Արգենտինացի հանրահայտ արվեստագետ Գիերմո Կուիտկան 2014 թվականի հոկտեմբերին հրավիրվել էր Փարիզ` կազմակերպելու ժամանակակից արվեստի Cartier հիմնադրամի հոբելյանական ցուցահանդեսներից մեկը: Հիմնադրամի հավաքածուն, որն այդ տարի նշում էր ստեղծման երեսունամյակը, իր մեջ ներառում է հարյուրավոր աշխարհահռչակ արվեստագետների անուններ, որոնցից Գիերմո Կուիտկան ընտրել էր մի քանիսը` Ֆրանսիս Բեկոն, Դեվիդ Լինչ, Փեթի Սմիթ, Տարսիլա դո Ամարալ և Արտավազդ Փելեշյան: Հայազգի կինոռեժիսորի «Բնիկներ» ֆիլմը այնքան էր տպավորել արգենտինացի արվեստագետին, որ ողջ ցուցահանդեսը ստացավ «Բնիկներ» խորագիրը:

Ամիսներ շարունակ Cartier հիմնադրամի ցուցասրահում, որն ի դեպ նախագծվել է հանրահայտ ճարտարապետ Ժան Նուվելի կողմից, հսկայական էկրանի վրա անդադար ցուցադրվում էր «Բնիկներ» ֆիլմը` ցնցելով կենտրոնի հազարավոր այցելուներին: Ցուցահանդեսի ունեցած մեծ հաջողությունից երեք տարի տարի անց, Գիերմո Կուիտկան որոշեց շարունակել միտքը, արդեն իր հարազատ հողում` Արգենտինայում: 2017 թվականի հոկտեմբերին Բուենոս Այրեսում բացվեց «Այցելուներ» խորագիրը կրող ցուցահանդեսը` որպես «Բնիկների» բանական շարունակություն: Այս անգամ ներկայացված են Cartier հիմնադրամի հավաքածուի շուրջ 23 արվեստագետ և հինգ հարյուր արվեստանմուշ: Նոբույոշի Առակի, Ուիլլիամ Էգլսթոն, Սեյդու Կեյտա, Փեթի Սմիթ, Ֆրանչեսկա Վուդման, ինչպես նաև Դեվիդ Լինչ, Ռեյմոն Դեպարդոն, Նան Գոլդին, Անյես Վարդա, Դայդո Մորիյամա և իհարկե` Արտավազդ Փելեշյան:

Մեծածավալ այս ցուցահանդեսը կազմակերպվել է Արգենտինայում Ֆրանսիայի դեսպանատան և «Institut français»–ի կողմից: «Buenos Aires Times» թերթին տրված հարցազրույցում, Գիերմո Կուիտկան խոստովանում է, որ կուրատոր չէ, այլ` արվեստագետ, և ցուցահանդեսի կազմակերպման ժամանակ փորձել է հետաքրքիր կապ ստեղծել հավաքածուի նմուշների միջև, ինքնատիպ քննարկում ծավալել Cartier հիմնադրամի պատմության շուրջ:

«Այցելուներ» ցուցահանդեսը կարելի է տեսնել Բուենոս Այրեսի Kirchner Cultural Centre-ում, մինչև 2018 թվականի մայիսի 28-ը:

Լիլիթ Սոխակյան
Փարիզ