Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին այցը Երևան
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավերով նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն:
Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպման առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, հյուրերը կինոարտադրողներին կներկայացնեն Եվրիմաժի և այլ կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Ոլորտի մասնագետներին կծանոթացնեն համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների աջակցության ծրագրերին։
Նոյեմբերի 2-ին արդեն տեղի կունենան գործնական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ ( պրոդյսերների, ռեժիսորների և կինոլորորտի այլ մասնագետների հետ): Բացի այդ, մասնակիցները Եվրիմաժի ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի հնարավորություն կունենան:
Հյուրերի մասնակցությամբ պաշտոնական մամուլի ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00ից – 12:00-ը, «Անի» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում:
Այցն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2016 թվականին միացավ Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
«Կինոաշխարհ»