Հայաստանը Կաննի 70-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք կինոշուկայում ներկայանալու է երեք կինոնախագծով, որոնցից մեկը «Բարս մեդիայի» «Արշալույսի լուսաբացը» լիամետրաժ վավերագրական-անիմացիոն ֆիլմի նախագիծն է։ Ֆիլմի աշխատանքները, Ավրորա-Արշալույս Մարդիգանյանի մասին ուսումնասիրություններով հանդերձ,  սկսվել են 2014 թվականին։ Ֆինանսական սղության պատճառով ֆիլմի արտադրությունը ժամանակավորապես կանգ է առել։ «Արշալույի լուսաբացն» ունենալու է երկու՝ 90 րոպեանոց կինոթատրոնային և  52 րոպե տևողությամբ հեռուստատեսային տարբերակ։

«Բարս մեդիա» ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ներկայացրել էր «Բանտարկված հոգիներ» կինոնախագիծը՝ ալմանախ՝ կազմված 10 կարճամետրաժ  ֆիլմերից։ Դրանք հիմնված են եղեռնը վերապրողների հուշերի,  պատմությունների, արխիվային հարցազրույցների  վրա։ Կարճ ժամանակ անց Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատվածն առանձնացել ու դարձել է առանձին՝ ավելի ընդլայնված ու խոր ուսումնասիրությունների վրա հիմնված լիամետրաժ ֆիլմի նախագիծ։

avrora8 (2)Կանադայի «Զորյան» ինստիտուտը վերապրողների հետ դեռ նախորդ դարի 80-ականներին արված հարցազրույցների մեծ արխիվ ունի։ Հարցազրույցների շարք ունի նաև ԱՄՆ-ի Armenian film foundation-ը։ Երկու կառույցների հետ էլ «Բարս մեդիա» ընկերությունը համագործակցել է և ձեռք բերել անհրաժեշտ արխիվային հարցազրույցների տեսագրությունները։

«Երբ բացեց այն պահարանը, որտեղ վերապրողների հուշապատումներն էին, այնպիսի զգացողություն ունեցանք, ասես դրանք մոռացվել, փակի տակ են դրվել։ Հենց այդ ժամանակ Վարդան Հովհաննիսյանը մտահղացավ վավերագրական անիմացիայի գաղափարը՝ ժանր, որ այսօր շատ հարգի է ժամանակակից կինոաշխարհում։ Այդ ժանրն էլ հենց օգտագործվեց «Արշալույի լուսաբացը» ֆիլմում»,-ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Իննա Սահակյանը։

«Զորյան» ինստիտուտը 1984-ին հինգ ժամանոց հարցազրույց է արել Արշալույս Մարդիգանյանի հետ։ Այն շատ հետաքրքիր, ուժեղ պատմություն է, որը չես համեմատի ոչ գրքի, ոչ էլ Ավրորայի մասին մինչ այժմ ունեցած մեր տեղեկությունների ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվող նրա ֆիլմի պատառիկների հետ։ Հարցազրույցը նուրբ շերտեր է բացում, որոնք գրքում ներգրավված չեն, քանի որ այն Ավրորան չի գրել. նա միայն պատմել է, իսկ ամերիկացի լրագրողը գրի է առել, խմբագրել ու հրատարակել։ Հարցազրույցում բացահայտվել է Ավրորայի մարդկային հզոր կերպարը, որն էլ առիթ է հանդիսացել, որ նրա մասին ֆիլմն առանձնանա ալմանախից, լինի ծավալուն, խոր աշխատանք։ Ու «Արշալույի լուսաբացն» այսպես ասած՝ առաջ  է ընկել «Բանտարկված հոգիներից»։

avrora9 (2)Ֆիլմը վավերագրություն է, բայց միաժամանակ   մի քանի ժանր է ներառում։ Ավրորան ինքն է ներկայացնում իր անձնական պատմությունը. իրադարաձությունների միջև անցումներն արտահայտվում են անիմացիայի միջոցով։ Անիմացիան միանգամից մի քանի խնդիր է լուծել՝ միմյանց է կապել պատմություններն ու դեպքերը, աչքի համար ավելի հետաքրքիր ու յուրօրինակ  դարձրել ֆիլմը, համ ու հոտն ընդգծել, նոր պատկերների հնարավորություն տվել ու հերոսուհու ներաշխարհը  ներկայացրել։ Անիմացիայի հեղինակը ֆիլմի գլխավոր նկարիչ Հայկ Սայադյանն է։ Ֆիլմում օգտագործվել են նաև Ավրորա-Արշալույս Մարդիգանյանի համր ֆիլմից հատվածներ։ Ընդհանրապես, կինոնկարից փոքր հատված է պահպանվել, ու այդտեղ  էլ հերոսուհին քիչ է երևում։ Պահպանված 20 րոպեում ավելի շատ զանգվածային տեսարաններ են։

Ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը տեղեկացրեց, որ «Բարս Մեդիայի» հետ համագործակցում է գերմանական Gebrueder beetz ընկերությունը։  Ֆիլմը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից, «Հայ-թուրքական պլատֆորմ» նախագծից։ Գերմանական հիմնադրամները ևս խոստացել են ներդրում ունենալ։ Հեղինակներին հնարավորություն է տրվել բախտները փորձել նաև Կաննի կինոշուկայում։

avrora7 (2)«Արշալույսի լուսաբացը» ֆիլմն արտադրական փուլում է.  միայն 30 տոկոսն է պատրաստ, աշխատանքները շարունակելու համար համարտադրողներ ու ներդրումներ են  հարկավոր։ Հեղինակները հույս ունեն, որ Կաննի կինոշուկայում կգտնեն գործընկերներ ու դիստրիբյուտորներ։  Հայտնի է, որ Կաննի կինոշուկան նախապատվությունը տալիս է խաղարկային ֆիլմերին, բայց քանի որ «Արշալույսի լուսաբացը« կինոնախագիծը զուտ վավերագրություն չէ և պարունակում է անիմացիա ու գեղարվեստական ժանրի տարրեր, հեղինակները հույս ունեն, որ այն կհետաքրքրի արտասահմանյան դիստրիբյուտորներին։ Ֆիլմը Կաննում կներկայացվի մայիսի 18-26։  Այդ ընթացքում  հայկական երեք նախագծերի շնորհանդեսները ևս կկազմակերպվեն, այնուհետև կլինեն անհատական հանդիպումներ՝ գործընկերներ գտնելու նպատակով։

Նաիրա Փայտյան