2Երեկ՝ մայիսի 3-ին, «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնում, «Լեկտորիում» հասարակական-կրթական նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հայազգի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանի վարպետության դասը «Ռեժիսուրան և ժամանակակից կինոն» թեմայով:

«Սա «Լեկտորիում» (Lectorium) հասարակական-կրթական նոր նախագիծի անդրանիկ վարպետության դասն է, նախագիծը նպատակ ունի բիզնեսի, մշակույթի, դիզայնի, ֆինանսների, հոգեբանության և այլ ոլորտների հանրահայտ մասնագետների բաց վարպետության դասընթացների, դասախոսությունների, նաև pop-up լեկտորիում ձևաչափով հանդիպումների միջոցով համապատասխան ոլորտների մասնագետներին և հետաքրքրված անձանց փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռք բերման հնարավորություն տալ»,-ողջունելով մասնակիցներին նշեց SPRING PR ընկերության համահիմնադիր, միջազգային նախագծերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը:

5

Վարպետության դասընթացի հատուկ հյուր Ալեքսանդր Աթանեսյանը ֆիլմարտադրության ոլորտի մասնագետներին, կինոգետներին, կինոսերներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց ժամանակակից ֆիլմարտադրության միտումները, յուրահատկություններն ու զարգացման հեռանկարները, խորհուրդներով ու ստեղծագործական գաղտնիքներ բացելով՝ հաղորդեց իր փորձը և պատասխանեց ներկաներին հետքրքրող հարցերին:
Հայկական ժամանակակից կինոյի ներկա վիճակի մասին խոսելիս Աթանեսյանը չդիմեց մեղմասացության. «Հայկական ժամանակակից կինո գոյություն չունի, և դա 6անկասկած որոշ պատճառներ ունի: Հնարավոր է՝ կրթական համակարգն այն չէ կամ մարդկային ռեսուրսների պակաս կա, չի բացառվում, որ վերջին 20-25 անցումային տարիներին ռեժիսորները չէին կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում և ինչպես են ուզում իրականացնել իրենց ցանկությունները: Բայց փաստ է, որ համաշխարհային կինովարձույթում ես հայկական արտադրության ֆիլմեր չեմ տեսնում, համաշխարհային կինոփառատոներում՝ նույնպես: Ուրեմն որտե՞ղ է թաքնված հայկական ժամանակակից կինոն»:
Ի պատասխան միջոցառման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հայկական ժամանակակից ֆիլմարտադրության զարգացման և միջազգային ասպարեզում մրցունակ դառնալու համար, Ալեքսանդր Աթանեսյանը նշեց, որ ոչինչ անել պետք չէ, գումարներ տալով՝ ֆիլմին չես օգնի, միակ բանը, որ պետք է անել, կարգին կրթության ապահովումն ու դեբյուտային, ուսանողական ֆիլմերի ֆիանանսավորումն է: Որպեսզի հասկանանք, թե այդ երիտասարդներից յուրաքանչյուրն ինչ ներդրում կարող է ունենալ կինոարվեստում, նրանք իրենց այցեքարտերը՝ իրենց ավարտական, դիպլոմային կամ կուրսային աշխատանքները ցույց տալու հնարավորություն պետք է ունենան, այդ դեպքում հնարավոր կլինի տեսնել, բացահայտել տաղանդներ և հասկանալ, թե նրանք իրենց ֆիլմերի ստեղծման համար ինչպիսի ֆինանսական աջակցության կարիք ունեն: Իսկ պետության միակ միջամտությունն ու աջակցությունը կրթական համակարգի ստեղծումը, զարգացումն ու ամրապնդումը պետք է լինի. դա է ամենահեռանկարային ներդրումը:

Անդրադառնալով ժամանակակից կինոարվեստի առանձնահատկություններին Ալեքսանդր Աթանեսյանը նշեց, որ այսօր զանգվածային, փոփ մշակույթի ժամանակաշրջան է, և մենք գործ ունենք սոցիալական պատվերի մշակույթի հետ, իսկ բարձր արվեստը մեռնում է: Մեզ շատ հաճախ հետաքրքրում է ֆիմի դիտումը, ոչ թե ստեղծումը: Անդադար տեղեկատվական հոսքերը հանդիսատեսին տալիս են ընտրելու, բայց ոչ հասկանալու հնարավորություն: 60-ական թվականներին ռևյուի գաղափար անգամ գոյություն չուներ, նոր ֆիլմ էր դուրս գալիս՝ բոլորը գնում էին նայելու, իսկ այսօր կարդում են ֆիլմի մասին և որոշում են՝ նայել այդ ֆիլը, թե ոչ:

7Պատասխանելով այն հարցին, թե ինչու կինոյի ոլորտում չկան նկատելի ձեռքբերումներ ունեցած կին ռեժիսորներ, Աթանեսյանն ասաց. «Սա մանիպուլյատորների, ստախոսների, մարդասպանների, բռնաբարողների մասնագիտություն է, և եթե կանայք ձեռք են բերում այդ հատկանիշները (չհաշված միայն մանիպուլյացիան, որովհետև նրանք ի ծնե օժտված են դրանով), ապա այլևս կին չեն, քանի որ բնությունից կնոջը շնորհված է կյանք պարգևել, ոչ թե առնել այդ կյանքը»:
«Լեկտորիում» (Lectorium) հասարակական-կրթական նոր նախագիծն իրականացվում է «Երևան Փրոդաքշնսի» և Imyerevan.com հարթակի նախաձեռնությամբ:

Ալեքսանդր Աթանեսյանը ծնվել է 1953 թվականին, Վրաստանում: Նա «Сволочи» (2006), «Близкий враг» (2010), «Летний дождь» (2002), «Смертельное обещание» (2012) և այլ ֆիլմերի, «Печать царя Соломона» (2012) և այլ մուլտֆիլմերի պրոդյուսերը, սցենարիստն ու ռեժիսորն է: Եղել է «Անգել ֆիլմ» ընկերության գլխավոր տնօրենը, մի շարք միջազգային փառատոների («Ոսկե գլոբուս», «Նիկա» և այլն) դափնեկիր, կինոարտադրության ոլորտի տարբեր առաջատար ակադեմիաների անդամ է։