Լոսանջելեսաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներառված է «Օսկարի»  կարճ ցանկում։ Մի քանի ամիս է՝ օտարերկրյա և տեղական լրատվամիջոցները շրջանառում են այս լուրը։ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին։ Հենց այդ ժամանակ էլ Նարեն հայտնեց, որ  պրոդյուսեր Ռոբ Ֆրիդը մտադիր է  ֆիլմը ներկայացնել «Օսկարի»։

Նախորդ տարվա ընթացքում «Տան մյուս կողմը» ֆիլմը  բազմիցս ցուցադրվել է տարբեր կինոդահլիճներում, հատկապես՝ ամերիկյան։ Իսկ «Օսկարի» կարճ ցանկում ընդգրկվելուց հետո մասնագիտական ու հասարակական հետաքրքրությունն ավելի է մեծացել։ Մրցանակաբաշխության արդյունքները շուտով պարզ կլինեն։ Անընդհատ ցուցադրությունների ու հանդիպումների պատճառով, հասկանալի է, որ Նարեն շատ զբաղված է։ Չնայած դրան՝ նա kinoashkharh.am-ին տրամադրեց խոստացված հարցազրույցը։

-Նարե, Երևանում կեսգիշեր է, Լոս Անջելեսում՝ կեսօր։ Ենթադրելի է, որ օրդ նախապես ես պլանավորել. ֆիլմիդ հետ կապված նոր հանդիպում, ցուցադրություն նախատեսվո՞ւմ է։

-Գլենդելի դպրոցներում այս օրերին  ցեղասպանության մասին ֆիլմեր են ցուցադրվում։ Նախաեռնությունը Genocide education Project ընկերությանն է։ «Տան մյուս կողմը» փակման ֆիլմ է լինելու։ Genocide education Project-ը ցեղասպանության   իրազեկմանը, ճանաչմանը նվիրված   տարբեր միջոցառումներ է անցկացնում Կալիֆորնիայում, իսկ Կալիֆորնիան այն նահանգն է, որտեղ օրենքով է թույլատրված՝  Հայոց ցեղասպանության պատմությունը նաև դպրոցներում դասավանդել։ Սակայն , նկատելի է, որ դպրոցներն իրենց ուսուցման ծրագրերում այս թեմային չեն էլ անդրադառնում։ Այդ պատճառով էլ այս ընկերությունը նախաձեռնել է ցեղասպանության  իրազեկման, ճանաչման տարբեր ծրագրեր, որոնցից մեկն էլ ֆիլմերի ցուցադրություններն են։ Հարցազրույցից հետո շտապելու եմ դպրոց՝  ֆիլմիս ցուցադրման հարցերով։

-«Տան մյուս կողմը» ներառված է «Օսկարի» «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի կարճ ցանկում։ Ե՞րբ հայտնի կդանա, թե որ ֆիլմերն են առաջադրվելու «Օսկարի»։

– Հունվարի 24-ին, ամերիկյան ժամով առավոտյան 5:18 րոպեին «Օսկարի» պաշտոնական oscars.org կայքն ուղիղ եթեր կհեռարձակի արդյունքները։ Այդ ժամանակ հայտնի կդառնա, թե որ  ֆիլմերը, այդ թվում  «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներառված 10 ֆիլմերից որոնք են առաջադրվելու «Օսկարի»։ Այս անվանակարգում 10-ից   5-ն է մնալու։

նառ3-Հավանաբար հետաքրքվել ես՝ ինչպիսի ֆիլմեր են մրցակցում քեզ հետ։ Ի՞նչ թեմաներ են արծարծում դրանք։

– Ֆիլմերից մեկը հոլոքոստից փրկված պապիկի մասին է, որն իր ջութակը նվիրում է դժվարությունների միջով անցած մի երեխայի։ Սիրիական պատերազմի մասին երկու ֆիլմ կա, մյուսը հիվանդանոցում մահացող մարդու և նրա ընտանիքի հոգեկան վիճակը ներկայացնող պատմություն է։ Տասնյակում է նաև իսրայելապաղեստինյան հակամարտության մասին պատմող մի ֆիլմ։ Թեմաները տարբեր են ու մեծ մասմաբ՝ քաղաքական խնդիրներ շոշափող։

-Ըստ քեզ՝ ինչպիսի՞ շանսեր ունի  ֆիլմը։

-Գաղտնիք չէ, որ «Օսկարի» մեծ ցանկից կարճ ցանկ մտնելը բավականին դժվար է , ու իսկապես, սա արդեն իսկ մեծ հաջողություն կարելի է համարել։ Բացի այդ, առաջին անգամ «Օսկարի» է առաջադրվում  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ։  «Տան մյուս կողմը»  մյուս ֆիլմերից տարբերվում է իր ասելիքով, ոճով, նկարահանման ձեռագրով. ակադեմիայի ներկայացուցիչները նման կարծիք հայտնեցին օրերս Նյու-Յուրքում կայացած ցուցադրությունից հետո։ Նրանք ասացին, որ ֆիլմն արժանի է ոչ միայն նոմինացվելու, այլև հաղթելու։

Սական,  կան մի շարք հանգամանքներ, որոնց համար  ֆիլմի որակական, գեղարվեստական հատկանիշները հաղթանակի հիմք լինելու համար շատ քիչ են։ Իմ ֆիլմը մրցում է այնպիսի ֆիլմերի հետ, որոնց հետևում կանգնած են հզոր կազմակերպություններ։ Դրանք այնպիսի քարոզչություն են անում, ասես նախագահական ընտրություններ են։ Ամեն ինչ անում են, որ կինոակադեմիայի  ձայներն իրենց օգտին լինեն։ «Օսկարի» կարճ ցանկ մտնելով՝ հասկացա, որ հաղթանակը միայն ֆիլմի որակներից չի կախված։ Նախկինում, երբ «Օսկարի» մրցանակաբաշխությանը հետևում էի, մտածում էի՝ օ՜, ամեն ինչ արդար ու ազնիվ է, բայց երբ ինքս մտա այդ դաշտ, սեփական մաշկիս վրա զգացի, որ այս համակարգի մասին շատ միամիտ պատկերացումներ եմ ունեցել։  50 տոկոսով  ֆիլմի  որակական արժեքն է դեր խաղում, իսկ մյուս 50-ը մարքետինգն է, փողը, քարոզչությունը, ազդեցությունը կինոակադեմիայի ներկայացուցիչների վրա։ Կարճ ցանկանում ընդգրկվելուց հետո նոյեմբերի 6-ին տեղի ունեցած «Արփա» 16-րդ միջազգային փառատոնումֆիլմը  գլխավոր մրցանակ է ստացել։

-Կարճ ցանկում ընդգրկվելը, վստահաբար, ավելի մեծացրեց հետաքրքրությունը ֆիլմիդ նկատմամբ, ինչը նշանակում է, որ հայկական թեման շրջանառելու, Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու նոր առիթներ ստեղծվեցին։

-Ես շատ եմ կարևորում հենց այդ հանգամանքը։ Ուրախ եմ ու հպարտ, որ իմ ֆիլմը ծառայում է Հայոց ցեղասպանության հանրահռչակմանը։ ԼոսԱնջելեսի հատուկ դպրոցներից մեկն ապրիլի 12-ը նվիրելու է Հայոց ցեղասպանությանը։ Այդ օրն իմ ֆիլմը կցուցադրվի այնտեղ։ Ինձ համար մեծ նշանակություն ունի սա, որովհետև երեխաները, նոր սերունդն է հետաքրքրված մեր ցեղասպանության իրողությամբ ու իմ ֆիլմով։ Իսկ այդ երեխաների մեծ մասն օտարազգի է։ Ցուցադրությունից հետո հանդիպում-քննարկում է լինելու։ Ընդհանրապես «Տան մյուս կողմը» ներկայացվել է այնպիսի վայրերում, որտեղ հանդիսատեսի քիչ տոկոսն են հայեր եղել։  Մալիբուի համալսարանում է եղել ցուցադրություն։  Նախապես մտածում էի՝ քսան հոգի հազիվ լինի դահլիճում, բայց 400 հոգի հերթ էր կանգնել, որ ֆիլմը տեսնի, ու մեծամասնությունը դարձյալ օտարազգիներ էին։

-Ի՞նչ արձագանքներ ես լսել։ Հետաքրքրիր է հատկապես օտարազգիների կարծիքը։

-Ցավալի է, բայց դիտողների ճնշող մեծամասնությունը չգիտե Հայոց ցեղասպանության մասին, երբևէ չի լսել ու չի տեղեկացվել։ Ֆիլմը դիտելուց հետո է բացահայտել պատմական այդ իրողությունը։ Շատերն են իրենց զգացողությունները հայտնել, ասել են, որ իրենք իրենց մաշկի վրա են զգում ցեղասպանության ժխտման ցավը,  զայրույթ են ապրում, որ չի ճանաչվում պատմական փաստը։ Նրանք շեշտել են, որ իրենք այս ֆիլմի մի մասնիկն են։ Հավանել են մոտեցումը, ձեռագիրը, ոճը։ Օտարազգիները «Դլե յաման» երգն են սիրում ու ֆիլմի վերջին տողերից շատ են տպավորվում ու ազդվում. «Ապրիլի 24-ին միշտ անձրև է գալիս, որպեսզի հպարտ մարդիկ իրենց արցունքները թաքցնեն»։Մի խոսքով,արձագանքները շատ զգացմունքային են ու հուզիչ։

-Իսկ ի՞նչ արձագանքներ կան Թուրքիայից։

-Այնտեղ հավանաբար չեն տեսել ֆիլմը։ Դեռևս ոչ մի արձագանք։

-Կապ պահպանո՞ւմ ես հերոսուհուդ՝ թրքուհի Մայայի հետ, որի երակներում նաև հայկական արյուն է հոսում։

-Մշտական կապի մեջ եմ նրա հետ։ Անհանգիստ է։  Ամեն ինչ կախված է «Օսկարի» արդյունքներից։ Եթե ֆիլմը հաղթի, Մայան ստիպված կլինի հեռանալ Թուրքիայից։

Հ․Գ․Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը« վավերագրական ֆիլմում Հայոց ցեղասպանության թեման ներկայացված է թրքուհի Մայայի միջոցով։ Նա պարզում է, որ իր տատը հայ է եղել։ Մայայի մեջ երկակի պայքար է սկսվում։ Նա պատրաստ չէ ընդունել ցեղասպանությունը։ Եղեռնի 100-ամյակին Մայան գալիս է Հայաստան ու տեսնում բազմահազար մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Ինքն էլ է այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց համարձակությունը չի հերիքում խոսովանել, որ իր պապերը սպանել են իր տատի ազգակիցներին, որ եղել է Հայոց Մեծ Եղեռն։ Անձրևը թաքցնում է նաև Մայայի արցունքները։


 

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի