Հիմա, երբ ասում ենք՝ Արցախյան պատերազմ, պետք է շեշտենք՝ 1990-ականների՞, թե ապրիլյան: 2016 թ. ապրիլն Արցախյան պատերազմի տարեգրության մեջ իր էջն ունի արդեն՝ մերօրյա հերոսներով ու հին չսերտած դասերով: Ապրիլին Արցախում էին նաև նրանք, ովքեր 90-ականներին էլ էին Արցախում. ամեն մեկն ըստ իր տեսակի, մղումների, նպատակների է հայտնվում պատերազմի կիզակետում կամ կիզակետից բավական հեռու՝ անվտանգ տեղում:
Պատերազմ գնում են կամա կամ ակամա: Այդպես ստացվեց. լրագրող, «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն 90-ականներին էլ, ապրիլին էլ Արցախ է գնացել որպես լրագրող, մասնագիտության մղումով: Ռազմի դաշտում աշխատած լրագրողն ու վավերագրողը, սակայն, երկար ժամանակ խուսափում էր «Կինոաշխարհի» հետ հարցազրույցից: Պարզվեց՝ առհասարակ չի ուզում խոսել պատերազմում իր մասնակցությունից ու լրագրողական գործունեությունից: Ուղղակի ավելորդ էր համարում: Բայց բարեբախտաբար զրույցը, ի վերջո, կայացավ:

– Մարդիկ ինչո՞ւ են կամավոր մեկնում պատերազմ, մի՞թե պաթետիկ հայրենասիրությունից կամ էնտուզիազմից դրդված:
– Չէ, ո´չ հայրենասիրությունից , ո´չ էլ էնտուզիազմից դրդված: Չգիտեմ, երևի մարդու ներսից եկող ինչ-որ բան կա: Մտածում ես՝ ի՞նչ ես անում այստեղ, երբ այնտեղ պատերազմ է. դու պետք է այնտեղ լինես ախր: Երևի դա քո հոգու համար ես անում: Իրականում դա էգոիզմի դրսևորում է: Թիկունքում թողնում ես ընտանիքդ, հարազատներիդ ու քեզ լավ զգալու, ինքդ քեզնից գոհ մնալու համար մեկնում ես պատերազմ: Մինչդեռ քո խնդիրները թողնում ես ընտանիքիդ վրա:
– Երբ պատերազմ գնացիք, ընտանիք ունեի՞ք:
– Այո, մեծ տղաս ծնվել էր արդեն: Ես 29-30 տարեկան էի: 1990-91 թթ. Արցախ գնացի որպես լրագրող: Արցախից Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի համար ռեպորտաժներ էի պատրաստում: Աշխատում էի օպերատորներ Տիգրան Գևորգյանի, Տաճատ Եսայանի հետ: Հետո ընտանիքիս տեղեկացրի, որ մնալու եմ, չեմ վերադառնալու: Մտա Մոնթեի ջոկատ:

26383090226_73916b2425_o
– Այսինքն՝ մնացիք ոչ միայն որպես լրագրող, այլև կամավոր զինվոր:
– Մինչև 1994 թվականի ձմռան կռիվների ժամանակ Արցախում եմ եղել որպես լրագրող: Ռազմական գործողությունների ժամանակ մի քանի ամիս մնացել եմ հիմնականում Մարտունիում, նաև Մարտակերտում: Այդ ժամանակ արդեն՝ որպես զինվոր: Բայց ես երբեք չեմ խոսել այդ մասին, հիմա էլ չեմ ուզում:
– Շատերը պատերազմի դաշտն անգամ հեռվից չեն տեսել, բայց գլուխ են գովում, թե կռվել են, ճոխ պատմություններ են պատմում: Դուք ինչո՞ւ եք խուսափում պատմել Ձեր մասնակցության մասին:
– Ես նույնիսկ չեմ էլ գրել պատերազմի մասին: Որոշ նշումներ եմ արել, պատերազմական գործողությունների, դեպքերի, մարդկանց մասին նոթեր ունեմ, բայց ժամանակ չի եղել, որ դրանք ի մի բերեմ:
– Փաստորեն գրավոր վավերագրություններ էլ ունեք. ոչ միայն ռեպորտաժներ, ֆիլմեր եք պատրաստել պատերազմի մասին, պատմությունը ժապավենին հանձնել, այլև գրել եք դրանց մասին:
– Ժապավենին ի՞նչ է դրոշմվել որ. շատ քիչ բան: Գուցե այդքանն էլ չարժեր նկարահանել: Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում. գուցե լրագրող եմ, դրանից է: Պատերազմը գրքերով, տեքստերով, պատմելով հնարավոր չէ ներկայացնել: Իրականում այն բոլորովին ուրիշ է՝ առաջին մարտ, առաջին հանդիպումը հակառակորդի հետ, պատերազմի դաշտում անցկացրած առաջին գիշերը: Պատերազմում ես հերոսականությունը չեմ տեսնում, այլ՝ ողբերգականը: Երբ հատկապես մամուլում հերոսների հերոսականության մասին են գրում, դրա հիմքում էլ ողբերգությունն է: Տղան հերոսանում է՝ իր ընտանիքը կործանելով, իսկ իրական ողբերգության մասին չեն գրում կամ գրում են այնպիսի տեքստով, որի մեջ պաթետիզմն է գերիշխում: Այդ տեքստերում վատ կերպարներ չպետք է լինեն: Բայց պատերազմում ամեն ինչ էլ կա՝ դավաճանություն, փախուստ: Իրականությունն ավելի դաժան է, քան ներկայացվում է: Երբեք պատմություն չի գրվում այն մասին, թե ինչպես հրամանատարի սխալի պատճառով շատ մարդիկ են զոհվում: Իսկ նման դեպքեր եղել են:
– Երբ մի օր որոշեք այնուամենայնիվ գրել, դրանց մասի՞ն էլ կգրեք:
– Կուտակվել է, կգրեմ:
-Վարագույրներ կան, որ պիտի դրանցից դուրս նայեք, կնայե՞ք:
– Իմ միակ վարագույրը ժամանակն է: Եթե ժամանակ գտնեմ, կգրեմ:

26136166880_662c059623_o
– Մոնթեի ջոկատում եք եղել: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց նրա ջոկատում հայտնվեցիք, և ինչպիսի՞ն էր Մոնթեն:
– Մոնթեի կնոջ հետ ընկերներ էինք, այդպես հենց այդ ջոկատ էլ մտա: Թեև սկզբում տարաձայնություններ էին եղել նրա ու տեղացիների, տարբեր խմբավորումների միջև, բայց հետո նրան ընդունեցին՝ որպես հրամանատարի ու ենթարկվեցին: Երբ մտա Մոնթեի ջոկատ, նա արդեն սիմվոլ էր: Ազնիվ էր, ու բոլորն ուզում էին նրա պես ազնիվ լինել, նրան նմանվել: Մենք տեսախցիկ ունեինք, որոշ բաներ էինք նկարում: Մոնթեի հետ մի քանի հարցազրույց եմ արել: Նկարահանված նյութը տարբեր տեղեր էինք ուղարկում, հատկապես՝ արտասահման, որպեսզի դրսում տեսնեին, թե ինչ իրավիճակ է Արցախում: Ջոկատում ինձ Ժուռնալիստ էին ասում:
– Ձեր ձեռքին նաև զենք կար, բայց Ձեզ ընդունում էին որպես ժուռնալիստի՞:
– Ոչ, Մոնթեի ջոկատում ես իրենցից մեկն էի. մասնագիտությունն այստեղ կապ չուներ: Պարզապես ամեն մեկը մի մականուն ուներ: Մականունուվ էինք դիմում իրար. ինձ էլ Ժուռնալիստ էին ասում: Թեև մասնագիտությունս իհարկե օգտագործել եմ. Մոնթեին հարցեր էի տալիս ԱՍԱԼԱ-ի և շատ այլ բաների մասին, ջղայնացնում նրան:
– Իսկ նկարահանված նյութն ամբողջությամբ հրապարակվո՞ւմ էր:
– Մի մասը՝ այո, մի մասը՝ ոչ: Դրանք մինչև հիմա արկղերում են մնացել: Մի մասն էլ պաշտպանության նախարարությունում է: 1993-95 թթ. աշխատել եմ այդ գերատեսչության լրատվական վարչության վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Նիկոլայ Դավթյանի հետ փաստագրական ֆիլմեր էինք պատրաստում հենց պատերազմի դաշտից: Մի կարճ ընթացք էլ՝ 4 ամիս, Հանրային հեռուստատեսությամբ Սամվել Գևորգյանի հետ կիրակնօրյա վերլուծական ծրագիր էինք անում: Ամեն շաբաթ Ղարաբաղից թարմ նյութեր էինք բերում: Եթե հիշում եք, հաղորդաշարը կոչվում էր «Օր յոթերորդ»:
– Հիշում եմ. այն ժամանակ լրատվամիջոցներն այսչափ շատ չէին, տեղեկություններն Արցախից Հայաստան էին հասնում մեկ-երկու խողովակով, ու հասարակությունն ամեն կիրակի սպասում էր Ձեր հաղորդաշարին: Ձեզ ինչպե՞ս կներկայացնեիք, պատերազմի վավերագրո՞ղ, տարեգի՞ր:
– Ականատես:
101341010720065754747325n – Ընդամե՞նը:
– Այո՛:
 – Հիմա տեղից վերկացողը պատմում ու պատմում է  պատերազմի մասին, անգամ եթե ռազմի դաշտը հեռվից չի էլ  տեսել:
– Նորմալ է: Մարդիկ ուզում են հերոս համարվել:

– Կա՞ն այնպիսիք, որոնց Դուք դեռ Արցախից եք ճանաչում, լավ գիտեք՝ ինչ կենսագրություն են թողել պատերազմի դաշտում ու ինչ կենսագրություն են ներկայացնում հիմա:

– Իհարկե կան: Կեղծված պատմություններ կան, որոնց շնորհիվ շատերը գեներալ դարձան: Պաթետիզմը շատերին հերոս դարձրեց: Մարդիկ կան, որ պատերազմ էին գալիս նկարվելու համար:

– Այդ մարդիկ կարող են իմ աչքերի մեջ նայել, չեղած բաներ պատմել ու ասել, որ իրենք կռվել են, հերոս են: Բայց Ձեր աչքերի մե՞ջ էլ են նայում ու նույնն ասում:
– Չէ, չեն կարող:
– Չե՞ք ուզում ոմանց իրենց տեղը դնել:
– Արդեն դրել եմ:

maxresdefault
– Պատերազմը փոխե՞ց Ձեզ:
– Այո՛, իհարկե: Ամեն օրն է մարդուն փոխում, էլ ուր մնաց պատերազմը: Զոհվածների միջով ես քայլել, ո՞նց կարող է պատերազմը չփոխի քեզ: Պատերազմը սմբակի նման խփում է ուղեղիդ մեջ, ու այն այլևս երբեք չես կարող հանել ուղեղիցդ: Պատերազմից հետո շատ դժվար է բնականոն կյանքին անցնել: Լրիվ ուրիշ աչքերով ես նայում աշխարհին: Թվում է՝ քեզ ոչ ոք չի հասկանում, ու իրականում իսկապես քեզ ոչ ոք չի հասկանում: Այդպիսի փուլում բոլորն են հայտնվել: Այսօր էլ բանտերում ազատամարտիկներ կան: Ոչ ոք նրանց հետ հոգեբանական աշխատանք չի տարել: Ոմանց քթից վառոդի հոտը դեռ դուրս չի գալիս, ուզում են այդ հոտը նորից շնչել: Պատերազմից վերադառնալով՝ նրանք այդպես էլ չադապտացվեցին այստեղի կյանքին, մնացին չհասկացված: Այդ պատճառով էլ անջրպետ առաջացավ նրանց ու հասարակության, նրանց ու իշխանությունների միջև: Իրականում դժվար է նրանց հասկանալը: Մարդ կա՝ ասում է՝ ինչո՞ւ պիտի աշխատեմ, ես կռվել եմ: Հայաստանում նման հոգեբանական խնդիրներով մարդկանց հետ որևէ աշխատանք չի տարվում, մինչդեռ պետք է այդ տղաներն անցնեին ադապտացիոն փուլեր:
– Ձեզ համար է՞լ էր դժվար պատերազմից հետո:
– Հեշտ չէր, որովհետև այդ բոլոր խնդիրները քո մեջ ես կրում, ու տարիները դրանք ավելի ու ավելի են շատացնում ու ծանրացնում քեզ վրա: Այդ տղաների պրոբլեմներն էլ են քոնը: Շատերն առողջական խնդիրներ ունեն, բայց վիրահատվելու փող չունեն… Շատ հարցեր կան:
– Պատերազմի ծանր հետևանքներից մեկն էլ չգնահատվածներն են:
– Մարդիկ կան, որ չեն էլ ուզում գնահատված լինել, չեն ուզում, որ իրենց մասին խոսվի, գրվի: Կան, որ պատերազմից մի նկար անգամ չունեն: Ուղղակի պետությունը պետք է գնահատի նրանց:
– Երբևէ մեղքի զգացում ունեցե՞լ եք:
– Շա՜տ: Ապրիլին, երբ մեր տղաները զոհվեցին, ինձ էի մեղադրում: Կարծում եմ՝ մեղքի զգացում բոլորն են ունեցել:
– Ապրիլին էլ Արցախում էիք, տեսանք, կարդացինք ու լսեցինք:
– Այո՛, որպես լրագրող: «Հետքի» աշխատանքն էի կոորդինացնում:
– Պատերազմում լրագրողը որքանո՞վ է լրագրող մնում, գործնականում կարողանո՞ւմ է մասնագիտական կանոնները պահպանել:
– Պատերազմում նաև ժուռնալիստիկայի բոլոր կանոնները, սկզբունքներն են խախտվում: Պատերազմի լուսաբանման շատ գրքեր ու ձեռնարկներ կան, բայց այդ բոլորն ուրիշի պատերազմների մասին են: Սեփական պատերազմը լուսաբանելու մասին ձեռնարկ չկա: Շատ հեշտ է գնալ Սիրիա ու պատերազմը լուսաբանել, բայց դա քո՛ պատերազմը չէ: Քո պատերազմը լուսաբանելիս խախտում ես բոլոր կանոնները, անգամ՝ էթիկայի, որովհետև պատերազմող կողմերից մեկը դու ես:
– Երբևէ մտածե՞լ եք, որ հայի բոլոր սերունդները մի չգրված օրենքով պատերազմ են տեսնում: Կարծես անեծք լինի. մեր պապերի պապերն Առաջին աշխարհամարտ ու Եղեռն տեսան, մեր պապերը՝ Մեծ հայրենական, մեր հայրերը՝ 1990-ականների Արցախյան պատերազմը, որը ձգվեց մինչև մեր օրերը, ու նոր սերունդն էլ տեսավ այն ու արյուն թափեց:
– Պատերազմ է էլի. չսիրելու բան է պատերազմը: Ոչ մի սերունդ չի ուզում, որ իր հաջորդը պատերազմ տեսնի, բայց մեր զավակներն էլ տեսան: Տղաս առաջնագծում էր, հրետանավոր: Իր հրամանատարության տակ տղաներ կային: Ասում էի. «Զգույշ և ուշադիր կլինես. երեխեքի պատասխանատվությունը քեզ վրա է»: Ապրիլյան պատերազմի մասին էլ պիտի գրեմ նոթերի նման: Մեկ-մեկ վախենում եմ այդ թեմային անդրադառնալ, մեկ-մեկ էլ մտածում եմ՝ ախր ինչի՞ գրեմ:
– Լսե՞լ եք, որ Ձեր մասին ասեն՝ կռված տղա:
-…Ես էդ արտահայտությունից վատանում եմ:

Էդիկ Բաղդասարյանի հետ հարցազրույցին կից տեսանյութ չկա: Պատերազմի ամենաթեժ տարիներին մատն Արցախի զարկերակին պահած լրագրողը կյանքը վտանգելու գնով ստեղծած արցախյան տարեգրությունը պահում է հիշողության ու արդեն խունացած թղթերի ծալքերում, իսկ տեսագրությունները՝ արկղերում: Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը պահոցներից դուրս գալու հավակնություններ առայժմ չունեն:

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...