եղիցի լույսՀուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի համար նախատեսված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը:

Դափնեկրին ընտրել էր Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը։ Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին: Ռեժիսորն այս բարձր պարգևին արժանացավ` հոգևոր արժեքներ քարոզելու և համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և հիմնադիր Հարություն Խաչատրյանը շնորհավորելով անվանի ռեժիսորին, նշեց, որ դժվար է խոսել Բալայանի մասին, քանի որ նրա մասին արդեն իսկ ամեն ինչ ասված է։ Հ․Խաչատրյանի խոսքերով, Ռոման Բալայանը «Ոսկե ծիրանի» կարևոր հիմնասյուներից է․ «նա միշտ եղել է մեր կողքին իր խորհուրդներով ու ներկայությամբ»։

Օրվա առիթով, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը գտավ իր հերթական հասցեատիրոջը: Խոսելով Հայ Եկեղեցու և մեծարյալի արվեստի միջև առկա կապի մասին` Սրբազան Հայրը փաստեց` այն բարձր բարոյական լույսը, որ բխում է նրա արվեստից, արդեն արժանի է դարձնում այս մրցանակին: Սրբազանը, իր գնահատանքը փոխանցելով նրա արվեստին, ասաց, որ վերջինիս ֆիլմերում վերելքներ ու թռիչքներ կան, որոնք խորհրդանշում են մարդու թռիչքը դեպի բարոյականը, դեպի լույսը:

Ռոման Բալայանի խոսքը շատ կարճ եղավ։ «Ես գտնում եմ, որ այս պարգևին  պետք է արժանանայի աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանից հետո միայն»-ասաց ռեժիսորն ու ողջագուրվեց սրահում ներկա գտնվող մաեստրոյի հետ։

2012 թվականից ի վեր «Եղիցի լույսը» շնորհվում է արդեն հինգերորդ անգամ։ Առաջին «Եղիցի լույս» մրցանակը շնորհվել է կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովին։

Ռ․Բ․