Սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը ծնվել է 1953 թվականին Կալիֆորնիայի հայաշատ քաղաքներից մեկում՝ Ֆրեզնոյում։ Ցեղասպանությունից փրկվածի ժառանգ Սթիվենի հայրն ընտանիքը կերակրելու համար ստիպված է եղել անել ամեն աշխատանք։
Սթիվենը 12 տարեկանում առաջին անգամ գնում է կինո եւ շատ է տպավորվում։ Նա սկսում է աշխատել որպես թերթերի ցրիչ, որպեսզի կարողանա կինոյի տոմս գնել։
Ֆրեզնոյում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Կալիֆորինայի համալսարանի կինոարվեստի ֆակուլտետը, որտեղ էլ սովորում է գրել ֆիլմերի սցենարներ եւ այնքան է հաջողում այդ գործում, որ նրան սկսում են ներգրավել մեծ կինոծրագրերում։
Առաջին ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցեց Սթիվեն Զաիլյանը, «Սարդերի թագավորությունն» էր՝ 1970-ականների վերջին։
Ապա նա մաս կազմեց «Գոտկատեղից ներքեւ» ֆիլմի ստեղծմանը։ «Սոկոլի գործակալները եւ Ձնեմարդը» (1984 թ.) ֆիլմը դարձավ նրա առաջին ինքնուրույն աշխատանքը, որտեղ գլխավոր դերերը ստանձնեցին Շոն Պենը եւ Թիմոթի Հաթթոնը։ Ողջ սցենարը հեղինակել էր Զաիլյանը։ Այն դուր եկավ կինոսեր շրջանակներին եւ հաջող կարիերայի մեկնակետ դարձավ։
1990-ին Զաիլյանն արժանացավ «Օսկարի»՝ «Զարթոնք»-ի սցենարի համար, գլխավոր դերերում էին Ռոբերդ դե Նիրոն եւ Ռոբին Ուիլյամսը։
1993-ին որպես գլխավոր ռեժիսոր նկարահանեց «Բոբբի Ֆիշերին որոնելիս» ֆիլմը։ Դրա համար նա արժանացավ MTV-ի մրցանակի «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։ Տարին Զաիլյանի համար ամենահարուստն էր մրցանակների եւ պարգեւների առումով։
Նրան որպես գլխավոր սցենարիստ հրավիրում են մասնակցելու կինոմատոգրաֆիայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմի ստեղծմանը:
Նա՝ Սթիվեն Սփիլբերգի հետ միասին, ստեղծում է Հոլոքոստից 1100 հրեաների փրկության մասին պատմող այդ կինոնկարը։ Եվ այս սցենարի համար Զաիլյանն արժանանում է միանգամից 5 մրցանակի՝ «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», HUMANITAS-ի, Սցենարիստների ասոցիացիայի եւ Ամերիկյան գրողների գիլդիայի պարգեւներին։ Ավելին, նա ճանաչվում է նաեւ Տարվա սցենարիստ։
1998-ին նա կրկին որպես գլխավոր ռեժիսոր նկարահանում է «Առաքելությունն անհնար է կատարել» կինոնկարը՝ Ջոն Տրավոլտայի մասնակցուծթյամբ։ Սրա համար էլ նա ստանում է Ամերիկյան գրողների գիլդիայի հերթական մրցանակը։
Հետագայում էլ Զաիլյանը սցենարներ է գրում այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Հաննիբալը», «Փրկել շարքային Ռայանին», «Նյու Յորքի բանդաները», «Վիշապի դաջվածքով աղջիկը»։
Մեծանուն ռեժիսոր եւ սցենարիստ Զաիլյանն այժմ կնոջ՝ Էլիզաբեթի եւ երկու որդիների հետ ապրում է ԱՄՆ-ում։