Հարրի Փոթերի հայազգի «մայրը». Տանյա Սեղաճյանի համաշխարհային հաջողությունը
Բրիտանական The Guardian-ը Տանյա Սեղաճյանին մեկ անգամ չէ, որ անվանել է բրիտանական ժամանակակից ֆիլմարտադրության ամենաազդեցիկ կանանցից մեկը։
Սեգաչյանը ծնվել է 1968 թվականին՝ Լոնդոնում, հայի ընտանիքում։ Հայկական ծագմամբ այս բրիտանուհու կարիերան սկսել է դեռ Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին, որտեղ նա զբաղվում էր բուհին կից Footlights թատերական ակումբի նախագծերով, իսկ ավելի ուշ նա դառնում է այդ ակումբի նախագահը։ 1990-ականներին երիտասարդ հայուհին հրավեր է ստանում աշխատելու BBC-ում՝ որպես փաստագրական հեռուստատեսային ֆիլմերի պրոդյուսեր։
1997-ին Սեղաճյանը միանում է բրիտանական Heyday Films պրոդյուսերական ընկերությանը, որտեղ էլ սկսում է նաեւ որպես պրոդյուսեր աշխատել Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։
«Թերթում հոդված կարդացի կախարդ–տղայի մասին պատմող գրքի մասին։ Սյուժեն ինձ շատ հետաքրքրեց։ Ուստի կապվեցի գրող Ջոան Ռոուլինգի գործակալի հետ ու առաջարկեցի հանդիպել», – The Guardian–ին տված հարցազրույցներից մեկում պատմում է Տանյա Սեղաճյանը։
2001-ին էկրան է բարձրանում Փոթերի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» խորագրով, որտեղ գլխավոր պրոդյուսերի դերում հանդես է գալիս Տանյան։Ֆիլմն անսպասելի մեծ հաջողություն է ունենում և պրոդյուսերական ընկերությունը՝ Սեղաճյանի գլխավորությամբ, շարունակում է ֆիլմի մյուս մասերի նկարահանումները, որոնք բոլորն էլ համախշարհային հռչակ են ձեռք բերում։
Մեկ տարի անց տեղի է ունենում «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմի պրեմիերան, իսկ 2004-ին էկրան է բարձրանում՝ «Հարրի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը», 2005-ին՝ «Հարրի Փոթերը և կրակի գավաթը»։ Այս ֆիլմերից հետո էլ հայազգի բրիտանուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Այս ֆիլմաշարին զուգահեռ Սեղաճյանը՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր Պավել Պավլիկովսկու հետ ստեղծում է «Իմ սիրո ամառը» (2004) ֆիլմը։ 16-ամյա աղջկա մասին պատմող այս ֆիլմը մի շարք կինոմրցանակների է արժանանում, իսկ 2005 թվականին ճանաչվում է «Լավագույն բրիտանական ֆիլմ»՝ Կիոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից։
2010-ին Սեղաճյանը գլխավորում է Բրիտանական կինոյի խորհրդի զարգացման հիմնադրամը, սակայն հետագայում այն միավորվում է Կինոյի բրիտանական ինստիտուտի հետ, և նա թողնում է պաշտոնը։
Ներկայումս Տանյա Սեղաճյանը շարունակում էզբաղվել պրոդյուսերական աշխատանքով ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։