e-internatonal-film-festival-carlsbad-2Երեկ՝ հուլիսի 1-ին, Չեխիայի առողջարանական Կառլովի Վարի քաղաքում ռեժիսոր Շոն Էլլիսի «Անտրոպոիդ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով բացվեց  51-րդ կինոփառատոնը՝ ամառային գլխավոր մշակութային իրադարձությունը Չեխիայում:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես են չեխ պարաշյուտիստները ոչնչացրել նացիստական Գերմանիայի գլխավոր գործիչներից մեկին՝ Բոհեմիայի և Մորավիայի ռեյխպրոտեկտոր Ռեյնհարդ Գեյդրիխին: Կինոնկարը փառատոնում ներկայացրին ինքը՝ ռեժիսորը և գլխավոր դերակատարներ Ջեյմի Դորնանը, Աննա Գեյսլերովան և այլք:

Առաջիկա օրերին փառատոնին հետևող հանրության ուշադրության կենտրոնում կլինեն ամերիկացի դերասան Ուիլլեմ Դեֆոն, որը «Բյուրեղապակյա գլոբուս» կստանա համաշխարհային կնեմատոգրաֆում ունեցած ակնառու ավանդի համար, ֆրանսիացի դերասան  Ժան Ռենոն, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Չառլի Կաուֆմանը, որոնք կպարգևատրվեն փառատոնի նախագահի հատուկ մրցանակներով  համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ստեղծագործական ավանդի համար, ինչպես նաև՝ համաշխահրային կինեմատոգրաֆի շատ ուրիշ ականավոր գործիչներ:  Մասնավորապես՝ իսպանացի դերասանուհի Էմմա Սուարեսը և Ադրիանա Ուգարտեն կներկայացնեն Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմը՝ «Ջուլիետը»:

Ընդհանուր հաշվով փառատոնում կցուցադրվի 180 ֆիլմ աշխարհի բոլոր մայրցամաքներից:

Գլխավոր մրցույթում խաղարկվում է վեց մրցանակ՝ լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորի, լավագույն տղամարդու և կնոջ դերի, ժյուրիի հատուկ մրցանակ և ժյուրի հատուկ հիշատակում: «Արևմուտքից Արևելք» սեկցիայում մրցում են նախկին սոցիալիստական երկրներում ստեղծված կինոնկարները: Բացի այդ, մրցանակ են ստանում լավագույն վավերագրական և հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմերը:

Նախկին խորհրդային երկրներից փառատոնում ներկայացված են Ռուսաստանը, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը:

Հայկական ներկայությունը Կառլովի Վարիում ապահովել է սփյուռքահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանը իր «Տրամոնտանե» ֆիլմով (Լիբանանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի համատեղ արտադրություն):  Ֆիլմը ներկայացված է  փառատոնի «Ուրիշ հայացք» սեկցիայում: Հիշեցնենք, որ այս տարի այդ ֆիլմով նա մասնակցեց նաև Կաննի փառատոնում՝ «Կինոքննադատների շաբաթ» սեկցիայում:

Վերջին անգամ Հայաստանը ներկա է եղել այս փառատոնում 2013 թ. Սերժ Ավեդիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով՝ գեղեցիկի սիրահարը» ֆիլմով: