14741146_1233625046680666_413005505_nԱրտասահմանյան և հայկական  տասնյակ կատակերգությունների, մարտաֆիլմերի կողքին սեպտեմբերի վերջից մեծ էկրանին է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» դրաման: Արցախյան ազատամարտին մասնակցած և հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած երիտասարդների մասին  պատմող  և մայրաքաղաքի  գրեթե բոլոր կինոդահլիճներում ցուցադրվող գեղարվեստական ֆիլմը հանդիսատեսի պակաս չի զգում:  Տարբեր տարիքային խմբեր ներկայացնող հանդիսատեսն էլ շտապում է արձագանքներ թողնել սոցիալական ցանցերում, որոնք մեր դիտարկմամբ մեծ մասամբ դրական են:

«Կյանք ուկռիվ» ֆիլմի հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են: Նրանցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության:

Ֆիլմի հերոսների ճակատագրերի շուրջ ծավալվող իրադարձություններն էկրանին են գամում լարված հանդիսատեսին, իսկ  մարտական գործողությունները,  մարդկային ծանր կորուստները հուզում են նրանց, որոնց  այդքան էլ հեշտ չէ հուզելը:  Անգամ խիստ կինո քննատատներն էլ կարծում ենք կհամաձայնեն, որ եթե շուրջ երկուս ու կես ժամ տևողությամբ կինոնկարը  ստիպում է  արցունքներն աչքերին հեռանալ դահլիճից, ապա  թեկուզ մի քանի րոպեով նպաստում է մարդկային իրական արժեքների մասին խորհելուն:

Հեղինակների համոզմամբ՝ գերզգացմունքային այս ֆիլմի հիմնական ուղերձն է՝վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը:

Ի դեպ  նշենք, որ մեկնարկել են    «Կյանք ու կռիվ»   ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները, ուր արդեն ծանոթ հերոսները մեծ էկրանին կներկայանան մեր օրերում:

Տ.Գ.