Կոլումբիայի  համալսարանի   ավարտական ֆիլմերի ամենամյա կինոփառատոնում  կարճամետրաժ խաղարկային ֆիլմն արժանացել է երկու մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն պրոդյուսեր»։ «Կարմիր խնձորները»  համալսարանի  կինոֆակուլտետի հայաստանցի ուսանողուհու՝ Օֆելյա Հարությունյանի ավարտական թեզն է։ Նա ֆիլմի  սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է, իսկ ռեժիսորը Ջորջ Սիխարուլիձեն է։ Մինչև այդ Օֆելյան, որպես կուրսային աշխատանք, Հայաստանում իր ամերիկացի համակուրսեցու հետ նկարել է նաև «Շրջանակ» 12-րոպեանոց  կարճամետրաժ ֆիլմը (գլխավոր դերերում հանդես են եկել Լորենց Առուշանյանն ու  Սաթիկ Հախնազարյանը)։ «Կինոաշխարհը» զրուցել է Օֆելյայի հետ նրա ուսումնառության, ֆիլմի ստեղծման, մրցանակների ու նոր ծրագրերի մասին։

Ֆիլմի անվանումը՝ «Կարմիր խնձորներ»,  զուգորդվում է հայ իրականության մեջ   հայտնի «կարմի խնձորի» ավանդույթի հետ։ Ի՞նչ կապ կա այս երկու «կարմիր խնձորների» միջև։

– Ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն է։ Տարիներ առաջ մի շատ տխուր պատմության առնչվեցի, որը ծանր տպավորություն թողեց: Դա հայկական միջավայրում հայտնի կարմիր խնձորի հետ էր կապված, որի պատճառով երիտասարդ աղջիկը հայտնվել էր դժվարին իրավիճակում: Այդ պատմությունից շատ էի ազդվել։ Այնպես որ  այդ թեման  մտքումս կար, սակայն դեռ չգիտեի, թե ինչ եմ ուզում անել։ Վստահ  էի, որ մի օր կանդրադառնամ այդ նյութին, բայց չգիտեի՝ ինչպես: Ու երբ արդեն համալսարանում էի, մեզ առաջադրանք տվեցին սցենար գրել։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցի թղթին հանձնել այդ պատմությունը։ Սակայն մտավախություն ունեի, որ ամերիկացիները չեն հասկանա: Մի խոսքով փակեցի այն՝ թողնելով կիսատ։ Հետո արդեն՝ չորս տարի անց, ավարտական թեզիս համար որոշեցի հենց այդ պատմությունը ֆիլմ դարձնել։ Բայց քանի որ պրոդյուսերության և սցենարի բաժնում էի սովորում,  չէի կարող ֆիլմի ռեժիսորը լինել։ Ուստի ընտրեցի մի վրացի տղայի՝ Ջորջին, որն ինձ հետ էր սովորում։ Նա ասաց, որ այդ ավանդույթը, այդ նույն խնդիրներն իրենք էլ ունեն։  Մենք շատ արագ հասկացանք իրար ու սկսեցինք աշխատել։ Ես դարձա սցենարիստն ու պրոդյուսերը, իսկ նա՝ ռեժիսորը։օֆ2

– Որքա՞ն  տևեցին աշխատանքները։

– Սցենարի վրա աշխատեցինք  մոտ  7 ամիս։ Մինչև նկարահանումները ես եկա Հայաստան, սկսեցի ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, հանդիպումներ ունեցա, ընտրեցի նկարահանման վայրերը։ Իրականում նախապատրաստական փուլն ու բուն նկարահանման աշխատանքները  (բուն նկարահանումները տևել են 5 օր) միասին տևեցին մեկ ամիս։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանի տարբեր հատվածներում։ Մեզ հետ վրացական խումբ էր աշխատում։ Մեր օպերատորն ու երկրորդ ռեժիսորը նույնպես վրացի էին։ Մնացածը Հայաստանից էին։ Շատ լավ թիմ էր հավաքվել թե´ Հայաստանից, թե´ Վրաստանից։ Միասին լավ աշխատեցինք։ Խոսում էինք մեր գիտեցած բոլոր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։

 – Ի վերջո, ֆիլմի վերջաբանը հուսադրո՞ղ է, թե՞…

– Ֆիլմն իրականում ոչ թե կարմիր խնձորի ավանդույթի մասին է, այլ պտտվում է դրա շուրջը։ Այն պատմություն է մարդկային հարաբերությունների ու ճակատագրերի մասին, թե ինչպես կողմնակի  միջամտությունները կարող են փոխել  մարդկանց կյանքը՝ շրջելով ուղղությունը, ինչպես մինչև հարսանիքը՝ 12 ժամ առաջ  մեկ մարդ դարձած այդ երկու հոգին միանգամից օտարանում են։ Իրական դեպքը, որն ընկած է մեր ֆիլմի հիմքում, այն զույգի համատեղ կյանքի միայն մի դիպվածն է։ Նրանք չեն բաժանվել, շարունակել են ապրել միասին, երեխաներ են ունեցել։ Ֆիլմը պատմում է հենց այն մասին, թե ինչպես  շարունակվեց նրանց կյանքն այդ դեպքից հետո, ինչպես կարողացան հաղթահարել  այդ տխուր միջադեպը։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Վահանգն Մարտիրոսյանն ու Հրաչուհի Ամիրյանը։ Ֆիլմում խաղացել են նաև  Վարդուհի Ռուշանյանը, Գուրգեն Անտոնյանը, Կարինե Ջանջուղազյանը։

– Կինոնկարն արդեն  հասցրել է ստանալ երկու շատ կարևոր մրցանակներ։ Ի՞նչ կասես այս  մասին։

– Այո, մրցանակներն ստացել եմ մեր համալսարանի ամենամյա փառատոնի շրջանակներում։ Ժյուրին կազմված էր ֆակուլտետի ու  կինոինդուստրիայի ներկայացուցիչներից։ Սովորաբար նրանք  դիտում են բոլոր ֆիլմերը, որից հետո  ընտրում են հինգ լավագույնները։ Իսկ հետո արդեն այդ հինգ ֆիլմերից  ընտրում են  լավագույն մեկը։ «Կարմիր խնձորները» ստացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակը, իսկ ես ճանաչվեցի  «Լավագույն պրոդյուսեր»։ Զգացողություններս աննկարագրելի են, չէի հավատում, որ իմ ֆիլմն այդքան հասկանալի կլինի ամերիկացիներին։ Այս պահին արդեն զբաղված եմ ֆիլմն այլ փառատոներում ներկայացնելու գործերով։ Եվ պետք է ասեմ, որ կինոնկարի նկատմամբ արդեն իսկ մեծ հետաքրքություն կա։

ofo– Առաջին մասնագիտությամբ իրավաբան ես, ավարտել ես Երևանի պետհամալսարանը, ինչո՞ւ փոխեցիր մասնագիտությունդ։

– Ավելին, ես հասցրել եմ անգամ իմ առաջին մասնագիտությամբ մագիստրոսական թեզ պաշտպանել  Շվեդիայում եվրոպական իրավունքի գծով։ Երբ վերադարձա Հայաստան, այնպես ստացվեց, որ սկսեցի աշխատել կինոյի բնագավառում։ Աշխատել եմ ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ, «Ոսկե ծիրանում», հետո աշխատեցի «Սիվիլնեթում»  որպես արտադրության մենեջեր։ Կինոն, հեռուստատեսությունն ինձ շատ հետաքրքրեցին։ Ես հասկացա, որ եթե շարունակելու եմ կինոյի ասպարեզում աշխատել, ապա պետք է լուրջ կրթություն ստանամ։ Որոշեցի կրթությունս շարունակել արտերկրում, ընդունվեցի Կոլումբիայի համալսարանի կինոֆակուլտետի պրոդյուսերության և սցենարական բաժինը։

– Գիտեմ, որ համալսարանից հետո սկսել ես աշխատել շատ լուրջ ու հայտնի կինոընկերությունում։

– Այո, Ալեքս Գիբնիի (Alex Gibney) ստուդիայում։ Նա հրաշալի վավերագրող է։ Ընդգրկված եմ նրա թիմում։ Ինձ համար սա իսկապես որ հրաշալի հնարավորություն է լավ փորձ ձեռք բերելու համար։

Իսկ  ի՞նչ ծրագրեր ունես։

– Այս պահին որպես պրոդյուսեր աշխատում եմ երկու ֆիլմերում․առաջինը ամերիկահայ Ալիք Բարսումյանի «Անտունի» կարճամետրաժ ֆիլմում, որը նկարվում է Հայաստանում։ Եվ, երկրորդը՝  նկարվում է Ամերիկայում, «Չբացահայտված երկրներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմում։ Հայաստանում նկարվող ֆիլմի վրա աշխատում է  ռեժիսոր Վարդան Հակոբյանի թիմը։

Ինձ թվում է՝ շատ ազդեցիկ բան է ստացվելու։ Ինձ համար շատ կարևոր է սովորել, կապեր ձեռք բերել։ Դա շատ անհրաժեշտ է կինոյի բնագավառում։ Ինչքան շատ ծանոթություններ, այնքան ավելի շատ հեռանկարներ։ Դա ինձ մեծապես կօգնի նաև Հայաստանում աշխատելու համար։ Շատ եմ ուզում գալ Հայաստան, բայց այս ամառ իմ աշխատանքի պատճառով  հավանաբար չի ստացվի։

 – Ժամանակակից հայկական կինոյի մասին ի՞նչ կասես։

– Ժամանակակից հայկական կինոն մեծ պոտենցիալ ունի։ Շատ տաղանդավոր են մեր հայ մասնագետները։ Պարզապես նրանց ընձեռված հնարավորությունները սուղ են։ Այսօր Հայաստանում հիմնականում  նկարվում են  թեթև կատակերգություններ՝  վատ դերասանական խաղով, վատ սցենարով։ Այդ ֆիլմերի հեղինակները պնդում են, որ  ժողովուրդը դա է ցանկանում, ինչո՞ւ չնկարել։ Ես դեմ չեմ այդ ֆիլմերին։ ԱՄՆ-֊ում էլ այդպիսի ֆիլմեր  շատ կան։ Բայց այնտեղ կան նաև արվեստի ֆիլմեր։

Թերևս պետք է սկսել կինոկրթությունից։ Ֆիլմի համար շատ կարևոր է սցենարը։ Մեզ մոտ մի ասացվածք կա՝ եթե լավ սցենարը տաս ռեժիսորին, ֆիլմը կա´մ լավ, կա´մ վատ կստացվի, իսկ վատ սցենարի դեպքում  հաստատ չի կարող լավ ֆիլմ դառնալ, վատը կլինի։ Հայաստանում շատ հետաքրքիր, նոր ու թարմ պատմություններ կան։ Սակայն պետք է կարողանալ դրանք ճիշտ մատուցել։ Ինչպես, ասենք՝  ռումինական նոր ալիքի կինոն։ Այսօր նման մի զարգացում էլ սկսվել է Վրաստանում․ ամբողջ աշխարհը սևեռված է այդ երկրի երիտասարդ ռեժիսորներին։ Պարզապես խնդիրն այն է, որ մեր կառավարությունը չի հասկանում, թե կինոյի, արվեստի մեջ ինչքան պոտենցիալ կա։ Նրանք այդքան գումարներ են ծախսում երկրի իմիջի վրա, բայց երկիրդ դրսում ներկայացնելու ամենակարճ ու արդյունավետ ձևը  մշակույթն է։ Մենք պետք է լինենք աշխարհի կինոքարտեզի մի մասը։ Դա մեզ համար շատ շահեկան կլինի։

ՀԳ Օֆելյա Հարությունյանն այս կարճ ժամանակում  հասցրել է դառնալ «Առաջին համբույրս և ներգրավված մարդիկ»,  «Ութ հաշվարկ» և «Ներս մտնել» ֆիլմերի պրոդյուսերը։

 ՌԲագրատունյան