58cfc692-f354-e611-80c2-0050569125fe-636053284021389966Մանհեթենի կարճամետրաժ կինոյի փառատոնը (ManhattanShortFilmFestival) կարճամետրաժ ֆիլմերի ամենախոշոր փառատոներից է աշխարհում: Ամեն տարի մի շաբաթ (փառատոնն անցկացվում է սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին) հանդիսատեսը հնարավորություն է ունենում դիտելու ընտրված 10 լավագույն ֆիլմերը և քվեարկելով ընտրում է հաղթողին:

Կինոփառատոնը սկիզբ է առել 1998 թ. Նյու Յորքում` Մանհեթենի փողոցներից մեկում, երբ փառատոնի տնօրենը` Նիկոլաս Մեյսոնն իր ընկերների կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունն է կազմակերպել` էկրանը տեղադրելով իր բեռնատարի վրա:  1998 թ. փառատոնը տեղափոխվեց Union Square Park, ուր և բաց երկնքի տակ անցկացվում է առայսօր:

Ներկայումս Մանհեթենի կարճամետրաժ կինոյի փառատոնը միավորում է աշխարհի հինգ մայրցամաքների 250 քաղաքների ավելի քան 100 հազար հանդիսատեսի:

Մանհեթենի կարճամետրաժ կինոյի փառատոնի կարգախոսն է «Մեկ աշխարհ, մեկ շաբաթ, մեկ փառատոն» (One World-One Week-One Festival), հիմնական նպատակներից մեկը`գտնել նոր տաղանդներ կինեմատոգրաֆում և միավորել աշխարհի հանդիսատեսներին:

19-րդ Մանհեթենի կարճամետրաժ կինոյի փառատոնն անցկացվելու է 2016 թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ը: Այս տարի փառատոնի կազմկոմիտեն 844 հայտ է ստացել 52 երկրներից, որոնցից միայն 10-ն են ընտրվել մրցույթի համար և միաժամանակ ցուցադրվելու են հարյուրավոր քաղաքներում:

Յուրաքանչյուր հանդիսատես ստանալու է քվեարկության թերթիկ, որպեսզի քվեարկի լավագույն ֆիլմի օգտին և ընտրի գլխավոր դերի լավագույն կատարողին: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Նյու Յորքում հոկտեմբերի 3-ին, այնուհետև` ManhattanShort.com կայքում:

Այս տարի Manhattan short-ի ծրագրում ընդգրկվել են Ֆրանսիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի և Ավսրալիայի ռեժիսորների ֆիլմերը:

Ռեժիսորական վարպետություն, տաղանդավոր սցենար և համամարդկային պատմություն. սրանք են միավորում այդ եզրափակիչ փուլ մտած 10 ֆիլմերը: Դրանցից շատերն արդեն հեղինակավոր կինոփառատոների մասնակից և մրցանակակիր են, ինչպիսիք են Բեռլինի և Տորոնտոյի կինոփառատոները, «Սանդենսը» և «Տրայբեկան» և շատ ուրիշներ:  Երբեմն Manhattan short-ի մասնակիցները «Օսկարի» հավակնորդ են դառնում, նույնիսկ` հաղթող: Համենայն դեպս անցած տարվա մասնակիցներից չիլիացի ռեժիսոր Գաբրիել  Օսորիո Վարգասի «Արջային պատմությունը» (Bear story) նվաճեց  այս տարի նվիրական արձանիկը:

Ինչպես տեսնում ենք մրցող և գնահատող երկրների ցանկերից, Հայաստանն այս իրադարձության հետ առնչություն չունի, անմիջական առնչություն, սակայն հավակնորդ ռեժիսորների ցանկը ցույց է տալիս, որ անուղղակիորեն անմասն չէ: Բանն այն է, որ Ռուսաստանը ներկայացնող «Բրավոման» ֆիլմի ռեժիսորը հայ է, ծնունդով սևանցի Էվելինա Բարսեղյանը, որ մեծացել է Օմսկում և այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում:

tduxdaslsfo-dmhz4k

«Բրավոմանը» պատմում է երիտասարդ ցինիկ Անդրեյի մասին, որը կլակեր է աշխատում թատրոնում. ամեն երեկո սմոքինգ է հագնում և «բրավո» բղավում` արհեստական հաջողություն ապահովելով ներկայացումների համար:

«Մի քանի տարի շարունակ ես հաճախել եմ Մանհեթենի փառատոն որպես հանդիսատես: Հիշում եմ, թե ինչպես էի հերթ կանգնում Պիտերում տոմս առնելու համար: Manhattan Short-ը միշտ էլ շատ հանդիսատես է ունենում, բոլորն էլ գիտեն` Manhattan Short-ը երաշխիք է, որ քեզ ցույց կտան լավագույններից լավագույնը: Եվ ես միշտ բավականություն էի ստանում այդ ցուցադրություններից, միշտ քվեարկում էի (ճիշտն ասած, իմ ընտրած ֆիլմերը երբեք չէին հաղթում):  Երբ այս տարի մեր ֆիլմն ուղարկում էի evelinaփառատոն, անկեղծ ասած, վստահ չէի, որ այն կընտրեն: Բայց երկու ամիս անց պաշտոնական նամակ ստացա, որ «Բրավոմանը» մրցույթ է մտել, նույնիսկ կարող է «Օսկարի» հավակնորդ դառնալ: Մի ամբողջ օր չէի հանդարտվում հուզմունքից: Դա իսկապես մեծ պարգև է մեր թիմին: Չէ որ մեր ֆիլմը միաժամանակ կարող են դիտել Մոսկվայում և Նյու Յորքում, Սանկտ Պետերբուրգում և Մադրիդում, Յարոսլավլում և Պրահայում, Լոս Անջելեսում և Եկատերինբուրգում, շատ ուրիշ քաղաքներում: Սա համաշխարհային վարձույթ է, որի մասին միայն կարելի է երազել: Այնպես որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կքվեարկի հանդիսատեսը, մենք արդեն ուրախ ենք և հույս ունենք, որ հանդիսատեսը բավականություն կստանա դիտումից»,- ասել է Էվելինա Բարսեղյանը: