downloadԱնցած հինգշաբթի՝ հունիսի 23-ին մոսկովյան «Ռոսիա» կինոհամերգասրահում բացվեց 38-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնը, որը մինչև հունիսի 30-ը գլխավոր կինոիրադարձությունը կմնա Ռուսաստանում՝ լավ կինոնկարներ դիտելու և նշանավոր կինոգործիչների հետ հանդիպելու հազվագյուտ հնարավորություններ ընձեռելով մոսկովյան կինոհանդիսատեսին:

Այս տարի փառատոնի ավանդույթը խախտվեց: Սովորաբար հյուրերին ու մասնակիցներին գորգապատ աստիճաններին դիմավորում է փառատոնի նախագահը՝ Նիկիտա Միլխալկովը և հանդիսավոր հայտարարում փառատոնի աշխատանքների մեկնարկը: Սակայն այս անգամ «տանտերը» ներկա չէր: Հայտարարվեց, որ ռեժիսորը պլանային բուժում է անցնում և շուտով կմիանա մասնակիցներին, սակայն ավելի ուշ տեղեկացվեց, որ նա թոքերի բորբոքում ունի և ընթացքին կհետևի հիվանդանոցից, համակարգչի միջոցով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Մոսկվայի կառավարության անունից հայտնեց, որ փառատոնում մի նոր մրցանակ կտրվի: «Կինոյում Մոսկվայի կերպարը կերտելու համար» անվանակագում երեք մրցանակ կտրվի՝ 50 մլն, 30 մլն և 20 մլն ռուբլի:

6452Առաջին իսկ օրը առաջին մրցնակը համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար շնորհվեց կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովին՝ «Ասսա» և «Հարյուր օր մանկությունից հետո» կինոնկարների հեղինակին: Փառատոնի բացման ֆիլմն էլ նրա նոր՝ «Կե-դի» («Ке-ды») ֆիլմն էր: Սա պատմություն է մի տղայի մասին, որը բանակ զորակոչվելուց առաջ որոշում է իր համար կեդ կոշիկ գնել: «Սա գնելու մտքի ահռելի աշխատանք է: Մոտիվացիան վերադառնալն է, ինչ-որ մեկը կսպասի քեզ, իսկ կսպասեն կեդ կոշիկները»,- այսպես է հարցազրույցների մեկի ժամանակ մեկնաբանել ռեժիսորը ֆիլմի գաղափարը:

Փառատոնը փակվելու է Վուդի Ալենի «Բարձրաշխարհիկ կյանք» կինոնկարով:

Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար մրցանակներ են շնորհվել նաև իսպանացի կինոռեժիսոր Կառլոս Սաուրային և բրիտանացի կինոռեիսոր Սթիվեն Ֆրիրզին:

Փառատոնի մրցութային ծրագրում 35 կինոժապավեն կա (13 խաղարկային, 8 վավերագրական, 14 կարճամետրաժ), որոնք նկարահանել են ԱՄՆ-ի, Դանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Կոստա-Ռիկայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Սերբիայի և այլ երկրների կինեմատոգրաֆիստները: Ռուսաստանը ներկայացնում է Նիկոլայ Դոստալի «Վանականն ու սատանան» («Монах и бес») ֆիլմը Յուրի Արաբովի սցենարով:

Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է բուլղարացի ռեժիսոր Իվայլո Խրիստովը: Նրա «Լուզերները» ֆիլմն անցած տարի ստացավ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե Գեորգին»: Ժյուրիի կազմում են Ուլրիկե Օտտինգերը, Ռանդհիր Կապուրը, Վիկտորյա Իսակովան և Ռաշիդ Նուգմանովը: Վավերագրական կինոյի մրցույթի ժյուրիի նախագահը ֆրանսիացի վավերագրող Թոմա Բալմեսն է, անդամները՝ Քշիշտոֆ Գերատը և Սերգեյ Դեբիժևը:

Հայկական կինոյի ներկայությունը  փառատոնում

Այս տարի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում՝ արտամրցութային ծրագրերում, ներկայացված է երկու հայկական ֆիլմ:

Հունիսի 24-ին և 25-ին արդեն «Հատուկ ցուցադրություններ» ծրագրով ցուցադրվել է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղին»՝ հայ արտագաղթողների մասին վավերագրական շարքի երկրորդ ֆիլմը (սցենարի հեղինակ՝ Հարություն խաչատրյան, Միքայել Ստամբոլցյան, օպերատոր՝ Գևորգ Սարգսյան):

Pakughi

«Խորհրդային Միության փլուզումից հետո կյանքը Հայաստանում դառնում է անտանելի, և ինժեներ Լևոնը ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ: Հայրենիքում նրան գնահատել ու հարգել են, իսկ այստեղ Լևոնը չի կարողանում գտնել իր տեղը: Ընտանեկան կյանքում նույնպես ճգնաժամ է: Ինչպես և հայ շատ արտագաղթածներ, Լևոնը հայտնվում է փակուղում»,- ասվում է փառատոնի պաշտոնական կայքում զետեղված ծանոթագրությունում:
Իսկ С.Е.К.С (Секс, еда, культура, смерть) ծրագրով վաղը՝ հունիսի 28-ին ցուցադրվելու է ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակը» (հայկական անվանումը՝ «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Հայաստանի, Գերմանիայի և Նիդեռլանդների համատեղ արտադրություն, սցենարը՝ Դավիթ Սաֆարյանի և Յանա Դրուզի, օպերատոր՝ Արմեն Խաչատրյան):

Teghakan jamanak

« Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 90-ական թթ. խիստ ձմեռներից մեկի ժամանակ: Սովորական պատմություն հնագետ Տիգրանի և նրա կնոջ՝ տիկնիկագործ Կատիի փոխհարաբերությունների մասին: Եվ թեպետ ֆիլմում ամեն ինչ տեղի է ունենում մի քաղաքում, որտեղ լույս չկա, ջերմություն չկա. բնականոն կյանքի պայմաններ չկան, նրա ժանրը ոչ մի կերպ չի կարելի որակել որպես ողբերգություն: Ֆիլմում շատ է հոգեկան ջերմությունը և նուրբ հումորը, որոնք էլ օգնում են մարդկանց գոյատևել նման պայմաններում»,- այսպես է ներկայացված ֆիլմը փառատոնի պաշտոնական կայքում:

«Հայ մշակույթը Խորհրդային Միության փլուզմումից հետո՝ դարաշրջանների բեկման ժամանակաշրջանում բացվում է իր ողջ հակասականությամբ Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակը՝ ժամը 28-ն անց 94 րոպե» կինոնկարում: Այս ժապավենը, որի վրա ռեժիսորն աշխատել է գրեթե քառորդ դար, իր ողբերգաէպիկական թափով հիշեցնում է, թեկուզ փոքր մասշտաբով, նշանավոր «Գահերի խաղը» սերիալը»,- գրում է նույն կայքում Կիրիլ Ռազլոգովը: