Եղած ու չեղած պատմություններ՝ Տարկովսկու, հայերի ու Հայաստանի մասին
Խորհրդային տարիներին Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի` ՎԳԻԿ-ի շրջանավարտները երբեմն գործուղվում էին մյուս հանրապետությունների կինոստուդիաներ: Եվ այնպես է ստացվել, որ Անդրեյ Տարկովսկին իր դիպլոմային աշխատանքը` «Գլանիվն ու ջութակը» (1961) կարճամետրաժը նկարահանելու համար ստեղծագործական խմբի հետ եկել է Երևան: Այս մասին հաճախ եմ լսել` սկսած ուսանողական տարիներից: Սակայն, երբ փորձում էի դիտման ընթացքում «Մոսֆիլմի» արտաադրության այս ֆիլմում ճանաչել Երևանը, բոլորովին հակառակ պատկեր ստացվեց: Օպերատորական արվեստի մեծ վարպետ, իսկ այն ժամանակ տակավին շնորհալի երիտասարդ Վադիմ Յուսովի աշխատանքի շնորհիվ իմպրեսիոնիստական ոճով նկարահանված այս ֆիլմում հին Մոսկվան է: Ավելին, «Մոսկվան կինոյում» կայքում նույնիսկ կարելի է հետևել, թե ինչպես են քաղաքի բնակիչները այս կինոնկարի առանձին կադրերում ճանաչում իրենց մայրաքաղաքի այս կամ այն հատվածը, փողոցը, որը ժամանակի ընթացքում կերպարանափոխվել է կամ գրեթե անհետացել: Ի զարմանս ինձ, ֆիլմում Երևանից հետք անգամ չկար: Ծայրահեղ դեպքում` գուցե մի տեսարանում, ուր խորհրդային տիպի բակերից մեկում եղած շենքերը կառուցված են հայկական տուֆից: Բայց` որ դա Երևանում է, թերևս պնդել չենք կարող…
Մյուս կողմից, բազմիցս, տարբեր մարդկանցից լսված վերոհիշյալ տեղեկությունը հազիվ թե միֆ լինի: Ի դեպ, ինձ հանդիպած վերջին վկայությունը տվել է մեր հեռուստատեսության վետերաններից մեկը` Արտյոմ Մխիթարյանը : Սոնա Մելոյանին տրված իր հարցազրույցում նա մասնավորապես նշել է. «…61 թվականն էր, ես քսան տարեկան էի: Ընկերոջս հետ անցնում էինք «Արմենիա» հյուրանոցի մոտով: Մեզ մի կին կանգնեցրեց: Պարզվեց` «Մոսֆիլմից» է: ՎԳԻԿ-ի մի շրջանավարտ դիպլոմային աշխատանքն է նկարում Երևանում, և նրան շիկահերներ են պետք… Այդ դիպլոմանտն Անդրեյ Տարկովսկին էր, որին այն ժամանակ ոչ ոք չգիտեր, և նա իր առաջին ֆիլմը` «Գլանիվն ու ջութակը» այստեղ էր ստեղծում: Մենք մեկ ամսից ավելի շփվեցինք ու աշխատեցինք, խմբին տանում էինք Հայաստանով մեկ…»: Հիմքեր չունենք կասկածելու, որ եղելություն է ներկայացված:
Սակայն, երբ կարդում էի Սոս Սարգսյանի` Տարկովսկու հետ առնչվող հուշերը , ինձ հետաքրքրող հարցը ձեռք բերեց գրեթե դետեկտիվի նշաններ… Պարզաբանենք. մեր մեծ դերասանի ընկերությունը մեծ կինոռեժիսորի հետ երկար չի տևել, բայց բավական ջերմ է եղել: Այդ մտերմությանը սկիզբ է դրել Սոս Սարգսյանի խաղացած էպիզոդիկ, բայց խիստ կարևոր, էական դերը Տարկովսկու «Սոլյարիս» (1972) գիտաֆանտաստիկ ֆիլմում: Իհարկե, քիչ չի խոսվել այն մասին, որ լեհ ֆանտաստ գրողի վեպում այդ հերոսը`Գիբ-Արիանը հայ չէ, բայց Տարկովսկին որոշել է «Գիբարյան» դարձնելով հայացնել նրան և` անպայման, Սոս Սարգսյանի մարմնավորմամբ:
Իհարկե, ժամանակին հնչել են հարցեր և անգամ, առարկություններ, թե` «ինչ կարիք կար հային տիեզերք ուղարկել…»: Տարկովսկու պատասխանը մեկն է եղել. «Ինձ հայ էր պետք և վերջ»: Իսկ ահա թե ինչ է ասել ռեժիսորը Սոս Սարգսյանին բուն նկարահանումների ժամանակ. «Տիեզերք պետք է դուրս գալ մաքուր ձեռքերով, մաքուր խղճող… Գիբարյանը, ամեն ինչից բացի, հայրենիքն է կարոտում, և մենք փորձել ենք նրան շրջապատել զանազան մանրամասներով, որոնք իրեն Հայաստանն են հիշեցնում, նրա եկեղեցիներն ու բնությունը: Նա նույնիսկ հայկական սիգարետ է վերցրել իր հետ, տիեզերանավի իր սենյակում ձեր «Արին-Բերդն» է…»: Այդ պահին Սոս Սարգսյանը հարցրել է. «Դուք եղե՞լ եք Հայաստանում»: Արտիստին իր իսկ տված հարցը մի տեսակ անպատեհ է թվացել ու վերջինս շփոթվել է նույնիսկ, իսկ Տարկովսկին ժպիտով պատասխանել է. «Չեմ եղել, բայց ընկերներ ունեմ այնտեղ: Սկսե՞նք»:
Այս պատասխանն առնվազն տարօրինակ է թվում: Մի՞թե նրա դիպլոմայինի հետ կապված ողջ պատմությունը հորինված է… Ինչո՛ւ է ասել, որ չի եղել Հայաստանում, բայց` միաժամանակ չուրանալով ընկերներին և նրանց գոյությունը: Սկսեցի պեղել տարատեսակ նյութեր ռուսական կայքերում և ահա թե ինչ գտա. գրականության և արվեստի ռուսաստանյան արխիվում պահպանվում է չորս քննարկման սղագրություն` 200 էջ ընդհանուր ծավալով, ըստ որի ֆիլմի փորձանկարահանումները գեղխորհրդին ցուցադրել են 1960 թ. հուլիսի 20-ին : Ավարտական այս աշխատանքի դիտումն ընթացել է բուռն քննարկումներով: Դիտած նյութերի առնչությամբ մեծ կասկածներ է հայտնել նաև գեղարվեստական ղեկավարը` մանկական ֆիլմերի հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն: Ֆիլմը խորհրդային ոճով մի լավ ջարդել են, պահանջել են կրճատումներ անել, հրաժարվել երկար պլաններից և այլն: Մի խոսքով, «նյարդեր քայքայելուց և իրենց ուժը ցույց տալուց հետո», այնուամենայնիվ, ֆիլմն իջեցրել են արտադրություն: Մնում է ենթադրել, որ այս ամենից հետո առաջարկվել է լրացուցիչ նկարահանումներ անել, որոնք էլ կատարվել են Երևանում, սակայն վերջնականում ֆիլմում տեղ չեն գտել: Ի դեպ, ֆիլմի նկարիչը հայ է` Սավետ Աղոյան: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում եղած «չլինելուն», ապա գուցե իր վրա տեղացող հավանական հարցերից խուսափելու համար է ռեժիսորն այդպես պատասխանել:
Ամեն դեպքում, ըստ երևույթին, այդ ֆիլմով սկիզբ է դրվել ռեժիսորի` հայերի և Հայաստանի հետ կապերին: Նույն այդ 60-ականներին մոսկովյան բոհեմի` մտավորական էլիտայի իսկական հավաքատեղի էր վաղամեռիկ Լևոն Քոչարյանի հյուրընկալ տունը: Շատուշատ գրողների և արվեստագետների հետ միասին այդտեղ սիրում էր գալ և Տարկովսկին, որ բավական մտերմացել էր Լյովայի հետ, ինչպես նրան կոչում էին ընկերները: Վերջինս մեծ ասմունքող, բեմական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանի որդին էր, և ավաղ, հասցրեց նկարել միայն մեկ ֆիլմ` «Մեկը` հազար շանսից» (1968), որտեղ նկարահանվեցին Տարկովսկու կինոաշխարհի բնակիչներ` Նիկոլայ Գրինկոն և Անատոլի Սոլոնիցինը:
Ժամանակին Տարկովսկուն ճանաչած կինոգետ Սուրեն Հասմիկյանը պատմում է, որ այդ օրերին Լյովա Քոչարյանի տանը լինում էր նաև մեկ այլ հետաքրքիր անհատականություն` իրավաբան Ռևիկ Բաբաջանյանը, որի հետ նույնպես մտերմացել էր Տարկովսկին: 70-ականներին Մոսկվայում պաշտոն զբաղեցնող երևելի իրավաբանը, չհամաձայնվելով մասնակից դառնալ խորհրդային իրավական դաշտում կատարվող որոշ գործարքների, փաստորեն դիմադրեց այդ համակարգին և այդպիսով դարձավ նրա զոհերից մեկը` հանիրավի դատապարտվելով… Հասմիկյանի խոսքերով ասած` նա այնքան տաղանդավոր էր և բացառիկ իր ոլորտում, որ նույնիսկ բանտում եղած ժամանակ որոշ գործընկերներ գալիս էին մոտը` խորհրդատվության: Նրան բանտում այցելել է և Տարկովսկին, որ այդ անգամ հատուկ Երևան էր եկել ընկերոջը տեսակցելու և աջակցություն հայտնելու նպատակով: Հետաքրքիր է, որ նա իր այցը հիմնավորելու համար առիթ է հնարել` իր հետ բերելով «Սոլյարիս» ֆիլմը` բանտարկյալներին ցուցադրելու նպատակով: Ընդ որում, երկուսն էլ` թե՛ Հասմիկյանը, թե՛ Տարկովսկին, միմյանց խոստովանել են, որ իրենց «մեղավոր են զգում, որ ոչ մի բանով չկարողացան օգնել» իրենց ընկերոջը…
Հետաքրքրական ևս մի փաստ բերենք. սկզբում Տարկովսկին «Սոլյարիսում» Գիբարյանի դերում ուզում էր նկարել Փարաջանովին, որը պաշտում էր Տարկովսկուն «Իվանի մանկությունը» (1962) տեսնելու օրվանից և, ինչպես հայտնի է, իր հյուրընկալ դռնից ներս չէր թողնում այդ պոետիկ և միաժամանակ ողբերգական կինոնկարը չդիտած մարդկանց: Հետագայում Փարաջանովն ասել է Սոս Սարգսյանին, որ այդ դերը իր «շռայլ նվերն է»…
Հայաստանից դուրս ապրող հայ մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մտերմությունը Տարկովսկու հետ` այդ երկու մեծությունների բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ հիացումը մեկը մյուսի արվեստով, հիրավի, բացառիկ երևույթ են սովորաբար միմյանց տանել չկարողացող հանճարների աշխարհում: Տարկովսկին ասում էր, որ Փարաջանովն «ամեն ինչից արվեստ է ստեղծում, նրա մտահղացման և իրագործման միջև տարբերություն չկա: Հուզականությունն առանց կորուստների, իր մաքուր, նախաստեղծ վիճակում հասնում է ստեղծագործության վերջնական արդյունքին: Այդպիսին է «Նռան գույնը»: Մենք այդպես չենք կարող» : Իսկ Փարաջանովը, որ Տարկովսկուն հանճար անվանելու ոչ մի առիթ բաց չէր թողնում, վերջինիս հիշատակին նվիրեց և իր վերջին ֆիլմը` «Աշուղ Ղարիբը» (1988):
Վերադառնալով Սոս Սարգսյանի հուշերին` արժե առանձնացնել հետևյալը. ռեժիսորը Հայաստան է եկել կնոջ հետ և մնացել է այստեղ մոտ մեկ ամիս: Այդ ժամանակամիջոցում նա է եղել Բագրատ Հովհաննիսյանի առաջին լիամետրաժ ֆիլմի` «Հնձանի» (1973) գեղարվեստական ղեկավարը: Էպիզոդներից մեկի նկարահանման ժամանակ, երբ պատերազմում անհետ կորած հերոսը հանկարծ վերադառնում է, նրա քրոջ դերակատար Գալյա Նովենցին Տարկովսկին ասում է. «Գա՛լյա, հենց եղբորդ տեսնես, կնստես քո կանգնած տեղում, կսահես, կիջնես գետնի վրա…»: «Բա ընդառաջ չվազե՞մ», – զարմացել էր դերասանուհին, իսկ Տարկովսկին պատասխանել էր. «Ծնկները թուլացած ինչպե՞ս վազել… Հազիվ թե հայուհին տանել կարողանար այդպիսի ուրախությունը»:
Իսկ հանգստյան օրերին նա այցելում էր Հայաստանի տարբեր վայրեր: Հայկական կոնյակն ըմբոշխնելիս կարողանում էր փակ աչքերով համը տարբերել, թե որ տեսակն է… Օգոստոսյան շոգ մի օր Սոս Սարգսյանի հետ հայտնվում են Հրազդանի կիրճում, ջրի շիթի տակ: Եվ Տարկովսկին արտաբերում է. «Բիբլիական աշխարհ է Հայաստանը… Նրա ընդերքում կյանքն է, ես ոտքերով զգում եմ զարկերակը… Դրա համար էլ ձեր հողն ու ջուրն այսքան տաք են…»: Մեկ ուրիշ անգամ, երբ գնացել են Էջմիածին, Տարկովսկին մեծ հիացմունք է ապրել` տեսնելով Մայր տաճարը, Ս.Գայանեն, խաչքարերը… Մոմ է վառել, հարցեր տեղացել: Իսկ վերադարձի ճանապարհին ցնցվել է` ասելով. «Ձեր Հռիփսիմեն հրաշք է»:
Այդ օրերին լույս էր ընծայվել Գրիգոր Նարեկացու ռուսերեն` Նաում Գրեբնյովի թարգմանությունը: Սկսելով ընթերցել Սոս Սարգսյանի նվիրած այդ գիրքը` Տարկովսկին հիասթափություն է ապրել` նշելով, որ հայկական ոչինչ չկա այդ թարգմանության մեջ, դա ռուսական պոեզիա է, այլ ոչ թե Նարեկացի: Ու խնդրել է, որ հայ արտիստը նորից իր համար հայերեն Նարեկացի կարդա: Այնուհետև սկսել է տող առ տող բացատրել, թե ինչն իրեն դուր չի գալիս թարգմանության մեջ` խորապես հիացնելով իր լեզվազգացողությամբ ու գիտելիքներով : Եվ հետո անսպասելիորեն ավելացրել է. «Քեզ մի բան կասեմ, չզարմանաս. Նարեկացին հեթանոս-քրիստոնյա է…»:
Բագրատ Հովհաննիսյանի հետ նույնպես արտասովոր հարաբերություններ էին ձևավորվել: Առաջին լիամետրաժ` «Իվանի մանկությունը» (1962) ֆիլմով համաշխարհային ճանաչման արժանացած Տարկովսկու մոտ հայ կինոռեժիսորն իր մասնագիտական որակավորումն է ստանում` մասնակցելով «Անդրեյ Ռուբլյով» (1967) ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Բարձր գնահատելով Բ.Հովհաննիսյանի անհատականությունը և կարողությունները` Տարկովսկին նրա անունը ֆիլմի լուսագրերում տեղադրում է, ինչպես ինքն է շեշտել «Հայֆիլմ» ստուդիայի ղեկավարությանը հասցեագրված նամակում, ոչ թե որպես պարզապես «ասիստենտ», այլ` «ռեժիսոր-պրակտիկանտ»: Եվ հետագայում էլ անվանի ռեժիսորը հնարավորինս աջակցել է Բ.Հովհաննիսյանին: Վերջինս, ի դեպ, ֆրանսիացի սկեպտիկ գիտնականի էպիզոդիկ դերով հանդես է եկել «Սոլյարիս» ֆիլմում:
Իսկ «Ստալկերի» (1979) նկարահանումների ժամանակ ստաժյոր եղել է Արա Ահարոնյանը, որը հետագայում Տարկովսկու սցենարով «Հայֆիլմ»-ում նկարահանել է «Երազ» (1981) կարճամետրաժ կինոնկարը: Սակայն ինչ-ինչ պատճառներով ռեժիսորը հանել է իր ազգանունը ֆիլմի լուսագրերից:
Տարկովսկու` Հայաստանում եղած ժամանակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցը նկարել էր նրան Գեղարդում: Ասես, աստվածային լույսով ողողված այդ կադրերը, որ ուղղակի պրոյեկտում են էկրանին Տարկովսկու ընդգծված հոգևոր էությունը, տեղ են գտել Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Անդրեյ» ֆիլմում: Տարկովսկին, կարելի է ասել` խորհրդային կինոյի ամենահոգևոր ռեժիսորներից էր, եթե ոչ ամենահոգևորը: Մի մարդ, ով համարում էր, որ «միայն հավատը կարող է մարդուն փրկել», մի ռեժիսոր, ում կինեմատոգրաֆն ասես Կինոավետարան լինի, և ով իր վերջին ֆիլմի` «Զոհաբերության» (1986) նկարահանումներից առաջ ելույթ է ունեցել Լոնդոնի եկեղեցիներից մեկում` խոսելով Հովհաննես առաքյալի «Հայտնության» մասին, ինչ-որ մի հնարով, ճանապարհով, թեկուզև` կարճ ժամանակով, պիտի զգար, տեսներ Հայաստանն ու նրա վանքերը և ճանաչեր նրա մարդկանց:
Պատրաստեց՝ Սիրանույշ Գալստյանը
—————————————————
1. http://progulkino.livejournal.com/69788.html
2. http://golosarmenii.am/article/48000/chelovek–delayushhij-efir
3. http://tarkovskiy.su/texty/vospominania/Sarkisian.html
4. http://www.quitandwin.ru/katok-i-skripka.php
5. Василий Катанян, Параджанов. Цена вечного праздника (Փարաջանով. հավերժական տոնի գինը), Нижний Новгород, 2001, էջ 83:
6. Այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Ավելին, օրինաչափություն պետք է տեսնել Տարկովսկու պահվածքի և իմացության մեջ, քանի որ վերջինիս հայրը` «արծաթե դարի» վերջին պոետ Արսենի Տարկովսկին, նաև հայտնի էր հայ բանաստեղծների` Չարենցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի, Շիրազի, Սահյանի և այլոց փայլուն թարգմանություններով: