4225904_orig«Արփա» կինոյի, երաժշտության և արվեստի հիմնադրամը հայտարարում է 19-րդ «Արփա»  միջազգային կինոփառատոնի մեկնարկի մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 3-6-ը Հոլիվուդի Եգիպտական կինոթատրոնում: Այս մասին տեղեկացնում է Asbarez News-ը:

Այս տարի նույնպես փառատոնը շեշտը կդնի համընդհանուր խնդիրների վրա, ինչպիսիք են ցեղասպանությունը, հոլոքոստը, մարդու ազատության թեման, կանանց իրավունքները, թրաֆիքինգը և այլն: Փառատոնի ծրագիրը բազմազան է և ընդգրկում է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ կինոգործիչների աշխատանքներ տարբեր երկրներից:

«Մենք ոգևորված ենք փառատոնի այս տարվա ծրագրով, որն ընդգրկում է մրցանակակիր կինոգործիչների աշխատանքներ: Մեր նպատակն է հավատարիմ մնալ մեր առաքելությանը՝ շարունակելով ֆիլմերի միջոցով բարձրացնել կարևոր թեմաների շուրջ հասարակության իրազեկությունը»,- ասել է փառատոնի նախագահ Միքայել Աշճյանը: Ամեն երեկո փառատոնի շրջանակներում տեղի կուենան պրեմիերաներ և դրանց հաջորդող երեկույթներ: Ծրագրի մասին ավելի մանրամասն կտեղեկացվի հաջորդ շաբաթների ընթացքում, սակայն արդեն հայտնի է, որ փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Բարեդ Մարոնյանի «1915 թվականի կանայք», Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի Լռությունը», Վահիգ Փիրհամզեի «Երեք օր Երևանում», Արթուր Միքայելյանի անիմացիոն երաժշտական ֆիլմը Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրա, Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը և այլն:

Այս տարի լրանում է Արմին Վեգների անվան հեղինակավոր «Մարդասիրական» մրցանակի շնորհման 15 տարին, որին այս անգամ կարժանանա Բարեդ Մարոնյանի «1915 թվականի կանայք» ֆիլմը:

«1915 թվականի կանայք» կինոնկարն առաջին վավերագրակն ֆիլմն է, որը բացահայտում է այն հայ կանանց դերը, ովքեր վերապրել են XX դարի առաջին ցեղասպանությունը: Վավերագրական ֆիլմն ընդգծում է այն կարևոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում, ինչպես նաև պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր նրանց օգնության են հասել աշխարհի տարբեր մասերից:

«Էմմիի» քառակի մրցանակակիր ռեժիսորի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին, որն ընտրվել էր Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում:

Թարգմ.՝ Սուսաննա Խաչատրյանի