«Մարդն «Օլիմպոսից»
Այս վերնագիրը հորինել է Դմիտրի Կեսայանցը: 1974-ին նա մի ֆիլմ նկարահանեց, որի հերոսը՝ երիտասարդ, ստեղծագործական երևակայությամբ օժտված դերձակը, մշտական կոնֆլիկտների մեջ է շրջապատի հետ: Ճիշտ է, «Օլիմպոս» բառն այդ ֆիլմում վերցված էր չակերտների մեջ, որովհետև այդպես էր կոչվում նորաձևության սրահը: Բայց առանց հավելյալ բացատրության էլ պարզ էր, որ ռեժիսորն ակնարկում է իրականությունից վեր ճախրող հոգու մասին:
Ֆիլմերը հեղինակների դիմանկարներն են, ինչպես ցանկացած ստեղծագործություն: Դմիտրի Կեսայանցը հաճախ մնում էր չհասկացված: Ժամանակն ու ինքը միշտ էլ կոնֆլիկտի մեջ էին: Այդպես էր սկսվել նրա կենսագրությունը:
Այս տարվա (2001 թ.) գարնանը նա մահացավ: Աննկատ՝ դարձել էր յոթանասուն տարեկան և ամեն հանդիպելիս հարցնում էր.
«Մի՞թե ես չեմ նկարահանելու իմ վերջին ֆիլմը»:
Այս հարցը տալիս էր ամոթխած ժպիտով, առանց սենտիմենտալ կամ հանդիսավոր շեշտերի: Նրա դեբյուտը՝ 1962-ին նկարահանված «Տերն ու ծառան», վաղուց արդեն հայ կինոյի դասական նմուշներից է և անթիվ անգամներ դիտելիս ու հիանալիս մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ այդ չծերացող ֆիլմի հեղինակը եղել է հազիվ երեսուն տարեկան մի երիտասարդ:
60-ականների նոր գեղարվեստական մտածողության պատմությունը (իհարկե, կինոյի մասին խոսելիս) մենք սովորաբար սկսում ենք երկու հանգուցային ստեղծագործություններից՝ «Բարև, ես եմ» ու «Եռանկյունի», երբեմն մոռանալով, որ զարթոնքի «առաջին ծիծեռնակները» եղել են «Տժվժիկն» ու «Տերն ու ծառան»:
Երկու փայլուն սկիզբ՝ երկու ընդհատված շարունակությամբ: «Տժվժիկից» հետո սկսվում ու կեսից փակվում է Արման Մանարյանի լիամետրաժ ֆիլմը՝ «Արտիստը»: Դմիտրի Կեսայանցը նույն ճանապարհն է կրկնում. նրա «Ավդոյի ավտոմեքենան» դառնում է իսկական սկանդալ, որովհետև երիտասարդ ռեժիսորը համարձակվել էր երգիծական հայացքով դիտել 20-ական թվականների սկիզբը:
«Անմեղ» հեքիաթից հետո՝ հույժ «մեղավոր» երգիծանք: Սրա արմատները խորն էին: Կեսայանցն աքսորականների ընտանիքից էր: Նրա իսկական, հոգու բոլոր մասնիկներով ապրված ֆիլմը՝ ապրանքատար գնացքներով սիբիրներ «գործուղվելու» մասին, այդպես էլ չնկարահանվեց: 60-70-ականներին դեռևս շուտ էր: 80-ականների վերջին և 90-ականներին դարձավ ուշ:
Այդ ֆիլմի փոխարեն նկարահանվեցին ուրիշները, ոչ միշտ՝ ռեժիսորի ճշմարիտ «ես»-ին հարազատ, երբեմն էլ նրա տաղանդի ու ներքնաշխարհի, ժամանակի հետ ունեցած հարաբերությունների ծնունդ՝ «Չախ-չախ թագավորը», «Զինվորն ու փիղը», «Ավտոմեքենան տանիքի վրա», «Անիծվածները»…
Վերջին, այդպես էլ չնկարահանված ֆիլմի համար ընտրել էր Գուրգեն Խանջյանի վիպակը:
Ուներ բողոք ու երազանք:
Երևի մենք գտանք 60-ականների ռոմանտիզմից մինչև դարավերջի տվայտանքները հասած Դմիտրի Կեսայանցի կինոն և անձը ինչ-որ չափով մեկնաբանող երկու բառ, որոնք համադրվում ու բախվում են, հրում ու անհանգստացնում միմյանց, լույս ու ստվերի պես քայլում անբաժան, արվեստագետի մշտական բողոքը և արվեստագետի չմեռնող երազանքը:
Իրոք սա էր Դիման:
Իսկ սա էլ՝ նրա գիրը:
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
2001 թվական