4944«Շարմ» ընկերությունը Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է մի քանի նովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ։ Նովելներից յուրաքանչյուրն առանձին պատմություն է, որն արտացոլում է անցած 25 տարիների մեր ապրածը, զգացածն ու կրածը։

Կինոնախագծի նովելներից մեկն ամենաերկար տևողությունն ունի՝ կես ժամ։ Այն, ըստ էության, ֆիլմ-ալմանախի հիմնաքարն է, վերնագրված է «Լուսին կերած նորածինը» և կինոդիտողին հետ է տանում դեպի 1990-ականներ՝ Արցախյան պատերազմ, որը սրբագրեց մի քանի հազար հայորդիների հերոսական անուններ և հայ ժողովրդի պատմությանն ավելացրեց ևս մի հերոսամարտի տարեգրություն։

«Լուսին կերած նորածինը» ֆիլմի սցենարի հեղինակը Հարություն Հարությունյանն է։ Նա «Կինոաշխարհին» ներկայացրեց հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի նախապատմությունն ու նկարահանման ընթացքը։

– Անկախության հոբելյանին նվիրված նովելները ենթադրելի է, որ թեմատիկ առումով չեն կրկնվելու։ Ինչպե՞ս ընտրեցիք Արցախյան պատերազմի թեման։

– Ամիսներ առաջ հանդիպեցի ռեժիսոր Արամ Շահբազյանին, նա առաջարկեց ֆիլմի սցենար գրել։ Ինչպես և նախատեսված էր, կինոնախագծի՝ տարբեր թեմաներով  նովելները պետք է նկարահանեին տարբեր ռեժիսորներ։ Արամը նկարահանելու էր Ղարաբաղյան պատերազմի թեմայով։ Ես էլ սկսեցի աշխատել այդ ուղղությամբ։ Սկզբում գրեցի 12 րոպե տևողությամբ ֆիլմի համար, հետո «Շարմն» առաջարկեց այն ընդլայնել։

– Ժամանակակից կինոյի պատկերը ցույց է տալիս, որ արցախյան թեմայով ֆիլմերն այնքան էլ հաջող չեն ստացվում։ Ինչպե՞ս եք մոտեցել մեր այդ ցավոտ խնդրին, և ի՞նչն է հիմք եղել Ձեզ համար։

– Սցենարը գրելիս ես կարևորել եմ համամարդկային ասելիքը, այն, ինչը հասանելի ու հասկանալի կլինի բոլորին՝ անկախ ազգությունից։ Իմ պատմության հիմքում համամարդկայինն է՝ խարսխված ազգայինի վրա։ Այն դրամա է։ Եթե հարցնեք՝ ինչի մասին է, կպատասխանեմ՝ սիրո։ Ֆիլմում Արցախյան պատերազմն է. մարտի դաշտում միայն տղամարդիկ են,  կանացի կերպարներ չկան,  բայց առանցքում սերն է, սերը կնոջ, ընտանիքի, հայրենիքի նկատմամբ։ Մանրամասներ չեմ պատմի, որպեսզի հետաքրքիր լինի ֆիլմը նայել։ Վստահ եմ՝ լավ ֆիլմ է լինելու։

– Ձեր հերոսներն ազատամարտիկներ են, այսինքն՝ նրանք նախատիպեր ունեն, և ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, ճի՞շտ է։

– Արցախյան պատերազմում այս ջոկատի տղաները հերոսանում են։ Նրանք են ֆիլմի գլխավոր կերպարները, նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է ու յուրովի՝ գլխավոր հերոս։ Նրանց նման հազարավոր տղաներ են զոհվել պատերազմում, ամեն մեկն իր դրաման է ապրել։ Այս պատմության մեջ ամեն ինչ կա, այն ամենը, ինչ իր հետ բերում է պատերազմ կոչվածը։

unnamed-3

– Սցենարը գրական հիմք ունի՞ արդյոք։ Որտե՞ղ է սկսվում իրականությունը և որտեղ՝ գեղարվեստը։

– Ես կարդացել էի երիտասարդ, շնորհալի գրող Լևոն Շահնուրի «Լուսին կերած նորածինը» ու շատ էի տպավորվել այդ ստեղծագործությունից։ Երբ Արամ Շահբազյանն առաջարկեց սցենար գրել, անմիջապես մտքովս հենց այդ պատմվածքն անցավ։ Զանգեցի Լևոնին ու հայտնեցի մտահղացմանս մասին՝ ուզում եմ նրա պատմվածքը սցենարի վերածել։ Լևոնն  ասաց, որ դեմ չէ։ Այդպես սկսեցի աշխատել։ Ու հենց այդ օրերին տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան։ Հոգեբանորեն պատրաստ չէի շարունակել աշխատանքս, թեև Արամն անընդհատ շտապեցնում էր ինձ։ Տեղս չէի գտնում. շատերը մեկնում էին Արցախ, ես էլի ուզում գնալ։ Այդպես, ծանր ժամանակներն անցան, լարվածությունը՝ նույնպես, ես  հանդարտվեցի ու վերսկսեցի գրել։

– Ուրեմն ֆիլմը հիմնված է Լևոն Շահնուրի համանուն պատմվածքի վրա՞։

– Ոչ թե հիմնված է, այլ այդ պատմվածքի մոտիվներով է, որովհետև անընդհատ փոփոխելով ու նորացնելով՝ նախկին սցենարից գրեթե ոչինչ չմնաց, ու փաստորեն  Լևոն Շահնուրի «Լուսինunnamed-1
կերած նորածինը» պատմվածքից մի գաղափար մնաց, որը ֆիլմի մեխն է։ Շատ անգամ հանդիպել ու զրուցել եմ մարտական ուղի անցած մեր ազատամարտիկների հետ, լսել զանազան պատմություններ, դրանցից դրվագներ եմ օգտագործել իմ սցենարում։

– Ըստ Ձեզ, ո՞րն է ֆիլմի առանձնահատկությունը, ի՞նչ նոր մոտեցում կա ֆիլմում, որ մինչ այժմ չի եղել։

– Դեռ սովետական տարիներին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմերում (ի դեպ,  այն անվանում ենք հայրենական պատերազմ) մարտական տեսարաններ չկան։ «Զինվորն ու փիղը», «Հին օրերի երգը», «Վերջին նետումը» այդ թեմայով են, բայց պատերազմի պատկերներ չկան այնտեղ։ Անկախության շրջանում էլ Արցախյան պատերազմի մասին են նկարվել. բացի «Մի վախեցիր» ֆիլմից, ուրիշ ոչ մի տեղ ռազմական զանգվածային տեսարաններ չկան։ Իսկ այս ֆիլմը հարուստ է նման պատկերներով. իսկական պատերազմ՝ ողջ ծանրությամբ ու դաժանությամբ։ Իհարկե, հասկանալի է, որ  դժվար է նման զանգվածային պատկերներ ստանալը, բայց Արամ Շահբազյանին հաջողվել է։ Ես մոնտաժված հատվածից մի փոքր կտոր տեսել եմ ու կարող եմ ասել, որ իսկապես ստացվել է՝ իսկական մարտ, իսկական պատերազմ։

– Ինչպե՞ս եք շարունակել աշխատել Արամ Շահբազյանի հետ նկարահանումների ժամանակ, երբ սցենարն արդեն գրված, հանձնված էր նրան։

– Արամ Շահբազյանի հետ անընդհատ աշխատել ենք սցենարի վրա. մեզ հետ նաև՝ երկրորդ ռեժիսորը՝ Լուսինե Սարգսյանը։ Սա այն դեպքը չէ, երբ սցենարիստը գործն ավարտում, հանձնում է  ռեժիսորին ու մի կողմ քաշվում։ Ոչ, մենք մինչև անգամ երեկ, երբ ֆիլմն արդեն մոնտաժվում է, դարձյալ շտկումներ էինք անում, խորհրդակցում։ Մեծագույն հաճույք է աշխատել Արամ Շահբազյանի նման պրոֆեսիոնալ, գործին նվիրված ռեժիսորի հետ, ով ամեն ինչ անում է առավելագույնն ստանալու համար։ Արամն իսկական խենթ է, մենք նման խենթերի կարիքը շատ ունենք։

– Ծանոթ լինելով Արամի խառնվածքին՝ կարելի է ենթադրել, թե ինչ բծախնդրորեն է կատարել ոչ միայն նկարահանման ու մոնտաժային աշխատանքները, այլև ընտրել դերասաններին։  Ովքե՞ր են խաղում ֆիլմում։

– Ինչպես ասացի, ջոկատի տղաները բոլորն էլ յուրովի գլխավոր հերոսներ են, որովհետև  բոլորն էլ կարևոր, յուրահատուկ մարդիկ են՝ հայրենիքի զինվորներ։ Գլխավոր դերերից մեկում Դավիթ Ամալյանն է։ Մյուս կերպարները մարմնավորել են Հայկ Սարգսյանը, Տիգրան Հակոբյանը, կան նաև հրավիրված դերասաններ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնից, Մոսկվայի հայկական թատրոնից։

– Հատկապես վերջիններիս հաջողվե՞լ է մտնել ազատամարտիկի կերպարի մեջ։

– Այն էլ ինչպես է հաջողվել։ Արամի ձեռքից այդքան հեշտ  պրծնե՞լ կլինի։ Կարծում եմ՝ մարտական ճանապարհ անցած յուրաքանչյուր ազատամարտիկ իրեն կտեսնի այս ֆիլմում։ Խոսքս իսկական կռված տղաների մասին է, որոնք պատերազմի միջով են անցել, ոչ թե ասֆալտի ֆիդայիների, որոնք միայն իրենց ցուցադրելու, նկարվելու համար են Ղարաբաղ գնացել։  Ֆիլմը մոտ ժամանակներս պատրաստ կլինի։ Հուսով եմ՝ հանդիսատեսը շուտով կտեսնի ամբողջական կինոնախագիծը և հնարավորություն կունենա իր կարծիքը հայտնելու։ Շատ կուզենամ, որ լրատվամիջոցներն էլ անաչառ գնահատեն ու արձագանքեն։ Թող լինի նաև քննադատություն, ես ուրախ կլինեմ լսել առողջ ու հիմնավորված քննադատություն։ Այդ անաչառ արձագանքի, խոսքի, վերաբերմունքի  բացակայությունից է, որ մեր կինոյում ամեն ինչ «ներվում է», անցնում-գնում։unnamed

– Երիտասարդ գրողների հետ ակտիվ շփումներ ունեք, ընթերցում եք նոր գրվածքները. մեր ռեժիսորները հաճախ են բողոքում, որ գրական լավ նյութ չկա, սցենարիստներ չկան։ Համաձա՞յն եք նրանց հետ։

– Սցենարիստներ, այո՛, չկան։ Դա լուրջ մասնագիտություն է, որը պահանջում է գիտելիքներ ու համապատասխան կրթություն։ Երբ լրագրողները հարցնում են՝ ինչպես ներկայացնենք Ձեզ՝ որպես սցենարի՞ստ։ Պատասխանում եմ. «Ախր ես համապատասխան կրթություն չունեմ,  ու եթե կարողանում եմ  սցենարներ գրել,  դա դեռ չի նշանակում, որ սցենարիստ եմ»։ Մեզ օդ ու ջրի պես սցենարիստներ ու պրոդյուսերներ են պետք։ Խոսքս պրոֆեսիոնալների մասին է, իհարկե։ Աղջիկս ԱՄՆ-ում մասնագիտացավ հենց այս երկու ուղղություններով ու, ցավոք, այդ երկրում էլ մնաց։ Բայց ի՞նչ է, մենք նման մասնագետների կարիք չունե՞նք այստեղ։ Իհարկե ունենք, բայց նրանց համար ինքնադրսևորման, աշխատելու դաշտ պետք է լինի։ Ո՞ւր է, կա՞։ Օֆելյան մասնագիտացել է, թե ինչպես կարելի է փոքր բյուջեով ֆիլմ նկարել։ Նրա  դիպլոմային ֆիլմը ընդգրկվել է և ցուցադրվելու է Տորոնտոյի կինոփառատոնին։ Կարծում եմ՝ սա ուրախալի նորություն է Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է մեր երիտասարդներին, վստահեցնում եմ՝ հրաշալի գրողներ ունենք։ Պարզապես պետք է նկատել ու ճանապարհ տալ, ոգևորել, նրանց ստեղծագործությունների հիման վրա սցենարներ գրել։ Մի փոքր ցանկություն է պետք, թե չէ ամեն ինչ էլ ունենք, փող էլ ունենք. ուղղակի պետք է ամեն ինչ ճիշտ ու նպատակային օգտագործել։

Հարություն Հարությունյանը խոսեց նաև իր այն սցենարներից, որոնք այս կամ այն պատճառով այդպես էլ ֆիլմի չվերածվեցին։ Դրանցից մեկը դարձյալ Արցախյան պատերազմի թեմայով է։ Նա սցենարն այնպես է պատմում, ասես ֆիլմը կադր առ կադր տեսնում է էկրանին։

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի