28232942_1564430550261561_266923513_nՀայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ռակուրս» ֆիլմարտադրող ընկերության, «AP cinema» կազմակերպության հետ համատեղ  դեռ 2014 թվականից նկարահանվող «Երկար վերադարձ» խաղարկային ֆիլմի ստեղծողներն ամեն բան անում են, որ 2018 թվականին այն մեծ էկրան բարձրանա:Ռեժիսորն անհամբեր է, դերասանները՝ նույնպես: Ուզում են ավարտուն տեսնել ֆիլմը, որքան շուտ՝ այնքան լավ:

Կինոնկարը պատմություն է պատերազմի դրամատիկ իրադարձությունների կիզակետում հայտնված մի կնոջ մասին, որին անարգում են, սպանում երկու երեխաներին, իսկ կինը՝ Սոնան վշտից ու ցասումից դառնում է վրիժառու։ Կիսախելագար կնոջ պատմությունն այնքան է հուզում պատերազմը վավերագրած Շավարշ Վարդանյանին, որ նա որոշում է Սոնայի պատմությունը դարձնել  լիամետրաժ ֆիլմ:

Ֆիլմի աշխատանքներից kinoashkharh.lc-ը զրուցել է  ռեժիսոր Շավարշ Վարդանյանի հետ։ «Սա իրական պատմություն է,- ասում է ռեժիսորը,- Սոնայի մեջ կոտրվել էր ամեն բան, բայց ֆրանսիացի բժշկի հայտնվելը վերափոխում է նրան: Սոնան շատ ծանր վիրավորվում է, սակայն բժշկին հաջողվում է փրկել նրա կյանքը»։ Պատերազմը ֆիլմում երկրորդ պլանում է։ Առաջին գծում մարդկային կյանքերը, հարաբերություններն ու  նրանց կրած դժբախտություններն են։ Բուն պատերազմը, ռեժիսորի խոսքերով, ֆիլմում հայտնվում ու անհետանում է մերթընդմերթ։ Պատերազմի թեմային անդրադառնալը Շավարշ Վարդանյանի  համար անսովոր չէր, քանի որ անձամբ մասնակցելով պատերազմին  բավականին հարուստ արխիվ ունի: Ֆիլմի էպիզոդներում օգտագործվել են հենց իրական կադրեր, որոնք ռեժիսորը նկարահանել է պատերազմի տարիներին:

28512420_1570479879656628_2060798396_n«Սկզբից ընտրեցինք գլխավոր դերակատարին Բուլղարիայից, շատ համապատասխանում էր կերպարին: Հետո այնպես ստացվեց, որ Ադրբեջանի կառավարության կողմից ճնշումներ եղան բուլղարական կողմի վրա, ինչի  հետևանքով էլ նրանք  հրաժարվեցին ֆինանսավորել ֆիլմը»,- պատմում է նա: Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Նարինե Գրիգորյանը։ Ըստ  ռեժիսորի, նրա խաղը փայլուն է: Նա բարձր մակարդակի դերասանուհի է, որն ունի մեծ դիապազոն և կարողանում է խոչընդոտներ հաղթահարել: Գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է Շանթ Հովհաննիսյանը. «Նրա կարողությունները բոլորս գիտենք, հոյակապ դերակատարում ունեցավ ֆիլմում»: Շանթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆիլմի սցենարն իրեն միանգամից է գրավել․ «Կերպարս Շահեն Մեղրյանի նախատիպն է,  հրամանատար, ով կյանքի գնով պահեց այդ տարածքի հողը»: «Լավ հիշողություններ ունեմ կապված ֆիլմի հետ, և շատ կուզեմ, որ ֆիլմն ի վերջո հասնի դիտողին: Ես ընդամենը առանձին հատվածներ եմ նայել, բավականին խորը կադրեր կային, իսկ ինչպիսին կլինի վերնջանակ ասելիքը, ինձ էլ  է շատ հետաքրքիր»,- անկեղծացավ դերասանը:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռևս 2014 թվականին:  Ամեն տարի ֆիլմից մի հատված է նկարվել՝ ելնելով ֆինանսական հնարավորություններից: Այս պահին, նկարահանումները հիմնականում ավարտված են, մնացել է մոնտաժային փուլը: «Ֆիլմը չենք կարողանում ավարտին հասցնել ֆինանսների սղության պատճառով։ Ֆիլմի պրոդյուսեր և երկրորդ ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանը ներկայումս փորձում է լուծել խնդիրը: Սպասողական վիճակ է»,- ասաց Շավարշ Վարդանյանը: Ֆիլմն ավարտին հասցնելու համար 50 հազար դոլար է անհրաժեշտ:

Անի Մնացականյան


Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը»՝ տարվա լավագույն եվրոպական ֆիլմ

Դեկտեմբերի 15-ին՝ Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամից բաղկացած ժյուրին Սևիլիայում հատարարեց տարվա հաղթողներին: Ինչպես նշված է կինոակադեմիայի պաշտոնական EFA կայքում, 2018 թվականի...

|15 Դեկտեմբեր 2018,14:22