dsc_2402Բրիտանական The Guardian-ը Տանյա Սեգաչյանին մեկ անգամ չէ, որ անվանել է բրիտանական ժամանակակից ֆիլմարտադրության ամենաազդեցիկ կանանցից մեկը։

Սեգաչյանը ծնվել է 1968  թվականին՝ Լոնդոնում, հայի ընտանիքում։ Հայկական ծագմամբ այս բրիտանուհու կարիերան սկսել է դեռ Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին, որտեղ նա զբաղվում էր բուհին կից Footlights  թատերական ակումբի նախագծերով, իսկ ավելի ուշ նա դառնում է այդ ակումբի  նախագահը։ 1990-ականներին երիտասարդ հայուհին հրավեր է ստանում աշխատելու BBC-ում՝ որպես փաստագրական հեռուստատեսային ֆիլմերի պրոդյուսեր։

1997-ին Սեգաչյանը միանում է բրիտանական Heyday Films պրոդյուսերական ընկերությանը, որտեղ էլ սկսում է նաեւ որպես պրոդյուսեր աշխատել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։

«Թերթում հոդված կարդացի կախարդտղայի մասին պատմող գրքի մասին։ Սյուժեն ինձ շատ հետաքրքրեց։  Ուստի կապվեցի գրող Ջոան Ռոուլինգի գործակալի հետ ու առաջարկեցի հանդիպել», – The Guardianին տված հարցազրույցներից մեկում պատմում է Տանյա Սեգաչյանը։

2001-ին էկրան է բարձրանում Փոթերի մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» խորագրով, որտեղ գլխավոր պրոդյուսերի դերում հանդես էգալիս Տանյան։Ֆիլմն անսպասելի մեծ հաջողություն է ունենում եւ պրոդյուսերական ընկերությունը՝  Սեգաչյանի գլխավորությամբ, շարունակում է ֆիլմի մյուս մասերի նկարահանումները, որոնք բոլորն էլ համախշարհային հռչակ են ձեռք բերում։

Մեկ տարի անց տեղի է ունենում «Հարիի Փոթերը եւ գաղտնի սենյակը» ֆիլմի պրեմիերան, իսկ 2004-ին էկրան է բարձրանում՝ «Հարրի Փոթերը եւ Ազկաբանի բանտարկյալը», 2005-ին՝  «Հարիի Փոթերը եւ կրակի գավաթը»։ Այս ֆիլմերից հետո էլ հայազգի բրիտանուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Այս ֆիլմաշարին զուգահեռ Սեգաչյանը՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր Պավել Պավլիկովսկու հետ ստեղծում է «Իմ սիրո ամառը» (2004) ֆիլմը։ 16-ամյա աղջկա մասին պատմող այս ֆիլմը մի շարք կինոմրցանակների է արժանանում, իսկ 2005 թվականին ճանաչվում է «Լավագույն բրիտանական ֆիլմ»՝ Կիոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից։

2010-ին Սեգաչյանը գլխավորում է Բրիտանական կինոյի խորհրդի զարգացման հիմնադրամը, սակայն հետագայում այն միավորվում է Կինոյի բրիտանական ինստիտուտի հետ եւ նա թողնում է պաշտոնը։

Ներկայումս Տանյա Սեգաչյանը շարունակում էզբաղվել պրոդյուսերական աշխատանքով ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում։