Գրող, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, որն այս պահին ապրում և սովորում է Ֆրանսիայում,  իր նոր  շարքն է սկսում  kinoashkharh.am  կայքում։ Շարքը արտասահմանում ապրող և ստեղծագործող կինեմատոգրաֆիստների մասին է։ Այն հեղինակի մտահաղացումն է  և կոչվում է «Cine՛-Մարդ»։ Շարքի առաջին գործող անձը ֆրանսաբնակ ռեժիսոր Առնո Խայաջանյանն է։ Նրա  «Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Առնո Խայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ», «Անջրդի ուղիներ» ֆիլմերը: Պատրաստվում է ֆիլմ նկարահանել նաեւ Արցախի մասին: 

Սինոփսիս

Շուրջ տաս տարի է ինչ Առնո Խայաջանյանը ապրում է Փարիզում։ Բնակարանի պատուհանից երևում է Պեր Լաշեզ գերեզմանատունը՝ շրջապատված հսկայական, քարե պարիսպով, որի շուրջը պտտվում է իրական, փարիզյան կյանքը՝ իր սարկոֆագային միֆերով, բազմադեմ գունավորմամբ, միայն ապրիլին հատուկ հոտով և օտարների ահուսարսափ՝ մետրոյի հազարոտնուկ շղթայով։ Ամեն մարդ ունի իր Փարիզը, նույնիսկ նրանք, ովքեր երբեք էստեղ չեն եղել։Ու ըստ նախընտրած կամ ճանաչած վայրի էլ՝ յուրաքանչյուն ընտրում է իր Փարիզը՝ լուվրային-քարացած, երփներանգ-«ճահճային», Փարիզից դուրս մնացած, չինա-էֆելյան արտադրության,հին դարը շահած կամ նոր դարը դեռ չմարսած Փարիզը։

Իսկ Առնոյի Փարիզը շա՜տ երկար է ապրել ու հիմնականում ողջ է մնացել։ Սորբոն։ Իսկ ավելի ստույգ՝ Սորբոնի համալսարանի, կինոմատոգրաֆիայի բաժին․․․ Մի խոսքով, Վալանսում ծնված Առնոն, տաս տարի շարունակ, ամեն առավոտ, Փարիզը տեսնում է իր պատուհանի մեջ։ Ու ամեն առավոտ Առնոյին արթնացնողը տպիչ մեքենայի ձայնն է, որն իրեն հատուկ ֆսսոցով, գիշերով գրած սցենարը լույս աշխարհ է բերում։ Ի դեպ, մի բանալ ճշմարտություն կա․ ֆիլմի նկարահանումից հետո՝ ինչ մնաց քոնն է։ իսկ ի՞նչ ես տալիս ֆիլմը սկսելուց առաջ։ Առնոն հայացք է նետում պատին ամրացված հին, շատ հին, ասել է թե՝ պապենական լուսանկարին, որն իր հիշողությամբ ու տեսակով, հակադրվում է պատուհանի մեջ խլվլացող քաղաքին ու տպիչ սարքից դուրս եկած, դեռ տաք թղթերը վերցնելով՝ դուրս է գնում։

Առավոտյան Փարիզը սուրճն է՝ անփոփոխ սրճարանում․․․ Նոր դարում, համացանցը, իր խճճվածությամբ, կարողացավ հաղթել փարիզյան մետրոյին։ Ու հիմա, աներևույթ թունելների տարբեր անցքերից, ահռելի քանակությամբ տեղեկատվություն է թափվում, որը արգելակ չունեցող գնացքի նման, էդ՝ վիրտուալ աշխարհի հետ կապ ունեցող ցանկացած մեկին, անխնա վրաերթի է ենթարկում։ Հիմնականում․․․ Բայց մեկ-մեկ տարօրինակ խաչմերուկներ էլ են լինում, որտեղ հատվում են նրանք, որոնց համար աշխարհը, իրոք, շատ նեղ է։ Առնոն ինձ համացանցով գտավ։

 

Երկխոսություններ 

-Ես՝ Առնո Խայաջանյանն եմ։ Երեսուն տարեկան եմ։
-Ի՞նչ լեզվով խոսենք․․․
-Ֆրանսերեն․․․
Ֆիլմը ուղարկեց, որ նայեմ։ Նայեցի։ Մի օր անց։
-Առնո, ֆիլմդ տեսա։ Մի երևի անտեղի հարց տամ, մի՞շտ ես զգացել քո ինքնությունը, թե՞ այն վերագտել ես․․․
-Շատ եմ մտածել, բայց այդ հարցին երբեք իրական պատասխան չեմ գտել։ Համենայն դեպս այս հարցի հետ կապված որևէ հստակ սահմանում չեմ գտել։
Որտե՞ղ եմ ինձ լավ զգում։ Լավ եմ զգում «իմ տանը»՝ Հայաստանում, բայց նաև Կոպենհագենում և Լոնդոնում։ ․․․
Իմ տանը՝ Հայաստանո՞ւմ․․․

«Քարքարոտ արահետներ» Ինտերիեր․ Գյուղական տան սենյակ Էրզրումում․ Ցերեկ

Գյուղական տան սենյակ։ Պատի երկանքով բազմոց է դրված, որը ծածկված է դեղնավուն-գույնզգույն կտորի ծածկոցով։ Սենյակի կենտրոնում թիթեղյա վառարանն է։
Վառարանի դիմաց, ցածրիկ սեղանի շուրջ նստած են Առնոն և քուրդ կինը։ Կինը՝ կարմիր վերնազգեստով է, գլուխը՝ փաթաթած է գույնզգույն գլխաշորով։

Քուրդ կին – (Առնոյի ձեռքից վերցնում է Առնոյի մեծ մոր, հին խունացած լուսանկարը) Նայիր, մենք նման ենք, չէ՞։ Հագուստ էլ նույն է, մազերի ձևը․․․ Գեղեցիկ կին է, նրան շատ սիրեցի․․․ (Համբուրում է լուսանկարը)

Առնո- Դուք այս գյուղում ապրող հայերի ճանաչե՞լ եք։

Քուրդ կին- Առաջ՝ այո, այստեղ հայեր ապրել են։ Մեզնից առաջ եղողներն ասում էին, որ սա հայկական գյուղ է, որ մենք հայերի տներում ենք ապրում։ Նրանց այստեղից վտարել են․․․ Մի հայ է միայն մնացել։ Եթե քո մեծ հայրը վերադառնար՝ նրան կճանաչեր։ (Դադար) Թեյը պաղեց․․․

30263_large

Վերլուծություն

Առնո Խայաջանյանի «Քարքարոտ արահետները» անցյալի արձագանքը լսելու փորձ է։ Իսկ անցյալի հետ կապված յուրաքանյուր նմանատիպ փորձ, հիմնականում, դատապարտված է անհաջողության։ Հարյուր տարին, պատմության տեսանկյունից, ընդհամենը մի կարճ հաղորդագրություն է, որի բառերը, արագ փոխվող դարի հետ, անընթեռնելի են թվում։ Էդ դեպքում կարիք կա՞ ընթերցել մի մեսիջ, որի ասելիքը և արտահայտման ձևը, վաղուց կորցրել է իր արդիականությունը։ Երևի թե կա, քանի որ, ապրած զգացողություններով լի, ցանկացած հաղորդագրություն․ վաղ թե ուշ կրկնվում կամ վերաուղարկվում է։
«Քարքարոտ արահետները» Առնոյի հասած արձագանքն է՝ լի ձայներով, որոնք ուշագրավ պատմություններ են կրում։ Պատմություններ՝ հարյուր տարի ծննդավայր չվերադարձած նախնիների մասին։ Թեև կարճ, բայց կարևոր մեսիջները հիմնականում անավարտ են։ Ու մի դար անց Առնոն ետ է գնում, վերադառնում է՝ հին, պապենական մեսիջ լուսանկարներով՝ գտնելու նրանց, ովքեր փրկել են
լուսանկարներում պատկերվածներին։

․․․Լավ եմ զգում «իմ տանը»՝ Հայաստանում․․․ Մեր առաջին երկխոսության մեջ տեղ գտած այս նախադասությունը միանգամից գրավեց իմ ուշադրությունը։ Սկզբում մի քիչ զգաստացա, քանի որ մասիսսարային հայրենասիրությանը թերահավատությամբ եմ վերաբերվում, ու էդ տիպի ալեհեր արվեստ չեմ էլ սիրում։
Բայց «Քարքարոտ արահետները» դիտելով՝ «կարդացի», կտրված կապի արդյունքում օդում մնացած էն մեսիջը, որը կապի վերականգնման առաջին իսկ առիթի դեպքում անպայման կհասնի իր «հասցեատերին»․․․

Հ.Գ. ․․․Լավ եմ զգում «իմ տանը»՝ Հայաստանում, բայց նաև՝ Կոպենհագենում և Լոնդոնում․․․

ՍՏՈՊ Նկարհանումն ավարտվեց։

-Առնո, իսկ ի՞նչ ես կարծում, Հայաստանում կկարողանա՞ս ապրել։

-Տաս տարի է, ինչ Փարիզում եմ ապրում ու տեղանքի փոփոխության կարիք ունեմ․․․

-Բայց ինչո՞ւ հենց Հայաստանը․․․

-Իսկ ինչո՞ւ՝ ոչ․․․ Հայերեն լեզուն սովորելու հրաշալի առիթ կլինի․․․

-Լավ, բա ե՞րբ ես քո ամենակարևոր ֆիլմը նկարելու․․․

-Դա էի ուզում ասել, ինչո՞ւ հենց Հայաստանը։ Շուտով նոր ֆիլմ եմ սկսում՝ «Արցախը»։ Հույս ունեմ 2019-ին կնկարեմ․․․

-Իսկ ե՞ս, կարո՞ղ եմ խաղալ քո նոր ֆիլմում․․․

-Հիմա․․․ Աղջիկներ ու տղաներ եմ փնտրում՝ քսան տարեկան․․․ Այսպիսով քեզ ևս հրավիրում եմ քաստինգին մասնակցելու․․․

Տիտր

Մտահաղացող և իրագործող՝ Հովհաննես  Թեքգյոզյան
Գլխավոր դերում՝ Առնո Խայաջանյան