unnamedԱյս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին կցուցադրվեն Կաննի, Բեռլինի, Վենետիկի կինոփառառոներին մասնակցած ֆիլմերից: Հաջողվել է համագործակցել բասկերի հետ. առաջին անգամ կներկայացվեն բասկական ֆիլմեր, որոնք ներառված են մրցութային և արտամրցութային ծրագրերում:

Փառատոնը կբացվի Համո Բեկանազարյանի «Զարե» ֆիլմով, որը նկարահանվել է ուղիղ 90 տարի առաջ և ներկայացնում է քուրդ-եզդիների մասին մի պատմություն: Ֆիլմը թվայնացվել է Մոսկվայում: «Զարեն» ընտրվել է որպես բացման ֆիլմ՝ խորհրդանշելով ժողովուրդների բարեկամությունը, ազգային հանդուրժողականությունն ու բարի կամքը:

4d918a5d-bcf5-4d93-bd4f-8e83a8d485fcՀարություն Խաչատրյանը չշտապեց տեղեկացնել, թե ովքեր են լինելու փառատոնի պատվավոր հյուրերը. հստակ լուրեր դեռևս չկան: «Իհարկե, հասարակությունն ավելի շատ սիրում է մեր հյուրերի հետ հանդիպումները, բայց մեզ համար դա չէ ամենակարևորը: Կարծում եմ՝ չարժե մեծ գումարներ ծախսել համաշխարհային աստղերին Հայաստան բերելու համար. ավելի նպատակային է լավ ֆիլմեր բերել ու ցուցադրել, որպեսզի հանրությունն իրազեկ լինի համաշխարհային կինոյի անցուդարձին, նոր նկարահանված ֆիլմերին»,- նկատել է փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Քանի որ 13-րդ «Ոսկե ծիրանը» նվիրվում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին, մեծ ուշադրություն է դարձվելու հայկական ֆիլմերի ծրագրին, մասնավորապես՝ անկախության ժամանակներում նկարահանված ֆիլմերին: Դրանք կներկայացվեն առանձին պրեմիերաներով ու ստեղծագործական խմբերի հետ հանդիպում-քննարկումներով:

 Նաիրա Փայտյան