Հայկական կինոյի ոսկե ֆոնդի անբաժանելի մասը դարձած հանրահայտ «Տերն ու ծառան» ֆիլմի տիտղոսագրերում երկու անուն կա՝ ռեժիսոր Դմիտրի Կեսայանց և օպերատոր Կարեն Գևորգյան: Երկուսն էլ նոր-նոր էինք լքել ուսանողական նստարանը: Եվ ճակատագրի քմահաճույքով երկուսի ֆիլմերն էլ հետագայում արգելվելու էին (Կեսայանցի «Ավդոյի ավտոմեքենան» և Գևորգյանի «Հրաժեշտ սահմանագծից անդին»-ը): Կեսայանցը մնաց Հայաստանում՝ այդպես էլ մինչև վերջ չպարզելով իր թևերը, Գևորգյանը հեռացավ Ռուսաստան և միջազգային ճանաչման հասավ: 1990-ականներին, երբ արցախյան ճակատում թեժ մարտեր էին ընթանում, վերադարձավ որոշակի ծրագրով՝ ստեղծել Արցախյան պատերազմի տարեգրությունը: Խումբ հավաքագրեց, նկարահանումներ արեց, վավերագրական կինոնկարներ նկարահանեց: Բայց կյանքը ցույց տվեց, որ նրա աշխատանքները պահանջված չէին հայրենիքում: Անգամ հանդես է եկել ինժեներական առաջարկներով աերոդինամիկայի ոլորտում, որոնք, ըստ մասնագետների, արժանի էին լուրջ ուշադրության: Միևնույն է, ամեն անգամ մնացել է չինովնիկների փակ դեռների առաջ՝ «ուրիշի բոստանը չմտնելու» հորդորով: Վերջին կաթիլը 2009-ին էր, երբ նկարահանեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» երկսերիանոց կինոնկարը: Պարզվեց՝ անտարբերությունը կինոգործչի համար լավագույնն էր, որ կարող էր ակնկալել, քանզի Ցեղասպանության թանգարանի տնօրենը, մեղադրելով Գևորգյանին բարեկամ գերմանացի ժողովրդի հետ գժտեցնելու մեջ, հրապարակավ խոստացել էր շատ արագ հաշվերհարդար տեսնել նրա ֆիլմի հետ: Գևորգյանը կրկին լքեց հայրենիքը՝ հեռանալով Ռուսաստան, ուր նրան ընդունեցին գրկաբաց:

– Պարոն Գևորգյան, ե՞րբ սկսեցիք վավերագրել Արցախի ազատագրումը։

– Հայաստան եկա 1992 թ. դեկտեմբերին։ Ղարաբաղի հետ կապված գործողություններն սկսեցի 1993 թ. ձմռանը՝ կարծեմ հունվարի վերջից։ Այնպես որ պատերազմի առաջին շրջանում՝ 1991-1992 թվականներին այնտեղ չեմ եղել։ Գալս համընկավ զինադադարի հետ, և առաջին մեր նկարահանումները հենց զինադադարի մասին էին, տևեցին 2-3 ամիս։ Հաջորդեցին լուրջ գործողություններ, և մեր առաջին մասնակցությունը պատերազմին 1993 թ. ամռանն էր, երբ հայկական ուժերը մտան Զանգելան, Ջաբրայիլ, Կուբաթլու բնակավայրերը, իսկ այդ օպերացիայի ավարտին՝ Հորադիզ կայարան։ Կարծում եմ՝ դա պատերազմում մեզ համար ամենաշահեկան տարին էր, որովհետև սկսվեցին մեր հաջողությունները։ Որոշ չափով մասնակից եմ եղել մեր առաջին հաջող գործողությանը՝ Քելբաջարի գրոհին։ Վազգեն Մանուկյանի հետ ուղղաթիռով, որում նաև մի քանի այլ քաղաքական գործիչներ էին ու զինվորականներ, գրոհի երկրորդ օրը հայտնվեցինք Քելբաջարում։ Մինչ այդ այնտեղ լինելու ոչ մի հնարավորություն չկար։ Դե, որոշ չափով տեսանք օպերացիայի արդյունքները։ Աշխատեցինք մինչև 1994 թ. մայիս-հունիս ամիսները, հետո պատերազմն ավարտվեց։

– Պատերազմի առաջին փուլում Արցախում չէիք։ Այնտեղ լինելու մտադրությո՞ւնն ուշ առաջացավ։

– Ուկրաինայում՝ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ավարտել էի «Ծովեզրով վազող չալ շունը» ֆիլմը։ Այն 1991 թ. հաղթող ճանաչվեց Մոսկվայի 17-րդ միջազգային կինոփառատոնում, և սկսվեց ֆիլմի արշավը Եվոպայի տարբեր բնակավայրերում ու կինոփառատոներում։ Դրանցից մի քանիսում ֆիլմը լավագույնը ճանաչվեց։ Այդ առումով իմ կինոյի պատմության մեջ «Ծովեզրով վազող չալ շունը» իմ ամենահաջող ու հետաքրքիր գործն էր։ Այն համաեվրոպական ճանաչում բերեց։ Կարող էի եվրոպական որևէ երկրում հանգիստ ու հաջող կերպով շարունակել կարիերաս ու կյանքս։ Բայց գիտեի, թե ինչ է կատարվում տանը և այդ ընթացքում պարզապես պատրաստվում էի Հայաստան գալ։ Առանց տեխնիկայի, առանց պատրաստվածության Հայաստան գալն ո՞ւմ և ինչի՞ էր պետք։ 1992 թվականը նվիրեցի այդ հնարավորությունները ստեղծելու աշխատանքին։

– Ինչպե՞ս էիք պատրաստվում։ 1993 թ. ստեղծեցիք «Նավիգատոր» ստուդիան։ Դա՞ նկատի ունեք։

– Դիմելով տարբեր-տարբեր մարդկանց` փորձում էի Ղարաբաղի պատերազմի տարեգրության ստեղծման միջոցներ գտնել։ Դժբախտաբար շատ ժամանակ ծախսեցի դրա վրա և ապարդյուն։ Ի վերջո, մի պատահական հանդիպում որոշիչ եղավ։

Մոսկվայի հայկական գերեզմանատանը տեսա երաժիշտ Լևոն Օգանեզովին։ Ծանոթ չէինք։ Մոտեցա, ներկայացա։ Նա ինձ գիտեր. 1992 թվականն էր, և հատկապես Մոսկվայում ֆիլմի հետ կապված արձագանքները շատ էին։ Նպատակս իմանալուն պես ասաց. «Կզանգահարեմ բիզնեսմեն Մելիք-Փաշաևին»։ Հանդիպեցինք Հովհաննես և Սերգեյ Մելիք-Փաշաևների հետ։ Հովհաննես Մելիք-Փաշաևը կարճ ու կոնկրետ ասաց. «Կարեն, ես այդ հարցում կօգնեմ քեզ»։ Նրա գումարով գնեցինք կինոտեխնիկա և արդեն Հայաստան եկա բավականին զինված։ Նպատակը կինո, վիդեո, ֆոտո տարեգրություն ստեղծելն էր։ Կինո, ֆոտո տեխնիկա կար, վիդեո տեխնիկա չունեինք։ Սա էր մեր արածը Հովհաննես և Սերգեյ Մելիք-Փաշաևների օգնությամբ, ինչի համար այսօր էլ շնորհակալ եմ նրանց և Լևոն Օգանեզովին։ Առանց դրա Հայաստան գալը նպատակահարմար չէր, այլ կարևորություններ չկային։

– Գալով անմիջապես սկսեցի՞ք նկարահանումները։

– Նախ փորձեցի ստեղծել այն խումբը, որը կարող էր դառնալ այդ ծրագրի կատարողը։ Սկզբում դիմեցի պրոֆեսիոնալներին` «Հայֆիլմի» տղաներին, եկան նաև ոչ պրոֆեսիոնալներ։ Խումբը ստեղծվեց։ Մեծ չէր` 12 մարդ։ Այդքանը։

– Կարելի՞ է ասել, թե արդեն ամբողջ Ձեր արխիվն օգտագործել եք։

– Իհարկե ոչ։ Իհարկե կա չօգտագործված նյութ։ Կարողացա լիամետրաժ վավերագրական (2 ժամ) «Երկընտրանք» ֆիլմը ստեղծել, դժբախտաբար՝ միայն ռուսերեն։ Հայերենը մինչև օրս արված չէ։ Իսկ ռուսերեն արեցի, քանի որ ֆինանսավորողը` Հովհաննես Մելիք-Փաշաևը,հայերեն չգիտեր, բացի այդ, ռուսերենը կօգներ ավելի լայն լսարան ունենալուն։ Սա պատերազմին և հետպատերազմյան շրջանին նվիրված ֆիլմ էր։ Պատերազմ, հաղթանակ, տնտեսական անկում, թալան, գիտության ու արտադրության նվաճումների անտեսում, ի վերջո, դեգրադացիա և այդ շրջանի այլ խնդիրներ։ Այդ ամենը խիստ շաղկապված երևույթներ էին և արծարծվում էին ֆիլմում ու պատասխանում «ինչպե՞ս ապրել պատերազմում հաղթելուց հետո» հարցին։ Այսօր տեսնում եմ ֆիլմի թերությունները. կրքերը շատ էին, երևի այն պատճառով, որ ծանր էինք ապրում անցման շրջանը։

– Ֆիլմը դժվար ու կարևորագույն հարցի պատասխան էր առաջարկում։Ի՞նչ արձագանքներ ունեցավ։

– Հետաքրքիր մի զուգադիպություն տեղի ունեցավ։ Նույն օրը ֆիլմը և ռազմական մեքենայի ու ինքնաթիռի արտադրման ծրագիրը ներկայացրի Վազգեն Սարգսյանին։ Տպավորված էր և´ ֆիլմից, և´ նախագծից։ Ավարտվեց նրանով, որ Վազգենը ողջ գիշերն անցկացրեց մեր խմբին հյուրընկալելով ու զրուցել-քննարկելով։ Թեև շատ տպավորված էր, բայց խոսակցությունից առաջ չանցավ։ Ֆիլմը դիտել է նաև Ռոբերտ Քոչարյանը և ունեցել ճիշտ հակառակ տպավորությունը։ Ինչպես ինձ հայտնել է նրա լուսահոգի եղբայրը, Ռոբերտ Քոչարյանը դիտումից դուրս է եկել մռայլ դեմքով ու դժգոհել։ Մի խոսքով, այդ ֆիլմը մեր ղեկավարության շրջանում ունեցավ երկու հակասական ընկալում։ Այն ներկայացնում էր ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը և առաջարկում դրա մոդելը։ Դա մի բան էր, որը մենք չունեինք և չունենք մինչև այսօր։ Իսկ այսօրվա մեր վիճակը պայմանավորված է մեզ միավորող գաղափարախոսության անհրաժեշտությունը գիտակցելու բացակայությամբ։ Չհասկացան, որ դա մեզ շատ ու շատ անհրաժեշտ է։ Հրեաները ունեն, չինացիները ունեն իրենց միավորող գաղափարախոսություն, և տեսնում ենք արդյունքը, իսկ մենք …

– «Երկընտրանքը» Արցախի ազատագրման պատմությունը ներկայացնող միակ ֆիլմը չէ։ Ի՞նչ ճակատագրի արժանացան այդ ուղղության Ձեր մյուս աշխատանքները։

– «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմաշարի պրեմիերան եղավ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։ «Արմնյուզը» նույնպես ցուցադրեց։ Ֆոտոտարեգրությունը ներկայացվեց երեք ցուցահանդեսում, որոնից մեկը եղավ Շուշիում, երկուսը` Երևանում։ Բոլոր երեք ցուցահանդեսներում էլ ներկայացվեց նույն նյութը, որը մի քանի տարի առաջ ամբողջությամբ նվիրեցի Հայաստանի ազգագրության թանգարանին։ Ինչ կերպ են օգտագործել կամ օգտագործել են, թե ոչ, տեղյակ չեմ։

– Առկա նյութերի պահպանության հարցն ի՞նչ չափով է լուծված։

– Իհարկե կա դեռևս չօգտագործված և եղավ անգամ ոչնչացված նյութ։ Ցավոք, արխիվի մի մասը «Մոսֆիլմ» կինոստուդիայում է կորել։ Մոնտաժեցինք ֆիլմը, չօգտագործված նյութերը մնացին այնտեղ, իսկ դա նույնպես արխիվ է։ Ինքս պահպանել չէի կարող. դժվար ժամանակներ էին, միջոցները՝ սուղ, սեփական գոյության հարց կար, ու բավականին ծանր պահ էր մեր և իմ կյանքում։ «Մոսֆիլմն» էլ չպահպանեց, ու ցավոք, ֆիլմ չմտած նյութը կորավ։ Այն, ինչ տեսաերիզների վրա էր, կա, բայց այսօր պահպանման հարց է առաջացել։ Հարկավոր է դա թվայնացնել ու պահպանել թվային տիրույթում։ Դարձյալ իմ հնարավորությունները թույլ չեն տալիս։ Այս ամենից հետո դժվար է նկարահանված նյութի տևողությունն ասել։ Բացի այդ, շատ տխուր բան կատարվեց. ժապավեն չկար, պահպանելու հնարավորություն չկար։ Նկարում էինք, ջնջում, նորից նկարում։ Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր տարեգրությունը։ Ոչ ոք վավերագրման աշխատանքները չէր մոբիլիզացնում։ Մինչդեռ այնտեղ պետք է վավերագրողների տասնյակ խմբեր աշխատեին։ Այդ գործի կարևորության գիտակցումը չկար։

– Պարո´ն Գևորգյան, հեռուստահարցազրույցներից մեկում ասում եք. «Պատ չկա, ամեն ստեղծագործող մարդ պիտի գործի, ու այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չի մնա»։

– Այո։ Ինչ որ արել եմ, արել եմ իմ ուժերով, ջանքերով ուհնարավորություններով։ Այլ պարագայում կանեի տասնանգամ ավելին։ Իհարկե պետք է խոչընդոտները հաղթահարել, դրանք միշտ կան ուերևի պետք է լինեն։ Հակառակն անբնական է։ Պարզապես խոչընդոտն ու թշնամությունը տարբեր բաներ են։ Խոչընդոտը օբյեկտիվ երևույթ է, որը համոզելով, հորդորելով, մարդկանց դիմելով կամ քո աշխատանքով ու համառությամբ կարող ես հաղթահարել, իսկ երբ գործ ունես թշնամության հետ, կասեի՝ վայրենության, մարտնչող տգիտության, հակաազգային ինչ-որ երևույթների հետ, դա արդեն պայքար չէ, պատերազմ է։ Համարում եմ, որ ես Հայաստանից դուրս եկա հաղթած երկու պատերազմ` մեկը այն, որ ողջ հայության պատերազմն էր և երկրորդը պատերազմ էր, որը տարա իմ հատկապես պաշտոնյա հայրենակիցների դեմ։ Ինձ համար դա անբնական է։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Դժբախտաբար Հայաստանում մինչև օրս ես գտնվում եմ ինչ-որ անհասկանալիորեն մերժված վիճակում։ Անհասկանալի է, այնուամենայնիվ` փաստ։ Դե ռեժիսոր, որն առաջարկում է ռազմական մեքենաների ու ինքնաթիռների արտադրություն, արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման նախագծեր… Աննորմալ է, երբ պետության գործն անգործությունն է։ Ինձ համար դա դավաճանություն է։ Դավաճանություն է դղյակներ կառուցել և հետո նահանջել ու զինվոր կորցնել, տարածք կորցնել… Սա է տեղի ունենում։ Այս պարագայում դառնում ես հանրապետության մակարդակի աննորմալ ու, վերջիվերջո, թշնամի։ Այդ թշնամին ես վաղուց եմ դարձել, չնայած քաղաքականությամբ չեմ զբաղվել, բայց դիմադրել եմ ներկայիս վիճակին հանգեցրած երևույթներին։ Իսկ այսօր մասնատվել ենք, մասնատել են, իլյուզիաները չքացել են, գոլորշիացել, մնացել է մերկ ճշմարտությունը։ Դրանից ինչ-որ հետևություններ պե՞տք է արվեն, որոշումներ պե՞տք է բխեն, եթե իրենք իրենց խելացի են համարում։ Գուցե տաղանդավոր ենք, բայց խելացի չենք։ Մենք նորից հարմարվում ենք, մենք նորից կարևորում ենք հարմարվողականությունը։ Նորից «յոլայով» ենք ապրում։ Չի կարելի։ Հարյուրամյակներ այդպես ենք ապրել։ Էլ ինչպե՞ս պետք է ապրենք, եթե լուրջ վերաբերմունք չկա։ Մեր մեջ չկա։ Ստի ու հարմարվողականության մեջ ենք մնացել։ Բայց այդպես չի կարելի ապրել: Եվ իհարկե դառնում ես թշնամի, երբ այդ մասին բարձրաձայնում ես։

– Ապրիլյան պատերազմի ընթացքում հանրության պահվածքն ու գործողությունները հարմարվողականության հերքում չէի՞ն, երկրին տեր լինելու փաստում չէի՞ն։ Եթե ապրիլը երկար տևեր, դուք պատրաստ էիք նորից գալու և անելու այն, ինչ արեցիք Արցախյան պատերազմի առաջին փուլում։

– Հաստատ պատրաստ էի։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Պարզապես պետք է տարբերել պոռթկումը, էմոցիան գիտակցական գործողություններից։ Պատերազմում այդ տարբերակումը հատկապես կարևոր է։ Միայն էմոցիաներով, միայն ոգով չի կարելի հաղթել։ Հաղթում են այլ հատկանիշներով։ Պետք է հավատ ունենաս քո հրամանատարի նկատմամբ, քո պետության նկատմամբ։ Այդ հավատը չկա, իսկ այսօր այդպես է, հաղթական գործողությունները կարող են տևել մեկ-երկու շաբաթ, հետո կլինի այլ վիճակ` էներգիայի անկում, իլյուզիաների վախճան։ Կյանքը լուրջ բան է, պատերազմը՝ առավել լուրջ։ Այո, երբ թշնամին գալիս է և զոհեր ես տալիս, դու պետք է գնաս ու պաշտպանես քո երեխային, քո զինվորին։ Սա քննելի չէ, բայց հաղթանակի և առավել ևս հետպատերազմյան շրջանում հաղթողի երկիր ու կյանք կերտելու երաշխիք չէ։

Մի դրվագ պատմեմ։ Տհաճ իրավիճակ է Երևանում։ Մայրաքաղաքային գնդի տարածքում հավաքում են կամավորներ և մոբիլիզացված ժողովուրդ։ Ճակատում վիճակը լուրջ է։ Ադրբեջանական ուժերը գրոհում են ու հաջող կերպով առաջանում։ Գնդի տարածքում մի քանի տասնյակ «Իկարուս» ավտոբուսներ են` մարդկանցով լի։ Գնալու են Ղարաբաղ։ Իր սպիտակ «Վոլգայով» գալիս է Վազգեն Սարգսյանը։ Իկարուսները մեկնում են։ Ճանապարհող ժողովուրդը դարպասների մոտ է, դրսից։ Մարդիկ` կին ու երեխա, մեծ ու փոքր, լաց են լինում. աղաղակ, ժխոր։ Ցնցող տեսարան։ Դրան զուգահեռ ավտոբուսները մեկնում են դեպի ճակատ։ Գնացին։ Ժողովուրդը մեքենան կանգնեցնում է։ Վազգենը դուրս է գալիս։ Էլ ճար չունի, դուրս է գալիս ու ասում. «Այ ժողովուրդ, թշնամին գալիս է, վիճակը բարդ է»։ Ժխորը շարունակվում է, ու տարբեր ձայներ աղաղակում են. «Սրիկաներ, ձեր երեխաները մնում են, տանում եք մեր երեխաներին, ամուսիններին։ Դուք մնում եք, սրիկաներ, մեր տղաները գնում են էնտեղ մեռնելու»։ Վազգենին թուքումուր է հասնում։ Սկզբում նա հանգիստ խոսում է, բացատրում, թե ինչ է կատարվում ճակատում, բայց տաքարյուն մարդ էր, կամաց-կամաց նա էլ է սկսում գոռալ. «Հասկանո՞ւմ եք, թշնամին գալիս ա… դուք դավաճաններ եք… Ախր ես երեխաներ չունեմ, ես ամուսնացած չեմ…»։ Նա ժողովրդի ղեկավարն էր՝ հայկական զորքի հրամանատարը, բայց այդ անկառավարելի իրավիճակում ով իմանա՝ ինչ կլիներ, եթե մի տարեց մարդ ժողովրդին չհանդարտեցներ։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է։ Ժողովրդի մեջ անվստահությունն արդեն այդ աստիճան կար։ Դե պատկերացրեք՝ որքան է այն աճել այսօր։ Այդ դրվագն իմ մեջ շատ վառ է տպավորվել։ Ափսոս տեսախցիկ չունեի, այլապես ինքնին շատ ճշգրիտ ու ամբողջական ֆիլմ կլինեին այս և շատ ուրիշ դրվագներ։ Այս տեսանկյունից որպես վավերագրող պատերազմում ավելի շատ կորցրեցի, քան արձանագրեցի։ Աշխատում էինք առանց պրոպագանդայի, առանց լրագրողական մոտեցումների, նկարում էինք այնտեղ, որտեղ հասնում էինք։ Հա նկարել ենք ու մեզ վրա կրակել են, դա էլ է տեսանելի։ Պատերազմը մոնտաժ չէ, պատերազմը տևողություն է, ժամանակ…

Կրկնում եմ, պատերազմում հնարավոր չէ վերջնական հաղթանակ ակնկալել՝ էմոցիաների, պոռթկումների ու ոգու վրա հույս դնելով։ Անհրաժեշտ է ժամանակակից սկզբունքներով լավ ու հիմնավոր պատրաստվածություն ունեցող բանակ։

– Գուցե տարօրինակ հնչի, բայց ի՞նչ տվեց Ձեզ պատերազմը։

– Պատերազմը կապված է սրտամոտ ընկերության հետ։Առաջին անգամ տեսա այնպիսի երևույթ, ինչպիսին հայ զինվորն է։ Սովետական շրջանում չէինք կարող անգամ երազել։ Բայց հային չի կարելի խաբել։ Պատերազմում տեսա իրական մարդկանց, որոնց երբեք չեմ մոռանա։ Այդ տեսակը հետպատերազմյան շրջանում այլևս չպատահեց։ Պատերազմ նայնպիսի ՜ստիպողական ուժ ունի։ Աշխատում էինք անկախ այս կամ այն եթերում թողարկելու ժամանակային և լրագրողական տեքստերի սահմանափակումներից։ Պատերազմի վավերագրումը համարում եմ իմ պրոֆեսիոնալ պարտականությունը, որ կատարել եմ սեփական ընտրությամբ ու խոր գիտակցմամբ։ Հարգում ու գնահատում եմ այդ տարիների աշխատանքս ու հիշողությունս, բայց չեմ ուզում վերադառնալ դրանց։ Ներկայիս իմ հիմնական առաքելությունը, անելիքը, նպատակը տեսնում եմ ավելի լուրջ բաներում։ Իսկ այդ լրջության հետ կապված երևույթները ոչ թե անհասանելի են, այլ հերքվում են և մինչև օրս մնում մերժելի։ Պատերազմի տարիներն ինձ համար թանկ, բայց անցյալ են և իմ գործունեության թեկուզ գնահատելի, բայց ամենամեծ հատվածը չեն։ Իմ կարծիքով՝ ամենամեծ հատվածը հետպատերազմյան շրջանն է։ Դա այն շրջանն է, որը պետք է լրջորեն վերլուծվի և դրանից նոր էներգիա կուտակվի, որպեսզի զարգանա ու դառնա շարժիչ, առաջընթաց բերող ուժ։ Սա է հիմնական խնդիրը։ Այլապես ի՞նչ իմաստ ունեին մեր պայքարը և անկախության ձգտումը։

– Հեռվից որքանո՞վ է տեսանելի հայաստանյան այսօրվա իրականությունը և ինչպիսի՞ն է Ձեր այսօրվա իրականությունը։

– Ծայրահեղ վիճակում էի։ 17 տարի ապրեցի Հայաստանում, և ոչինչ չստացվեց։ Այդ ամենն ինձ վրա շատ թանկ նստեց։ Ստիպված էի Ռուսաստան տեղափոխվել։ Ընդամենը մեկ շաբաթ հետո արդեն Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտի դոցենտ էի, որտեղ այսօր էլ դասավանդում եմ։ Ինչպե՞ս հասկանամ այս տարօրինակ ընթացքը։ Իսկ այս տարի նկարահանեցի «Ողջ մեր հույսը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որն արդեն ներկայացվել է մի քանի փառատոնի։ Դարձել եմ ռուսաստանցի ռեժիսոր։ Մինչդեռ կարող էին և չհիշել։ Բայց բարեբախտաբար այդպես չեղավ։ Պարզապես կարծում եմ՝ լուրջ մարդկանց հետ պետք է լուրջ ու հարգալից վերաբերվել։ Արդեն պատմեցի «Երկընտանքը» նայելուց հետո Վազգեն Սարգսյանի վերաբերմունքի մասին։ Զրույցում ասաց. «Կարեն ջան, շրջապատն արդեն զայրացնում է, խաբում են ինձ։ Կարո՞ղ ես մի 10-15 խելացի մարդկանց ցուցակ տալ ինձ, որոնք անցել են պատերազմով»։ Մտերիմ ընկերոջս` ֆիզիկոս Ալեքսանդր Թամանյանի հետ, որը եղել է պատերազմում, կազմեցինք այդ ցուցակը։ Վազգենը նայեց ու դրեց կողքի։ Նպատակը դա՞էր։ Չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ։ Գիտեք ինչ, լուրջ մարդկանց հետ պետք է լուրջ լինել։ Հա, նրան խաբում են, բայց միևնույն է, նրանք` իրեն խաբողները, իր համար հասկանալի մարդիկ էին։

Հարցազրույցը՝ Նանա Պետրոսյանի


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը