vidikՀամակարգչային խաղերի շուկան և արտադրական դաշտում առկա մրցակցությունը մի մեծ քայլ առաջ են անցել էկրանային մշակույթի բոլոր տեսակներից, այդ թվում՝ կինոյից: Համակարգչային խաղերի և կինոյի փոխհարաբերությունների մասին մտածելու կարևոր առիթ է տարվա ամենաթանկ կինոնախագծերից մեկը՝ «Ուորքրաֆթը»: Ֆիլմի փակ դիտումը տեղի ունեցավ «Կինոպարկում», և մայիսի 26-ից սկսվեցին հիմնական ցուցադրությունները:

Կինոն մեծ ազդեցություն է ունեցել համակարգչային խաղերի ստեղծման և դրանց գեղարվեստական մտածողության ձևավորման վրա: 1980-ականներին ֆիլմերն էին օգնում, որ տեսախաղերը հաջողություն ունենան շուկայում: 1982-ին տեսախաղերի առաջատար ընկերություններից մեկը՝ Atari Games-ը, Universial Studios-ից իրավունք ստացավ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմի թողարկմանը զուգահեռ ստեղծելու նաև համանուն տեսախաղը: Թեև այս համագործակցությունը կործանարար նշանակություն ունեցավ Atari-ի համար, բայց դարձավ երկու տարբեր ինդուստրիաները միավորող կարևոր նախադեպ:

Պատկերը կտրուկ փոխվեց 1990-ականներին, երբ ի հայտ եկան առավել որակյալ խաղեր արտադրող ընկերություններ և խաղասարքեր, ինչպես Nintendo-ն, Sega-ն և այլն: 90-ականներին ոչ միայն սկսեց ձևավորվել գեյմեր հասկացությունը, այլև ակնհայտ դարձավ նոր, աննախադեպ շահութաբեր բիզնեսի ձևավորումը: Ցանցային խաղերի ստեղծման և գեյմերների ենթամշակույթի ձևավորմանը զուգահեռ փոխվեցին նաև կինո-համակարգչային խաղ փոխհարաբերման ձևերը: Այսօր կարելի է պնդել, որ ժամանակակից բլոքբասթերների գեղարվեստական լուծումները, հատուկ էֆեկտները նշանակալի ազդեցություն ունեն համակարգչային խաղերից: Դա որոշակիորեն պայմանավորված է նաև առևտրային հաջողության նախապաշարմամբ և գեյմերների մեծ համայնքը կինոթատրոն բերելու ակնկալիքով: Դժվար թե 90-ականների սկզբին տեսաբաններն ու կինոստուդիաների տնօրենները հավատային, որ մոտ ապագայում ֆիլմեր են նկարահանվելու, որոնց սյուժետային հենքը ոչ թե բնօրինակ սցենարները կամ գրականությունն է լինելու, այլ համակարգչային խաղը: Այդ առիթով առաջարկում ենք վերհիշել վերջին 20-ամյակում նկարահանված լավագույն ֆիլմերի հնգյակը, որոնց հիմքում համակարգչային խաղերն են:

ՄԱՀԱՑՈՒ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ/ MORTAL KOMBAT
Mortal kombat-ը 1990-ականների սկզբին թողարկված ամենահայտնի խաղերից մեկն է, որը լայն տարածում ուներ նաև Հայաստանում և իմ սերնդի՝ դպրոցից տուն կամ խաղային ակումբ վազելու ամենակարևոր առիթներից մեկն էր: 1995-ին ամերիկյան New Line Cinema-ն ռեժիսոր Փոլ Անդերսոնի հետ նկարահանեց համանուն ֆիլմը, որը մեծ շահույթ բերեց ընկերությանը: Ֆիլմի սյուժեն շատ պարզ է. Երկիր մոլորակն անդրաշխարհի ուժերից պաշտպանելու համար միմյանց նախապես չճանաչող մարտիկները պետք է մահացու ճակատամարտի մասնակցեն սև ուժերի ներկայացուցիչների հետ: Ֆիլմի գլխավոր և հիմնական հերոսները Mortal Kombat խաղից են, թեև կան հերոսներ, որոնք հայտնվում են Mortal Kombat 2 թողարկման մեջ: Չնայած այսօր ֆիլմի վարկանիշը միջինից ցածր է, և գուցե ֆիլմն էլ արդեն հնացել է, այն նախատիպային է մարտաֆիլմի ժանրի և հատուկ էֆեկտների կիրառության իմաստով: Mortal Kombat-ը փաստորեն տեսախաղի հիման վրա ստեղծված առաջին սիքվելն է, որը լուրջ հաջողության հասավ: Այս ֆիլմի ամենակարևոր և հիշարժան բաղադրիչներից մեկն էլ հատուկ գրված տեխնո սաունդթրեքն է, որը մինչ օրս էլ 90-ականներին նվիրված տարբեր փարթիների սաունդլիսթի կարևոր հորիզոնականում է: New Line Cinema ստուդիան երկու տարի անց նկարահանեց ֆիլմի շարունակությունը, որը չկրկնեց նախորդի հաջողությունը:

https://www.youtube.com/watch?v=JHIfHL5UgFs

ԼԱՐԱ ՔՐՈՖԹ. ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՈՊՏԻՉԸ/ LARA CROFT: TOMB RAIDER
Եթե «Մահացու ճակատամարտի» դեպքում ակնհայտ է, որ ֆիլմն իր համբավով և հեղինակությամբ չգերազանցեց խաղի գրանցած հաջողությունը, ապա այս դեպքում պատկերը հակառակն է: Մի քանի երկրների համատեղ արտադրությամբ կյանքի կոչված «Լարա Քրոֆթ. դամբարանների կողոպտիչը» ֆիլմը «Դամբարանների կողոպտիչը» խաղային շարքի էկրանավորումն է, որի ռեժիսորը բրիտանացի Սայմոն Ուեսթն է, իսկ գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել Անջելինա Ջոլին: Լարա Քրոֆթը հնագետ է, որը երկրագնդի ճակատագիրը որոշող մասնիկների որոնման ճանապարհին է, բայց արկածային կինոյի օրենքների համաձայն՝ հայտնվում են այլ ուժեր ևս, որոնք հետաքրքրված են դրանցով: Ֆիլմն իր վրա կատարված ներդրումից (շուրջ 115 մլն դոլար) կրկնակի շահույթ ապահովեց: Ինչպես գրեթե բոլոր հոլիվուդյան ֆիլմերի պարագայում, այս դեպքում ևս ֆիլմի երկրորդ մասը նույն հաջողությանն ու հետարքքրությանը չարժանացավ:

https://www.youtube.com/watch?v=cnNBqNb3taw

ՉԱՐԻ ՕԹԵՎԱՆ/ EVIL
Զոմբիների դեմ ուղղված պայքարի մասին պատմող ամենագրավիչ ֆիլմերից մեկը կինոյի պատմության մեջ՝ «Չարի օթևանը», համանուն խաղի էկրանավորումն է, որի գլխավոր դերակատարը Միլա Յովովիչն է: Փոլ Անդերսոնը, որը համակարգչային խաղերի հիման վրա ֆիլմեր նկարհանելու արդեն իսկ մեծ փորձ ուներ, այս անգամ ևս, թեև մեծ դժվարությամբ ու տևական աշխատանքի շնորհիվ, արդարացրեց պրոդյուսերների ակնկալիքները: «Չարի օթևան» ֆիլմաշարը հինգ մասից է բաղկացած, որոնց շահույթի չափը, հակառակ գոյություն ունեցող հոլիվուդյան օրինաչափության, տվյալ դեպքում վերջից է սկսվում: Այս ֆիլմաշարի գեղարվեստական արժեքի մասին ևս դժվար է միանշանակ կարծիք հայտնել, եթե համանուն խաղի երկրպագու չես: Այնուամենայնիվ պետք է նշել, որ ֆիլմն առանցքային կարևորություն ունեցավ հատկապես Միլա Յովովիչի կարիերայի համար. նա դարձավ ամենապահանջված և թանկ վարձատվող դերասանուհիներից մեկը:
https://www.youtube.com/watch?v=x–GV-iA3-Y

ՍԱՅԼԵՆԹ ՀԻԼ/ SILENT HILL
«Սայլենթ Հիլը» ճապոնական հորորի լավագույն ավանդույթներով ստեղծված խաղ է, որի հիման վրա նկարահանված ֆիլմը ոչ միայն արժանի նվեր էր խաղի երկրպագուներին, այլև 2006-ի լավագույն ժանրային կինոնկարներից մեկը: Գեղարվեստական կարևոր արժանիքներից է գերիրական միջավայրից գրոտեսկային, կողմնակի ուժերի կողմից կառավարվող միևնույն քաղաքի պարբերական փոխակերպումները: Մի քանի երկրների այս համատեղ արտադրության ընդհանուր բյուջեն շուրջ 50 մլն դոլար է կազմել, որն այդ ծավալի ֆիլմի համար միջին արժեք է: Ռեժիսուրան վստահվել է սարսափի փոքրաբյուջե ֆիլմեր նկարահանելու փորձ ունեցող ֆրանսիացի Քրիստոֆ Գանին: Դրամարկղային առումով ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, և արտադրողները ներդրած գումարից ավելի շահույթ ստացան: Նույն հաջողությունը չունեցավ ֆիլմի սիքվելը:

https://www.youtube.com/watch?v=Y2M8iYL8suw

ՈՒՈՐՔՐԱՖԹ /WARCRAFT
Խաղային ինդուստրիայի առաջատարներից մեկը՝ Bizzard-ը, դեռ տարիներ առաջ էր հայտարարել իր լավագույն նախագծերից «Ուորքրաֆթի» էկրանավորման մասին: «Ուորքրաֆթ» ցանցային խաղը մեծ հեղինակություն է վայելում գեյմերների շրջանում և ավելի քան 12 մլն գրանցված համակիրներ ունի: Երկարատև բանակցություններից հետո խաղի էկրանավորումը վստահվեց ֆանտաստիկ ժանրում լուրջ հաջողություններ ունեցած Դանքան Ջոնսին, որն առավել հայտնի է փոքրաբյուջե աշխատանքներով: Ֆիլմի սցենարը պարզունակ է և դասական դարձած կլիշեներով հագեցած: Չեմ կասկածում, որ հեղինակները դա ի սկզբանե չեն գիտակցել: Այս ֆիլմում կատարվող գործողություններն ու բովանդակությունը երրորդ պլան են մղված և տեղի են տալիս տեսաշարին ու հնչյունային ձևավորմանը: Տպավորիչ և տեղ-տեղ աննախադեպ պատկերի ու հնչյունային ձևավորման համադրությունը եռաչափ պատկերը կրկնակի ազդեցիկ է դարձնում: Համակարգչային խաղերի և կինոյի հարաբերակցության մեջ «Ուորքրաֆթը» եզակի է, քանի որ ոչ միայն փոխառել է խաղի հերոսներին, մթնոլորտը, ժամանակաշրջանը, այլև խաղային լեզվամտածողությունն է տեղափոխել կինո: Անցումները տեսարանից տեսարան, առանձին դրվագների բեմադրությունն ուղղակի հղում են տեսախաղերի դեմոներին: Ֆիլմում ստեղծված աշխարհը, տարածությունը, հնչյունաշարը, որոնք առավել կարևոր են, քան ծավալվող գործողությունը, հանդիսատեսին հնարավորություն են տալիս ներբեռնվելու այդ տարածքը և ցանկության դեպքում կտրվելու սյուժեից ու հմայվելու մյուս բաղադրիչներով: Գեյմերներին խաղերն ավելի հարազատ են, քանի որ դրանցում իրենք են գործողությունների վերահսկողը: Կինոն այդ հնարավորությունը դեռևս չի ընձեռում: «Ուորքրաֆթը» մեկ դար անց կինոն վերադարձնում է իր ելակետին, երբ դեռ պարզապես ատրակցիոն էր: Այս ընկալումը կարող է կինոյի զարգացման նոր ուղիներ ուրվագծել և ռեստարտ դառնալ: Պատահական չէ, որ 2016-ի մայիսի 25-ին «Կինոպարկում» «Ուորքրաֆթի» դիտման ժամանակ ես գուցեև նույն զգացողություններն ունեցա, ինչ 1898-ի դեկտեմբերի 28-ին Փարիզի «Գրան կաֆեի» այն հանդիսատեսը, որին թվում էր, թե պաստառի վրա շարժվող գնացքն իր վրա է գալիս:

https://www.youtube.com/watch?v=RhFMIRuHAL4

Րաֆֆի Մովսիսյան