vlcsnap-2018-03-01-12h19m40s126Հայաստանը լեռների երկիր է, թե’ աշխարհագրական, թե’ աստվածաշնչյան տեսանկյունից: Չգիտեմ` ինչպես է սկսվել աշխարհի արարման իսկական պատմությունը, բայց աստվածաշնչյան մեծ ջրհեղեից հետո, Նոյան տապանը կանգ է առել Արարատի գագաթին և սկսվել է մարդկության նոր սկիզբը… Ճակատագրի բերումով աստվածաշնչյան Արարատը հայկական գերեվարված հայրենիք է: Հայրենիք է, որը ամեն հայի կարոտի սիմվոլն է՝ իր երկու գագաթներով: Հայրենիք է, որն անգամ տեսանելի է Սիսիանի ոլորաններից, և ինչպես կարոտի մի տեսիլք հայտնվում է ճանապարհորդի տեսադաշտում և կրկին ու կրկին թաքնվում այլ լեռների ետևում:

Ռեժիսոր Վարդան Դանիելյանի և օպերատոր Անդրանիկ Սահակյանի «Կարճ հաղորդագրություն․․․» ֆիլմում Արարատը տեսանելի, սակայն անհասանելի կարոտ է, կորցրած հայրենիք: Արարատին դեմ հանդիման կանգնած է ևս մի հայրենիք՝ Արագածը, որն իր վրա ապրեցնում է գերեվարված հայրենիքի ժողովրդին: Արագածի փեշերին՝ Ուջան գյուղում, արդեն ցեղասպանության չորրորդ սերունդն է մեծանում՝ աչքը չկտրելով Արարատից:

Ուջանի բնակչությունը Սասունից գաղթած ժողովուրդն է: Եվ չկա մի ընտանիք, որ չունենա իր գերդաստանի կոտորածի և փրկության պատմությունը: Արդեն մի քանի տասնամյակ է ուջանցիները անիվներ են հավաքում և «կարճ հաղորդագրություն» ուղարկում դեպի հարևան պետություն՝ դեպի գերեվարված հայրենիք:

vlcsnap-2018-03-01-12h23m45s155Ֆիլմում հստակ երևում է Արարատ-Արագած կապը, լեռների երկխոսությունը, լեռների հայացքները: Հեռվում կանգնած Արարատը կարծես սպասում է Արագածի խոսքին: Այրելով անիվները ուջանցիները այդ խոսքը տեսանելի են դարձնում թե՛ գերեվարված հայրենիքին, թե՛ թշնամիներին: Կարճ, բայց բոցավառվող հաղորդագրությունն իր մեջ կրում է մի ամբողջ ցավի ու սպասումի պատմություն:
Մենք հեռվից տեսնում ենք Արարատը, տեսնում ենք այն ընդհանուր պլաններով, տեսնում ենք լեռն իր ամբողջ գեղեցկությամբ, բայց չենք տեսնում Արագածը: Արագածը ներկայացված է խոշոր պլաններով, այն տեսնելի է ինչպես հող, տարածք, գյուղ, բարձրունք, որն իր վրա տուն ու տանիք է տվել հայ գյուղացուն: Արագածի վրա է կատարվում ֆիլմի հիմնական գործողությունը և լեռը ակամայից դառնում է գլխավոր հերոս՝ «Կարճ հաղորդագրություն» ուղարկողը: Արագածը միայն մեկ անգամ է երևում ընդհանուր պլանով, բայց ոչ լեռան տեսքով, այն երևում է որպես «թուղթ» բոցավառվող կարճ հաղորդագրության համար:

vlcsnap-2018-03-01-12h24m37s18Ֆիլմում գյուղացիներից ոչ ոք չի տպավորվում իր արտաքին տեսքով, բոլորը հայ մարդ են՝ լծված հաղորդագրությունը ճիշտ ժամանակին ուղարկելու գործին: Մեծ ու փոքր ուզում են իրենց մասնակցությունն ունենալ այդ առաքելությունը: Կարևոր դերակատար է նաև եղանակը՝ մռայլ, մառախլապատ, անձրևոտ, ինչը դժվարեցնում է ուջանցիների գործը և ավելի է կարևորում կատարվելիքի իմաստը: Ուջանցիները անվադողերը մառախուղի միջով բարձրացնում են դեպի վեր: Անվադողերը նման են ոգիների, որոնք կարծես ինքնուրույն են բարձրանում վեր, դեպի Արագածի բարձրունքները, որ ինքնահրկիզվելով պատմեն անարդարության մասին:

vlcsnap-2018-03-01-12h24m50s147Անվադողեր բարձրացնելու արարողությունը նման է ծիսակարգի, որ ամեն տարի կրկնվում է: Գյուղացիները արդեն քանի տասնամյակ ուղարկում են այդ հաղորդագրությունը և հստակ գիտեն, թե քանի բեռնատար մեքենա է հարկավոր այն հարևաններին տեսանելի դարձնելու համար: Արագածի ոլորաններով բեռնատարների դժվար վերելքը ակամա հիշեցնում է Հայկական հարցի բարդ լուծման, իսկ գյուղացիների համառությունը՝ մատնանշում է հայի ոգու անկոտրում լինելու մասին:

vlcsnap-2018-03-01-12h22m33s30Բոցավառվող անիվները հուշում են, որ արդեն 100 տարուց ավելի է հայի ցավը, ինչպես անիվ, իր առանցքի շուրջն է պտտվում, և ամեն ապրիլի 24-ին կարճ հաղորդագրության տեսքով կրկին աշխարհին հիշեցնում է իր մասին:

Այդ հաղորդագրությունը տեսանելի է բոլորին, բայց հասկանալի միայն հայերիս: Գիշերվա բոցավառվող անիվները Արագածի քնած հրաբխի արթնացած կրակներն են, որ մի օր ընդերքից հանելու են Արարատի լավան և երկու հսկաների երկխոսության արդյունքում սկսվելու է նոր Հայաստանի պատմությունը…


Հ.Գ. Ֆիլմի նկարահանումներից անցել է 7 տարի, սակայն Հայկական հարցը կարճ հաղորդագրության տեսքով Արագածից դեռ նորից կբոցավառվի…

Վարդան Դանիելյան, ռեժիսոր, 2011 թ․-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Նա  նկարել է «Էսքիզներ ոսկեվազյան դաշտերից» (2009), «Ջազ, ծիրան, Երևան» (2011), «Կարճ հաղորդագրություն» (2013), «2013-ին, երբ գնում էի Ազատության հրապարակ» (2016), «Մի քանի օր 15-֊ի դեկտեմբերից» (2016), «Իմպուլս» (2018)։

«Կարճ  հաղորդագրություն» ֆիլմը 2013 թ-ին  ՆՓԱԿ-ի  «Մեկ կադր» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» և «Հանդիսատեսիձայն» մրցանակներին: Նույն տարի Կիպրոսի ՄԿՖՓ-ում ֆիլմն արժանացել է  «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:  «Կարճ հաղորդագրությունը»  մասնակցել է  հետևյալ կինոփառատոններին.

 «Black Nights»,  ՄԿՓ՝ Տալլին ( 2013),  «Signes de Nuit», 11-րդ ՄԿՓ՝Փարիզ ( 2013), Montenegro film festival, Հերցեգ Նովի ( 2013),  «Ոսկե Ծիրան»,ՄԿՓ՝  Երևան( 2013),  Armenian Film Series II, Ռեգինա, Կանադա  (2016),   «Zubroffka »  ՄԿԿՓ՝ Բյալիստոկ ( 2016)Festival Mondial des Cinémas Sauvages, Բրյուսել ( 2017)։

 Հեղինակ՝ Արուսյակ Սիմոնյան