Շնորհավոր Նոր տարի
Եթե բարեմաղթանքների վարկանիշ սահմանենք, ապա առաջին հորիզինականում, անշուշտ, առողջությունն է՝ անկախ ժամանակներից, վայրից, ազգությունից, կարգավիճակից … Այս տարի, սակայն, հասկանալի պատճառներով հայերիս համար այդ տեղը հավասարապես բաժին է հասել նաև խաղաղությանը: Այնպես որ մենք էլ նախ և առաջ բոլորիս մաղթում ենք առողջություն և մեր երկրին՝ խաղաղություն: Մաղթենք, որ այս տարի որևէ զոհի բոթ չառնենք սահմանից, մեր քաջ տղաները ողջ և առողջ վերադառնան սահմանից, նույնիսկ՝ ամենադրամատիկ կինոպատումներում: Հուսանք, որ Աքաղաղն ամեն լուսաբացին միշտ բարի լուր ավետի մեզ:
Ինչ վերաբերում է կինոաշխարհին, ապա կինոգործիչներին մաղթում ենք ստեղծագործական ավյուն, իսկ կինոսիրողներին՝ հաճելի կինոդիտումների հաճախակի պահեր, մանավանդ՝ հայկական կինոների, թեպետ Նոր տարին կարծես նոր հույսերի հետ նաև նոր հարցականներ է բերել: Մինչ թաքուն հույսեր էինք փայփայում՝ կապված «Հայֆիլմի» վերապետականացման ու Եվրիմաժին Հայաստանի անդամակցության հետ, մինչ անհամբեր սպասում էինք «Կինոյի մասին» օրենքի ընդունմանը, գոնե հրապարակային քննարկմանը, բարձր մակարդակով լուր տարածվեց, որ լուծարվում է կինոյի ոլորտի միակ պետական կառույցը: Ընդսմին` ի’նչը պետք է փոխարինի դրան և ի’նչ կերպ հարցը մնաց առկախ: Մի բան միայն կարելի է կռահել, որ 2017-ը փոփոխությունների տարի է լինելու կինոյի ոլորտում: Եվ քանի որ Նոր տարին միշտ նոր հույսեր է բերում, հուսանք, որ այդ փոփոխությունները ոչ միայն ցավագին չեն լինի, այլև նոր որակի ու վերելքի նախադրյալներ կստեղծեն հայկական կինոյի համար:
«Կինոաշխարհ»