unnamedՀանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի օպերատոր Ռոմիկ Խաչատրյանը, որ 1981-ին կինոտեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել հեռուստատեսության ստուդիայում, այս տարի նշում է աշխատանքային գործունեության 35-ամյակը։ Սկսել է հեռուստաթատրոնից ու աշխատել տարբեր խմբագրություններում։ Արդեն մասնագիտական պատկառելի փորձ ուներ, երբ սկսվեց 88-ի, ինչպես ինքն է ասում, հեղափոխական շարժումը։

– Առաջին անգամ Արցախ մեկնեցի 1992 թվականին գործընկերոջս՝ օպերատոր Տիգրան Գևորգյանի առաջարկությամբ։ Նա ավելի վաղ էր մեկնել աշխատելու Ստեփանակերտում ստեղծվածunnamed (4) մամուլի ծառայությունում, հետո ինձ կանչեց։ Տիգրանի և Էդիկ Բաղդասարյանի հետ եղել եմ գրեթե բոլոր թեժ կետերում։ Խումբ-խումբ էինք աշխատում այն ժամանակ, մենք մի խմբի մեջ էինք։
Այդ տարիներին մթնոլորտը Երևանում այնպիսին էր, որ անհարմար էիր զգում հենց այնպես քայլել փողոցում, երբ տղաները կռվում էին Արցախում։ Ու ինձ թեթևացած զգացի, երբ մեկնեցի Արցախ։ Չեմ կարող ասել, թե մեծ հայրենասեր եմ եղել, բայց երբ առաջին անգամ գնացի Արցախ, հասկացա, որ ոտքս սուրբ հողի վրա եմ դրել։

unnamed (1)– Ե՞րբ առաջին անգամ բախվեցիք պատերազմի իրական դեմքին։

– Հորադիզում մի ադրբեջանցու տուն էինք մտել։ Նայում ես՝ տուն է էլի, մարդն ապրել է, ստեղծել, հիմա չկա, ամեն ինչ թողել, ընտանիքովunnamed (5) հեռացել է։ Գետնին ալբոմ է՝ զինվորական համազգեստով մարդկանց նկարներ, սեղանին՝ բաժակներ, որոնք խորհրդային տարիներին կային բոլոր ընտանիքներում։ Մանկությունս աչքիս առաջ եկավ, մենք էլ ունեինք այդ բաժակներից։ Հիշեցի՝ ինչպես մայրս դրանք տուն բերեց ու թղթերից մեկ առ մեկ հանեց… Չգիտեմ, գուցե հենց դա էր պատերազմի հետ իմ առաջին բախումը։
Ինձ մոլի հավատացյալ չեմ համարում, բայց այն տարիներին աղոթում էի, ու ոչ միայն մեր զինվորների համար, նաև՝ նրանց։ Մտածում էի՝ երիտասարդ են, նրանց էլ է մայր ծնել, ո´չ մեր մեկը թող զոհվի, ո´չ էլ նրանց 12-ը։ Մարդկային մի կյանք է, ապրենք բոլորս։ Այսպիսի ապրումներ ունենում էի, բայց անկեղծ պետք է նշեմ, որ 2016-ի ապրիլյան դեպքերն իմ մեջ ավելի շատ բան փոխեցին ու ավելի խոր զգացումներ առաջացրին, քան այն տարիները։ Պատճառը գուցե ավելի հասուն տարիքս է։ Ապրիլյան դեպքերից հետո ուզում էի խոնարհվել մեր տղաների առաջ, պարզապես համբուրել նրանց ոտքերը։ Բոլորին մեկ առ մեկ ուզում էի նկարել, մի բան ասել, մի քանի գիշեր էլ գնացի հետները դիրքերում մնացի։ Այդ ի՞նչ ոգի էր, ի՞նչ ուժ էր նրանց մեջ, ես ապշած ու հիացած էի։

– Մի՞թե 90-ականներին նույնը չէր։

– Մի քիչ ուրիշ էր։ Պատահական մարդիկ էլ կային, որոնք չգիտես ինչու էին հասել Արցախ։ Բայց, իհարկե, մեր իրական ֆիդայի տղաներն առանձնանում էին։ Տխուր օրինաչափություն կա. իրական հերոսներն ավելի հաճախ լուռ են, չափազանց զուսպ։ Ոմանց մասին շատերը նույնիսկ չեն էլ լսել։ Իջևանից աֆղանական պատերազմն անցած մի տղա կար՝ Ռեմիկ Մարդանյան։ Մի քիչ գիժ էր, չէ, լավ էլ գիժ էր՝ բառի լավ իմաստով։ Ռեմիկը գնահատում ու մեծարում էր շարքային զինվորներին, սիրում էր նրանց հետ շփվել, զրուցել։ Շատերը նրան չէին սիրում, որովհետև ճակատներին ասում էր ճշմարտությունը։ Իրական հերոս էր նա, որի մասին այսօր շատ չեն խոսում։

unnamed (3)

 

– Պատերազմի չգնահատված հերոսների ցավոտ խնդիրը մեզ անընդհատ հետապնդում է։ Նրանցից շատերի հոգում այսօր վիրավորանք ու դառնություն կա։

– Սա հավանաբար բոլորիս խնդիրն է։ Կրկնում եմ՝ շատ հերոս տղաներ իրականում չափազանց համեստ են, չեն սիրում կուրծք ծեծել, թմբկահարել, թե ես ա՛յս եմ արել, ա՛յն եմ արել։ Բայց մենք պարտավոր ենք գտնել և ուշադրության արժանացնել հենց նմաններին։ Հասարակությունն իր անտարբերությամբ խոցում է այս մարդկանց։ Զոհվածի ծնողը՝ իր վշտի մեջ միայնակ մնացած, ևս ուշադրության կարիք ունի։ Տեսնում ես, թե ինչ է կատարվում շուրջդ. ով իրեն կարողանում է ներկայացնել և լավ քծնել, ինչ-որ բանի հասնում է։ Շոուների դար է։ Մարդկային վատ որակներ ունեցողները միշտ էլ իրենց ավելի լավ են զգում, որովհետև արևի տակ միշտ էլ կարողանում են իրենց տեղը գտնել։

unnamed (7)

– Կարծեմ արցախյան նկարահանումների հիման վրա Էդիկ Բաղդասարյանի հետ մի քանի ֆիլմ եք ստեղծել, այդ թվում և Մոնթե Մելքոնյանի մասին։

– Հա, Էդիկն իսկական ղարաբաղցի է դարձել։ Վերջին դեպքերի ժամանակ էլ նա անընդհատ Արցախում էր: Հարցնում եմ՝ Էդի՛կ, էլ ի՞նչ կարող ենք նկարել, անընդհատ միայն Թալիշն ենք նկարում։ Էդիկը խորհուրդ տվեց գնալ Աղդամ ու նկարել մի քանի հովիվների, որոնք շունչ են տալիս այդ ամայի տարածքին։ Էդիկն այդպիսին է՝ շաբլոնից հեռու, նա տեսնում է այն, ինչ ուրիշները չեն նկատում։ Ես ինքս էլ այդ աշխատաոճն եմ նախընտրում։ Նկարել առաջնագիծը ամենևին էլ չի ենթադրում նկարել միայն զինվորներին։ Սահմանային գյուղում ապրող ծծկեր երեխան իր գոյությամբ ևս առաջնագիծ է պահում։ Ինձ նույնպես գրավում է այն, ինչ կադրից դուրս է մնում։

Նկարել ենք ֆիլմ նաև նվիրված Համլետ Քոչարյանին, որի մասին, ի դեպ, խորհրդային տարիներին անեկդոտ դարձած պատմություն կար։ Պատմում էին, որ Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցում գորգերը հավաքում են, որպեսզի մաքրման հանձնեն։ Մի հայ, գորգերի կողքին կանգնած, ծխում է։ Ուզբեկը մոտենում է նրան ու հարցնում՝ վաճառո՞ւմ եք։ Հայն էլ թե՝ այո՛։ Ուզբեկը վճարում է, գորգը դնում ուսին ու հեռանում։ Այդ հայն իրականում Համլետ Քոչարյանն է եղել, որ մասնակցում էր Արցախյան պատերազմին։ Հրաշալի կռվող էր, իսկական հերոս։ Նա էլ խենթ էր, ինչպես պատերազմի շատ հերոսներ։

unnamed (6)

– Ի՞նչ կասեք ժամանակակից օպերատորական դպրոցի մասին։

– Տխուր է: Հատկապես հեռուստատեսությունն այսօր հայտնվել է պատահական մարդկանց ձեռքերում, մինչդեռ սա մի ոլորտ է, որն իր խիստ յուրահատուկ կանոններն ունի։ Դու պետք է ապրես այդ մթնոլորտում, տարիներ շարունակ սովորես։ «Տելեվիզիոնչիկ» ասվածը չգրված օրենք է, բայց հեռուստատեսությունն այսօր դարձել է միայն բիզնես, ուրիշ ոչինչ։ Խորհրդային տարիներին Մոսկվան մեզ ուղարկում էր օգտագործված տեխնիկան, որով հրաշալի արդյունքի էինք հասնում։ Այսօր տեխնիկական հնարավորություններն ավելի շատ են, բայց արդյունք չկա։ Բիզնեսը համը հանում է։

unnamed (8)

«Հայլուր» լրատվական ծրագրի օպերատոր Ռոմիկ Խաչատրյանի տեսախցիկի կենտրոնում այսօր մեր շուրջը ծավալվող ամենատարբեր իրադարձություններն են, դեմքեր, դեպքեր… Բայց չափազանց մեծ է ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ցանկությունը։ Կարծում է, որ իր ապագան կինովավերագությունն է, իսկ ապագայի տեսախցիկի թիրախը միայն մարդն է՝ մարդ անհատը։ «Ամենակարևորը մարդն է, որի մեջ ամփոփված է ամեն ինչ»,- ասում է նա։

Ալիսա Գևորգյան

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...