Հայաստանում նկարահանվում է իրանական «Մոսադարե» ֆիլմը
Իրանցի դերասան, ռեժիսոր Մեհրան Ահմադին նկարահանում է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Այն տրագիկոմեդիա է. արծարծում է արտագաղթի խնդիրը: Իրանցի ընտանիքը քաղաքական փոփոխությունների՝ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության պատճառով ստիպված է լինում թողնել հայրնեիքն ու հեռանալ ԱՄՆ։ Պայմանական «Մոսադարե» («Առևանգում») վերնագրով ֆիլմի նկարահանումների որոշ հատվածն այս օրերին կատարվում է Հայաստանում. նրարահանումներ են տեղի ունենում Երևանում ու Գյուրիում։ Ֆիլմի այդ հատվածներում ներկայացվում է հերոսների կյանքի ամերիկյան փուլը։ Էպիզոդներում նկարահանվել են նաև հայ դերասանուհիներ Լուսինե Կիրակոսյանը, Միլենա Վարդանյանը. զանգվածային տեսարանները ևս մեր տեղացիների ուժերով են ստացվել։ kinoashkharh.lc-ի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում կինոնկարի ստեղծագործական մասի երկու պատասխանատուները՝ գլխավոր ռեժիսոր Մեհրան Ահմադին և երկրորդ ռեժիսոր Ռուզբեհ Սաջջադին մանրամասներ են ներկայացրել ֆիլմի նկարահանման ընթացքի, հետարտադրական ճանապարհի ու հեռանկարների մասին։
Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Մեհրան Ահմադիին, որը մինչ այս կարճ ֆիլմեր է նկարել, նաև հանդես է եկել՝ որպես երկրորդ ռեժիսոր, հեռուստաֆիլմերի պատրաստող։ Ահմադին ավելի շատ հայտնի է որպես դերասան։
-Պարոն Ահմադի, յուրաքանչյուր ստեղծագործություն՝ կլինի ֆիլմ, գիրք, երաժշտություն, որոշակի նպատակ, ուղերձ, ասելիք ունի. այս առումով ի՞նչ կասեք Ձեր ֆիլմի մասին։
-Ինձ համար հիմա ամենակարևորը ֆիլմս հավաքել-ի մի բերելն է, այսինքն՝ վերջնարդյունքին հասնելը: Այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ է ստացվել, իսկ իմ նպատակն ի սկզբանե մարդու ինքնության մասին ֆիլմ ստեղծելն է։ Իսկ ինքնությունը ժամանակակից մեծ աշխարհի դժվարագույն խնդիրներից մեկն է։ Ինքնություն ասվածը մեր օրերում կորչում է, անհետանում, իր գույնը կորցնում։ Միևնույն ցավը համախմբում է մարդկանց։ Եթե ես ու դու նույն լեզվով ենք խոսում, դեռ չի նշանակում, թե մենք նույն բանն ենք զգում, իսկ եթե ես ու դու նույն ցավն ենք ապրում, ուրեմն մենք նույնն ենք զգում։
-Ձեր ֆիլմը ներքի՞ն սպառման համար է, թե Ձեր բարձրացրած խնդիրները կհասկանան նաև ուրիշ ազգեր։ Դուք հիմա նկրահանումներ եք անում մի երկրում, որտեղ արտագաղթի խնդիր կա։
-Հայերն ու իրանցիներս շատ նմանություններ ունենք՝ թե՛ մշակութային, թե՛ արտագաղթի, թե՛ այլ ընդհանրություններով պայմանավորված։ Այս ցավը մեր ժողովուրդներին ավելի է մոտեցնում, մենք իրար լավ կհասկանանք և ոչ միայն մենք. այլ ժողովուրդներ ևս կհասկանան ֆիլմում բարձրացված հարցերը, որովհետև արտագաղթի խնդիրը շատերի համար է մտահոգիչ։ Բայց քանի որ ժանրը տրագիկոմեդիա է, որը պարսկերենով կոչվում է սև հումոր, հետևաբար, կարծում եմ, արտագաղթի ծանր ու անհանգստացնող թեման ավելի հեշտ կընկալվի։ Եվ հենց դա կարող է լինել այս ֆիլմի յուրահատկություններից մեկը։ Քանի որ մարդիկ այսօր ավելի շատ հումորային ֆիլմեր են նախընտրում, ուրեմն, և մենք կունենանք բավականին մեծ հանդիսատես։
-Այսինքն՝ «Մոսադարեն» բարձրացնում է համամարդկային թեմաներ։
-Կրոնը, լեզուն չեն կարևորվում այս ֆիլմում։ Համընդհանուր ցավն է կարևորվում։ Մի կերպար ունենք, որն ասում է. «Սահմանները շատ լուրջ մի ընդունիր»։
-Եվրոպական, ամերիկյան թեմաներն այսօր մի տեսակ սպառել են իրենց, ու մարդիկ անսովոր, բացառիկ, յուրօրինակ թեմաների են նախապատվություն տալիս, ուզում են նոր բան տեսնել էկրաններին, նոր զգացողություններ ու հույզեր ունենալ։ Իսկ անսովոր թեմաներ կարող են առաջարկել ազգային ինքնություն, շեշտված նկարագիր ունեցող ազգերը։
-Այս ֆիլմն իրանական կինո է։ Ու առաջին հերթին իրանցիները պետք է դիտեն այն ու իրենց տեսնեն այնտեղ. ապա թե ոչ, կապն իմ ֆիլմի հետ չի ստացվի։ Ֆիլմն իրանական ինքնությունն է վերծանում։ Ես հավատացած եմ, որ անգամ Ամերիկայում օտար հանդիսատեսին կարող ես իրանական զգացողություններ փոխանցել։ Մի ամերիկացի կարող է մի իրանցու օգնել՝ առանց նրա լեզուն հասկանալու։ Ես այդ լեզվին ավելի եմ հավատում, քան գոյություն ունեցող այն լեզուներին, որոնցով խոսում են տարբեր ազգերը։
-Ե՞րբ եք նախատեսել ավարտել նկարահանումները, և ֆիլմը ե՞րբ կբարձրանա էկրան։
– Հայաստանյան հատվածը նոյեմբերին կավարտենք, հետո կշարունակվեն Պարսկաստանում, շատ հնարավոր է նաև Ուկրաինայում։ Նպատակ ունենք, որ ֆիլմը կմասնակցի Իրանի միջազգային «Ֆաջր» փառատոնին։ Ի դեպ, այդ փառատոնին հայկական ֆիլմեր էլ են ներկայացվել։
-Իմ ազգային ինքնությամբ հպարտանալով՝ չեմ կարող չհարցնել իրանական կինոյում հայերի դերի մասին, օրինակ՝ Սամվել Խաչիկյանը մեծ ներդրում ունի այդ ասպարեզում։
– Սամվել Խաչիկյանի վերջին ֆիլմում ես խաղացել եմ։ Նա հետո հիվանդացավ ու ստիպված եղավ ֆիլմը կիսատ թողնել. ուրիշ ռեժիսոր շարունակեց այն։ Խաչիկյանն առաջին 10-15 օրը կարողացավ ներկա լինել նկարահանումներին. իրենից հետո ֆիլմը ֆիլմ չեղավ։ Իմ բախտը բերեց, որ ես թեկուզ կարճ ընթացք նրա հետ աշխատելու հնարավորություն ունեցա։ Խաչկյանը մեծ ռեժիսոր էր։
-Իսկ բացի Սամվել Խաչիկյանից, ուրիշ ի՞նչ անուններ կնշեք։
-Հայերը իրանական կինոյում հիմնականում աշխատում են որպես երկրորդ ռեժիսոր: Նրանց մեջ կան մի քանի շատ հայտնի, ազդեցիկ ռեժիսորներ, որոնք հիմա էլ են նրանք աշխատում։ Ընդհանրապես հայերը շատ սիրված ու հարգված են Իրանում։ Հայերն այնտեղ ընկալվում են որպես մաքուր, ազնիվ, խաղաղասեր ժողովորդ։ Նախկինում իրանական կինոյում շատ հայտնի հայ դերասան-դերասանուհիներ էլ են եղել։
-«Մոսադարեն» Հայաստանում կցուցադրվի՞։ Մենք էլ ունենք միջազգային կինոփառատոն՝ «Ոսկե ծիրանը», որը հրաշալի հարթակ կլինի Ձեր ֆիլմի համար։
-Եթե պայմանավորվածություններ ձեռք բերենք, այո, ինչու ոչ։ Մի քիչ էլ առաջ գնանք, կերևա։ Մինչև չավարտեմ ֆիլմը, հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց ես ավելի շատ ուզում եմ, որ իրանական սփյուռքը դիտի այս ֆիլմը։ 10-12 միլիոն պարսիկ կա սփռված ամբողջ աշխարհում։
-Միայն 10-12 միլիոն հայ ամբողջ աշխարհում է սփռված, պարոն Ահմադի։ Այնպես որ Ձեր նշած թվերով ինձ չեք զարմացնի։
-Պարոն Սաջջադի, ֆիլմում ներկայացվում են Իրանի իսլամական հեղափոխությանը հաջորդած ներքաղաքական իրավիճակի հետևանքները. մի ընտանիքի պատմություն։ Ինչպե՞ս են ֆիլմի հերոսները փորձում վերագտնել իրենց ապրելու իրավունքը։
-Ֆիլմը քաղաքական շեշտադրումներ չունի. մեր նպատակը դա չի եղել։ Մի մարդու կյայնքի օրինակով ցույց ենք տալիս, թե ինչպես է մի երկրի քաղաքացին ստիպված թողնում իր հայրենիքն ու տեղափոխվում հազարավոր կմ. հեռու ուրիշ, օտար մի երկիր։ Ֆիլմը ցույց է տալիս հերոսի կյանքի անցումային փուլերը. արտագաղթի հոգեբանական դժվարությունները, թե ինչպիսի սխալ պատկերացումներ են ունենում արտագաղթողներն իրենց հետևում թողած հայրենիքի մասին։ Այդ սխալ համոզմունքներով նրանք տարիներ շարունակ ապրում են օտար հողում՝ պատկերացում չունենալով, որ իրենք հստակ իրավունքներ ունեն իրենց երկրում և կարող են վերադառնալով՝ այդ իրավունքներին տեր կանգնել։
-Իսկ արտագաղթողների՝ նոր երկրում, նոր միջավայրում կրած դժվարություննե՞րը. այն խորթությունը, կարոտը, որ զգում է յուրաքանչյուր էմիգրանտ, ֆիլմում շեշտվա՞ծ է։
-Այո, իհարկե, արտագաղթն այդ ներքին կոնֆլիկտներն անպայման ունի: Մենք փորձել ենք հումորի միջոցով արտագաղթի բացասական, մերժելի լինելը ցույց տալ։ Ինչպես են մարդիկ սխալվում ու շարունակում սխալ ապրել։ Երբ հայերին բռնի ուժով ստիպեցին թողնել իրենց հայրենիքն ու գաղթել Պարսկաստան, նրանք սկսեցին ատել իրենց նոր բնակավայրը։ Նրանք վերաբնակներ էին, որ արմատներով, արյան կանչով իրենց հայրենիքի հետ էին կապված ու իրենց երկիրն էին ձգտում։ Իսկ այս դեպքում մեր հերոսի հայրենիքում տեղի ունեցած քաղաքական բռնարարքներն են ստիպում հեռանալ օտար երկիր։ Օտարության մեջ նա անց է կացնում 25 տարի. 25 տարի հետո վերադառնում է Իրան ու հասկանում, որ իր իմացած սարսափելի պատմությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք սարքովի ու սուտ են։ Տասնամյակներ շարունակ պարուրված լինելով վախով, թե իբր եթե վարադառնան իրենց երկիր, իշխանությունները հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, պարզվում է՝ ուռճացված ու շինծու է։ Իրականում նրանք կարող էին ավելի շուտ վերադառնալ ու իրենց իրավունքներին տեր կանգնել։ Մինչդեռ վախն ու սարսափը սեփական իշխանությունների հանդեպ միշտ հետ է պահել նրանց հայրենիք վերադառնալու մտքից։
-Ինչպե՞ս ստացվեց, որ նկարահանումների մի մասը Հայաստանում կազմակերպվեցին։
– Մենք բավականին պրոֆեսիոնալ խումբ ենք հավաքել, որպեսզի որակյալ ֆիլմ ստանանք: Շատ գոհ ենք հայկական կազմից. մեր համագործակցությունը հրաշալի ստացվեց՝ այստեղ նկարահանումներ կազմակերպելը, մասնագետներ ներգարվվելը։ Ի դեպ, հայ-իրանական համագործակցությունը տեղի է ունեցել դերասանուհի Արինե Սուքիասյանի միջոցով, որը խաղացել է իրանական ֆիլմերում. նրան հաջողվեց ստեղծել այս կապը, որի շնորհիվ ստացվեցին հայաստանյան նկարահանումները, կազմվեցին քասթինգի, ադմինիստրատիվ թիմեր։ Ի դեպ, իրանական ֆիլմերում, որպես կանոն, անպայման որևէ հայ ներգրավված լինում է։ Այս համագործակցությունը կարող է հիմք լինել, որ ֆիլմի առաջին հանդիսատեսները հայերն ու իրանցիները կլինեն. ժամանակը ցույց կտա, թե էկրանային ինչ ճանապարհ կանցնի ֆիլմը։
«Մոսադարե» ֆիլմի ստեղծագործական կազմը երևանյան նկարահանումներից հետո տեղափոխվել է Գյումրի:
Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ