կաննի 71-րդ փառատոնի միջազգային կինոշուկայում մեր երկիրը տաղավար չի ունեցել, թեև մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքում հաղթած Ելենա Արշակյանի, Մերի Աղախանյանի և Արտյոմ Բաղդասարյանի նախագծերն իրավունք են ստացել մասնակցելու Կաննի կինոշուկային։ Տաղավարի հարցն էլ օրակարգում եղել է։ Եվ ոչ միայն տաղավարինը։
Մամուլում ու սոցցանցերում հայաստանյան տաղավարի բացակայությունը բուռն քննարկումների ու արձագանքների տեղիք տվեց։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այդ առիթով հանդես եկավ գրավոր բացատրությամբ։ kinoashkharh.lc-ը նպատակահարմար գտավ կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից մանրամասն տեղեկանալ՝ Հայաստանն այս տարի ինչու պաշտոնական տաղավար չի ունեցել Կաննի կինոշուկայում։
-Տիկին Միրզախանյան, ի՞նչ պատճառով եք մերժել մեր պատիրակությանն ամբողջական կազմով Կանն մեկնելու ծրագիրը և ի՞նչ հանգամանքներում է դա եղել։
-Կաննի կինոշուկան պետք է սկսվեր մայիսի 8-ին, իսկ ես որպես կինոկենտրոնի տնօրեն՝ բավականին ուշ՝ ապրիլի կեսերին եմ տեղեկացել, որ մշակույթի նախարարությունը պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Կաննի կինոշուկա։ Մինչդեռ առնվազն փետրվարին պետք է մեր անելիքները հստակեցված լինեին։ Այդպես հապշտապ պատրաստվելը սխալ եմ համարում, որովհետև մենք , ի վերջո, երկիր ենք ներկայացնում, ու Հայաստանի ներկայությունը չպետք է ինքնանպատակ լիներ։ Ապրիլի 19-ին ես մեկնել եմ Մոսկվա. այդ ընթացքում Կանն մեկնելու ծրագիրը ներկայացվել է կինոկենտրոնին։ Նամակին կից եղել է նախահաշիվ, պատվիրակության 9 հոգանոց կազմի ցանկ։ Վերադառնալով Մոսկվայից՝ ծանոթացա ծրագրին ու անմիջապես կասեցրի այն, որովհետև ինձ համար պարզ էր, որ փաթեթը լիարժեք ու արդյունավետ չէր։ Գրված էր, որ Կաննում հանդիպումներ են նախատեսված. բայց ի՞նչ հանդիպումներ, ո՞ր ժամանակացույցով, ո՞ւմ հետ. ոչ մի հստակ բան չկար։
-Մինչ այդ որևէ կերպ չե՞ք տեղեկացվել Կաննի կինոշուկային ներկայանալու մեր նպատակների մասին։
– Մինչ Մոսկվա մեկնելս ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանն ինձ զեկուցագիր էր ներկայացրել, որ պատրաստվում են Կանն գնալ։ Այնտեղ ևս ոչինչ հստակեցված չէր. գրված էր, որ Արսեն Բաղդասարյանը պատրաստվում է հանդիպել Եվրիմաժի, օբսերվատորիայի ներկայացուցիչների հետ, ներկայացնել կինոյի նոր օրենքը, որը, ինչպես գիտենք, գոյություն չունի։ Ես էլ պատասխան նամակը գրեցի նրան՝ պահանջելով, որ տաղավար վարձելու դեպքում պետք է լիարժեք պարզել՝ ինչ դիզայնով ու բովանդակությամբ է այն լինելու, ինչ է ներկայացվելու, ինչով է զբաղված լինելու մեր պատվիրակությունը, ինչ հանդիպումներ են լինելու և ում հետ։ Այսինքն ինձ պետք էր հստակ բացատրություն ու ծրագիր։ Ես որևէ պատասխան չստացա, իսկ Մոսկվայից վերադառնալով՝ նորից նույն թերի ու անհեռանկար բովանդակությամբ նամակն էր ուղարկված։ Ապրիլի 25-ին Արմեն Ամիրյանին նամակ գրեցի՝ շեշտելով, որ դեմ եմ նման անկազմակերպ ծրագրով ու պատվիրակության 9 հոգանոց կազմով Կանն մեկնելուն։
-Ձեր կարծիքով՝ պատվիրակության կազմն անհարկի մե՞ծ էր։
-9 հոգի, որից միայն երեքն էին հստակ նախագծերով մեկնում Կանն՝ երեք հաղթող պրոդյուսերները։ 9 հոգու դեպքում բյուժեն բավականին շատ էր՝ 16 միլիոն դրամ։ Հարցը միայն գումարը չէր, այլ նաև այն, որ չկար բովանդակային, հեռանկարային ծրագիր։ Չի կարելի անիմաստ ծախսեր անել։ Ստացվում էր, որ 9 հոգի 13 օր մնալու էին Կաննում։ Օրապահիկ, գիշերակացի ծախս, հավատարմագրում, տոմսի փող, տաղավարի վարձակալում. նախահաշվում կար նաև հյուրասիրություն հայկական տաղավարում։
-Փաստորեն, պատվիրակությունն 9 հոգանոց կազմով չի գնացել Կանն։ Մեկնել են նրանք, ովքեր ըստ անհարաժեշտության պետք է մեկնեին։
-Այո, հաղթող ռեժիսորները չպետք է տուժեին, թե ինչ է ընդհանուր աշխատանքները սխալ ու թերի են կազմակերպվել։ Նրանք մեղավոր չեն ու պետք է Կաննի կինոշուկայում ներկայանալու հնարավորություն ստանային։ Ես նրանց հետ նախապես հանդիպեցի, զգացի, թե ինչ տրամադրություն ունեն։ Մի քիչ լարված էին. ի վերջո, առաջին անգամ էին Կանն գնալու, նաև օտար լեզվով հաղորդակցվելու խնդիր ունեին։ Ասացի, որ նրանց հետ կուղարկեմ նաև Տաթև Մանուկյանին, որը ոչ միայն թարգմանչուհի է, այլև պրոդյուսեր ու բազմիցս Կաննում եղել է։ Մտածեցի, որ նա կօգնի մեր ռեժիսորներին, որոնք փորձի պակաս ունեին։ Պետք է մայիսի 7-ին մեկնեին, իսկ այս գործընթացները կատարել ենք դրանից ընդամենը մեկ-երկու օր առաջ՝ աշխատելով, որ ոչինչ չտուժի ու ամեն ինչ հասցնենք։
– Եվ ովքե՞ր են եղել մրցույթի ժյուրիի կազմում։
– Ժյուրիի կազմում եղել են ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը, մշակույթի նախարարությունից Գուժ Թադևոսյանը, «Շարմից» Կարեն Ղազարյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, կինոռեժիսոր Հայկ Սահակյանցը, պրոդյուսեր Իննա Սահակյանցը։
-Դուք՝ որպես կինոկենտրոնի տնօրեն, տեղյակ եղե՞լ եք, որ նախարաությունը Կանն մեկնելու համար նախագծերի մրցույթ է հայտարարել։
-Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այդ մրցույթին տեղյակ չեմ եղել։ Բողոքներ եմ ստացել. շատերը ևս տեղյակ չեն եղել, որ մշակույթի նախարարությունը Կաննի կինոշուկային մասնակցելու մրցույթ է հայտարարել։ Նախարարին նամակ գրեցի, որպեսզի ինձ տրամադրեն մրցույթի գործընթացի փաստաթղթերը՝ հրամանը, հանձնաժողովի կազմը, մրցույթին ներկայացված հայտերը. նաև պահանջել եմ տեղեկություն տալ Կաննի կինոշուկայի մասնակցության կարգի մասին։ Պարզվեց, որ նախարարությունը հաղթող նախագծերի հեղինակներին պատրաստվում է տրամադրել տաղավար, ավիատոմս, հավատարմագրում, Նիցցա քաղաքից Կանն՝ փոխադրամիջոց։ Սա շեշտում եմ, որովհետեև այս ընթացքում շատ է քննարկվել՝ ինչպե՞ս ստացվեց, որ Կանն մեկնած երեք պրոդյուսերներին տրամադրվել է գումար միայն վերոնշյալ ծախսերի համար։ Ես հայտարարում եմ, որ առաջնորդվել եմ նախարարության սահմանած կարգի համաձայն։
-Այնուամենայնիվ, Կաննում առանձին տաղավար չենք ունեցել։
-Անձամբ եմ զանգել ֆրանսահայ բարերար Ռայմոդ Եզեգելյանին, որը մեր երեք ռեժիսորներին տաղավար է տրամադրել։ Վերադարձից հետո հանդիպել եմ մեր պատվիրակների հետ. ասացին, որ գոհ են, բավականին արդյունավետ հանդիպումներ են ունեցել։ Շուտով գրավոր հաշվետվություն կներկայացնեն մեզ։
-Որքա՞ն է կազմել պետության ծախսը։
–2 մլն. 800 հազար դրամ է ծախսվել՝ երեք հաղթող ռեժիսորների ակրեդիտացիա, ավիատոմսեր, իսկ Տաթևիկ Մանուկյանին՝ նաև օրապահիկ։ Իմ կարծքով անիմաստ էր առանձին տաղավար ունենալու համար 3 հազար եվրո վճարել. բացի այդ, պետք էր նաև այդ տաղավարը ներկայանալի կերպով ձևավորել, ինչը ևս հստակ կազմակերպված չէր։
2017 թվականին Կաննի կինոշուկայում հայկական տաղավարի անարդյունավետ մասնակցությունն ու պետական ոչ նպատակային ծախսերը հանրության շրջանում վրդովմունքի ալիք բարձրացրին։ Չէր բացառվի, որ նույնը կկրկնվեր նաև այս անգամ։ Թեև այնտեղ, որտեղ պետական գումարներ են շրջանառվում, դժգոհողներ միշտ էլ լինելու են։
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ