Լավ է ուշ, քան երբեք
Աշխարհը հայկական կինոն լավագույն դեպքում ճանաչում է Փարաջանովով ու Փելեշյանով, մինչդեռ մեր կինոն 95 տարեկան է։ 95 տարի առաջ ստեղծվեց Հայպետկինոն։ Թեև մեր ազգային ֆիլմադարանում պահվում են վավերագրական կադրեր՝ նկարահանված շատ ավելի վաղ՝ ինչպես է Կարմիր բանակը մտնում Հայաստան։ մեր կինոյի հիմնադրի՝ Համո Բեկնազարյանի անունը համաշխարհային կինոյի նեղ մասնագիտական շրջանակներն անգամ հազվադեպ են լսել։ Որպես դասական կինոարվեստի արժեքավոր նմուշներ՝ Բեկնազարյանի ֆիլմերը կարող էին ներգրավվել հեղինակավոր փառատոների ոչ մրցութային ծրագրերի հետահայաց ցուցադրություններում։ Ի վերջո, աշխարհի հազվագյուտ ազգեր ունեն մեկդարյա կինո՝ այն էլ այնպիսի պրոֆեսիոնալ ու համամարդկային արժեհամակարգով մատուցված, ինչպիսին Բեկնազարյանի կինոն է։ Այսօր ունենք դասական կինոյի հսկայական ժառանգություն, որ կարող էր մեր այցեքարտը դառնալ ու որի թվայնացումն ու վերականգնումը պետք է վաղուց սկսված լիներ։
Անգլիացի պրոդյուսեր Դանիել Բըրդը հետաքրքրված է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի թվայնացմամբ ու վերականգնմամբ։ Օրեր առաջ նա Հայաստան էր եկել՝ հանդիպելու մշակույթի նախարարին ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենին։ kinoashkharh.lc-ը հետաքրքվեց՝ ինչ արդյունք է ունեցել հանդիպումը և գործնական ինչ քայլեր են հաջորդելու։
-Պրն. Բըրդ, ինչո՞ւ եք ուզում վերականգնել հենց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը։
-Երկու պատճառով՝ նախ հեղինակը Սերգեյ Փարաջանովն է. հիմա իմ ձեռքին է Մարտին Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված «Նռան գույնը» և «Դովժենկո» ստուդիայում վերականգնված «Կիևյան որմնանկարներ» ֆիլմերը։ Նշածս վերջին ֆիլմի վերականգնման աշխատանքները թերի էին, ու ես հետո այլ ընկերության միջոցով շտկեցի դրանք։
Չի կարելի թույլ տալ, որ կինոարվեստի նման գլուխգոծոցի վերականգնումը լիարժեք ու կատարյալ չլինի։ Այս երկու ֆիլմերից բացի, իմ խմբագրմամբ հրատարակվել է գիրք, որը ներկայացնում է Փարաջանովի կինոարվեստը, հետաքրքիր, արժեքավոր տեղեկություններ, հուշեր նրա ֆիլմերի մասին։ Այդ հավաքածուն լիարժեք չէր լինի առանց Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կարճ ֆիլմի։ Չէ՞որ ֆիլմը ներկայացնում է միաժամանակ երկու արվեստագետների՝ Փարաջանովին ու Հովնաթանյանին։ Սա համաշխարհային արվեստի արժեքավոր կտավ է։
-Որտե՞ղ է թվայնացվելու և վերականգնվելու ֆիլմը։
-Ես պայմանավորվածություն ունեմ Վարշավայի «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ, որի տնօրեններից մեկը, մեծագույն ակնածանք ունենալով Փարաջանովի հանդեպ, պնդեց, որ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումը հենց իրենց ստուդիայում արվի։ Նախնական պայմանավորվածությամբ՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը համաձայն է մեր համագործակցությանը։ Պետք է շատ արագ պաշտոնական փաստաթղթերը պատրաստվեն, որպեսզի աշխատանքը գործնական ընթացք ունենա։
-Վերականգնման համար գումարներ են պետք, ո՞րն է Ձեր ֆինանսական աղբյուրը։
-«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը «Ֆիքսաֆիմը» անվճար է թվայնացնելու և վերականգնելու՝ որպես բարի կամքի դրսևորում։ Բայց ես հեռահար նպատակներ ունեմ՝ վերականգնել նաև Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, այդ թվում՝ համր։ Այդ ժամանակ գումարներ պետք են լինելու հաստատ։ Համաշխարհային կինոյի դասական նմուշներով հետաքրքրված հիմնադրամներ կան, որոնց աջակցությամբ հնարավոր կլինի հայկական ֆիլմերի վերականգնումը շարունակական դարձնել։ Հաջորդ քայլերի մասին մտածելու ժամանակ դեռ ունենք։ Հիմա պետք է նախ և առաջ մտածել «Հակոբ Հովնաթանյանի» մասին։ Առաջին քայլի հաջողությունից շատ բան է կախված։
-Այսինքն՝ վերկանգնմանը հաջորդելու է մեկ ա՞յլ քայլ։
-Այո, վերականգնված ֆիլմի տարածումը. միայն վերականգնումը շատ քիչ է։ Պայմանագրեր կկնքվեն՝ վճարի դիմաց ֆիլմը ցուցադրելու իրավունքով։ Պետք է հեղինակավոր փառատոները, մեծ էկրաններն օգտագործվեն, որպեսզի միջազգային հանրությունն իմանա այս ֆիլմի մասին, Փարաջանովի արվեստին հնարավորինս համակողմանի ծանոթանա։ Հակառակ դեպքում այս գանձերը փակված ու անհաղորդ կմնան։
-Փառատոներ, մեծ էկրան, վաճառք, ինչպես նշեցիք։ Իսկ ֆիլմի հեղինակային իրավունքնե՞րը։
-Հեղինակային իրավունքները պատկանելու են միմիայն Հայաստանին՝ «Հայֆիլմին», պարզապես ֆիլմն ակտիվ շրջանառվելու է Փարաջանովին արժանի լավ որակով։
– Youtube-ում Փարաջանովի ֆիլմերը տեղադրված են, ու ցանկացած ոք կարող է դրանք տեսնել, օգտագործել, ինչպես իրեն է հարմար։
-Դա անընդունելի է, պարզապես հանցագործություն։ Չի կարելի համաշխարհային կինոյի նման գլուխգործոցներն ուղղակի հանձնել Youtube-ին, այն էլ այդքան անորակ, ու թույլ տալ, որ օգտատերերն այդ արժեքների հետ վարվեն ինչպես ուզենան։ Որևէ մեկը կգնի՞ կամ իր տան պատից կկախի՞ «Մոնա Լիզայի» անորակ կրկնօրինակը։ Մատենադարանի հին ձեռագրերին ի՞նչ երկյուղածությամբ ենք վերաբարվում։ Նույնն էլ կինոյում պետք է լինի. հանճարների գործերը չպետք է շռայլվեն, անորակ տարբերակներով համացանցը չպետք է հեղեղվի։ Պետք է համամարդկային արժեքներին տեր կանգնեն, փայփայենք դրանք, պահպանենք ու արժանապատվորեն տարածենք։ Իսկ եթե մարդիկ ուզում են տեսնել բարձրարժեք գործ՝ բարձր որակով, ուրեմն դրա համար պետք է վճարեն։
–Ֆիլմերը թվայնացնելու համար մենք ստիպված ենք լինելու միշտ դիմել ուրիշների՞, օտարերկրյա կառույցների, հիմնադրամների։ Արդյոք հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր էլ մեր երկրում ունենանք ֆիլմերի վերականգնման սեփական ընկերությունը։
-Անհնար ոչինչ չկա։ Ինչքա՞ն պետք է դիմեք օտարներին. կինոյի այսքան հարուստ ավանդույթներ, ժառանգություն ունեցող երկիրը պետք է մոտ ապագայում ունենա ֆիլմերի վերականգնման իր ստուդիան։ Պետք է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր մշակվեն։ Քայլերը հերթով պիտի կատարվեն։ Այն, ինչ մտադիր ենք անել առաջիկայում, թող հաջողությամբ պսակվի, հետագան ցույց կտա նաև Հայաստանում ֆիլմերի վերականգնման ստուդիա հիմնելու մյուս քայլերը։
Քանի որ Դանիել Բերտի ծրագրերն անիմջականորեն առնչվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, kinoashkharh.lc-ը փորձեց պարզել՝ այս հարցում ինչ դիրքորոշում ունի կառույցի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը։
-Տիկին Միրզախանյան, բոլորիս է պարզ, որ մեր ֆիլմերի վերականգնումն ու թվայնացումը հասունացած խնդիր է. ի՞նչ քայլերի է պատրաստ կինոկենտրոնը։
-Ես իմ պաշտոնավարման սկզբնական ժամանակներից ևեթ բարձրաձայնել եմ այս խնդիրը, դիմել եմ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին։ Ասել եմ, որ Դենիել Բըրդն ուզում է «Հակոբ Հովնաթան» ֆիլմը թվայնացնել։ Առաջարկս մերժվել է։ Նույն հարցով դիմեցի նոր նախարարին, Դանիել Բըրդն ինքը հոգաց իր ծախսերն ու եկավ Հայաստան՝ հանդիպելու Լիլիթ Մակունցին։ Բանավոր դրական պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց Դենիելի մեկնելուց հետո այս ամենը պետք է փաստաթղթային հիմնավորում ստանա ու սկսենք աշխատել։
-Երբ ֆիլմի ժապավենը Հայաստանից դուրս հանելու թույլտվություն ստանաք, անմիջապես մեկնելու եք Լեհաստա՞ն։
-Այո, «Հակոբ Հովնաթանյանի» ժապավենն անձամբ եմ տանելու Վարշավա։ Նախ այն կսկանավորվի, հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները։ Այդ ամբողջ ընթացքը նկարանավնելու է՝ որպես ապացույց։ Հետո Դանիելի հետ պայմանագիր ենք կնքելու, որպեսզի նա ֆիլմը տարածելու իրավունք ունենա։ Հուսով եմ, որ վերջապես մեզ կհաջողվի սկսել հայկական ֆիլմերի վերականգնման, պահպանման ու տարածման ուշացած գործընթացը։
-Մեր ֆիլմերի գույքային իրավունքը կինոկենտրոնին չի պատկանում, ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել մի գործընթաց, որի լիազորություններն իրականում չունեք։
-Կառավարության որոշմամբ «Հայֆիլմի» իրավահաջորդը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է, սակայն ֆիլմերի գույքային իրավունքը պատկանում է «Հայֆիլմ» ՓԲԸ-ին։ 2018-ի հուլիսին այդ պայմանագրի ժամկետը լրանում է։ Ես դիմելու եմ նախարարությանը, որպեսզի պայմանագիրը չթարմացվի ու գույքային իրավունքներն անցնեն կինոկենտրոնին։ Այդկերպ հնարավոր կլինի մեր կինոժառանգությունը պահպանլու և տարածելու նոր գործընթացներ սկսել։
Հ․Գ․Եթե Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի թվայնացման աշխատանքները բարեհոջող սկսվեն, ապա ֆիլմը մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի։ Անգլիացի պրոդյուսեր Դանիել Բըրդի հետ հետագա համագործակցությունը կախված է առաջին քայլի արդյունավետությունից։ Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մոտ ապագայում մենք կունենք Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերի վերականգնված տարբերակները։
Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ