Անահիտ Աբադ․«Հայաստանում միտքս ծաղկում է, երևակայությունս՝ ճախրում»
Արցախյան արմատներով (Գանձակից) իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» (աշխատանքային անվանումը՝ «Քարվաճառ») հայ-իրանական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Երևանում։ «Եվա»-ն ռեժիսորի նկարած առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է Հայաստանում։ Մինչ այդ էլ Անահիտ Աբադը մասնակցել է Հայաստանում և Իրանում նկարահանված տարբեր կինոնախագծերի։ Ռեժիսորի առաջին հանդիպումը կինոյի հետ շատ վաղ է տեղի ունեցել։ Անահիտը դեռ 14-15 տարեկանում կինոյի մասին հոդվածներ է գրել Իրանի հայկական «Ալիք» թերթում։ Սակայն, իրական կինոյի հետ կապը և տեսախցիկի հետ աշխատանքը սկսվել է ուսանողության շրջանում՝ 1992 թվականից։ Մինչև երևանյան պրեմիերան Անահիտ Աբադը kinoashkharh.lc-ի հետ զրուցեց իր նոր ֆիլմի, հայկական ու իրանական կինոառընչությունների, Իրան-Հայաստան համատեղ կինոարտադրության հնարավոր զարգացումների ու հեռանկարների մասին։
– Ինչպե՞ս հայտնվեցիք կինոյում։ Կպատմե՞ք ձեր առաջին ֆիլմից։
– Առաջինը «Տավարիշն» է եղել, բայց ես այդ ֆիլմի ստեղծագործական խմբում չեմ եղել, մասնակցել եմ միայն կազմակերպչական գործին։ Ավելի ուշ, 1992 թվականին, երբ դեռ ուսանում էի Իրանի կինոյի և թատրոնի համալսարանի կինոռեժիսուրայի բաժնում, ինձ առաջարկվեց աշխատել Ալի Ռեզա Դահուդնեժադի Հայաստանում նկարահանվող «Զինաթափում» ֆիլմի երկրորդ ռեժիսոր։ «Զինաթափումը» իմ մասնագիտական կյանքում շատ մեծ նշանակություն է ունեցել, քանզի լինելով դեռևս ուսանող հայտնվեցի մեծ պատասխանատվության տակ։ Այդպիսով սկսվեց իմ արհեստավարժ կյանքը: Համալսարանն ավարտեցի և տևական ժամանակ աշխատեցի որպես երկրորդ ռեժիսոր, որպեսզի փորձ կուտակեմ ու հմտանամ ընտրածս գործում։
– Իրանում ձեր մասնակցությամբ ի՞նչ ֆիլմեր են նկարվել։
– Մի շարք մեծ ու փոքր նախագծերում աշխատել եմ որպես երկրորդ ռեժիսոր, տնօրեն և արտադրող, բացի դրանից նկարահանել եմ վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր հայկական թեմաներով՝«Իմ մանկապարտեզը», «Իմ մանկությունը», «Իրանահայերի դերն իրանական կինոյի պատմության մեջ», «Հին Ջուղան և ջուղայեցիները», «Իրանահայությունը» և այլն։ Դրանց հաջորդել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ, վավերագրական կինոնախագծեր, որոնց վերնագրերը նույնիսկ չեմ հիշում:
– Ինչպե՞ս ծնվեց «Եվայի» գաղափարը։
– Գիտեք՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ… 1999 թվականին լուսահոգի ճարտարապետ, պրոֆեսոր Արմեն Հախնազարյանի հրավերով սկսեցի աշխատել «Արցախի պատմական հուշարձանները» վավերագրական ֆիլմում։ Առաջին անգամ էր, որ ես Արցախում էի: Նկարում էի Արցախի պատմական հուշարձանները, և ֆիլմն ամբողջական վավերագրություն և հարուստ արխիվային նյութ դարձավ։ Հրաշալի կինոնկար ստացվեց, որից օգտվում են գրեթե բոլոր տեղական ու արտասահմանյան հեռուստատեսությունները։
-Փաստորեն 1999 թ․դուք առաջին անգամ էիք Արցախում։
– Այո, առաջին անգամ երբ հայտնվեցի Արցախում և սկսեցի աշխատել «Արցախի պատմական հուշարձանները» ֆիլմի վրա, հենց այնտեղ էլ մի նոր ու համառ գաղափար սկսեց ինձ հետապնդել։ Նկարահանումների ամբողջ ընթացքում այն ուղեկցում էր ինձ ու կարծես պարտադրում՝ «մի մոռացի՜ր ինձ…»։ Վերջապես, 2014 թվականին սցենար դարձած գաղափարն արդեն հնարավոր եղավ կյանքի կոչել։
-2014-ի՞ն էր:
– Այո, 2014 թվականին Իրանում ստացա ֆիլմի արտադրության պաշտոնական արտոնությունը և սկսեցի լրջորեն աշխատել: Կինոնախագիծը ֆինանսավորվում էր Իրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամից։ Ֆիլմի պաշտոնական ու գլխավոր պրոդյուսերը Թաղի Ալիղուլիզադեն է։ Ինչպես Հայաստանում Կինոկենտրոնի մասնակցությունը որևէ նախագծում շոշափելի ու կարևոր նշանակություն ունի, այդպես էլ Իրանում՝ «Ֆարաբի» հիմնադրամի մասնակցությունը։
Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…
https://www.youtube.com/watch?v=qKLq6X9vS0s&feature=youtu.be
– Ասացիք, որ նախնական տարբերակով նկարահանումները պրոդյուսերի առաջարկով պիտի կատարվեին Իրանի և Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում։
– Այո, փորձեցինք, բայց, ցավոք, այնտեղ ես չգտա այն, ինչ պիտի նկարեի։ Վերադարձա ու պնդեցի, որ ֆիլմը Արցախում պիտի նկարեմ։ Այդ պարագայում առաջանում էր հայկական կողմի մասնակցության ապահովման խնդիրը։ Դիմեցի այն ժամանակվա մշակույթի նախարարին, Ազգային կինոկենտրոնին, անհատ ձեռներեցների: Եվ վերջապես հնարավորություն ստեղծվեց կապվելու առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Նախագիծն հավանության արժանացավ և երկրի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ ապահովվեց Հայաստանի մասնակցության բյուջեն՝ 150 հազար դոլար: Ազգային կինոկենտրոնը, որպես հայկական կողմի ներկայացուցիչ, պայմանագիր կնքեց և գործընթացն սկսվեց:
– Գո՞հ եք նկարահանումների ընթացքից։
– Շատ դժվար նկարվեց:
– Ինչո՞ւ։
– Ֆիլմի նկարահանումներն ամբողջությամբ կատարվել են Արցախում։ Այս առումով տեղում կազմակերպչական փորձի մեծ պակաս կար։ Բացի այդ, տեխնիկական անձնակազմը, այսպես ասած՝ խցիկի թիկունքի մասնագետները՝ օպերատոր, նկարիչ, ձայնագրող օպերատոր, բերեցինք Իրանից, քանի որ նրանց հետ աշխատելու երկարամյա փորձ ունեի։ Իսկ ֆիլմի դերասանական կազմն ու կազմակերպչական խումբը Արցախից էին: Այսինքն իրանցիներն ու հայերը սկսեցին միասին աշխատել։ Այդ պրոցեսը անհրաժեշտ էր կազմակերպել այնքան սահուն ու անխափան, որ չտուժեր ֆիլմի որակը։ Ասեմ, որ դերասանների լավ կազմ ունեցանք․ գլխավոր դերակատարը Նարինե Գրիգորյան է, նաև Մարջան Ավետիսյան, Ռոզի Ավետիսովա, Շանթ Հովհաննիսյան, Տիգրան Դավթյան, Սերգեյ Թովմասյան, Մարատ Դավթյան և այլոք։Կարծում եմ ֆիլմը ստացվեց, գնահատականը թողնենք հանդիսատեսին։ Բայց ուրախ եմ, որ դիմակայեցի ամեն ինչին, արժեր նկարել:
-Ֆիլմը ե՞րբ հասանելի կդառնա հայ ու իրանցի հանդիսատեսին:
-Ի սկզբանե, պրոդյուսերի հետ պայմանավորվածություն ունեինք, որ ֆիլմի փակ դիտում անցկացվի Երևանում։ Սակայն, չստացվեց։ Հիմա արդեն կինոնկարի պրեմիերան կկայանա միաժամանակ՝ Իրանում և Հայաստանում սեպտեմբերին։ Բայց, նշեմ, որ «Եվան» արդեն իսկ ներկայացվել է երկու՝ Կաննի և «Ֆաջր» կինոփառատոների կինոշուկաներում։ Կաննում արտասահմանցիների համար կազմակերպվեց ֆիլմի հանդիսավոր դիտում։
-Խոսենք իրանահայ ռեժիսորների մասին։
– Իրանի կինոն ամբողջապես հիմնված է հայ մասնագետների, արվեստագետների, ռեժիսորների վրա: Իրանի առաջին ռեժիսորը հայազգի Ավանես Օհանյանցն է։ Նա է նկարել Իրանի առաջին երկու ֆիլմերը: Օհանյանցը իրանական կինոյի հիմնադիրն է․ նա հիմնել է առաջին կինոդպրոցը, դրել իրանական ռեժիսուրայի հիմքերը, հայտնաբերել է Իրանի առաջին դերասաններին, ստեղծել առաջին նկարահանման տարածքները, գտել առաջին կեղծ կատարողներին, այլևայլ շատ բաների առաջին ստեղծողն է Օհանյանցը: Նույնիսկ Իրանի առաջին կինոթատրոններն են հայերը հիմնել նախքան Օհանյանցը: Առաջին կինոսփռման խցիկներն են հայերը Իրան բերել:
Ընդհանրապես, հայերի դերակատարությունը մեծ է առաջին կինոթատրոնների ստեղծման և տարածման մեջ։ Հայերը ոչ միայն Թեհրանում են հիմնել կինթատրոններ, այլև Մաշադում, Սարիում, Անզալիում, Սպահանում և այլուր: Պարսիկ ընկերներ ունեմ, մասնագետներ, որոնք ասում են՝ եթե այսօր Իրանի կինոն այսքան շքեղ պալատ է, պատճառն այն է, որ հիմքերը դրել են հայերը:
-Կարո՞ղ ենք ասել, որ իրանցիները խանդով չեն վերաբերվում նրան, որ իրանական կինոյի ակունքներում հայերն են կանգնած։
-Ոչ, Իրանի կինոթանգարանում հայերն իրենց պատվավոր տեղն ունեն: Իրանի կինոթանգարանում ցուցադրվող սակավաթիվ գրքերից մեկը կոչվում է «Իրանահայերի դերը կինոյում», որի համահեղինակներից մեկը ես եմ։
-Իսկ հայ ռեժիսորների նախագծերն այսօր Իրանում ֆինանսավորվո՞ւմ են, այս հարցում խտրականություն կա՞։
-Չէի ասի: Գիտեք, ցավոք սրտի, հետհեղափոխական շրջանում իրանահայ գաղութը նոսրացավ, մեծ թափ ստացավ արտագաղթը։ Եվ արտագաղթեցին այն մարդիկ, որոնք զբաղված էին կինոգործունեությամբ։ Երկրում ավելի ճնշող, վախի ու անապահովության ժամանակներ էին։ Կինոնախագծերի ֆինանսավորման գործը դյուրին չէ, բայց անհնար էլ չէ, վկայությունը իմ այս նոր ֆիլմն է։
-Իսկ Հայաստանի հետ կինոյի ոլորտում համագործակցությունը բավարա՞ր եք համարում։
– 1992 թվականից աշխատում եմ, որպեսզի Իրան-Հայաստան համագործակցությունը ներդաշնակ և սահուն ընթանա. իհարկե, օրենսդրության սահմաններում: Բայց, ցավոք, դեռ չի հաջողվում։ Անհատական նախագծեր են արվում, դրանք շարունակական չեն, ուղղակի մեկանգամյա նախագծեր են։
-Այսինքն, չկա դեռևս այն իրավական դաշտը, որն արդյունավետ համագործակցության հնարավորություններ կապահովի։
– Այո, այդպես է։ Իրանական կողմի հետ պայմանավորվածություն ունեի, որ այս ֆիլմի փակ ցուցադրության շրջանակներում ստորագրվեր կինոյի ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության համաձայնագիր։ Ասեմ, որ իրանական կողմը հետաքրքրված է այդ համագործակցությամբ և, ըստ իս, այդ պայմանագիրը շահեկան կլիներ երկու կողմերի համար էլ։
Իրանն ունի արտադրությունից, սփռումից մինչև միջազգային շուկա դուրս գալու մեծ հնարավորություններ: Տարածաշրջանում ոչ մի երկիր նման հնարավորություններ չունի: Իրանական կինոն կարողացել է կտրել-անցնել մի դժվար ճանապարհ՝ ստեղծելով հարուստ ու հզոր ժամանակակից ազգային կինո։ Իրանական կինոփորձը Հայաստանի համար կարող է ընդօրինակման իրական հիմք հանդիսանալ: Կարծում եմ, Հայաստանի կինոյի զարգացման համար այդպիսին չեն կարող լինել ո՛չ Հոլիվուդը, ո՛չ էլ Բոլիվուդը:
– Ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ։
-Այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի բացումը եղավ «Խասփուշ» ֆիլմով: Ինքը, կարծում եմ, համր կինոյի աշխարհի լավագույն ֆիլմերից մեկն է: Ոչ թե հայկական լավագույն, այլ աշխարհի լավագույն: Այն ոչնչով չի զիջում Էյզենշտեյնի ֆիլմերին: Հպարտություն է՝ «Եռանկյունի», «Մեր մանկության տանգոն», «Նահապետը», «Մենք»… Ո՞րն ասեմ:
Կա հայկական կինո, ունենք Փարաջանով, Փելեշյան… Մի՞թե կա աշխարհում հայկական «Մենքի» նման երկրորդը։ Չկա: Դա ստորագրություն է, դա հայկական է: Դա չի ստեղծել տեխնիկան ու մեծ բյուջեն: Դա ստեղծել է հոգին, արարող միտքը, ստեղծագործ սիրտը: Դա է մեր ճանապարհը, ստեղծել ժամանակակից ազգային կինո՝ պահպանելով մեր ինքնությունը:
-Ձեր ստեղծագործական միտքը Հայաստանո՞ւմ, թե՞ Իրանում է միս ու արյուն ստանում։
– Երկու տեղում էլ արարում եմ, բայց, անկեղծ ասած, Հայաստանում մի տեսակ ավելի լավ եմ զգում, մտածում եմ մյուս ֆիլմս էլ նկարել այստեղ: Մի խոսքով, նոր սցենար եմ գրում: Անշուշտ, նույն կերպ է նաև Իրանում: Չէ որ այնտեղ եմ ծնվել, Թեհրանում եմ ապրում: Սակայն, փաստն այն է, որ այստեղ ինձ լավ եմ զգում, մի բան կա հոգուս խորքում, որ չեմ հասկանում, թե ինչ է: Այստեղ միտքս ծաղկում է, երևակայությունս՝ ճախրում:
Հարցազրույցը՝ Ռ․Բագրատունյանի