film_241016_02Ինչպես հաղորդում է Trend կայքը, Բաքվում՝ Park Cinema կինոթատրոնների ցանցում, նոյեմբերի3-12-ն անցկացվում է VII Եվրոպական կինոյի փառատոնը, որի շրջանակներում անցկացվող մրցույթի հաղթողը հնարավորություն կունենա մասնակցելու Բեռլինի փառատոնին:
Մրցույթին կարող են մասնակցել թե´ պրոֆեսիոնալ լրագրողները, թե´ հանդիսատեսը:
«Ֆիլմերը դիտելուց հետո լրագրողները պետք է հոդված կամ էսսե գրեն դրանց մասին և հրապարակեն ԵՄ Բաքվի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում: Լավագույն հոդվածի կամ էսսեի հեղինակը կգործուղվի Բեռլինի կինոփառատոն, որը անցկացվելու է 2017 թ. փետրվարին»,- հայտնել է Եվրամիության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Հանդիսատեսի համար նախատեսված է առանձին մրցանակ լավագույն հոդվածի համար:
Փառատոնում ներկայացվելու են եվրոպական միության 19 երկրներում նկարահանված գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր և մեկ ադրբեջանական կինոնկար: Եվրոպական կինոն ներկայացվելու է Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի ռեժիսորների աշխատանքներով:
Կազմակերպիչներն են ԵՄ ներկայացուցչությունը Ադրբեջանում և Park Cinema կինոթատրոնների ցանցը: Յուրաքանչյուր ոք կարող է անվճար տոմս ստանալ իրեն հետաքրքրող ֆիլմի համար: Բոլոր կինոնկարները 2015-2016 թթ. արտադրություն են: Դրանք ցուցադրվելու են բնագրի լեզվով անգլերեն/ռուսերեն/ադրբեջաներեն ենթագրերով: