Հայտնվելով Փարիզի միջազգային համալսարանական ոստանում կամ, ինչպես այստեղի բնակիչներն են ասում, Սիթեում՝ Հայոց տունը դժվար է չնկատել: Այն կառուցված է հայ ճարտարապետության ոճով, զուսպ և դասական, իսկ հայկական զարդաքանդակները շինությանը հոգևոր շունչ են տալիս: 

Ճարտարապետը Լևոն Նաֆիլյանն է, իսկ տունը կառուցվել է շնորհիվ հայ բարերար և դիվանագետ Պողոս Նուբարի առատաձեռնության: 1927 թ. բարերարը նվիրաբերում է 3 մլն ֆրանկ` Փարիզ ուսանելու եկած հայ ուսանողների համար հանրակացարան կառուցելու նպատակով: Ցավոք, Հայոց տան բացումը տեղի է ունենում նրա մահվանից վեց ամիս անց` 1930 թ. դեկտեմբերի 16-ին, սակայն այսօր վստահաբար կարելի է ասել, որ բարերարի երազանքն իրականացված է: Դրա ապացույցն են ամեն տարի Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և շատ այլ երկրներից այստեղ ժամանող տասնյակ հայ ուսանողները:

Նրանցից մեկն է ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումը: Ապրիլի 25-ի երեկոյան Հայոց տանը ցուցադրվեցին երիտասարդ արվեստագետի «Խաչքար», «Միրհավ» և «Մեծարենց» ֆիլմերը:

«Կինոաշարհի» փարիզյան թղթակից Լիլիթ Սոխակյանը զրուցել է Հայկ Համբարձումի հետ:

– Վերջերս շատ հայկական ազգանուններ են հանդիպում առանց «յան» վերջածանցի: Հայկ Համբարձում, որտե՞ղ է կորել Ձեր «յան»-ը:

– Պատմությունս կարող է մի փոքր անհավատալի թվալ: 2011 թվականին ես մեկնում եմ Արևմտյան Հայաստան և առաջին հերթին այցելում Կարս քաղաքը: Այստեղ տեսնում եմ երազ, որտեղ ազգանունս գրված է Համբարձում: Այդ ժամանակ ուսումս նոր էի ավարտել, որևէ գեղարվեստական աշխատանք դեռևս չէի նկարել, միայն Մանսուրյանի մասին վավերագրական ֆիլմն ունեի: Փնտրտուքի հոգեվիճակում էի: Հայտնվելով Չարենցի ծննդավայր Կարսում և լինելով իմ հայության վերահաստատման կյանքի փուլում՝ մտածեցի` երազս ճիշտ նշան է: Հետո «համբարձում» բառն ինքնին ինձ համար գեղեցիկ է և իմաստալից: Կարծում եմ` առանց «յան» վերջածանցի ազգանունս շատ ավելի հայկական է հնչում: Այդպես որոշեցի, որ ստեղծագործական անունս կլինի Հայկ Համբարձում:

– Իսկ ինչպե՞ս ամերիկաբնակ Հայկ Համբարձումը հայտնվեց Փարիզում:

– Փարիզում հայտնվեցի երկու մեծ երազանքների իրականացման հետքերով: Նախ Լոս Անջելեսում սկսեցի ֆրանսերեն սովորել, այնուհետև եկա Փարիզ և ընդունվեցի Սորբոնի համալսարան: Այժմ սովորում եմ մագիստրատուրայում: Իհարկե, ինձ համար ամեն ինչ այստեղ նոր է, նույնիսկ ուսումնական համակարգն է տարբեր ամերիկյանից, բայց կամաց-կամաց փորձում եմ հաղթահարել դժվարությունները:

48f90255-2d47-4849-9ac2-f2562f870bd5

– «Միրհավ» և «Մեծարենց » ֆիլմերի մասին Հայաստանում շատ խոսվեց: Ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացրել Ֆրանսիայում:

– Փարիզում ավարտեցի «Խաչքար» ֆիլմի մոնտաժը, որը նկարահանել էի 2013 թվականին Արցախի ազատագրված հողերում` Քարվաճառում: Սկզբում դա բավական մեծ ծրագիր էր, բայց փաստորեն դարձավ կարճ, էքսպերիմենտալ ֆիլմ: Արդեն երկար ժամանակ է՝ մի լիամետրաժ ֆիլմի գաղափար ունեմ: Դրա նկարահանումը, սակայն, ձգձգվում է. պատճառները շատ են, առաջինը, իհարկե, ֆինանսական միջոցների բացակայությունն է: Այդ ֆիլմի մասին մտորելու ընթացքում նկարեցի «Միրհավը», «Մեծարենցը», «Խաչքարը»: Բայց այդ բոլորի արմատը լիամետրաժ ֆիլմի գաղափարն է, որն ինձ հանգիստ չի տալիս: Գալով Փարիզ` այդ ծրագիրս մի կողմ դրեցի և տարվեցի մեկ այլ գաղափարով, սակայն դա ժամանակավոր էր: Այժմ հաստատ որոշել եմ ամբողջ եռանդս հնարավորինս տրամադրել այդ ֆիլմի նկարահանման և երազանքիս իրականացման համար:

– Հետաքրքիր է `ինչի մասին է լինելու այդ փափագած ֆիլմը:

– Երեք ճարտարապետի, որոնք գնում են չափագրելու Մարմաշենի վանքը: Այնտեղ նրանց հետ տարօրինակ բաներ են սկսում կատարվել, ինչը կապված է վանքի կառուցման հետ: Երեք տղաները նման են Կարամազով եղբայրներին, իսկ պատմությունը որոշ նմանություն ունի Լևոն Շանթի «Հին աստվածների» հետ: Բայց այդ նմանությունը ես նկատեցի ավելի ուշ` կարդալով ստեղծագործությունը:

– Զրույցներից մեկի ժամանակ Դուք ասել եք, որ ֆիլմը Ձեր ինքնությունը հասկանալու և վերագտնելու կամուրջ է: Փարիզն այդ հարցում Ձեզ օգնո՞ւմ է, թե՞ ավելի շփոթեցնում:

– Շատ հետաքրքիր հարց եք տալիս, քանի որ ինքս դրա մասին շատ եմ մտածում և դեռևս չեմ կարողանում գտնել պատասխանը: Այս քաղաքն ինչ-որ ձգողական ուժ ունի, բազում տարօրինակ տարրեր: Այստեղ ունեցած դժվարություններն ինձ, իհարկե, փոխում և կոփում են: Վստահաբար շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, բայց գիտակցված ամփոփում կկարողանամ անել միայն՝ լինելով այս իրականությունից հեռու, Փարիզից հեռու:

– Փաստորեն, Փարիզը Ձեր բնակության վերջնականգառը չէ:

– Վստահ կարող եմ ասել` ոչ: Փարիզը կանգառ է, միգուցե և երկարատև, բայց վերջնականգառը պետք է անպայման լինի Հայաստանը: Իհարկե, դա գեղեցիկ է հնչում, և ես հասկանում եմ երազանքիս իրականացման բարդությունները, բայց պատրաստ եմ պայքարել: Բուն ստեղծագործական աշխատանքս տեսնում եմ միայն Հայաստանում: Այնքան մտքեր ունեմ հայրենիքիս հետ կապված, որ երևի տասը կյանքն էլ բավարար չլինի դրանք իրականացնելու համար:

Լիլիթ Սոխակյան

Փարիզ