kin Արդեն մի քանի ամիս է կինոթատրոններում ցուցադրվում է «Շարմ Հոլդինգի» «Մեր երազանքի ճանապարհը» խորագրով ֆիլմաշարը, որի 7 նովելներից մեկն էլ Արամ Շահբազյանի «Բարև, սիրելիս» ֆիլմն է: Ֆիլմի իսկական տարբերակի տևողությունը 30 րոպե է, վերնագիրն էլ՝ «Լուսին կերած նորածինը», իսկ ալմանախում այն կրճատվել է, փոխվել է նաև վերնագիրը՝ «Բարև, սիրելիս»:

հառ8Ֆիլմի չկրճատված՝ ռեժիսորական տարբերակի ցուցադրությունն օրերս տեղի ունեցավ կինոմիության փոքր դահլիճում: 1990-ականների արցախյան հերոսամարտին մասնակցած կամավորական մի ջոկատի մասին է պատմում «Լուսին կերած նորածինը» կարճամետրաժ ֆիլմը: Կյանքի ու մահու կռիվ, թշնամուն մի թիզ հող անգամ չզիջելու հերոսկան սխրանքներ, մահ գիտակցված՝ անմահություն և մի նամակ, որը խտացնում է  պատերազմի արհավիրքը, մահով կնքված երիտասարդ կյանքերի ապրելու և սիրելու պարզ, մարդկային երազանքը: Ու այստեղ է, որ ջնջվում են յուրային-թշնամի սահմանները, որովհետև սիրելու պահանջն ու ընդունակությունը համամարդկային են:  Ֆիլմի ցուցադրությունն առիթ դարձավ, որպեսզի kinoashkharh.lc-ը զրուցի  սցենարի հեղինակ Հարություն Հարությունյանի հետ՝ լսելու հայ կինոյի ներկայով ու ապագայով մտահոգ մտավորականին:

-Նախ՝ քանի որ էկրանին տեսել եմ ֆիլմի կրճատված տարբերակը, մինչդեռ կա ամբողջական  ֆիլմը, չեմ կարող չհարցնել կրճատվելու պատճառների մասին:

-Պատվիրատուն՝ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, նպատակահարմար գտավ մեր ֆիլմը կրճատել, որպեսզի այն համապատասխանի նախատեսված ձևաչափին և ներառվի անկախության 25 ամյակին նվիրված «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում: Ինչպես և նախատեսված էր, այն բաղկացած է 7 տարբեր ռեժիսորների նկարահանած կարճամետրաժ 7 ֆիլմերից: Դրանցից մեկն էլ ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ իմ սցենարով նկարահանած «Բարև, սիրելիս» ֆիլմն է, որի ռեժիսորական, չկրճատված տարբերակն ենք ներկայացնում հանդիսատեսին: Պահպանել ենք երիտասարդ գրող Լևոն Շահնուրի՝ այս ֆիլմի սցենարի համար հիմք հանդիսացած «Լուսին կերած նորածինը» պատմվածքի վերնագիրը: Ի դեպ, պատմվածքից ես գրեթե ոչինչ չեմ վերցրել: Երբ ուզում էի սցենարը գրել, հարցրի Լևոնին՝ կարո՞ղ եմ օգտագործել պատմվածքի նամակի պատմությունը: Պատասխանեց՝  դեմ չեմ. այդպես էլ նամակի գործոնը զարգացրի ու դարձրի արցախյան հերոսամարտի մասին այս ֆիլմի սցենար:

«Շարմ Հոլդինգին» է պատկանում «Բարև, սիրելիս» ֆիլմի բոլոր իրավունքները: Ճիշտ է, որպես սցենարիստ՝ ես համաձայն չեմ ֆիլմի կրճատումների հետ, բայց պատվիրատուն  ազատ է իր գործողությունների մեջ, որովհետև դրա իրավունքն ունի:

-Որքան էլ ազատ լինի իր գործողությունների մեջ, բայց այնպես չպետք է լինի, որ  կրճատումներից ֆիլմի որակը,   ասելիքը տուժի:

-Դա այնքան խոր ու ցավոտ թեմա է. իմ լուսահոգի ընկեր Ռուբեն Հովսեփյանը շատ դժգոհ էր «Կարոտից»՝ որպես այդ ֆիլմի սցենարի հեղինակ, որովհետև ֆիլմը կրճատվել էր: Մենք նայում ենք, չէ՞ այդ  ֆիլմը. շատ գոհ ենք, մեզ դուր է գալիս, իսկ ինքը շատ դժգոհ էր: Դժգոհ էր, բայց ինքն իր մեջ էր պահում այդ դժգոհությունը. այդպես էլ ես:

լուս2Ստացվեց այնպես, որ ֆիլմը երկու տարբերակ ունի, մեկը «Մեր երազանքի ճանապարհը» ալմանախում ներկայացնում է «Շարմ Հոլդինգը»՝ որպես 7 նովելների պատվիրատու և ֆինանսավորող, իսկ մյուս տարբերական առաջարկում  ենք մենք՝ որպես առանձին ֆիլմ, առանձին միավոր: Չարժե աղմուկ բարձրացնել,  թե ինչու է ֆիլմը կրճատվել: Այն արդեն էկրան է բարձրացվել. ընդունվել է, թե չի ընդունվել, հավանել են, թե չեն հավանել կրճատված տարբերակը, արդեն անիմաստ է դրա մասին խոսելը: Ինչ էլ լինի, մենք գոհ ենք, որովհետև ֆիլմ նկարելու հնարավորություն ունեցանք: Այստեղ իմ անձի խնդիրը չէ, ես ինձ երբեք սցենարիստ չեմ համարել. ինձ առաջարկեցին ֆիլմի սցենար գրել, ես էլ գրեցի: Բայց լավ է, որ ֆիլմն առիթ դարձավ բարձրաձայնելու, որ մենք ունենք երիտասարդ լավ գրողներ, որոնք ստեղծագործելուց բացի, կարող են ֆիլմերի համար հրաշալի գաղափարներ տալ: Լավ է, որ լուսագրերում նշվում է Լևոն Շահնուրի անունը. երիտասարդ շնորհաշատ գրող է, թող կարդան-ճանաչեն նրան: Լավ է, որ իմ տաղանդավոր ընկերը՝ ռեժիսոր Արամ Շահբազյանը, գոնե մի կարճ ընթացք  ֆիլմ նկարելու հնարավորություն ունեցավ, որից հետո նա դարձյալ պարապ մնաց: Արտասահմանում չես գտնի Արամի պես ռեժիսորի, որ տարիներով անգործ մնա:

լուս4-Դուք անդրադառնում եք մեր կինոյի ամենացավոտ տեղին՝ ով չպետք է պարապ մնա, և ով չպետքէ ֆիլմ նկարի: Մինչև հիմա ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականում այս խնդիրը լուծում չի ստացել:

-Մերոնցից շատերը գնում են դրսում աշխատում, հաջողություններ են ունենում, իսկ այստեղ չի ստացվում:

Մեր երկրում ֆիլմարտադրությունը հողին է հավասարեցվել:

Եվ եթե կան որոշ ընկերություններ, որոնք  ճիգեր են   գործադրում, որ ինչ-որ բան փոխեն, տեղաշարժեն, պետք է ընդառաջ գնալ նրանց ու գոհանալ, որ այդ ճիգերի շնորհիվ երիտասարդ ռեժիսորները, ինչպես նաև դերասաններն աշխատելու հնարավորություն են ստանում: Իսկ նրանք, ի դեպ, սերիալներում նկարվող դերսաններից չեն. թատրոնից եկան- նկարվեցին, ցույց տվեցին, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ ֆիլմում նկարվելը:unnamed

-Այս փոքրիկ տեղաշարժերը հնարավո՞ր է որ ռեզոնանս առաջացնեն:

-Դրանք կաթիլ են՝ օվկիանոսում. հիմա չգիտեմ՝ ինչպես ու ինչ հիմունքներով են կինոսցենարներն ընտրվում, բայց մինչև հիմա պետությունն ինչքան գումար տվել է ֆիլմեր նկարահանելու համար, ոչ ոք չի վերահսկել այդ գործընթացը: Ինչպե՞ս է լինում, որ մի ռեժիսոր տարիներով ֆիլմ չի նկարում, իսկ մյուսն իրար հետևից նկարում է ու նկարում: Իսկ եթե այստեղ անգործ մնացած ռեժիսորը գնա դրսում ֆիլմեր նկարի ու հաջողություններ ունենա, կասնեք՝ մեր հայրենակիցն է, կհրավիրենք, կպատվենք, կմեծարենք: Բայց երբ նրանք մեր կողիքն են, չենք գնահատում, չենք ուզում տեսնել նրանց:

-Ու, ցավոք, հաշվի չենք առնում, որ այդ արվեստագետների ստեղծագործական ջիղը, ունակություններն անսպառ չեն: Եթե նրանց ինքնադրսևորվելու հնարավորթյունն ուշացնենք,  որոշ ժամանակ անց կտեսնենք, որ երբեմնի տաղանդավոր ռեժիսորն այլևս անաշխատունակ է, եթե անգամ նրան աշխատելու հնարավորություն տանք:

-Որոշները համառ են գտնվում, ասում են՝ չէ, ես պիտի մնամ իմ երկրում, աշխատեմ, ստեղծեմ, բայց այդպես էլ ոչինչ չեն անում: Իսկ մյուսներն  այլ կերպ են մտածում. «Չէ, ես երկու կյանք չունեմ, որ մեկը պարապ-սարապ հայրենիքում անցկացնեմ, իսկ մյուսը լիարժեք ապրեմ, ստեղծեմ ուրիշ երկրում: Ու գնում են մեր արվեստագետները:

-Այս տարերային, չհամակարգված իրավիճակի պատճառները որտե՞ղ են թաքնված: Ինչո՞ւ են ֆիլմեր նկարվում, բայց որակ չենք տեսնում, իսկ այն, ինչի մեջ որակ ենք ենթադրում, կյանքի չեն կոչվում:

-Պետությունն իր հնարավորությունների սահմաններում գումար է հատկացնում կինոարտադրությանը: Բայց ինչպե՞ս են կազմակերպիչները համակարգում կինոարտադրությունը. սա է գլխավոր հարցը: Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով է որոշվում ամեն ինչ: Եկեք բարձրակարգ ռեժիսորների անուններ հիշենք ու նշենք, թե նրանցից քանիսն են այսօր ֆիլմ նկարում:

-Նախ՝ Ձեր նշած բարձրակարգ ռեժիսորներին թվարկելն է ինձ համար դժվար, իսկ առավել դժվար է ասել, թե ովքեր են հիմա ֆիլմ նկարելով զբաղված:

-Բայց կան, չէ՞, լավ ռեժիսորներ:

-Մի քանիսը կան, բայց  կան նաև  անհայտ մնացածներ: Մենք մշակույթի ոչ մի ոլորտում նվազագույն իսկ չափով չենք բացահայտել մեր ներուժը: Ով կա՝ կա, նոր անունների, նոր մտքերի ու գաղափարների համար մենք փակ ենք ու անհաղորդ: Համաձա՞յն եք:

-Բայց ունե՛նք տաղանդավոր մարդիկ. նրանք մտել են իրենց պատյանի մեջ ու իրենց դարդով են տապակվում: Ով ավելի գործունյա, ճարպիկ  է, ծանոթ-բարեկամով կարողանում է ինչ-որ բան անել, մի ֆիլմ նկարել, բերել-ցուցադրել ու վերջ: Բայց մեր հնարավորությունների գանձարանը մենք չենք օգտագործում: Մի օրինակ բերեմ, որի մասին շատ է խոսվել՝ անցյալ տարվա Կաննի փառատոնի կինոշուկայի հայկական տաղավարը:

Մեր պետությունը 13 միլիոնից ավելի գումար է տրամադրել, որ Կաննում ներկայացուցչություն ունենանք: Փողը տվեց, ասաց՝ արեք, ներկայացրեք մեր երկիրը: Իսկ մենք ի՞նչ արեցինք. մսխեցին այդ գումարը: Հիմա մեղադրենք պետությա՞նը, թե՞ գործի գլխին կանգնածներին:

Պարզ օրինակ ասեմ. դստերս՝ Օֆելյայի «Կարմիր խնձորներ» ֆիլմը մի քանի ընկերությունների է վաճառվել, վերջերս էլ ֆիլմը Ֆրանս-3 ով է ցուցադրվել: Օֆելյան զանգեց ԱՄՆ-ից. «Հայրիկ, գիտե՞ս ինչքան վիրավորական է, որ ես  իմ ֆիլմի իրավունքները մի քանի ընկերությունների եմ վաճառել,  և հանկարծ իմանում եմ, որ մենք Կաննում տաղավար ունենք: Մի՞թե չէին կարող ինձ մի նամակ ուղարկել, որ ֆիլմս ուղարկեի Կանն: Ես գումար չէի ուզի, թող ցուցադրման իրավունքը վաճառեին, իսկ  հասույթը մնար Հայաստանի կինոարտադրությանը: Բայց ոչ ոք չի էլ փորձել ինձ հետ կապ հաստատել»:

հառ7-Դուք այնքան լավատես եք, որ կարծում եք, թե կինոոլորտի մարդիկ տեղյա՞կ են, թե ով ինչ ֆիլմ է նկարել:  Չկա համախմբվածություն, չկա կինոմթնոլորտ, կինոմիջավայր: Ամեն մեկն ապրում է իր համար՝ կավիճով գծված իր նեղ սահմանում:

-Հենց դա է ամենացավալին: Ես չգիտեմ՝ այդ ճանապարհը մենք ինչպես կանցնեք, կամ արդյո՞ք կանցնեք: Այս երիտասարդությունը եթե մեր երկրում այսօր իր տեղը չգտնի, վաղն ինքնադրսևորվելու տեղ է փնտրելու դրսում. ու էլի մենք կորցնելու ենք:

Նորմալ չէ, երբ ֆիլմ  է նկարհանվում, այսինքն՝ պետության կողմից հաստատվում է, որ այսինչ ռեժիսորն այսինչ ֆիլմն է նկարելու, բայց սցենարը չկա: Ֆիլմը նկարվել է, բայց սցենար չի եղել: Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը քանի դեռ գործում է, մենք դրական տեղաշարժի մասին չպետք է խոսենք:

Տեսեք, Գյումրու դրամատիկական թատրոնում մի երիտասարդ տղա՝ Արսեն Միքայելյանն իրականացրել է  ուսանողական տարիների երազանքը՝ իր ընկերոջ՝ Ռաֆայել Ասատրյանի հետ Մարկեսի  «Երկնագույն շան աչքերն» է  բեմադրել ու գնացել բանակ: Մարդիկ 20 օր առաջ Երևանից տոմսեր են պատվիրում, որ գնան Գյումրի այդ բեմադրությունը տեսնեն: Այդ մեկ գործողությամբ, մեկ ժամանոց ներկայացումը հիացրել է բոլորին: Ինչու՞. որովհետև մարդը տաղանդավոր է, կարող է լավ բեմադրություն անել ու արել է, նրան էլ հենց վստահվել է այդ գործը: Որովհետև արդար, ազնիվ գործ է արված, որովհետև նրա արածը համոզիչ է: Այ հենց այդ արդարությունն ու ազնվությունն է պակասում նաև մեր երկրի կինեմատոգրաֆիայում:

լուս5-Ես արդար ու ազնիվ մղումներ տեսա նաև ձեր ֆիլմում:  Արամ Շահբազյանը ֆիլմի մասին այսպես ասաց. «Սա լոկալ-շովինիստական ֆիլմ չէ: Ես այդպիսի ֆիլմ արդեն նկարել եմ՝ «Մի վախեցիր»-ը: Իսկ այս ֆիլմի առումով հենց սկզբից որոշել էինք, որ ասլիքը համամարդկային լինի և հուզի հային էլ, ադրբեջանցուն էլ, ֆրանսիացուն էլ»: Ֆիլմի առիթով  kinoashkharh.lc-ին տված Ձեր նախորդ հարցազրույցում հիշո՞ւմ եք Դո՛ւք ինչ ասացիք:

-Ասացի՝  ֆիլմում բոլորը տղամարդիկ են, կին չկա, բայց այն սիրո մասին է: Իսկ սիրո լեզուն բոլորն են հասկանում: Մեր նպատակը չի եղել ցույց տալ, որ 1990-ականներին արցախյան պատերազմում մենք ջախջախել, ջարդել-փշրել ենք, անպարտելի ենք եղել: Մենք էսպիսին ենք եղել, իսկ ադրբեջանցիներն՝ էնպիսին: Նման տարբերակումներ չկան: Սիրո զգացումը հատուկ է բոլորին՝ հայ, թե ադրբեջանցի: Պարզապես պատերազմ է, ու կա միմյանց դեմ կռվելու կանոնը:

-Արցախյան պատերազմի թեման շատ խոցելի ու փխրուն է: Սցենարը գրելիս խորհրդակցե՞լ եք պատերազմի միջով անցած մարդկանց հետ:

-Իհարկե, սցենարը գրելիս երկար զրուցել եմ ազատամարտիկ մեր տղաների հետ: Մի դրվագ կա ֆիլմում, երբ թշնամու խփված տանկի միջից մեր տղաներից մեկին կրակում-սպանում  են: Սա իրական պատմություն է:  Անգամ տղաների երկխոսությունները, միմյանց ուղղված ռեպլիկներն ու մականուններն են իրական: Եվ հետո չմոռանանաք, որ ֆիլմի ռեժիսորը՝ Արամը Շահբազյանը,  նույնպես կռված տղա է: Հրամանատարի դերը խաղացող երգիչ Դավիթ Ամալյանն էլ է ազատամարտիկ: Այնպես որ, մարտերի, իրադարձությունների բոլոր հանգամանքները ճշտված են. իհարկե, կա նաև ստեղծագործական տարրը:

Ի վերջո, մեր նպատակը ոչ թե իրականությունը պատճենելն է եղել, այլ արվեստ ստեղծելը, որի հիմքում կլինի համամարդկային ասելիքն ու գաղափարը:

հառ6ՀԳ«Լուսին կերած նորածինն» առաջին անգամ էր, այսպես ասած, հանրային ցուցադրության դրվում: Ուրեմն և հեղինակներն սպասում էին առաջին դիտողների արձագանքին: Ցուցադրմանը հետևեց քննարկումը: Երկար ժամանակ ոչ ոք ոչինչ չէր կարողանում ասել. լռությունը տպավորված լինելու արդյունք էր: Հետո քննարկում-հարցուպատասխանը, որին մասնակցում էին կինոգետներ, ուսանողներ ու կինոսերներ, իհարկե, ծավալվեց: Վերջնարդյունքը՝ ֆիլմը համոզիչ է, հետևաբար՝ ստացված:

 Ռեժիսոր Արամ Շահբազյանը մտադիր է «Լուսին կերած նորածինը» կարճամետրաժ ֆիլմը ներկայացնել միջազգային կինոփառատոների: Դրսի էկրանները կլինեն ֆիլմի անցնելիք ճանապարհի գլխավոր կանգառները: Ֆիլմի հեղինակները հույս ունեն, որ այդ կանգառներում  «Լուսին կերած նորածին» վերնագիրը տարբեր լեզուներով կգրվի փառատոների պատվավոր հարթակներում:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ